«Չափանիշներ`կարգավիճակից առաջ». մինչ օրս դա արդիակա՞ն է

Նինա ԿԱՍՊԵՐՍԵՆ
«Չճանաչված պետություններ» գրքի հեղինակ
(«Polity» հրատարակչություն, 2012 թ.)
Լոնդոն

Երբ 2003 թ. Կոսովոյի համար մեկնարկեց «Չափանիշներ` կարգավիճակից առաջ» քաղաքականությունը, այն միջազգային ճանաչմանը ձգտող այլ տարածքների մոտ նշանակալից հետաքրքրություն առաջացրեց՝ խորը կնիք թողնելով անկախության հանդեպ նրանց ունեցած հավակնությունների վրա: Սակայն 2008 թ. Կոսովոյի ճանաչումից հետո նշված քաղաքականությունն արձանագրել է կտրուկ շրջադարձ: Արդյո՞ք դա նշանակում է, որ ինստիտուցիոնալ չափանիշներն այլեւս կապ չունեն չճանաչված պետությունների կարգավիճակի հետ:

«Չափանիշներ` կարգավիճակից առաջ» գաղափարի մեջ ոչ մի նոր բան չկա. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ճանաչումը մեծամասամբ տարածվում էր այն պետությունների վրա, որոնց հաջողվում էր ցուցադրել արդյունավետ կառավարում իրականացնելու ընդունակություն: Սակայն, ապագաղութացման գործընթացի մեկնարկից հետո պետության ճանաչման միակ չափանիշը դարձել է «ծագումը»: Ինստիտուցիոնալ չափանիշները կամ այդ չափանիշների զարգացման հեռանկարներն այլեւս նշանակություն չունեին: Ճանաչմանը ձգտող, բայց գաղութացված անցյալ չունեցող պետությունների միջազգային ճանաչման հնարավորությունները սկսել են անիրական դիտվել՝ անկախ ինքնակառավարման բնագավառում նրանց դրսեւորած կարողությունից:

 

Ո՞րն էր 2003 թ. «չափանիշներ՝ կարգավիճակից առաջ» քաղաքականության հանդեպ հետաքրքրության աճի պատճառը: Անցած դարի 90-ականների սկզբներին մնացած հարավսլավական հանրապետությունների ճանաչման համար առաջադրված պայմանները հիմք են ընծայել ենթադրելու, որ հանգամանքները կրկին փոխվել են. ճանաչումը կարելի է «վաստակել» արդյունավետ ժողովրդավարական հաստատությունները զարգացնելու միջոցով: Ինստիտուցիոնալ շինարարության եւ համեմատաբար ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման հաշվին ինքնիշխանությունը «վաստակելու» հավակնությունները սովորական երեւույթ են դարձել չճանաչված պետությունների առաջնորդների շրջանում: Սակայն, դիտորդների մեծ մասն այդ հավակնությունները միամիտ կամ ոչ անկեղծ էր համարում եւ հետագա զարգացումները, կարծես թե, վկայում են նրանց իրավացի լինելու մասին: Թեեւ ժողովդավարական հաստատությունների կարեւորությունը հիշատակվում էր Կոսովոյի անկախության հռչակագիրը ճանաչած պետությունների կողմից, վերջինիս ճանաչումն ինքնին չէր հիմնվում ինստիտուցիոնալ չափանիշների վրա. դրանք պետք է հաջորդեին ճանաչմանը՝ դրանց կենսագործումը վերահսկող միջազգային ներկայացուցչի մասնակցությամբ: Թվում է, թե որոշիչ էր գերտերությունների քաղաքականության գործոնը եւ ճիշտ բարեկամների առկայությունը: Մեր այս տպավորությունն ավելի է հաստատվել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից հետո: Աբխազիան թերեւս ուներ որոշակի հիմքեր հայտարարելու ժողովրդավարական հաստատությունների գոյության մասին, բայց Հարավային Օսիան դրանք, բնականաբար, չուներ: Ամեն դեպքում, ոչ ոք չի փորձել ձեւանալ, թե նման հարցերը կարող են որեւէ նշանակություն ունենալ: Այսպիսով, ճանաչման սույն դեպքերը բավական հեռու էին այն «վաստակված ինքնիշխանությունից», որին ապավինում են մյուս չճանաչված պետությունները:

 

Այս իրավիճակի հարուցած արձագանքն այն էր, որ առնվազն մի քանի չճանաչված պետություններ, կարծես թե, մտադիր են կարգավիճակի հարցում զիջումների գնալ, համենայն դեպս՝ դե-յուրե լիարժեք ճանաչման առումով: Լեռնային Ղարաբաղում, օրինակ, ես նկատել եմ հռետորաբանության լուրջ փոփոխություն՝ միջազգային ճանաչման վերաբերյալ անընդհատ հնչած հայտարարություններից դեպի ստատուս-քվոյի գրավչության մասին դատողությունների գերակշիռ դառնալը: Պարզվել է, որ մինչեւ օրս ճանաչման նախընտրելի համարված բանաձեւը դժվար հասանելի է: Արդյունքում, նախկինում գերակա հռչակված անկախության նպատակը հետզհետե տեղը զիջում է ստատուս-քվոյի կատարելագործմանը` միջազգային մասնակցության ընդլայնման միջոցով:

 

Այս ռազմավարությունը հաստատվում է Թայվանի ու Սոմալիլենդի օրինակներով, որոնք, ի հեճուկս ճանաչման բացակայության, օգտվում են միջազգային համակարգում իրենց զբաղեցրած դիրքից, որը մյուս չճանաչված կազմավորումների մոտ նախանձ է առաջացնում: Թայվանն, օրինակ, պահպանում է նշանակալից կապեր այն պետությունների հետ, որոնք ժամանակին «վերահասցեագրել» են իրենց ճանաչումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը: Թայվանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է: Սոմալիլենդի իշխանությունները հնարավորություն ունեն տեղաշարժվելու սոմալիլենդական անձնագրերով. Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը երկրում ներկայացուցչություններ ունեն, իսկ բրիտանական դեսպանությունը Եթովպիայում ֆինանսավորում է ընտրություններին հետեւող դիտորդներին եւ աջակցում Սոմալիլենդի ընտրական օրենսգրքի լրամշակմանը: Այսպիսով, չճանաչված կազմավորումների մի մասն, ի տարբերություն մյուսների, ճանաչման բացակայությունը դիտում է որպես ոչ էական: Փաստորեն, առկա է միջազգային հանրությանը մատչելի լինելու հնարավորությունների լայն սպեկտր: Չճանաչված  պետությունների մի մասը բախվում է միջազգային մեկուսացմանը, մինչդեռ մյուս մասին թույլ է տրվում միջազգային հանրության հետ ունենալ լայն տնտեսական, մշակութային եւ, որոշ դեպքերում, անգամ ռազմական կապեր:

 

Այսուհանդերձ, ճանաչման բացակայությունն ունի որոշակի գին. անգամ Թայվանը միջազգային հանրության մոտ չի վայելում լիարժեք ընդունելություն: Օրինակ, նա զրկված է ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի անդամ լինելու իրավունքից: Թայվանի հետ կապեր ունեցող պետություններն անընդհատ մտավախություն ունեն, որ դրանք վնասում են ավելի հզոր մետրոպոլիայի հետ իրենց ունեցած հարաբերություններին: Այսօրինակ կազմավորումների հետ հարաբերությունների մակադակն, ի վերջո, կապված է մետրոպոլիայի կողմից այդ հարաբերություններին ընդդիմանալու կամ դրանք հանդուրժելու հետ: Ասիայի զարգացման բանկի պես միջազգային կազմակերպություններում Թայվանի անդամությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս համաձայնվել է հանդես գալ «Թայբեյ, Չինաստան» անվամբ: Միաժամանակ, Սոմալիում արդյունավետ իշխանության բացակայությունը հնարավորություն է տալիս ընդդիմանալու Սոմալիլենդին առաջարկվող միջազգային շփումներին:

 

Կարելի՞ է, արդյոք, արդյունավետ պետականությունը զարգացնելու միջոցով «վաստակել» միջազգային մասնակցություն այն կազմավորումներում, որոնցում ժողովրդավարությունը գլխիվայր է շրջված: Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ մետրոպոլիայի դիրքորոշումն իր նշանակությամբ գերակայում է որեւէ չճանաչված պետության ապահոված ինստիտուցիոնալ չափանիշների նկատմամբ: Մետրոպոլիայի հետ հարաբերություններն էապես ազդում են այդ կազմավորումներին միջազգային հանրության հետ առաջարկվող շփումների մակարդակի վրա, հետեւաբար, նաեւ՝ չճանաչման երկարաժամկետության վրա: Եվ, ընդհակառակը, չճանաչված պետությունները կարող են ձգտել հովանավոր պետության հետ հարաբերություններին, ինչպիսին Ռուսաստանն է՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում, թեեւ, ի տարբերություն լայն միջազգային մասնակցության, դա, անտարակույս, մեծապես կշեղի նրանց իրենց իսկ փաստացի անկախության զարգացումից:

 

Այստեղ մենք չենք խոսում այն մասին, որ չափանիշները նշանակություն չունեն: Անգամ եթե նախկին մետրոպոլիայի դիրքորոշումը ենթադրում է չճանաչված պետության հետ միջազգային հանրության շփումների սահմանափակում, միեւնույն է, մետրոպոլիաներն ավելի մեծ դժվարության են բախվելու նման շփումները կանխելու հարցում, եթե չճանաչված պետությունը դրսեւորում է արդյունավետ ինքնակառավարման ունակություն եւ հարգում ժողովրդավարական սկզբունքները եւ փոքրամասնությունների իրավունքները: Դա հատկապես ակներեւ է այն դեպքում, երբ չճանաչված պետության կառավարությունն արտահայտում է իր տարածքի վիճելի կարգավիճակի շուրջ փոխզիջումային լուծումներ քննարկելու պատրաստակամություն: Օրինակ, Հյուսիսային Կիպրոսի շփումները միջզագային հանրության հետ սկսել են ամրապնդվել որպես խրախուսանք` Անանի «Խաղաղության ծրագրին» աջակցելու դիմաց:

 

Մետրոպոլիաների հետ լավ հարաբերություններ պահպանել ձգտող այն չճանաչված պետությունները, որոնք դրսեւորում են կառավարման ժողովրդավարական ձեւեր, պատրաստակամություն են հայտնում առավելապաշտական կեցվածքից փոխզիջումային դիրքորոշումներին անցնելու եւ անկեղծաբար մասնակցում են խաղաղ գործընթացին, ավելի մեծ հավանականություն ունեն օգտվել միջազգային հանրության հետ հարաբերությունների այնպիսի մակարդակից, որն օգնելու է նրանց գոյատեւել ավելի երկարաժամկետ հեռանկարով: Ավելին, ինստիտուցիոնալ չափանիշները մեծ նշանակություն ունեն չճանաչված պետությունների բնակչության բարօրության, ուստի նաեւ այդ կազմավորումներում ապրելու եւ դրանք պաշտպանելու պատրաստակամության համար: Այսպիսով, չափանիշները, եթե ոչ միջազգային ճանաչման իմաստով, ապա գոնե չճանաչումը կարճատեւ երեւույթից ավելի հիմնավոր իրողությանը վերածելու առումով, հավանաբար, առաջվա պես դեռ չեն կորցրել իրենց կարեւորությունը:

Share

Comments are closed.