Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անվտանգությունն անկախությունից կարեւոր է

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Ազգայնականության եւ հակամարտությունների
հետազոտման ինստիտուտի տնօրեն
Թբիլիսի

Ճանաչումը կարելի է համեմատել ավանդական հասարակություններում ամուսնության արարողակարգի հետ, որը գոյություն է ունեցել` զույգը հասարակության կողմից որպես ընտանիք ճանաչել տալու համար: Դրանից հետո միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կապը դառնում էր պաշտոնական, լեգիտիմ, եւ ողջ հասարակությունը զույգը ճանաչում էր որպես ընտանիք:

Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն 20 տարի է, ինչ հռչակել են Վրաստանից իրենց անկախությունը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է նրանց հաջողվել իրենց պետական կազմավորումների կառավարումը:

– Նրանք կարող են պետություն դառնալ միմիայն այն ժամանակ, երբ կընդգրկվեն միջազգային կազմակերպություններում, նախ եւ առաջ` ՄԱԿ-ում: ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որը զբաղվում է անկախ պետությունների ճանաչմամբ եւ նրանց ընդունմամբ: Միայն դրանից հետո այլ խոշոր, բայց տարածաշրջանային բնույթի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՊՀ-ն, կարող են շարունակել գործընթացը: Միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքային կազմավորումն է պետություն  դառնում, քանի որ «պետություն» հասկացությունն օժտված է միայն արտաքին ճանաչումից կախված լեգիտիմությամբ:

Ճանաչումը կարելի է համեմատել ավանդական հասարակություններում ամուսնության արարողակարգի հետ, որը գոյություն է ունեցել` զույգը հասարակության կողմից որպես ընտանիք ճանաչել տալու համար: Դրանից հետո միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կապը դառնում էր պաշտոնական, լեգիտիմ, եւ ողջ հասարակությունը զույգը ճանաչում էր որպես ընտանիք: Նույնն էլ` պետությունների պարագայում. քանի դեռ քեզ չեն ճանաչում, դու ապօրինի ես: Որքան էլ լավ լինեին տղամարդու եւ կնոջ միջեւ հարաբերությունները, առանց ամուսնության դրանք անօրինական էին դիտվում, իսկ նրանց երեխաներն` ապօրինածին: Նման մոտեցումը նկատվում է նաեւ միջազգային հանրության մոտ. նախ` քեզ պիտի ճանաչեն:

Այս պետական կազմավորումները ճանաչված են ոչ թե միջազգային հանրության, այլ որոշ երկրների, այդ թվում եւ հզոր ու ազդեցիկ Ռուսաստանի կողմից, որը նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է:  Դա, իհարկե, շատ լուրջ, բայց ոչ վճռորոշ գործոն է: Առ այդ կարող ենք բերել Հյուսիսային Կիպրոսի օրինակը: Թուրքիան բավականին ազդեցիկ պետություն է, որի դերն Արեւմուտք-Արեւելք համատեքստում վերջին շրջանում աճում է: Թուրքիան ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը եւ ի՞նչ: Ոչինչ տեղի չի ունեցել: Ընդհակառակը` այսօր Կիպրոսի Հանրապետության եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ հարաբերություններն այնքան աշխույժ են զարգանում, որ Թուրքիան հնարավոր է համարում անգամ իր ճանաչման վերանայումը, եթե թուրք ու հույն կիպրացիներն իրար հետ համաձայնության գան:

– Ինչպիսի՞ն է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներքին պետական կառուցվածքի որակը: 

– Իհարկե, այս պետական կազմավորումներն ունեն մարտահրավերներ, որոնք նրանք փորձում են լուծել: Վերջին իրադարձությունները, երբ Կրասնոդարի նահանգապետը դարձել է Աբխազիայի, իսկ Հյուսիսային Օսիայի ղեկավարը` Հարավային Օսիայի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ, կասկածի տակ են դրել Ռուսաստանի կողմից այդ պետական կազմավորումների անկախ լինելու չափը: Եթե Ռուսաստանն արդեն ունի այնտեղ «դեսպաններ», ապա ո՞րն է հատուկ ներկայացուցչի կարգավիճակը: Փաստորեն պարզվում է, որ «դեսպանները» նշանակվել են սոսկ ձեւի համար, իսկ աբխազների եւ օսերի հետ հարաբերություններ է ունենալու տարածաշրջանային ղեկավարը: Այսինքն, սա ներռուսաստանյան տարածաշրջանային քաղաքականության շարունակությունն է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ:  Այս վարքագիծը Վրաստանի համար միանգամայն ձեռնտու է, քանի որ դրանով Ռուսաստանը ցույց է տալիս, որ այդ պետություններին լուրջ չի ընդունում: Այսպիսով, Ռուսաստանն ինքը չի տեսնում միջազգային հանրության մասշտաբով նրանց ճանաչման հեռանկարը: Եթե դու ունես մեծ գդալ, որով փորձում ես փոքր ափսեից ապուր ուտել, դա քեզ չի հաջողվի: Դու ստիպված ես գտնել ավելի փոքր գդալ: Ռուսաստանը, ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը եւ այնտեղ դեսպանատներ բացելով, հանկարծակիորեն հասկացել է, որ շատ մեծ «գդալով» շատ դժվար է այդ երկրները յուրացնել: Անհրաժեշտ է ավելի փոքր գործիք: Եվ Ռուսաստանն իր համար գտել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ շփվելու ավելի հարմար գործիքը:

Ես չեմ կարող խոսել աբխազների եւ օսերի փոխարեն, բայց իրենց տեղում Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությունն ինձ հաստատ կվիրավորեր: Պարզվում է, որ Ռուսաստանն անցել է այդ երկրների հետ ավելի մանր հարաբերությունների մակարդակին, քան նախկինում աղմուկով ճանաչել է:

Այս որոշմանը համապատասխան` Ռուսաստանը կամենում է Աբխազիային եւ Հարավային Օսիային կապել սեփական տարածաշրջաններին եւ հարաբերություններ ունենալ ոչ թե Սուխումի-Մոսկվա եւ Ցխինվալի-Մոսկվա, այլ Սուխումի-Կրասնոդար եւ Ցխինվալի-Վլադիկավկազ մակարդակով: Դրանով իսկ Ռուսաստանը փորձում է իջեցնել իր իսկ ճանաչած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակը:

Արդյո՞ք հետագայում հնարավոր է Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ դաշնային հարաբերությունների կառուցումը: 

– Դաշնային հարաբերությունները ենթադրում են կենտրոնի եւ տարածաշրջանի միջեւ որոշակի պայմանագիր` միմյանց միջեւ որոշակի լիազորություններ կիսելը: Դա, իհարկե, լավ տարբերակ է, բայց հարկ է կառուցել արդար դաշնություն, այլ ոչ թե ներկայումս Աջարիայում գործող տարբերակը, երբ, օրինակ, անգամ մզկիթի կառուցման հարցերը որոշվում են ոչ թե Բաթումիում, այլ Թբիլիսիում:

Կարծում եմ, որ դաշնային հարաբերությունների գերմանական մոդելն աբխազների եւ օսերի համար լավ տարբերակ կլիներ: Բայց այսօր դրա մասին վաղաժամ է խոսել: Այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն շուրջ տասը տարի անց` այն բանից հետո, երբ կսկսվի որոշակի փոխադարձ մերձեցում եւ կվերականգնվի մինչեւ 2003 թ. առկա վստահության մակարդակը, կամ գոնե 2006 թ. գարնանն արձանագրված հարաբերությունների ջերմացումը: Նշված մակարդակին հասնելուց հետո եւս տասը տարի անց հնարավոր կլինի խոսել նաեւ առավել սերտ ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին:  Այս առաջարկը չպետք է բխի միայն Վրաստանի կողմից, այլ լինի փոխադարձ: Այսօր Աբխազիան եւ Հարավային Օսիան պատրաստ են լինել անգամ Կրասնոդարի նահանգի կամ Հյուսիսային Օսիայի ենթակայության տակ, եւ այս փաստը լավագույնս վկայում է, որ անկախությունը նրանց համար առանձնապես կարեւոր չէ: Նրանց համար առավել կարեւոր է անվտանգությունը: Հենց դրա մասին եմ ես անընդհատ ասում վրաց հասարակությանն ու իշխանություններին: Նրանց անկախությունն ընդամենը հռչակագիր է, դիրքորոշում: Նրանց շահն անվտանգությունն է: Հարկավոր չէ զենք ճոճել եւ մկաններով պարծենալ: Հարկ է ռազմական գործողությունների վերսկսման բոլոր վտանգները զրոյի վերածել:

Մենք շատ հիմար բաներ ենք արել… Չի կարելի մթնոլորտն անընդհատ լարված պահել եւ հակամարտության շիկացումը որոշակի մակարդակի վրա պահել: Հանգցնելու փոխարեն մենք վառ ենք պահում կրակը… Նախ` պետք է վերականգնել վստահությունը եւ ապա միայն` խոսել հետագա քայլերի մասին: Եթե այսօր աբխազն ու օսը երազում են ռուսական անձնագրի մասին եւ այն չստանալով նեղանում են, ապա նրանց համար «օտար» անձնագիրն ընդունելի է: Այս դեպքում ինչո՞ւ այս «օտար» անձնագիրը վրացական չլինի:

Այս մարդկանց միշտ պետք է ցույց տալ, որ Վրաստանը Ռուսաստանից լավն է: Պուտինի վերադարձը Վրաստանի համար բարիք կլինի, եթե մենք այդ գործոնը ճիշտ գործածենք: Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի փոխվելու եւ առնվազն 10 տարիների ընթացքում ժողովրդավարական պետություն չի դառնալու: Այս ընթացքում մենք պետք է դառնանք ժողովրդավարական պետություն:  Աստված մի արասցե, որ Ռուսաստանը մեզնից շուտ հասնի ժողովրդավարությանը: Աբխազներն ու օսերը պետք է ընտրություն ունենան այդպիսի Վրաստանի եւ այդպիսի Ռուսաստանի միջեւ: Այսօր նրանք ընտրություն ունեն ավտորիտար Ռուսաստանի եւ վոդեւիլ-ավտորիտար վրացական վարչակարգի միջեւ: Վրաստանում իշխող վարչակարգն ընդունակ չէ պաշտպանել երկիրն արտաքին սպառնալիքներից: Նման դեպքում ընտրում են հզոր ավտորիտարիզմը:

Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ նրանք ընտրություն ունենան` ավտորիտարիզմ կամ ժողովրդավարություն: Հենց այդ ժամանակ էլ կտեսնենք, թե իրերն ինչպես են զարգանալու: Այլընտրանք գոյություն չունի: Իսկ անկախությունը… Բոլորը տեսել են, որ անգամ Ռուսաստանն է ձգտում, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան ոչ մի դեպքում իրական անկախություն չստանան: Սրանք Ռուսաստանի կողմից մեզ` վրացիներիս, ուղարկվող հոյակապ ազդակներ են: Բայց մենք ժամանակ չունենք այս ազդակները հասկանալու համար: Վրացական իշխանությունները Վրաստանի մասին չեն մտածում. նրանք մտածում են սեփական կաշվի մասին: Այսօր նրանք ունեն կաշվի խնդիր` պահպանել իշխանությունը: Մնացած հարցերի վրա նրանք պարզապես թքած ունեն:

Թերեւս ոչ հաճույքով, բայց գոհունակությամբ նրանք սեփական անվտանգության եւ սեփական իշխանության երաշխիքների դիմաց կհանձնեին Աբխազիան եւ Հարավային Օսիան: Եվ նրանք դրան են գնում: Երկրորդ անգամ նախագահ Սաակաշվիլին խորհրդարանի առջեւ տարեկան հաշվետվությամբ ելույթ է ունենում եւ երկրորդ անգամ ընդհանրապես չի հիշատակում Աբխազիան եւ Հարավային Օսիան: Այնպես, իբր թե նրանք գոյություն չունեն: Սաակաշվիլին չի կամենում խոսել իր ժամկետանց եւ ձախողված նախագծերի մասին: Աբխազների եւ օսերի հետ աշխատելու ընթացքում ի դեմս Ռուսաստանի թշնամու կերպարը թուլացնելու փոխարեն նա այն սաստկացնում է: Չաշխատելով ու չշփվելով աբխազների եւ օսերի հետ` մենք սաստկացնում ենք Ռուսաստանի` որպես թշնամու կերպարը, որն առանց այդ էլ իրականում գոյություն ունի:

Զրուցը վարել է Իրակլի Չիխլաձեն

Share

Comments are closed.