Լեռնային Ղարաբաղում ռուսական բանակի դերն Ադրբեջանում բանավեճի առարկա է դարձել

 

Դադիվանքի  հայկական վանքը, 2020 թվականի դեկտեմբերի 21, պաշտպանում է Ռուսաստանը: LAURENCE GEAI POUR “LE MONDE”

Բաքվում շատ կարելի է հանդիպել Մոսկվայի իրական մտադրությունների մասին բամբասանքների: Այս հարցն իսկապես հուզում է, թե արդյո՞ք ռուս խաղաղապահները  իսկապես հնգամյա ժամկետում Ադրբեջանին կհանձնեն Լեռնային Ղարաբաղի բանալիները,  որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով:   Դրանով  վերջ դրվեց Արցախյան երկրորդ պատերազմին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո կրկին բռնկվել էր  կոնֆլիկտային այս տարածաշրջանում: Այդ խոստումներին հավատում են միայն նրանք, ովքեր  անհրաժեշտությունից ելնելով  ստիպված են կրկնել պաշտոնական դիրքորոշումը: Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ պատերազմում հաղթել է, և որ Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ լուծվել է:

Փաստացի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի երկրի` նույնիսկ Հայաստանի կողմից) դեռ հարյուր հազար հայ կա, որոնք ապրում են Ադրբեջանի իրավասության սահմաններից դուրս: Չնայած հակամարտությունից անջատողական բանակը  (ֆրանսիացի հեղինակի բնորոշմամբ.- խմբ.) խիստ թուլացել է, սակայն այն շարունակում է գոյություն ունենալ տարածաշրջանում տեղակայված հազար ինը հարյուր վաթսուն ռուս զինվորների հսկողության ներքո: Այսպիսով, իրավիճակը շատ հեռու է ղարաբաղյան հայերի «ինտեգրումից» Ադրբեջանին, որը հազար ինը հարյուր իննսունմեկ թվականին անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ ստիպված է համակերպվել տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության հետ:

«Ռուսաստանը երեսուն տարվա ընթացքում հասավ իր ուզածին, այսինքն՝ կրկին զինվորներ տեղակայեց մեր հողի վրա»,- ասում է ադրբեջանցի մի պաշտոնյա, որը ցանկացավ անանուն մնալ:

«Մենք ցանկանում ենք հասնել եռակողմ համաձայնագրի լիարժեք իրականացմանը և վերականգնել մեր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Ռուսաստանն առավել շահագրգռված է, որպեսզի իրավիճակը ներկայիս տեսքով սառեցնի և  երկարաձգի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում»: Միևնույն ժամանակ, նա ընդունում է, որ Ռուսաստանի ներկայությունը նպաստել է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը:

Հանրության մի մասը գոհ է  ստեղծված դադարից և պատրաստ է համակերպվել ռուս զինվորականների ներկայությանը: «Մեր հյուսիսային հարևանը շատ ուժեղ է: Պետք չէ վիճել, այլ պետք է համակերպվել նրա հետ: Նա ավելի ուժեղ է, քան մենք ու թուրքերը», – ասում է Բաքվում հեռախոս վաճառող Էլխան Ֆաթալին:

Դավադրության կասկած

Ինչ էլ որ լինի՝ մյուսները ակնհայտ դժգոհությամբ են նայում ռուսական բանակին և չեն մոռացել, որ հարյուր քառասունյոթ ադրբեջանցի անկախության մարտիկներ սպանվել են  հենց նրա ձեռքով Բաքվում հազար ինը հարյուր իննսուն թվականի «սև ձմռանը»: Բացի այդ, ռուսները կասկածվում են հայ «անջատողականների» հետ դավադրություն կազմակերպելու մեջ: Անվստահությունը մեծացել էր հատկապես  վերջերս սոցիալական ցանցերում տարածված այն կադրերից հետո, որոնցում պատկերված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը և «ինքնահռչակ» Լեռանին Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Փետրվարի վերջին թուրքական Middleeasteye.net կայքն աղ ցանեց վերքին՝ ասելով, որ Մոսկվան խորհուրդ է տվել հայերին «Իսկանդեր» մարտավարական հրթիռներ արձակել Բաքվի ուղղությամբ, որպեսզի ստիպեն իշխանություններին դադարեցնել հարձակումը և ռուսական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել: Հայկական զինանոցն ունի այդ բարձր ճշգրտության և հզոր հրթիռներից մոտ քսան հատ, որոնք, ըստ մի շարք ռազմական փորձագետների, Երևանը կարող է օգտագործել միայն Մոսկվայի ազդանշանով: 2020-ի նոյեմբերի 9-ին բալիստիկ հրթիռն իրոք արձակվեց Բաքվի ուղղությամբ, բայց Ռուսաստանն ու Ադրբեջանը անխուսափելիորեն հերքեցին, որ դա «Իսկանդեր» է:

Նախկին խորհրդային տերության նկատմամբ դժգոհություն է հարուցում նաև եռակողմ հռչակագրի շուրջ  առկա մշուշը: Հռչակագիրը նույն օրը ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ տող այն հակամարտության  վերաբերյալ, ​​որը չի հաջողվում լուծել՝ չնայած միջազգային դիվանագիտական ​​երեք տասնամյակների ջանքերին: Ինչ էլ որ լինի՝ այնտեղ նշվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը ներդրվում է հինգ տարի ժամկետով, բայց կարող է երկարաձգվել:

«Մեծ սխալ»

«Այս համաձայնագիրը չի սահմանում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մանդատն ու լիազորությունները»,- ասում է քաղաքական մեկնաբան և իրավապաշտպան Անար Մամեդլին:- Հռչակագրի չորրորդ պարբերությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի զինաթափմանը, հստակ ժամանակացույց չի սահմանում: Ռուսաստանի հետ վերջնական և մանրամասն համաձայնագիրը ստորագրելու վերջնաժամկետ նույնպես չկա: Վլադիմիր Պուտինի հետ ստորագրված պայմանագրում (ով հիանալի գիտի, թե ինչպես կարելի է օգտագործել  պայմանագրերում առկա խութերը) հստակ սահմանված մանրամասների և ժամանակացույցի բացակայությունը ադրբեջանական դիվանագիտության մեծ սխալն էր»,- հավելում է նա:

Հակամարտության չլուծված բնույթը մի կողմ դնելու՝ ռեժիմի ցանկությունը բախվում է երկու հիմնական խնդիրների: Քաղաքացիական հասարակությունը պատասխաններ է պահանջում. առաջին հերթին դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղից հազարավոր ադրբեջանցիներին, ովքեր  լքել էին տարածաշրջանը 1990-ականների սկզբին` առաջին պատերազմի ընթացքում: Բացի այդ, այս ամենը զենք է դարձել ադրբեջանական ընդդիմադիր շարժումների (լիբերալներ, պանթուրքական ազգայնականներ և իսլամիստներ) ձեռքում, որոնք, պաշտոնական լրատվամիջոցներ մուտք չունենալու պատճառով, ակտիվորեն խթանում են այս թեման սոցիալական ցանցերում:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Le Monde

 

 

 

 

 

 

Share

Comments are closed.