Ի՞նչ է պատմում Ղարաբաղյան պատերազմը լիբերալ աշխարհակարգի մասին

 

Post-liberal disorder (Armenia MFA)

Մենք ապրում ենք անորոշության դարաշրջանում. սառը պատերազմի ավարտից ի վեր միջազգային քաղաքականության հիմնական չափորոշիչները սահմանող կարգը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Անցյալ տարվա զինված բախումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է դիտվել որպես այս նոր դարաշրջանի առաջին միջպետական ​​պատերազմը, ուստի դրա նշանակությունը դուրս  է  գալիս Կովկասի սահմաններից: Ի՞նչ կարող է մեզ պատմել Ղարաբաղյան վերջին պատերազմն այն մասին և ինչ ճակատագիր ունի  միջազգային գիտնականների կողմից  սահմանված «լիբերալ ​​աշխարհակարգը»:

Լիբերալ աշխարհակարգը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  առաջացած միջպետական ​​հարաբերությունների համակարգ է, որը խրախուսվում էր ամերիկյան ուժերի կողմից և խոստանում էր ավելի խաղաղ ու համակարգված աշխարհ` հիմնված ժողովրդավարացման, միջազգային իրավունքի և տնտեսական ինտեգրման վրա: Եվրոպայում, որտեղ այդ նորմերն առավելագույնս լիարժեք էին կիրառվում, այս աշխարհակարգն ընդլայնվեց ՆԱՏՕ-ի և Եվրամիության հաշվին: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը և այլն, նույնպես ստեղծվել են  տարածելու ազատական ​​ինտերնացիոնալիզմի օգուտները նվազ բախտավոր պետություններում (այդ թվում ՝ Հարավային Կովկասում), որոնք դուրս են  ինտեգրման գոտուց:

Մինչև 2000-ականների վերջը այս կարգն անսասան էր թվում: Բայց 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, Իրաքի և Աֆղանստանի պատերազմների հետևանքները, Չինաստանի վերելքը և Արևմուտքում պոպուլիզմի վերելքը կասկածի տակ դրեցին այն: Լիբերալ արժեքների տարածման միջոցով խաղաղության և բարգավաճման  հասնելու խոստման հանդեպ վստահությունն արագորեն նվազեց:

Պատահական չէր այն փաստը, որ հետխորհրդային տարածքում բոլոր «սառեցված» հակամարտություններից ամենաարյունալին ու ամենադաժանը կրկին սրվել է լիբերալ աշխարհակարգի դիրքերի թուլացման ֆոնին: Այն նորմերի և արժեքների կարևորության նվազումը, որոնք նախկինում գերիշխում էին և ընդունվում էին որպես անբեկանելի տարրեր, հակամարտության «ապասառեցման» մեջ իր դերը խաղաց:

Իհարկե, լիբերալ աշխարհակարգի դիրքերը Հարավային Կովկասում միշտ էլ համեմատաբար թույլ են եղել: Անգամ Վրաստանի և Ադրբեջանի պարագայում, որոնք տարածաշրջանում համեմատաբար ավելի բարեկամական հարաբերություններ ունեն, էներգետիկ համագործակցությունն ու ներդրումային հոսքերը չեն վերաճել ինստիտուցիոնալ երկկողմ ինտեգրման: Ավելին, տարածաշրջանի երեք պետությունները նախընտրել են ինքնաբերաբար և շատ տարբեր աստիճանի փոխգործակցել լիբերալ ​​հասարակական բարիքների հիմնական մատակարարների ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու թշնամությունը զսպվում էր ոչ թե միջազգային իրավունքին բնորոշ լիբերալ ​​նորմերի նկատմամբ ձեռք բերված հարգանքով, այլ մեծապես Ռուսաստանի ստեղծած հավասարակշռությամբ, որն ուրախությամբ զենք էր տրամադրում երկու կողմերին:

Այժմ հասկանալի է, թե ինչն է խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հավասարակշռությունը. Հայաստանի ղեկավարությունը մեծապես և ճակատագրական հետևանքներով թերագնահատեց իր և Ադրբեջանի հնարավորությունների միջև եղած տարբերությունն ու սկսեց վարել վճռական արտաքին քաղաքականություն, որն իրականում չէր կարող իրեն թույլ տալ: Հայաստանը սխալ գնահատեց հակամարտությանը միջամտելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի պատրաստակամությունն ու կարողությունը, և զարմացավ տարածաշրջանային քաղաքականության փոփոխություններով, ներառյալ, առաջին հերթին, Թուրքիայի շատ ավելի միջամտողական ​​արտաքին քաղաքականությունից: Այս բոլոր գործոնները, միասին վերցրած, Բաքվին թույլ տվեցին պատերազմ սկսել և վճռական հաղթանակ տանել:

Բայց վերը նկարագրված բանաձևում բացակայում է մեկ տարր. ինչպե՞ս լիբերալ աշխարհակարգի անկումը հնարավոր դարձրեց այս ամենը: Հարկ է հաշվի առնել, թե որքան է վերջին 10 տարվա ընթացքում փոխվել պատկերը:

2010-ին ԱՄՆ-ն դեռևս գերտերություն էր Հարավային Կովկասում, որի հետ պետք էր հաշվի նստել. նա ձգտում էր  հասնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, առաջ մղել Ռուսաստանը շրջանցող Ադրբեջանի և Եվրոպայի միջև էներգետիկ միջանցքներ ստեղծելու նախագծեր և ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը միջնորդ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Տարածաշրջանի բոլոր երեք մայրաքաղաքներում վերջերս Եվրամիության ստեղծած Արևելյան գործընկերությունը, որը կառուցվել էր լիբերալ կարգավորիչ համակարգի հիման վրա, դիտվեց որպես զարգացման  հասնելու շատ ցանկալի ճանապարհի կրճատում: Բացի այդ, ԱՄՆ-ն, և ավելի փոքր ներգրավմամբ եվրոպացիները, այն ժամանակ կարողացան համոզել Թուրքիային, որը ԵՄ անդամության թեկնածու էր, շարունակել «ֆուտբոլային դիվանագիտությունը» Երևանի հետ, քանի որ հետո Թուրքիան կարծում էր, որ  իր անվտանգության հարցը կապված է ՆԱՏՕ-ի հետ և անբաժանելի է այս դաշինքից: Տարածաշրջանի պետություններն ստիպված էին արտաքին-քաղաքական վեկտոր ընտրել այնպիսի իրավիճակում, որը ձևավորվել էր մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից Արևմուտքի (լայն իմաստով) ուղղակի մրցակցության արդյունքում:

Դրանից հետո անցել է տաս տարի, և իրավիճակը փոխվել է անճանաչելիորեն: Միացյալ Նահանգները կորցրել է հետաքրքրությունը ծայրամասային տարածաշրջաններում իրականացվող երկարաժամկետ ռազմավարական միջամտությունների նկատմամբ և հիմնականում հրաժարվել է արտաքին քաղաքականության «արժեքներին» իրենց ցուցադրական նվիրվածությունից: ԱՄՆ-ն գրեթե ոչ մի դեր չի ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ կապված բանակցություններում: Արևելյան գործընկերությունը վերածվել է  նախկին խորհրդային հանրապետությունների հետ մի շարք ինքնաբուխ համաձայնագրերի, որոնք այժմ շատ ավելի քիչ են հակված  ընդունելու միակողմանիորեն պարտադրված արդիականացման փաթեթներ և ընտրում են միայն իրենց ձեռնտու նախաձեռնությունները: Ղարաբաղյան հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումները Բրյուսելի կողմից  հանգեցին  անարդյունավետ «մտահոգություններ»  հայտնելուն: ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցության անկումը թույլ տվեց, որ միջին ուժը` Թուրքիան, ընտրի իր  հավակնոտ արտաքին-քաղաքական ուղին և ինքնուրույն տրամադրի «ծառայությունների շարք» իր տարածաշրջանային արբանյակներին:

Ճկուն արտաքին քաղաքականություն և բազմաթիվ ճակատներում խաղալու ունակություն ունեցող փոքր երկրների համար, ինչպիսին Ադրբեջանն է, այս զարգացումը շահավետ էր: Մասնավորապես, Թուրքիայի ինքնավար խաղացողի վերափոխումը Բաքվին լծակներ տվեց Ռուսաստանի դեմ: Փոքր պետությունների համար, որոնք ունեն առավել սահմանափակ ընտրանքներ, ինչպիսին Հայաստանն է, այս իրադարձությունները աղետալի էին: Երկարատև իրավիճակի արդյունքում, երբ Մոսկվան ազդում է Երևանի կողմից արտաքին և անվտանգության քաղաքականության ձևավորման վրա (ինչը մեծապես պայմանավորված էր վերջինիս խոր արմատացած պատմական անվստահությամբ Թուրքիայի հանդեպ), Հայաստանը հայտնվել էր շատ ավելի քիչ  պատրաստված, արագ և անկանխատեսելի փոփոխությունների մի աշխարհում,  և դա բավական չէր մանևրելու համար անցյալի պարզ, երկուական տարրերի՝ Արևմուտքի կամ Ռուսաստանի, ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի միջև :

Սա անցողի՞կ է, թե՞ նոր բնականոնություն է

Վերոնշյալի հետևանքները դուրս են գալիս Հարավային Կովկասի սահմաններից: Միացյալ Նահանգներում հարցն այն է, թե որքանով նոր վարչակազմը, որը, կարծես, շատ ավելի նվիրված է լիբերալ աշխարհակարգի սկզբունքներին, կկարողանա վերականգնել  ինստիտուցիոնալ և նորմատիվային սահմանափակումներին հասցված վնասը, որոնք ժամանակին Հարավային Կովկասում և ոչ միայն այստեղ համարվում էին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարներ:

Արդյո՞ք առաջիկա տարիներին վերադարձ կկատարվի նախաթրամփյան կարգին, թե՞ ի հայտ կգա նոր, ավելի զուսպ և պակաս միջամտողական արտաքին քաղաքականություն: Թրամփի դարաշրջանն անցողի՞կ էր, պարզապես միջանկյալ դրվա՞գ, թե՞ այն ավելի խորը, կառուցվածքային ինչ-որ բան էր ներկայացնում:

Ամեն դեպքում, այն հարցը, թե Վաշինգտոնի նոր թիմը կարո՞ղ է հաջողությամբ դիմակայել լիբերալ աշխարհակարգի մարտահրավերներին (և եթե այո, ապա ինչպես) կարևոր կլինի Ամերիկայի սահմաններից դուրս: Դա հետևանքներ կունենա վերազգային այնպիսի կառույցների համար, ինչպիսին է ԵՄ-ն, որոնք հիմնված են լիբերալ սկզբունքների վրա և մինչ այժմ ապացուցել են ավելի կոպիտ քաղաքական և ուժային գործիքների օգտագործման անկարողությունը (որոնց օգտագործումը մինչ այժմ հիմնականում փոխանցվել է Միացյալ Նահանգներին ՝ ՆԱՏՕ-ին), որոնք անհրաժեշտ են այս ավելի ոչ լիբերալ ​​ժամանակներում: Կարևոր կլինի նաև միջին դասի տերությունների համար, ինչպիսին է Թուրքիան, որը թույլ կտա հեգեմոնների թուլացման դարաշրջանում իրենց քաղաքական գերիշխանության սահմանները ընդլայնել:

Այս ամենը կարևոր կլինի նաև փոքր պետությունների համար, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, սահմանելով արտաքին քաղաքականության ոլորտում իրենց հասանելի տարբերակները, քանի որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, լիբերալ ​​արժեքների կենսունակությունը և Լեռնային Ղարաբաղի շուրջ պաշտոնական բանակցությունները կարծես թե հայտնվել են հարցականի տակ: Անկախ նրանից, թե մենք տեսնում ենք փորձերը (վերջին ճիգե՞ր) վերադառնալու հնին, ավելի պրագմատիկ` հարմարվելը նորին, կամ ինչ-որ  միջանկյալ վիճակ, արդյունքը մեծ կարևորություն կունենա Հարավային Կովկասի նման բարդ տարածաշրջանների համար:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Eurasianet

 

 

 

 

 

Share

Comments are closed.