Թուրքական բանակի թիվն ու մեր հասարակության ընկալումները


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Թուրքիայի բանակի մասին համացանցում կամ մամուլում կարելի է գտնել ամենատարբեր կարծիքներ, մոտեցումներ, նաև մեծ թվով միֆեր։ Այս անդրադարձում մենք կկենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպիսի կարծիք է ձևավորում Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թվաքանակը հայաստանյան հասարակության մեջ։

Հաճախ կազմվում են ամենատարբեր հայտնի և անհայտ ծագմամբ աղբյուրների՝ աշխարհի ամենամարտունակ, ամենահզոր, ամենամեծ բանակների վարկանիշները, համեմատությունները, որոնք բավական մեծ չափերով տարածվում են և անգամ բավական խորը ամրապնդվում ընթերցողների շրջանում, տարածվում ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հանդիպում են լրատվամիջոցների հրապարակումներում։ Այս թեմային անդրադարձող աղբյուրների թվում գերակշռում են հիմնականում դեղին մամուլի ներկայացուցիչները կամ սիրողական մակարդակով հարցին անդրադարձողները, բայց իրերի դրությունը դրանից չի փոխվում, և շատերի համար այս տեղեկությունները դառնում եմ որպես ճշմարիտ և ուղղորդող։

Իհարկե, բավական բարդ կամ կարելի է ասել՝ գրեթե անհնար է լիարժեք համեմատել այս կամ այն պետության բանակները՝ հաշվի առնելով սուբյեկտիվության մեծ չափաբաժինը, չափելիության և համեմատության մեթոդների ընտրությունը, տեղեկատվության հստակության բացակայությունը, մի շարք այլ գործոններ։ Այս ամենի հետևանքով էլ թեման, որն իրականում բավական մեծ հետաքրքրություն է առաջ բերում մարդկանց մոտ, տարբեր կողմեր տարբեր կերպ են մեկնաբանում և բավական լավ «վաճառում» ընթերցողներին՝ այն հաճախ օգտագործելով նաև քարոզչական ենթատեքստով։ Տարբեր պետությունների բանակների համեմատության գործում թերևս ամենահեշտ և ամենապարզ ճանապարհը բանակների թվաքանակների հիման վրա համեմատությունն է, սակայն այստեղ կրկին առաջ են գալիս այս կամ այն երկրի զինված ուժերի թվաքանակի որոշման, կառուցվածքային նրբությունների, գաղտնիության գործոնները, որոնք էլ համեմատության այս մոտեցման օբյեկտիվությունը լուրջ կասկածի տակ են դնում։ Բայց և այնպես, թվաքանակով համեմատությունը հաճախ սահուն վերափոխվում է զինված ուժերի հզորությունների համեմատության և հենց այդ ձևով մատուցվում ընթերցողներին։ Ասել է թե՝ բանակի ամբողջ ներուժն ու հզորությունն ուղղակիորեն հավասարեցվում է տվյալ բանակի անձնակազմի թվին՝ որքան մեծ անձնակազմ, այնքան ավելի ուժեղ, մարտունակ, հզոր բանակ։ Սա, իհարկե, ըստ այդ վարկանիշներ կազմողների։

Թուրքիայի զինված ուժերը, որոնք աչքի են ընկնում իրենց մեծ թվաքանակով, չեն կարող նման վարկանիշներում և անդրադարձներում կարևոր տեղ չզբաղեցնել։ Ընդ որում, Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը հաշվելու հարցն էլ բավական խնդրահարույց է, քանի որ Ժանդարմերիան, որի հսկա անձնակազմը հաճախ հաշվում են Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թվում, խաղաղ պայմաններում Թուրքիայի ներքին գործերի նախարարության մաս է կազմում, թեև պետք է նշել, որ իր սպառազինությամբ և Թուրքիայի սահմաններում գործողությունների իրականացման ձևով (գերազանցապես՝ ընդդեմ քրդական ուժերի) առավել մոտ է հենց բանակային մոդելին։ Հետաքրքիր է, որ մինչև վերջին տարիները Թուրքիայի զինված ուժերն ամեն ամիս պաշտոնապես տրամադրում էին թարմացված տվյալներ երկրի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի անձնակազմի թվերի մասին, սակայն այժմ այս տեղեկությունները նախկինի պես չեն ներկայացվում։ Իսկ վերջին տվյալները նշում են, որ 2020 թվականի միջինացված ցուցանիշներով Թուրքիայի զինված ուժերն ունեցել են մոտ 400․000 հոգանոց, իսկ ժանդարմերիան՝ մոտ 150․000 հոգանոց անձնակազմ։

Այժմ անդրադառնանք հայաստանյան հասարակության շրջանում կարծիքի ձևավորման վրա թուրքական բանակի թվաքանակի ազդեցությանը, ինչը հատկապես հետպատերազմական շրջանում գտնվող մեր երկրի համար համարում ենք քննարկման արժանի թեմա։ Շատերս ենք այս կամ այն կերպ հանդիպել արդեն կարծրացած այն ձևակերպմանը, թե Թուրքիայի զինուժը ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակն է, ինչը վերը նշված մոտեցման ամենացցուն օրինակներից է։ Հայաստանում ոչ մասնագիտական շրջանակներում թուրքական բանակի հարցում այս մոտեցումն էլ հաճախ գերակա դիրք է զբաղեցնում և ստեղծում է Թուրքիայի զինված ուժերի իրական գնահատականի փոխարեն, կարելի է ասել, գերագնահատված գնահատական և մոտեցում։ Թուրքիան ՆԱՏՕ-ում կարող է լինել երկրորդը, սակայն երկրորդը բանակի անձնակազմի թվով, իսկ այս կարևորագույն կետը հիմնականում շրջանցվում է։

Այս համատեքստում մեր հասարակության կարծիքի ձևավորման գործում առաջ է գալիս թուրքական բանակի ոչ թե թվաքանակով ավելի մեծ լինելու հանգամանքը, այլ թվաքանակի գործոնը սահուն վերափոխվում է հզորության գործոնի։ Զինված ուժերի հարցում որքան էլ թվաքանակը կարևոր և առաջնային գործոններից է, բայց միայն զինծառայողների թիվը չի կարող դառնալ հզորության չափելիության միակ ու հիմնական գործիք։ Բանակների թվաքանակի հետ մեկտեղ խիստ կարևոր են նաև զինված ուժերի սպառազինությունը, պատրաստվածությունը, փորձը, պահեստազորը, մոբիլությունը, լոգիստիկան, երկրի տնտեսական վիճակը, մեծ թվով այլ գործոններ։ Կրկին գալիս ենք հոդվածի սկզբում արտահայտած այն մտքին, որ բանակների վարկանիշներ կամ համեմատություններ կառուցելու միասնական և ընդհանրական մոտեցում ստանալը գրեթե անհնար խնդիր է։ Եվ այս հարցում էլ բարդ է օբյեկտիվ, հստակ ու վերջնական գնահատական տալ թուրքական բանակի ներուժին։

Եվ որքան վտանգավոր է դիմացինի (ինչո՞ւ ոչ՝ նաև քո իսկ) ուժերի գերագնահատումը, նույնքան վտանգավոր է նաև ուժերի թերագնահատումը։ Մեր այս հոդվածի նպատակն ամենևին էլ թուրքական զինուժի գերագնահատումը կամ  թերագնահատումը չէ, այլ իրերի ու դրության հնարավորինս ճիշտ, հավասարակշռված և օբյեկտիվ գնահատումն ու ընկալումը․ ընդ որում, բազմաթիվ օրինակներից մեկի հիման վրա, այն է՝ մեծ թվաքանակի և հզորության միջև ուղիղ կապի ստեղծումն ու միֆի ձևավորումը։ Սա էլ իր հերթին հայաստանյան հասարակության մեջ ստեղծում է հավելյալ հոգեբանական ճնշում, ինչը հատկապես մեր օրերում ընդհանրապես ցանկալի չէ։

 

Թուրքական բանակի հետևակային ջոկը։ Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

Share

Comments are closed.