Այժմ ԵՄ-ն ունի իր սեփական «Մագնիտսկու ակտը»


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

2020 թ.-ի դեկտեմբերին ԵՄ-ի արտաքին-քաղաքական զինանոցը համալրվեց մի կարևոր գործիքակազմով, որով հնարավորություն է ստեղծվում պատժամիջոցներ սահմանել բոլոր այն պետությունների քաղաքական շրջանակների վրա, որոնք թույլ կտան մարդու հիմնարար իրավունքների խախտումներ: Գործիքակազմը ներառված է ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված «Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագրի» մեջ և արդեն իսկ իրավապաշտպանների համայնքի կողմից արժանացել է «Եվրոպայի գլոբալ Մագնիտսկու ակտ» անվանմանը:

Դեռևս 2012 թ. դեկտեմբերի 14-ին նախագահ Օբաման ստորագրել էր «Մագնիտսկու ակտ» անվամբ հայտնի օրենքը: Այս օրենքը պատժամիջոցներ էր սահմանում մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ կասկածվող մի շարք ռուսաստանյան պաշտոնյաների դեմ, արգելում  էր նրանց մուտքն ԱՄՆ և սառեցնում նրանց բանկային հաշիվներն ամերիկյան բանկերում:

Այդ ակտն ընդունվել էր գրեթե երեք տարի տևած պայքարից հետո, որը սկսվել էր 2009 թ. բանտում փաստաբան Սերգեյ Մագնիտսկու սպանությունից հետո: Նա ձերբակալվել և շուրջ մեկ տարի պահվել էր նախնական կալանքի խցում` ռուսաստանյան ոստիկանությանն ու հարկային գերատեսչության աշխատակիցներին հանցավոր համաձայնության մեջ մեղադրելու պատճառով: Արդյունքում Մագնիտսկու ներկայացրած ներդրումային ընկերությունը և Ռուսաստանի կառավարությունը կորցրել էին  230 միլիոն դոլար:

Այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է լրջորեն հետաքննել Մագնիտսկու մեղադրանքներն ու նրա մահվան հանգեցրած հանգամանքները, վերջինիս ամերիկացի գործընկեր Բիլ Բրաուդերը  նախաձեռնել էր իրավապաշտպաններից, Պուտինի դեմ տրամադրված ռուսաստանյան քաղաքական գործիչներից և Ռուսաստանի հանդեպ պահպանողաբար հոռետեսորեն վերաբերվող վաշինգտոնյան պաշտոնյաներից բաղկացած լայն ճակատի ստեղծմանը` Կոնգրեսի միջոցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար: Արդյունքում այդ ակտն այս տարիների ընթացքում գնալով ընդլայնվել էր ` ստանալով  գլոբալ բնույթ:

Իսկ ահա ԵՄ-ի կողմից ներկայացված մեխանիզմին առաջարկվում է տալ  Նավալնու անունը:

«Ամերիկյան Մագնիտսկու ակտի նմանօրինակով մենք կարող ենք ունենալ «Նավալնու պատժամիջոցների ռեժիմ», ինչը լավ հնարավորություն կդառնա ամփոփելու տեղի ունեցածը և այնպես անել, որպեսզի Նավալնու անունը ասոցացվի իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու հետ»,- ժամանակին ընդգծել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Ժոզեֆ Բորելը:

Այդուհանդերձ,  ակտը չկրեց  Նավալնու անունը:

Նման սանկցիոն ռեժիմի ընդունումը կարևոր քայլ է ԵՄ-ի կողմից, որը կարող է ցույց տալ մարդու իրավունքներին  նվիրվածության իրական աստիճանը, այլ ոչ թե դեկլարատիվ բնույթը: Նախկինում ԵՄ-ի կողմից ընդունված գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների խախտումներին, հիմնականում ունեին հռչակագրային բնույթ և չէին ծառայում ԵՄ սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականությանը: ԵՄ-ի անդամ շատ երկրներ խուսափում են առանձին երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց, քանի որ դրանից տուժում են ոչ միայն իրավախախտները, այլ նախևառաջ տվյալ պետության քաղաքացիները: Այդ իսկ պատճառով ԵՄ-ն մի փոքր հակված չէր Իրանի կամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, քանի որ բավականին ամուր առևտրատնտեսական հարաբերություններ  ունի նրանց հետ:

Համաձայն «Մագնիտսկու ոճի» նոր օրենսդրության՝ ԵՄ-ն կկարողանա սահմանափակել իրավախախտների ճանապարհորդությունը դեպի ԵՄ և սառեցնել ԵՄ-ում բնակվող այն անհատների, կորպորացիաների և պետական կառույցների բանկային հաշիվները, որոնք մեղավոր են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ: Նույնիսկ եթե մեղավոր կողմը ներկայություն չունի Եվրոպայում, պատժամիջոցները թույլ են տալիս այլ անձանց կամ ընկերություններին արգելել նրանց համար միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել: ԵՄ գլոբալ տնտեսական հզորության պատճառով այս մոտեցումը թույլ է տալիս նրան իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը նույնիսկ այն երկրներում, որոնք ԵՄ անդամ պետություններ չեն:

Մարդու իրավունքների պատժամիջոցների նոր գլոբալ ռեժիմը կիրառելիության լայն շրջանակ ունի՝ ներառելով ցեղասպանության դեպքերը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, խոշտանգումները, ստրկությունը, արտադատական սպանությունները, անձանց բռնի անհետացումը, կամայական ձերբակալությունները,  մարդկանց թրաֆիքինգը, սեռական և գենդերային բռնությունները, խաղաղ հավաքների, խոսքի և դավանանքի ազատությունների ոտնահարումները կամ չարաշահումները: Ինչպես տեսնում ենք, կիրառման սպեկտրը բավական լայն է` սկսած ժողովրդավարության խթանման և մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև մասնավոր հանցագործություններ.  հարկավոր է միայն կիրառման քաղաքական կամք:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ցուցակից դուրս մնացած  կարևոր կետը կոռուպցիան է, որը լուրջ խնդիր է ավտորիտար պետությունների մեծ մասի համար: Բացի այդ, չնայած  նշված է  պատժամիջոցների լայն սպեկտր, այնուամենայնիվ, չկան կանխարգելիչ միջոցառումներ, որոնք  կկանխեն մարդու իրավունքների ոտնահարումներըը: Արդյո՞ք պետք է ցեղասպանություն իրականացվի  ԵՄ-ի աչքի առաջ, և հետո միայն  ԵՄ-ն որոշի միջամտել: Տեղեկատվական տեխնոլոգիաների  ժամանակակից դարաշրջանում բավական հեշտ է տեղյակ լինել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մտադրությունների մասին և կանխել դրանք մինչ իրավախախտները կկենսագործեն իրենց մտադրությունները:

Պատժամիջոցների ռեժիմի հիմնական թիրախը կարող են լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր պատասխանատվություն են կրում ավելի վաղ նշված մարդու իրավունքների խախտումների համար: Փաստաթղթի մեկ այլ կարևոր կողմն այն է, որ այն կարող է ներառել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարներ, անկախ նրանից՝ նրանք խախտումներ կամ չարաշահումներ են թույլ տալիս իրենց  պետությա՞ն, թե՞  դրա սահմաններից դուրս:  «Մագնիտսկու ակտի» ԱՄՆ տարբերակը ուղղակիորեն չի պատժել պետությունների ղեկավարներին: Օրինակ, թիրախ են դարձել Սաուդյան Արաբիայի Մուհամեդ բին Սալմանի, Մյանմարի Աունգ Սան Սու Կիի հետ կապ ունեցող անձինք, այլ ոչ թե հենց ազգային պետության առաջնորդները: Մնում է տեսնել, թե ԵՄ-ն ինչ քաղաքականություն կձեռնարկի պատժամիջոցների կիրառման հարցում:

Պատժամիջոցների կիրառումն ինքնին նոր պրակտիկա չէ ԵՄ համար: Օրինակ, վերջին 25 տարվա ընթացքում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսից ժամանած անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու էին բռնաճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ին ուղղված հիմնական քննադատությունն այն էր, որ այն չուներ արտաքին քաղաքական գործիք, որը կարող է օգտագործվել մարդու իրավունքները ոտնահարողների դեմ կիրառվելու համար: Իրավիճակը փոխվեց  ԵՄ-ի`  2019-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Ժան-Կլոդ Յունկերի ղեկավարած ԵՄ-ի նախորդ հանձնաժողովի համեմատ, որը վարում էր սկզբունքային պրագմատիզմի վրա հիմնված արտաքին քաղաքականություն, ԵՄ նոր «կառավարությունը» մեծացրել է իր ուշադրությունը ԵՄ դերի վրա `որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան: 2019 թվականի դեկտեմբերին՝ նույն թվականի մայիսին կայացած ընտրություններից մի քանի ամիս անց, ԵՄ խորհուրդը ողջունեց արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների դեմ պատժամիջոցներ  սահմանելուն ուղղված նախապատրաստական ​​աշխատանքը:

Քանի որ առաջարկը նախաձեռնել էր ԵՄ արտաքին քաղաքականության ճարտարապետը, այն  ցույց տվեց, որ մարդու իրավունքների խնդիրները կրկին գտնվում են ԵՄ առաջնահերթությունների թվում: Ավելին` պատժամիջոցների նոր ռեժիմը Մարդու իրավունքների և ժողովրդավարության 2020-2024 թթ. ԵՄ գործողությունների ծրագրի մի մասն է, որը գերակա փաստաթուղթ է համարում մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության խթանումը երրորդ երկրների հետ հարաբերություններում կիրառելու համար :

Փաստաթուղթը սահմանում է ԵՄ հավակնությունները և առաջնահերթությունները գործողությունների հինգ փոխկապակցված գծերի շուրջ.

  • Անհատներին պաշտպանելը և նրանց հզորացնելը;
  • Դիմացկուն, ներառական և ժողովրդավարական հասարակությունների կառուցում;
  • Մարդու իրավունքների և ժողովրդավարության գլոբալ համակարգի խթանում;
  • Նոր տեխնոլոգիաներ. հնարավորությունների օգտագործում և մարտահրավերների լուծում;
  • Առաքում ՝ միասին աշխատելով:

Այսպիսով՝ նկատելի է, որ այսօր ԵՄ-ն կարծես թե կրկին դառնում է նորմատիվային ուժի տիտղոսակիր: Հետաքրքիր է նաև, որ պատժամիջոցների կիրառման նոր ռեժիմի ընդունումը համընկավ նաև Արցախյան երկրորդ պատերազմի ավարտի հետ, երբ տարածաշրջանի ամենաավտորիտար ուժը  միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների մասին միջազգային օրենքների բազմաթիվ համակարգված խախտումներ էր կատարել։ Այդ գործողություններից շատերը, ըստ միջազգային իրավունքի, հանցագործություններ են մարդկության դեմ, ինչպես նաև պատերազմական հանցագործություններ։ Դրանց շարքում են քաղաքացիական բնակավայրերի չտարբերակված գնդակոծումը կասետային հրթիռներով, քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը հրետանիով և անօդաչու սարքերով, գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, խոշտանգումներն ու սպանությունը, մշակութային օբյեկտների ճշգրիտ թիրախավորմամբ հրթիռակոծումը և այլն։ Այժմ գնդակը Հայաստանի դաշտում է. արդյոք, կօգտագործվի՞ այս հարթակը, այս հնարավորությունը:

 

Share

Comments are closed.