Շուշեցիները մայիսի 8-ին առաջին անգամ կլսեն բերդաքաղաքի օրհներգը

Քնար ԲԱԲԱՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Ինչպես հայտնի է, մի շարք հայկական քաղաքներ իրենց օրհներգն ունեն: Այսպես, օրինակ, Երեւանի հիմնը Պարույր Սեւակի բոլորիս հայտնի ու սիրված «Էրեբունի Երեւան» բանաստեղծության խոսքերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի գրած հանրահայտ երգն է: Պաշտոնապես գրանցված հիմն ունեն նաեւ Վաղարշապատը, Գյումրին, Աբովյանը, իսկ, օրինակ, Արտաշատը, Մարտունին (ԼՂՀ) եւ մի շարք այլ քաղաքներ ունեն ոչ պաշտոնական օրհներգեր:

Հիմն ունեցող հայկական քաղաքների շարքը համալրել է Շուշին: Սան Ֆրանցիսկո քաղաքում ապրող հայտնի երգահան Ավետիս Բերբերյանը վերջերս Արցախի պետական երգչախմբի հետ ձայնագրել է Շուշիի հիմնը: Հիմնի խոսքերի հեղինակը բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանն է:

«Շուշի քաղաքի հիմն գրելու առաջարկը Ավետիս Բերբերյանինն է, մենք ֆինանսավորել ենք երգի ձայնագրությունը»,- տեղեկացրեց ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Ավետիս Բերբերյանը շատ լավ է հիշում իր առաջին այցելությունն Արցախ՝ 1989 թվականին: «Կոնսերվատորիայից երգչախումբ էինք բերել եւ Ստեփանակերտում համերգ տվեցինք: Այդ ժամանակ էլ ոգեւորված գրեցի «Ազատ ապրիր, Ղարաբաղ» քայլերգը, որն այդպես էլ չհաջողվեց ձայնագրել: Խառը ժամանակներ էին, եւ ձայնագրվելը շատ դժվար էր»,- հիշում է երգահանը: Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը, ըստ Ա.Բերբերյանի, լավագույն առիթն էր Ղարաբաղի վերաբերյալ երգ գրելու:

«Ինչպես «Երեք հրացանակիրները» ֆիլմն ունի շարունակություն՝ «20 տարի անց», այդպես էլ ես առաջին այցելությունից 20 տարի անց որոշեցի գրել Շուշիի հիմնը: Երգն արդեն ձայնագրել ենք, եւ մայիսի 8-ին այն առաջին անգամ կհնչի Շուշիում»,-ասում է նա:

Իսկ շուշեցիներն ի՞նչ կարծիքի են այս մասին:

Շուշեցի իմ զրուցակից Արմենի կարծիքով՝ քաղաքի հիմնը պետք է նախ եւ առաջ իր պատմությունն ունենա եւ ծնված լինի տվյալ քաղաքի ժողովրդի կողմից: «Այլապես կստացվի, որ պատվերով գրված հիմն ենք ունենալու: Ավելի լավ կլիներ, եթե մի քանի երգեր գրվեին, որոնք հանրային քննարկման արժանանային, կամ էլ մեկ այլ կերպ շուշեցիները որոշեին, թե որն է ավելի հարմար քաղաքի հիմն կոչվելու համար»,-համոզված է զրուցակիցս:

«ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ, շուշեցի Սարասար Սարյանը ողջունում է օրհներգ ունենալու գաղափարը: «Շուշին պետք է վերագտնի իր վաղեմի փառքը եւ կրկին դառնա պատմամշակութային կենտրոն»,- ասում է նա:

Շուշիի մեկ այլ բնակիչ՝ Տիգրան Բալայանը, գտնում է, որ երեւույթն ինքնին ոգեւորող է եւ արցախցու ինքնահաստատման համար անհրաժեշտ, բայց դեռ ոչ բավարար պայման: «Անհրաժեշտ ու բավարար նախապայման եմ համարում մինչեւ պաշտոնապես Շուշիի հիմն հայտարարելը նախ շուշեցիները եւ առհասարակ արցախահայությունը ծանոթ լինի դրան»,- համոզված է նա:

Ինքը՝  Ավետիս Բերբերյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է փոխվել Արցախում այս 20 տարիների ընթացքում, առանց դույզն ինչ վարանելու ասաց. «Շատ բան է փոխվել: Անկախ ամեն ինչից, գնալով Արցախը մեր հոգիներում ավելի է ամրանում: Եթե տարիներ առաջ Ղարաբաղի նկատմամբ զգացմունքներն ավելի շատ ռոմանտիկ բնույթի էին, ապա այսօր հստակ գիտակցում ենք, որ Արցախը մեր անբաժան մասն է: Ուրախ եմ, որ պատերազմից տուժած բնակավայրերը վերանորոգվում են, կյանքն ավելի է աշխուժանում: Վաղվա օրվա հույսի ու հավատի գաղափարը մարդկանց մոտ կա, ինչն էլ, ըստ իս, շատ կարեւոր հանգամանք է»:

Share

Comments are closed.