Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի վերջրյա և ստորջրյա պատճառները


Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ
Երևան

Հուլիսի 5-ին Վրաստանին համակել է հերթական ներքաղաքական ճգնաժամ։ Երկրում ներքաղաքական լարվածության առաջացման նոր պատճառ է դարձել «Tbilisi pride» ԼԳԲՏ համայնքի՝ մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներով հայտարարագրված քայլերթը։ Համասեռական տղամարդիկ և կանայք այդ օրը քայլերթին չեն ներկայացել, բայց նրանց փոխարեն փողոց են դուրս եկել ծայրահեղ պահպանողական խմբավորումների պատկանող նրանց հարյուրավոր հակառակորդներ և վրաց հոգևորականության ներկայացուցիչներ։ Վերջիններս, չհանդիպելով իրենց թշնամիներին, ցայժմ անհասկանալի մնացած պատճառներով հարձակվել են քայլերթը լուսաբանելու եկած լրագրողների վրա։ Իրավիճակը վերջնականապես սրվել է օրեր անց՝ միջադեպի օրը դաժան ծեծի ենթարկված ընդդիմադիր «Pirveli» հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահից հետո։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Լաշկարավան մահացել է իբր թմրադեղերի չափաբաժնի գերազանցումից։ Սա էլ ավելի է թեժացրել կրքերը։

Այսպիսով, հուլիսի 5-ին Թբիլիսիի փողոցներում, առաջին հայացքից, բախվել են երդվյալ հակառակորդներ՝ Վրաց ուղղափառ եկեղեցին և ԼԳԲՏ համայնքը, ինչի արդյունքում տուժել են մամուլի ներկայացուցիչները։ Սակայն, իրականում, տեղի է ունեցել իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» և ընդդիմության՝ «Միասնական ազգային շարժման» միջև բախում։ Երկուսն էլ անմիջապես փորձել են օգտագործել մեկ լրագրողի կյանք խլած բախումը սեփական քաղաքական նպատակների համար։ «Վրացական երազանքն» այսօր էլ մեծ ջանքեր է գործադրում ընդդիմությանը որպես հակաեկեղեցական, հակապետական և հակաքրիստոնեական ուժ պիտակավորելու համար։ Այս իսկ իշխանությունն ինքն իրեն դիրքավորում է որպես եկեղեցին, ավանդական արժեքներն ու ողջ ազգը ոչ ավանդական կողմնորոշման շրջանակներից պաշտպանող մարմին։ Իշխանությանը որքա՞ն կհաջողվի իրավիճակն այսպես ներկայացնել՝ դժվար է ասել։ Հասկանալի է, որ նրա կողմնակիցները, որպես վարչական ռեսուրսի մաս, այս ամենին հավատում են։ Բայց արդյո՞ք դրան կհավատա ողջ քաղաքացիական հասարակությունը և, հատկապես, Վրաստանի օտարերկրյա գործընկերները, միջազգային կազմակերպությունները և հուլիսի 5-ին բառիս բուն իմաստով ջարդարարության ենթարկված ԶԼՄ-ները. Մեծ հարց է։ Կասկածելի է նախ և առաջ հենց այն պատճառով, որ ԶԼՄ-ները նույնպես հայտնվել են հակաեկեղեցական և հակապետական ուժերի ցուցակում։

Ընդդիմությունն, իր հերթին, լրագրողների ջարդն ու Ալեքսանդր Լաշկարավայի մահը ջանացել է ներկայացնել որպես սեռական փոքրամասնությունների հակառակորդներին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ուղիղ հովանավորելու հետևանք։ Ընդդիմությունը հայտարարել է, որ Լաշկարավան դարձել է համակարգի զոհ՝ իշխանությանը մեղադրելով բռնությունը հովանավորելու մէջ։

Երեք ընդդիմադիր հեռուստաալիքների՝ «Պիրվելի»-ի, «Մթավարի արխի»-ի և «Ֆորմուլա»-ի շուրջ 300 լրագրողներ, ինչպես նաև «Միասնական ազգային շարժում» և «Լելո» կուսակցությունների կողմնակիցները խորհրդարանի շենքի դիմաց բողոքի գործողություն կազմակերպեցին՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականը և հուլիսի 5-ին լրագրողներին ծեծի ենթարկած ծայրահեղականների քրեական հետապնդումը։ Ընդդիմադիր լրագրողները բողոքի ցույցի ժամանակ խոստացել են համատեղ լրագրողական հետաքննություն անցկացնել՝ սեռական փոքրամասնությունների դեմ բողոքին վարչապետի ընծայած հովանավորությունն ապացուցելու, ինչպես նաև կառավարության՝ երկրում ռուսական շահերն առաջ մղելու փաստը բացահայտելու նպատակով։ Հուլիսի 17-ին ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցները բողոքի գործողություն են իրականացրել Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու տան մոտ, որը վերցվել է ոստիկանության ուժեղ պահպանության ներքո։

Բողոքի ցույցից մի քանի ժամ առաջ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Նա այնուհետև լրագրողներին մեղադրել է օպերատորի մահը շահարկելու մեջ և կրկին վստահություն է հայտնել, որ բողոքի հերթական ալիքի ետևում կանգնած է «Միացյալ ազգային շարժման» փաստացի առաջնորդ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ երկրում իշխանություն լինելու տարիներին «Վրացական երազանքը» յուրաքանչյուր քաղաքական ուժի, քաղաքացիական հասարակության որևիցե հատվածի և, անգամ, սեռական փոքրամասնությունների հետ ներքաղաքական դիմակայության յուրաքանչյուր դրվագի ետևում ավանդաբար տեսնում է Միխեիլ Սաակաշվիլու ականջները։ Հանուն արդարության հարկ է նշել, որ անգամ Վրաստանից տարածապես հեռու գտնվելով՝ իշխանության համար մղվող պայքարում հենց Սաակաշվիլին է մնում «երազողների» գլխավոր մրցակիցը։ Հիմա, Լաշկարավայի ողբերգական մահից հետո, Վրաստանի նախկին նախագահը ձեռք է բերել նոր ու բավականին հզոր դաշնակիցներ՝ ի դեմս կորպորատիվ համերաշխության բարձր մակարդակ դրսևորող լրագրողների։ «Վրացական երազանքում» պետք է հասկանան, որ ԶԼՄ-ների դեմ բոլոր հարձակումները, առավել ևս՝ օպերատորի մահն ու դրան առնչվող ամեն ինչը, իշխանությունը վերածում են վրաց բոլոր լրագրողների հարձակման օրինավոր թիրախ։ Միխեիլ Սաակաշվիլու համար՝ նույնպես։

Այս առնչությամբ հնարավոր է կանխատեսել երկրում ներքաղաքական լարվածության հետագա ուժգնացում, հատկապես, որ Վրաստանն, ըստ էության, դեռ դուրս չէր եկել անցած տարվա նոյեմբերյան ընտրություններից հետո սկսված քաղաքական ճգնաժամից։

Այստեղ հարկ է անդրադառնալ իշխանության հասցեին հնչող ընդդիմության ևս մեկ՝ ավանդական մեղադրանքին։ ԶԼՄ-ների ներկայացուցչի մահվան մեղադրանքն իշխանությանը հասցեագրող ընդդիմությունն ու լրագրողները Ղարիբաշվիլու կառավարությանը մեղադրել են արևմտյան արժեքներից հրաժարվելու և Ռուսաստանի ազդեցության գոտի վերադառնալու մտադրության մեջ։ Ցույցի ելածները հայտարարել են, որ «Վրաստանի վաղվա օրը չպետք է լինի ռուսական»։ Իսկ «Ուժը միասնության մեջ է» շարժման ներկայացուցիչ Դավիթ Կացարավան հայտարարել է, որ բռնազավթիչներն արդեն խրամատ են փորում վրացական գյուղերի հարևանությամբ, իսկ Ռուսաստանը Վրաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա է նախապատրաստում։

Ուշագրավ է նաև Վրաստանում վերջերս ծավալված իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի արձագանքը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը, մասնավորապես, հայտարարել է, որ վրդովմունքով է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշելով, թե ի զորու է համապատասխան անձանց և կազմակերպությունների նկատմամբ կիրառել պատժամիջոցների ողջ անհրաժեշտ գործիքակազմը։ Բրյուսելն, իր հերթին, ակնարկել է, որ կարող է վերանայել «Արևելյան գործընկերության» շրջանակում ԵՄ-ից Վրաստանին տրամադրելիք գումարի ճակատագիրը։ Ուշագրավ է, որ 3,9 միլիարդ եվրոյի ընդհանուր փաթեթի մեջ ներառված է անվարձահատույց օգնություն՝ 1,715 միլիարդի չափով, իսկ մնացյալ գումարը հատկացվելու է արտոնյալ վարկերի տեսքով։

Այժմ վերադառնանք ռուս-վրացական հարաբերություններին։ Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են Թբիլիսիի որոշմամբ 2008 թ․ օգոստոսից՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման։ Ներկայումս երկու երկրների միջև երկխոսությունը պահպանվում է բացառապես Ժնևյան քննարկումների և դիվանագետներ Աբաշիձեի և Կարասինի պարբերական հանդիպումների շրջանակներում։  Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Մոսկվայի հետ քաղաքական ուղիղ բանակցություններ վարել։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իր անվերջանալի նախագահական-վարչապետական կառավարման տարիներին քանիցս առաջարկել է «Վրացական երազանքից» Վրաստանի՝ իրար հաջորդած նախագահներին և վարչապետներին չեզոք տարածքում հանդիպել, բայց ամեն անգամ մերժում է ստացել։ Սակայն 2021 թ․ սկզբին Վրաստանոմ և Վրաստանի շուրջ տեղի են ունեցել բաներ, որոնք 2012 թվականից ի վեր Վրաստանում փաստացի իշխած 64-ամյա Բիձինա Իվանիշվիլուն ստիպել են հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին։ Հունվարի 11-ին նախկինում հենց Ռուսաստանում իր հարստությունը դիզած օլիգարխը հայտարարել է, որ «ավարտել է իր առաքելությունը և վերջնականապես հեռանում է Վրաստանի քաղաքական կյանքից»։ Այսպիսի որոշում ընդունելու այլ մանրամասների ու դրդապատճառների մասին նա լռել է։

Համարյա մեկ ամիս անց՝ փետրվարի 18-ին, անսպասելիորեն հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Որպես վարչապետի հրաժարականի  պաշտոնական պատճառ նշվել է իշխող կուսակցության գործընկերների հետ տարաձայնություններ ունենալու հանգամանքը։ Մասնավորապես, հրաժարականի պատրվակ է դարձել «Միացյալ ազգային կուսակցության» առաջնորդ՝ Սաակաշվիլու մտերիմ գործընկեր Նիկա Մելիային ձերբակալելու վերաբերյալ դատարանի որոշումն ի կատար չածելը։ Վերջինս մեղադրվում է խմբակային բռնությունները կազմակերպելու, ղեկավարելու և իրականացնելու մեջ։ Ընդսմին՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո Գախարիան ստեղծել է սեփական կուսակցություն և հանդես է եկել իր նախկին կուսակիցների քննադատությամբ՝ մեղադրելով նրանց սոսկ սեփական շահերին հետամուտ լինելու մեջ։ Դրան ի պատասխան՝ «քաղաքականությունից վերջնականապես հեռացած» Իվանիշվիլին և մյուս «երազողները» Գախարիային դավաճանության մեջ են մեղադրել։ Ընդ որում, այս ամենը Գախարիային բոլորովին չի խանգարում պատրաստվել հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Ավելին, «Edison Research» ընկերության կատարած հարցումների համաձայն՝ նախկին վարչապետը վայելում է ժողովրդականության ամենաբարձր ցուցանիշը։ Ընտրողների համակրանքը Գախարիան վաստակել է թագաժահրի դեմ պայքարում լավ ճգնաժամային կառավարիչ լինելու շնորհիվ։ Համակրանքի հավելյալ բաժինը նա վաստակել է Նիկա Մելիային ձերբակալելու հրաման տալուց հրաժարվելու համար․․․ 

Իվանիշվիլու «քաղաքականությունից հեռանալու», իսկ Գախարիայի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ որոշումն ընդունելու հստակ և իրական պատճառները մենք չենք կարող պարզել։ Մատչելի է օբյեկտիվ տեղեկատվության շատ փոքր չափաբաժին, իսկ դավադրամոլական մեկնաբանությունների մակարդակին իջնել և այլևայլ հերյուրանքներ վերլուծել մենք թույլատրելի չենք համարում։ Այդ իսկ պատճառով՝ արձանագրում ենք սոսկ մեկ և, միաժամանակ, անվիճելի փաստ։ Արցախի և Հայաստանի դեմ 44-օրյա ագրեսիայի արդյունքում ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում Ռուսաստանը բոլորովին մտադիր չէ բավարարվել Հայաստանի և Ադրբեջանի վրա իր մեծացած ազդեցությամբ։ Մոսկվային անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասը, և Վրաստանը չի կարող բացառություն լինել։ Տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին պուտինյան գաղափարները բնավ չեն սահմանափակվում նորահայտ Հիտլերին՝ Իլհամ Ալիևին «դանցիգյան միջանցքի» նմանությամբ «զանգեզուրյան միջանցք» տրամադրելու մտադրությամբ։ Ռուսաստանի նախագահն աներկբայորեն մտադիր է առանց մեկ իսկ բացառության վերաբացել տարածաշրջանի անխտիր բոլոր՝ ներառյալ Վրաստանի և չճանաչված Աբխազիայի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները՝ դնելով դրանք իր անմիջական գործուն վերահսկողության ներքո, իսկ Հարավային Կովկասը վերադարձնելով 1991 թվական։ Կարիք չկա նշելու, որ վերոնկարագրյալ հեռանկարը հիմնովին հակասում է դեպի Արևմուտք տենչող Վրաստանի շահերին։ 

Վերջում կարևոր եմ համարում նշել, որ եթե Մոսկվան այսօր Թբիլիսիին որևէ «հաղորդակցային» առաջարկ անի, այն միանգամայն ոչ հրապարակային տիրույթում կհնչի։ Առավել ևս, որ հայտնի չեն այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ այդ առաջարկներին Վրաստանի մերժողական պատասխանի դեպքում։ Այնուամենայնիվ, Մոսկվան բարձրաձայնել է Թբիլիսիին ուղղված ինտեգրացիոն մեկ առաջարկ։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ այն հնարավոր է դարձել բացառապես Արցախում մոլեգնած 44-օրյա արյունահեղությունից հետո։ Պատերազմը կանգնեցվել է նոյեմբերի 9-ին։ Իսկ արդեն նոյեմբերի 27-ին ռուսաստանյան սենատոր Գրիգորի Կարասինը Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ «Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև, մասնավորապես՝ հաղորդակցային ուղիների և տնտեսական կապերի վերականգնման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը նոր հնարավորություններ է բացում անդրկովկասյան բոլոր պետությունների, այդ թվում և Վրաստանի համար»։ Թբիլիսիի հրապարակային պատասխան տվյալ առաջարկին չի հետևել․․․

 

 

Share

Comments are closed.