Հայաստանի ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ն


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Երևան

 

44-օրյա պատերազմի հայտնի արդյունքները և իրադարձությունների հետպատերազմական զարգացումը չէին կարող չարդիականացնել վերնագրում ձևակերպված հարցադրումը։ Պարզվել է, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում Ալիևի վարչակարգի սանձազերծած պատերազմը, այլև Հայաստանի տարածքին հասցված հարվածները ոչ մի կերպ չեն խախտել այն «ռազմական դաշինքի» ցուցադրական անվրդովվությունը, որին մենք՝ Հայաստանի Հանրապետությունն, անդամակցում ենք նրա ձևավորման առաջին իսկ օրվանից։

ՀԱՊԿ կոչվող կազմակերպությանն անդամակցելու տարիներին այն դասական ընկալմամբ ռազմական դաշինք չի դարձել, քանի որ չի օժտվել Հյուսիսատլանտյան դաշինքի 5-րդ հոդվածին համանման կետով, թեև շրջանառվող լրատվամիջոցային պատմույթների մեջ կարելի է հանդիպել «ռուսաստանյան ՆԱՏՕ»-ի պես ձևակերպումներին։ Դրա փոխարեն՝ այս կազմակերպությանն անդամակցելը Մոսկվան դիտում է իրեն ընծայվող հավատարմության և նրան «հոգեպես մերձավոր» լինելու սանդղակի գագաթնակետը։

Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանի կառավարությունը և քաղաքական դասը սեփական աշխարհայացքը կառուցում էին այն պատկերացման վրա, թե Հայաստանի անկախության և անվտանգության անսասանության ուղիղ ցուցիչը Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակն է։ Հետևաբար, որչափ ավելի «մոտ» Ռուսաստանին, այնչափ Հայաստանն ավելի ամուր և անվտանգ է, հատկապես՝ Ադրբեջանի հետ հակամարտություն և Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններ ունենալու պարագայում։

Այս պատկերացումները հիմնված էին այն «աքսիոմի» վրա, թե անվտանգությունն՝ առանձին, զարգացումն՝ առանձին, և քանի դեռ անվտանգությունն առաջնահերթություն է, զարգացումն ու, առավել ևս, ժողովրդավարությունը կարող են «սպասել»։ Սա նախատինք չէ 90-ականների Հայաստանի ղեկավարության հասցեին, այլ պարզ արձանագրում, քանի որ այն ժամանակ «ժողովրդավարական» Ռուսաստանի հետ հարաբերությունները մակերեսաբար, կարծես թե, նույն արժեհամակարգային հիմքն ունեին, և այս ընկալումն առկա էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հետխորհրդային տարածությունում։

Դեպի ավտորիտարություն գլորումը և ոչ ժողովրդավարական, երբեմն՝ հակաժողովրդավարական գործելաոճի որդեգրումն ուղեկցվում էր կոռուպցիայի կենտրոնացմամբ, կոռուպցիոն դրամաշորթությամբ, տնտեսության տարբեր ճյուղերի մենաշնորհայնացմամբ հանդերձ։ Այս ամենը ձևակերպել է պետության բռնազավթումը քրեական օլիգարխիայի կողմից․ պետությունը վերածվել է սերիական հանցագործությունների գործիքի։ Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում  90-ականների վերջում տեղի ունեցածը ոչ միայն համաժամանակյա և զուգահեռ, այլև զգալի չափով էապես փոխշաղկապված գործընթաց էր։ Հետագայում միևնույն այլափոխության են ենթարկվել նաև հետխորհրդային միջպետական ձևաչափերը․ ԱՊՀ-ն դարձել է ցմահ ավտորիտար ղեկավարների յուրօրինակ ակումբ, իսկ ՀԱՊԿ-ն՝ Ռուսաստանի գլխավորությամբ «ռազմական դաշինք», թեև՝ ոչ բոլորի համար հավասարապես, քանի որ շատ բան կախված էր ռազմական անվտանգությունն ապահովելու նրանց ինքնաբավության մակարդակից և ՌԴ փաստացի ուղիղ ներգրավվածությամբ հակամարտությունների առկայությունից՝ ինչպես, օրինակ, Վրաստանի և Մոլդովայի պարագայում։ 

Այս ոչ սիմետրիկ կազմակերպության «բնածին արատները» 90-ականներից հետո ոչ միայն սկսել են ակնբախորեն ի հայտ գալ, այլև ծառայել ռուսաստանյան իշխող վերնախավին՝ «բարեկամությունը պարտադրելու», «բարեկամների» և «դաշնակիցների» ինքնիշխանությունը սահմանափակելու, նրանց միջազգային դիրքերն ու հեղինակությունը խորտակելու, համաշխարհային ասպարեզում նրանց լուսանցքայնացնելու, ավտորիտար «չափանիշների» և որոշակի «պարտավորությունների» պարտադրմամբ իրենից նրանց միակողմանի կախվածության մակարդակը բարձրացնելու քաղաքականությունն առաջ տանելու համար։ Իսկ երբ ինքն իրեն առանձին «բևեռ» համարող Մոսկվան «բազմաբևեռ աշխարհին» հասնելու՝ «ազդեցության սեփական գոտի» ունենալու իր ձգտման մեջ անցավ միջազգային հանրության հետ ուղիղ դիմակայության, Կրեմլում սկսեցին խոսել «հետխորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացների»՝ որպես «ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթության» մասին։ Այս հավակնությունն արձանագրվել է 2012 թ․ «ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում» և համընկել է ՌԴ նախագահի պաշտոնին Պուտինի ձևական վերադարձի շրջանին։

ՀԱՊԿ նորացված դերակատարման համատեքստում Երևանում տիրող իրավիճակն ընկալվում էր «բարուց բարին չեն ակնկալում» տարբերակով մինչև այն պահը, երբ մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը սկսեց Հայաստանին ամենօրյա ռեժիմով պատերազմ սպառնացող Ադրբեջանին հարձակողական սպառազինության աննախադեպորեն լայնածավալ մատակարարումնրը, իսկ մեզ առաջարկում էր «փրկության դիմաց» ինքնիշխանության էլ ավելի մեծ սահմանափակում։ «Սա պարզապես մեր դաշնակցի բիզնեսն է»,- ասում էր մեզ ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղարը։ «Սա մեր դաշնակցի բիզնեսն է»,- երկրորդում էին պաշտոնատար անձինք Երևանում, որոնց քարոզչամեքենան «փաստարկում» էր, թե «ավելի լավ է, որ Ադրբեջանին զինի մեր դաշնակից Ռուսաստանը, քան որևէ այլ երկիր»․․․ 

Բայց ամեն ինչ պայթել և սկսել է փլուզվել 2016 թ․ Քառօրյա ղարաբաղյան պատերազմի առաջին համազարկերից, երբ մեզ վրա սկսել է կրակել Ալիևի ռեժիմի ձեռքերում հայտնված ռուսաստանյան սպառազինությունը։

Պատերազմից հետո ռուսաստանյան զենքը շարունակում էր մատակարարվել Բաքու, թեև՝ նվազ չափով, քանի որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի սպառազինության պահանջարկն արդեն բավարարված էր, իսկ Մոսկվան ստացել է հինգ միլիարդ դոլարից ավելի՝ իր «դաշնակցի» հակառակորդին լավագույնս զինելու համար․․․

2020 թ․ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ՀԱՊԿ-ն «հպարտ լռություն» էր պահպանում, սոսկ մի քանի անգամ հերթապահ անհանգստություն արտահայտելով և չմոռանալով ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղն, ի տարբերություն Հայաստանի ինքնիշխան տարածքի, «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չի մտնում»։ Հայաստանի տարածքին ևս հարվածներ են հասցվել, բայց  ՀԱՊԿ-ն դրանք «չէր նկատում»։ Երևանն, այնուամենայնիվ, մինչև Մոսկվայի և Բաքվի հետ եռակողմ հայտարարության ստորագրմամբ վերջացած պատերազմի ավարտը շարունակում էր ՀԱՊԿ-ի վարքագծին «ըմբռնումով» մոտենալ՝ համարելով, թերևս, որ այն պարզապես չկա։

Իսկ թե «Հայաստանի ինչին է պետք ՀԱՊԿ-ն» հարցադրումը վերջնականապես հասունացավ 2021 թ․ մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածում մինչև երեք կմ խորությամբ ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Պաշտոնական Երևանը դեպքն ընկալել է որպես ճշմարտության պահ և գործարկել է ՀԱՊԿ գոյության ողջ տարիների ընթացքում մշակված իրավապայմանագրային հենքը, պահանջելով նվազագույնը՝ ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածին համապատասխան «խորհրդակցություններ» անցկացնել։ Ի պատասխան ռազմական ներխուժման ենթարկված Հայաստանի դիմումի՝ դատապարտության, անթույլատրելիության, բարոյական աջակցության մասին ոչ մի խոսք։ Իսկ «խորհրդակցություններից» հետո մենք՝ անձամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից սկանդալային պատասխան ենք ստացել․ վերջինս, արտահայտելով Ռուսաստանի փաստացի դիրքորոշումը (որի հետ մենք ունենք «դաշնակից լինելու» վերաբերյալ երկկողմանի փաստաթղթերի մի ստվար փաթեթ), հայտարարել է, որ տեղի ունեցածը «սահմանային միջադեպ» է, որը նույնպես «ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է»։ Դրա փոխարեն՝ Մոսկվան մեզ առաջարկել է «սահմանազատման և սահմանանշման» օրակարգ, որն իբր թե կարևոր է, որպեսզի Ռուսաստանում կողմնորոշվեն, թե որ դեպքը կարելի է համարել ներխուժում։ Իսկ ադրբեջանական զորքերը ցայսօր շարունակում են գտնվել Հայաստանի տարածքում։ Հայաստանը համաձայնվել է նաև այդ օրակարգին ադրբեջանական ներխուժմանը ենթարկված բոլոր «բարդ տեղերում»՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ Սոթքում և Խոզնավարում։ Սակայն իրավիճակի հանգուցալուծման ոչ մի նշույլ ցայժմ չի նշմարվում։ 

Ուստի հարցադրումն անտեղի չէ․ իսկապես՝ Հայաստանի ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ն։ Ի՞նչ օգուտ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ից։

Պատասխանն ինքնին սա է՝ ոչինչ, բացի գլխացավանքից։ Սակայն բուն խնդիրն այլ տեղ է․ արդյո՞ք մենք պատրաստ ենք ազատ թռիչքի՝ առանց այդ գլխացավանքի։ Սա էլ ավելի սուր հարցադրում է։ Մի բան միանշանակ է․ մենք այսուհետև ո՛չ բարոյապես, ո՛չ քաղաքականապես կաշկանդված չենք այն «պարտավորություններով», որոնք մեզ թույլ չէին տալիս բազմազանեցնել մեր արտաքին, պաշտպանական ու անվտանգային քաղաքականությունը և կառուցել միջազգային ռազմատեխնիկական համագործակցության նոր ճարտարապետություն՝ 5-րդ և հետագա սերնդի պատերազմներին պատրաստ լինելու համար։ Մենք լիովին ազատ ենք ՀԱՊԿ-ի մակարդակը գերազանցող ռազմական տեխնոլոգիաներ ներդնելու հարցում։ Ռուսաստանը խնդրի լուծումը չէ, այլ հենց բուն խնդիրն է։ Չէ՞ որ 2020 թ․ պատերազմում մեր կրած պարտությունը նաև ռուսաստանյան սպառազինության, ռուսաստանյան կազմակերպական կաղապարի, ռուսաստանյան համակարգի, ռուսաստանյան մտածողության, ռուսաստանյան ռազմական դպրոցի, վերջին 30 տարիների հայ- ռուսաստանյան հարաբերությունների որակի լիակատար պարտությունն է՝ աշխարհի որևիցե տեղում ռուսաստանյան ներկայության բացարձակ հեղինակազրկման և դեգրադացման՝ որպես օբյեկտիվ իրողության ֆոնին։  

Սակայն հապճեպ որոշումներից առաջանալիք ռիսկերը միանգամայն ակներև են և կարճաժամկետ հեռանկարում արդարացված չեն։ Լիովին ակնհայտ է, որ մոտակա տարիների հայաստանյան քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի արմատական բարեփոխումներին զուգահեռ ռիսկերի կառավարման ապահովումը, նոր որակի իրատեսական այլընտրանքների որոնումն ու ձևավորումը։ Այս իմաստով՝ անհրաժեշտ է բոլոր քաղաքականությունների բազմազանեցումը, որն ինքնին՝ անկախ տարբեր հատվածների այլևայլ նախընտրությունների՝ Հայաստանի ողջ քաղաքական դասի առջև ծառացած հրամայականն է։




Share

Comments are closed.