Այսօր ԱՄՆ-ում հետաքրքրություն կա Հայաստանում ատոմակայան կառուցելու հարցում․ Խարազյան

 

Армен Харазян (справа) дает интервью Азатутюн ТВ

Նախկին բարձրաստիճան դիվանագետի խոսքերով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջպետական հարաբերություններում ժամանակին քննարկվել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը, որին հատկապես հայկական կողմը ջանում էր հետագայում չանդրադառնալ՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում ասել է Արմեն Խարազյանը, որը 1997-1998 թթ․ ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության պետ էր, իսկ 1999-2001 թթ․՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի տեղակալը։

Նախկին բարձրաստիճան դիվանագետը, որը ներկայումս բնակվում է Վաշինգտոնում և ղեկավարում է ազգային անվտանգության ոլորտում իրավաբանական ծառայություններ մատուցող «Խարազյան» ընկերությունը, պնդում է, որ այսօր էլ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանում նոր ատոմակայան կառուցել։

Խարազյան․ Ժամանակն է, որ Հայաստանը սկսի աշխատել ԱՄՆ-ի հետ ավելի երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Ես ավելի շատ կխոսեի ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերի մասին։ Այստեղ օգնության հարցը ստորադասված է տեխնիկական աջակցության և դրա հնարավորությունների ստեղծմանը՝ Հայաստանում շահութաբեր տնտեսություն ստեղծելու նպատակով։ Ես կխոսեի Հայաստանի միջուկային, էներգետիկ անվտանգության և հատկապես՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին։ Եվ կուզենայի տեսնել հայ-ամերիկյան գործընթաց՝ նոր ատոմակայան կառուցելու շուրջ։ Դա սոսկ խոսակցություն չէ․ նմանատիպ հարցեր արդեն քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմանի միջպետական հարաբերություններում․ դրանք կենսունակ հարցեր են։ Կա տիեզերական հաղորդակցությունների ոլորտը, որում ես կուզենայի տեսնել հայ-ամերիկյան համագործակցություն։ Կան ռազմավարական հաղորդակցությունների, հակաօդային պաշտպանության, թվային կենսունակության ոլորտներ։ Կան նպատակներ՝ ճանապարհաշինություն, կամրջաշինություն, էներգետիկ անվտանգություն, հաղորդակցային անվտանգություն, հայ-վրացական տարածաշրջանային ծրագրեր, որոնք կնպաստեն ու կընդլայնեն Հայաստանի արտաքին հաղորդակցությունների հնարավորությունները, կձևավորեն նոր, ընդհանուր շուկայական միտումներ, Հայաստանին թույլ կտան կրկին շահութաբեր տնտեսություն ունենալ՝ ռազմական և այլ ոլորտներում զարգացման ծրագրեր ֆինանսավորելու և իրականացնելու համար։ Օգնություն ստացողի դերում մնալը միշտ չէ, որ լավ է՝ հատկապես Հայաստանի պարագայում։

Ազատություն ռադիոկայան․ – Պարո՛ն Խարազյան, Դուք ասել եք, որ հայ-ամերիկյան բանակցությունների ժամանակ քննարկվում էր նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Դա ե՞րբ է եղել։ Մեզ կարո՞ք եք մանրամասներ հաղորդել։

Խարազյան․ – Այս հարցերը քննարկվել են շատ վաղուց․ 20 տարիների ընթացքում մշտապես առկա էր Հայաստանին օգնություն ցուցաբերելու ԱՄՆ շահագրգռվածությունը։ 1997 թվականից ի վեր հայ-ամերիկյան օրակարգում կար նաև միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանին աջակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն։ Երբեմն այն լուրջ դրսևորումներ է ունեցել՝ պարունակելով գործնական հետևանքներ, երբեմն էլ հարցը պարզապես շրջանցվում էր՝ հայկական կողմի վարքագծի պատճառով։ Կարծում եմ, որ իմ հաղորդած մանրամասները բավարար են։ Միաացյալ Նահանգներն ունեն այդ շահագրգռվածությունը, բայց Հայաստանն էլ պետք է շահագրգռված լինի էներգետիկ անվտանգության հարցերում ԱՄՆ հետ աշխատելու, հատկապես՝ միջուկային էներգետիկայում զարգացման հնարավորություններն ընդլայնելու համար։

 

Azatutyun.am

 

Share

Comments are closed.