Թուրքիա-Հայաստան. հին նախապայմանները նոր փաթեթավորմամբ


Անահիտ ՎԵԶԻՐՅԱՆ
Թուրքագետ
Երևան

«Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»: Այս մեջբերումը օգոստոսի 18-ին ներկայացված կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրից է։ Կառավարության ծրագրում նշված է, որ «առաջ գնալով առանց նախապայմանների, կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Թուրքիայում իշխող վարչակազմին ուղղված ուղերձներում առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն արտահայտել են ՀՀ-ի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները։

2005 թ․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր Թուրքիայի այն ժամանակ դեռևս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկին, շեշտելով․ «Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել և նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջև»։

Առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու տրամաբանությունն էին կրում 2009 թ․ «ֆուտբոլային դիվանագիտության» ծնունդ հայ-թուրքական արձանագրությունները։ Դրանց ստորագրմանը հաջորդած տարիներին Սերժ Սարգսյանի կառավարությունը բազմիցս առիթ է ունեցել բարձրաձայնելու առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման հայկական կողմի պատրաստակամության մասին՝ միաժամանակ մատնանշելով թուրքական իշխանությունների կողմից նման քայլի գնալու քաղաքական կամքի բացակայությունը։

2018 թ․ իշխանափոխությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ՝ 2018 թ., 2019 թ. հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

Ս.թ. օգոստոսի 18-ին հրապարակված՝ ՀՀ կառավարության վերոնշյալ դիրքորոշումը տարածաշրջանում 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում առաջին ուղերձն է, որը, սակայն, ինչ-որ առումով տարբերվում է նախորդներից։ Այն ընդգրկված է կառավարության 5-ամյա ծրագրում, ինչը ենթադրում է հայկական կողմի առնվազն նախաձեռնողական գործունեության հավանականություն. նման ենթադրության համար հիմք են տալիս նաև տեղ գտած ձևակերպումները։ 

Սակայն, պետք է հաշվի առնել, որ 2005 թ․ սկսած՝ Հայաստանի իշխանությունների դրական դիրքորոշման պայմաններում կարգավորման գործընթացը բացակայել կամ դրա հնարավորությունը ձախողվել է՝ բախվելով Թուրքիայի նախապայմանների տրամաբանությամբ  քաղաքականությանը։

Այդ քաղաքականությունն իր դրսևորումն ստացել է 1993 թ․ Քարվաճառի ազատագրումից անմիջապես հետո հայ-թուրքական սահմանի միակողմանի փակմամբ։ Դրանից հետո Արցախի խնդրի «արդարացի» լուծման հարցը դառնում է Թուրքիայի առանցքային նախապայմանը։ 2009 թ․ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո դրանց վավերացումը ձգձգվեց, ապա առկախվեց, և նաև հայկական կողմը ստորագրությունները հետ կանչեց, քանի որ Թուրքիան արձանագրությունների ստորագրումից հետո կարգավորումը անթաքույց կերպով սկսեց կապել արցախյան խնդրի լուծման հետ. մի հարց, որը դուրս է երկկողմ հարաբերությունների տիրույթից, և հետևաբար նաև դրա վերաբերյալ որևէ անդրադարձ չէր կարող լիներ արձանագրություններում։ Արցախյան հիմնախնդրի «արդարացի», «տարածքային ամբողջականության» և «ՄԱԿ-ի ԱԽ որոշումների» համաձայն լուծման պահանջները, տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը զուգահեռ, դարձան Հայաստանի հարցում Թուրքիայի հռետորաբանության հիմնական բաղկացուցիչ մասը։

Մյուս նախապայմանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջն է, որն արտահայտվել է նաև շեղող մեթոդներով։ Որպես այդպիսի օրինակ կարելի է նշել 2005 թ. ամենաբարձր՝ Թուրքիայի վարչապետ  Ռ.Թ. Էրդողանի՝ «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը, որը մինչև վերջերս թմբկահարվում էր թուրքական կողմից որպես իրենց կառուցողական մոտեցման ապացույց։ Դրան փոխկապակցված մյուս օրինակն էլ արխիվները բացելու առաջարկն է՝ ընդ որում պնդելով, որ թուրքականները բաց են՝ ի տարբերություն հայկական արխիվների։

3-րդ կարևոր նախապայմանը Հայաստանի կողմից Թուրքիայի հետ ընդհանուր սահմանի ճանաչումն է կամ, այլ կերպ ասած, Կարսի պայմանագրի պաշտոնապես ճանաչումը։ Այս հարցը թեև պաշտոնյաների շուրթերից հաճախ չի հնչում, սակայն Թուրքիայում կա այն ընկալումը, թե Երևանը տարածքային պահանջներ ունի Անկարայից, որն իբրև թե ամրագրված է Անկախության հռչակագրում։
Կարելի է ասել, որ այս նախապայմանն արտահայտվել է հայ-թուրքական արձանագրություններում, որտեղ «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով ընդհանուր սահմանը ճանաչելու» հատվածը թուրքական դաշտում մեկնաբանվում էր հենց Կարսի պայմանագիրը ճանաչելու համատեքստում։

Հայ-թուրքական հարաբերությունների այս 30-ամյա հետագծին հետհայացքը հարց է առաջացնում՝ արդյո՞ք 44-օրյա պատերազմից հետո և արձանագրված արդյունքների համատեքստում Թուրքիան պատրաստ է հրաժարվել նախկինում հարաբերությունների կարգավորման համար ներկայացրած նախապայմաններից։

Այս հարցի պարզորոշ պատասխանը տալիս են պատերազմի ավարտից հետո Թուրքիայի առանցքային պաշտոնյաների հայտարարությունները։

Հարկ է նշել, որ հատվածական բացառությամբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի եղել Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում։ Մասնավորապես, 2010 թ.-ից հետո կարգավորման հարցն աստիճանաբար սկսեց դուրս մղվել օրակարգից, իսկ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում իրավիճակի լարումը և հատկապես Թուրքիայի ներքաղաքական կյանքում զարգացումները փոխեցին Թուրքիայի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը․ «Զրո խնդիր հարևանների հետ» Դավութօղլուի հայեցակարգն իր տեղը զիջեց Էրդողանի ծավալապաշտությանը՝ արտահայտված իսլամ-ազգայնականության սինթեզով։

Նման պայմանաններում հայաստանյան ուղեգիծը դուրս է մղվել Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային ուղղություններից։ Թերևս, որոշակի հետաքրքրություն է առաջացել 2018 թ․ հեղափոխությունից հետո, սակայն հարաբերությունների կարգավորման առումով որևէ փոփոխություն թուրքական նախապայմանային քաղաքականության մեջ չի արձանագրվել։

Հարաբերությունների կարգավորման շուրջ լռությունը Թուրքիան խախտեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Առերևույթ փոփոխության հիմքը դրվեց 2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական շքերթից հետո Էրդողանի հայտարարությամբ, որին հաջորդեցին արտաքին քաղաքականությունը ձևավորող այլ գործիչների՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետևողական անդրադարձներն հայ-թուրքական հարաբերությունների թեմային։

Այս հայտարարություններին բնորոշ առանձնահատկությունն է պայմանական ենթատեքստը, երբ նույն նախապայմաններն ուրվագծվում են արդեն նոր փաթեթավորմամբ։

1 Արցախի նախապայմանը

Թեև պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը միաբերան պնդում են, որ հիմնախնդիրը լուծված է, այնուամենայնիվ, սեփական պնդումները հերքում են «եթե»-ներով սկսվող նախադասություններով․ «եթե Հայաստանը իրականացնի ստանձնած պարտավորվածությունները», «եթե դրական քայլեր կատարի», ապա «Թուրքիան կարող է դրական քայլերով պատասխանել/ կարող է հարաբերությունները կարգավորել՝ Ադրբեջանի հետ կոորդինացնելով»։

Այն առավել արտահայտիչ ի ցույց դրվեց հունիսի 16-ին այսպես կոչված «Շուշիի հռակագրի» կնքման օրը, երբ Էրդողանը մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Արցախի հարցի վերջնական լուծման  հետ՝ նշելով. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ երբ նման մթնոլորտ ձևավորվի (բարիդրացիության, համագործակցության, խաղաղության), մենք էլ պատրաստ ենք անել մեզնից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հավատում ենք, որ այս հուսադրող գործընթացը ավելի առողջ և արդյունավետ կընթանա, եթե  ՀՀ-ԱՀ միջև ստորագրված հրադադարի պայմանագիրը պսակվի համապարփակ և տեսլական ունեցող հաշտության պայմանագրով»։

Փաստացի հարաբերությունների կարգավորման «արդար լուծման» արցախյան նախապայմանը փոխակերպվել է «հաշտության պայմանագրի» կնքման պայման-պահանջով։

2 Տարածաշրջանի ապաշրջափակման թուրքական սցենարը

2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակումը Անկարան սեփական մեկնաբանությամբ է ներկայացնում՝ Ադրբեջանի հետ ներդաշնակեցված քաղաքականությամբ առաջ մղելով Ադրբեջանի հետ կապվելու «միջանցքային» տրամաբանությունը։

Զուգահեռաբար, առաջ է քաշում տարածաշրջանային համագործակցության ձևաչափ՝ «6-յակի հարթակ», որին «ցանկության դեպքում կարող է միանալ նաև Հայաստանը»։

Թուրքական կողմը հարթակը ներկայացնում է որպես տարածաշրջանում բոլորի համար փոխշահավետ նախաձեռնություն, իսկ առանձին Հայաստանի առնչությամբ շեշտադրում է նաև դրա «դրական» ազդեցությունը երկկողմ հարաբերությունների և Հայաստանի զարգացման վրա։  Թուրք գործիչների նմանատիպ հայտարարությունները խտացված երևում են Էրդողանի հետևյալ մտքում․ «Եթե Հայաստանն էլ այս գործընթացին մասնակցի և դրական քայլեր անի, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում էլ կարող է նոր էջ բացվել։ Նոր հնարավորություններ ի հայտ գալու դեպքում անկասկած է, որ Հայաստանի օգուտն էլ մեծապես կավելանա։ Այստեղ ամենից շատ Հայաստանն է շահելու»։

Վերջին մի քանի ամիսներին Թուրքիան շատ քիչ է խոսում թե՛ միջանքի, թե՛ «6-յակի հարթակի» մասին՝ դրանում հիմանական դերը վերապահելով Ադրբեջանին։ Սակայն հետին պլանում ակտիվ աշխատում է այն առաջ մղելու ուղղությամբ։ Նման ենթադրության առիթ է տալիս ընդամենը մեկ ամիս առաջ Էրդողանի խոստովանությունը, որ Վրաստանը այս նախագծի հարցում որոշակի մտավախություններ ունի, որոնք իրենք փորձում են փարատել։

3 Պատմական հարցեր՝ Ցեղասպանություն և Կարսի պայմանագիր

Թուրքիայի պաշտոնյաների խոսքում հնչել են նաև  «Եթե Հայաստանի ղեկավարությունը պատերազմից ճիշտ հետևություններ անի, իր անհիմն պահանջներից հրաժարվի և նայի ապագային», «եթե խելքը գլուխը հավաքի», «եթե դասեր քաղի» արտահայտությունները՝ որպես հարաբերությունների կարգավորման հնարավորություն։

Թեև ոչ ուղղակի, սակայն բավականին հասկանալի կերպով ակնարկվում է, որ հայերը պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից և պետք է անցյալից դասեր քաղելով նայեն ապագային։

Համեմատելով պատերազմից առաջ և հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը՝ կարելի է արձանագրել, որ Թուրքիայի հայկական քաղաքականության մեջ բովանդակային լուրջ փոփոխություն չի արձանագրվել, պարզապես փոփոխվել է դրա մատուցման փաթեթավորումը:

 

 

Share

Comments are closed.