Աֆղանստանը որոշ շտկումներ է մտցնում


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ծրագրերի համակարգող
Երևան

2021 թ․ օգոստոսի 15-ը դեռ երկար կհիշվի որպես օր, երբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևով ահաբեկչական համարված շարժումը «հեծելազորային գրոհով» գրավեց Աֆղանստանի մայրաքաղաքը՝ երեք միլիոնանոց Քաբուլը։ Գրավման համար խթան հանդիսացավ նախագահ Բայդենի որոշումը՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար պատերազմը դադարեցնել մինչև սեպտեմբերի 11-ը, որը քսանամյա վաղեմության ամենամեծ ողբերգական ահաբեկչության տարելիցն է՝ Ամերիկայի աֆղանական տարեգրության սկիզբը։

Տեղի ունեցածն իսկապես Ամերիկայի հեղինակությանը հասցված հուժկու հարված է։ Իրոք, մեծ գայթակղություն կա զուգահեռներ անցկացնել Աֆղանստանից և 1975 թ․ Սայգոնից ամերիկացիների տարհանման պատկերների միջև։ Սակայն, եթե վիետնամական դրաման ավարտվել է ԱՄՆ դաշնակից Հարավային Վիետնամի  պարտությամբ, որին չստացվեց դարձնել Հարավային Կորեայի օրինակով Հյուսիսային Կորեայից բխող կոմունիստական սպառնալիքի դեմ պայքարի միջնաբերդ, ապա Աֆղանստանում, ըստ էության, ռազմական պարտություն իսկ չի եղել՝ ինչպես և չի եղել դաշնակից՝ որպես այդպիսին։ Խնդիրը՝ մեկ տրիլիոն դոլար արժեցած երկրում ԱՄՆ ռազմաքաղաքական ներկայության երկարաձգման իմաստն էր։ Այս գումարն իր ծավալով համեմատական էր ողջ Արևմտյան Եվրոպայի համար նախատեսված Մարշալի պլանին, որը 1955 թ․ դրությամբ Արևմտյան Գերմանիան դարձրել է ողջ Եվրոպայի տնտեսական քարշակն ու առաջատարը։ Գերմանիան դարձել է ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և անդրանտլանտյան դաշինքի հենարանը՝ անշրջելիորեն արմատավորելով ազատությունն ու ժողովրդավարությունը։ Բայց Աֆղանստանի պես պետականորեն չկայացած երկրում նման ծրագիրը ոչ մի խնդիր չէր լուծի։ Նույն բանն է պատահել նաև 20-րդ դարի 80-ական թվականներին ռուսների ներմուծած «սոցիալիզմի» հետ։

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ իրադարձությունները մեզ վրա։ Իհարկե, միջին վիճակագրական անձի պատկերացումներում Աֆղանստանը հեռու է, իսկ «մեր խնդիրներն արդեն իսկ շատ են, աֆղանական խնդիրների հետ մենք ի՞նչ գործ ունենք, ով դրանց մեջ խրվել է, թող նա էլ լուծի»։ Սակայն Աֆղանստանը մեր հարավային հարևան Իրանի արևելյան հարևանն է․ Աֆղանստանը պարսկական մշակույթի երկիր է, հետևաբար՝ մեզանից այդքան էլ հեռու չէ։ Չէ՞ որ Ռուսաստանն էլ «հեռավոր եզերք» չէ, այլ մեր հարևանի հարևանը՝ ինչպես և Հունաստանը։

Երկրորդը՝ անիմաստ անցած քսան տարիները երկիրը չեն արդիականացրել, բայց ի ցույց են դրել մահմեդական հասարակությունների վերափոխման նոր միտումը, որն ուղղված է ոչ թե աշխարհիկացմանն ու արդիականացմանը, այլ, ընդհակառակը՝ ավելի մեծ կղերականացմանը, ծայրահեղացմանն ու անգամ՝ արխայիկացման և հետընթացի։ Անգամ Թուրքիան, որը մահմեդական պետության առաջընթացի «օրինակ», «ցուցափեղկ» և «հաջողության պատմություն» էր համարվում, Էրդողանի իշխանության օրոք նույն իսլամականացման ուղի է բռնել։ Մեզ համար այս ամենն աբստրակցիա չէ, այլ՝ անվտանգության միջավայրը։

Երրորդը՝ Աֆղանստանի անմիջական հարևանությունը կենտրոնասիական երկրների՝ Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ, ինչպես նաև Աֆղանստանում թուրքմեն, ուզբեկ և տաջիկ էթնիկական փոքրամասնությունների առկայությունը, որոնք պետականակերտ են վերոհիշյալ հարևան երկրներում, չեն կարող չազդել նրանց հետագա ճակատագրի վրա։ Իսկ սա, իր հերթին, մարտահրավեր է ևս երկու կենտրոնասիական երկրների՝ Ղազախստանի ու Ղրղզստանի և, իհարկե, Ռուսաստանի համար, որն անընդհատ երազներ է տեսնում իր «որովայնին» հարվածել սպառնացող դավադրությունների մասին։ Լարված են Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը․ թվարկված երկրներից ամեն մեկը մտահոգ լինելու հիմնավոր պատճառներ ունի։ Մյուս կողմից՝ առնվազն սույն հոդվածը գրելու ժամանակ՝ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Թուրքիան արդեն իսկ ճանաչել են Աֆղանստանի նոր իշխանությունը։ Քաթարը, որը Թալիբանի ռեժիմի անկումից հետո ապաստան է տրամադրել նրա՝ քիչ թե շատ չափավոր «քաղաքական թևին» և իր տարածքում նրան գաղափարախոսական հենակետ ստեղծելու հնարավորություն է շնորհել, հրապարակային կերպով չի արտահայտվում և զգուշավորապես հետևում է ընթացող զարգացումներին։ Էրդողանը հայտարարել է Անկարայում Թալիբանի առաջնորդներին ընդունելու պատրաստակամության մասին։ Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Թուրքիան համարում են, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալուց շահել են և Թալիբանի հետ հարաբերություններում ջանում են նոր կամուրջներ կառուցել։ Հնդկաստանը, Եվրոպայի և ԱՄՆ-ի պես, համարում է, որ որոշակի կորուստներ է տվել։ Իրանը զգուշավոր լավատեսությամբ ուշադիր հետևում է իրավիճակին։ 

Իսկ մենք սեփական հիմքերն ունենք համարելու, որ Աֆղանստանում ծավալված օգոստոսյան իրադարձությունները նշանակալից շտկումներ են մտցնում Հայաստանի համար կարևոր գործընկերների առաջնահերթությունների հիերարխիայում։ Իհարկե, մենք չենք կարող ասել, որ աֆղանական իրադարձություններն ուղղակիորեն ազդում են հայաստանի շահերի վրա։ Աֆղանստանում չկա հայկական բիզնես և, ի տարբերություն շատ այլ մահմեդական երկրների, այնտեղ չկա հայկական սփյուռք, իսկ ՆԱՏՕ-ի կազմում հայկական ստորաբաժանումն իր առաքելությունն ավելի վաղ է ավարտել։ Սակայն 2021 թ․ օգոստոսի հնարավոր հետևանքները կարող են Աֆղանստանից հեռու էլ հարվածել և հասնել մեր անկայուն տարածաշրջանին՝ ոչ ուղղակիորեն, այլ՝ որպես հնարավոր ապակայունացման կամ որոշ սուբյեկտների մոտ ապակայունացման և անհավասարակշռության մասին առաջացած պատրանքների դրդմամբ, ինչը շատ ավելի վտանգավոր է։

2014 թ․ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո պարզ է դարձել, որ Սառը պատերազմից հետո հաստատված աշխարհակարգն արդեն գոյություն չունի, իսկ ազատական ժողովրդավարության արժեքային ճգնաժամն իր ծավալով չի զիջում անցած դարի 20-30-ական թվականներին, երբ ի հայտ էին եկել մի շարք բարդութավորված բռնապետներ, որոնք իրենց համարել են «նեխող Արևմուտքին հաջողված այլընտրանք»։ Եվ ակնհայտ է դարձել, որ նոր աշխարհակարգը հեռու է, իսկ այն, ինչ կա, տեղավորվում է ռուս դասական գրականության հայտնի մեջբերման մեջ՝ «խեղդվողների փրկությունն իրենց իսկ ձեռքերում է»։  Տեղին է և այս ռուսական առակը․ «ով քաջ է, նա էլ կուտի»։ 2021 թ․ օգոստոսյան իրադարձությունները լիովին տեղավորվում են վերոնկարագրյալի շրջանակում։

Այո՛, տեղի ունեցածը կարող է ոգևորել որոշ մերօրյա բռնապետներին, որոնց կարող է թվալ, որ Աֆղանստանից Ամերիկայի հեռանալը հավասարազոր է նրա մայրամուտին, հետևաբար օգոստոսի 15-ից նրանց թույլատրելի է այն, ինչ մինչ այդ թույլատրված չէր։ Բայց Ամերիկան ոչ մի տեղ էլ մայր չի մտնում։ Ամերիկան օպտիմալացնում է իր ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ ակտիվները։ Ամերիկան պարզապես փակում է իր անկենսունակությունը փաստած կոռուպցիոն «տաղավարը», որը 20 տարի պահվելուց և սնուցվելուց հետո փլուզվել է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։ 

Ավելին՝ միևնույն օպտիմալացման շրջանակում միանգամայն խոհեմ է մեկ տրիլիոն դոլարի աննպատակ վատնումից հետո չծախսել երկրորդ տրիլիոնը, այլ կանգ առնել, առավել ևս, որ ԱՄՆ ենթակառուցվածքների արդիականացման սպասվող ծախսերը պետք է կազմեին շուրջ 1,2 տրիլիոն դոլար։ Բացի դրանից՝ կոռումպացված ավտորիտար ռեժիմների դեմ պայքարը ոչ ոք չի չեղարկել․ չէ՞ որ ոչ ոք չի դադարել դրանք ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք համարել։ Այո՛, Ամերիկայում նույնպես համարում են, որ Աֆղանստանում օգոստոսին տեղի ունեցած փոփոխություններն անհաջողություն են, բայց աղետ չեն․ հոգեբանորեն տհաճ է՝ վատի և աղետալիի միջև ընտրություն կատարել։ ԱՄՆ-ն Մաքիավելիի պես չարիքի փոքրագույնը համարել է բարիք։ Առավել ևս, որ կան շատ ավելի հեռանկարային և «շնորհակալ» ուղղություններ, որոնց մեջ կարելի է շատ ավելի արդյունավետ ներդրումներ կատարել՝ նախագահ Բայդենի հռչակած ռազմավարության շրջանակում։

Իսկ առայժմ Ամերիկան ոչ միայն չի մեկուսանում, ոչ միայն իր շահերի սպասարկումն էրդողանական Թուրքիայի պես կասկածելի «գործընկերներին» ու «բարեկամներին» փոխանցելու մտադրություն չի արտահայտում, այլ, ընդհակառակը, որպես հեղափոխական-ժողովրդավարական երկիր վերացնում է թրամփիզմի հետևանքները, վերականգնում է անդրատլանտյան դաշինքը, Բրիտանիայի հետ ստորագրում է 80 տարի անց նորացված խարտիան, վերականգնում է ՆԱՏՕ-ի միասնականությունը և իր խաղաղօվկիանոսյան ու ասիական դաշնակիցների շարքերում  G7-ի հետ համատեղ ձևավորում է այլընտրանք չինական «մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին։ ԱՄՆ-ն վստահությամբ ապագային է նայում միաժամանակ տեղի ունեցող տեղեկատվական, հեռուստահաղորդակցային, էներգետիկ և չորրորդ արդյունաբերական  համաշխարհային հեղափոխությունների պայմաններում, որոնցում նա անվիճելի առաջատարն է, քաջ գիտակցելով, որ ժամանակը պատմականորեն իր օգտին է աշխատում։

Կարելի է համարել, որ ոչինչ տեղի չի ունեցել և հազիվ թե տեղի ունենա մի բան, որ մեզ կստիպի շեղվել Հայաստանի ժողովրդավարական արդիականացումից և բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացումից։ Այսպիսով, այժմ անցյալի բոլոր սխալներն ուղղելու և բոլոր «տնային առաջադրանքները» կատարելու ժամանակն է, որպեսզի ժամանակը պատմականորեն մեր օգտին էլ աշխատի։ Իսկ աֆղանական իրադարձությունները մեզ համար սխալների գինն են բարձրացնում, սխալներ, որոնք մենք չպետք է գործենք։

 

 

 

 

 

 

 

 

 

Share

Comments are closed.