«Երասխը» և «Վարդենիսը»՝ Ադրբեջանի նոր հավակնությունների «բանալի»


Հայկ Ս
ԱՀԱԿՅԱՆ
Լրագրող, քաղաքագետ
Երևան

Մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժելուց հետո և Երասխի ուղղությամբ իրավիճակը սրելով՝ Ադրբեջանը լարվածության նոր օջախ ստեղծելու կարծես թե հաջող փորձ արեց: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում և սահմանազատում, իհարկե, չի կատարվել, և փոխճանաչված պետական սահման իրավական տեսանկյունից առկա չէ, բայց եթե Սյունիքի և Գեղարքունիքի՝ ադրբեջանական ներխուժման ենթարկված հատվածները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո են վերածվել սահմանային գոտու, և անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պայմաններում Ադրբեջանի համար առավել հեշտ է «հիմնավորել» այդ տարածքների «քարտեզային պատկանելությունը», ապա Երասխի ուղղությամբ նոր առաջնագիծ չի ձևավորվել՝ այն վաղուց գոյություն ունի, ինչը բարդացնում է այս ուղղությամբ ռազմական ակտիվությունը տարածքային պատկանելության պահանջներով հիմնավորելն ու դրանք ռազմական տեսանկյունից իրագործելը: Ուստի կարելի է ենթադրել, որ Բաքուն փորձում է պատերազմից հետո ստացած խաղաքարտերը թղթախաղի տրամաբանությամբ որքան հնարավոր է արդյունավետ, թիրախային և, որ առավել կարևոր է, ժամանակին կիրառել, որպեսզի դրանք «ժամկետանց» չդառնան. պատերազմի արդյունքները Ադրբեջանին հնարավորություն են տվել առավելագույն ճնշում գործադրել դրանք չեզոքացնելու բավարար կարողություն չունեցող Հայաստանի նկատմամբ՝ ցանկալի զիջումներ կորզելու նպատակով:

Պատերազմի դադարեցման հիմքերի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն ամենևին էլ վերջակետ չեն դրել արցախյան հակամարտությանը, այլ միայն երկու տասնամյակից ավելի գոյություն ունեցած ստատուս-քվոյի փոփոխությունն են ֆիքսել՝ նոր ձևավորվող ստատուս-քվոյի շրջանակներն ուրվագծելով՝ սեղանին դնելով ճանապարհային մի քարտեզ, որում «կանգառները» քիչ չեն: Փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը, ըստ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության, պետք է արդեն իսկ կոմունիկացիաների ապաշրջափակման, ենթակառուցվածքային ծրագրերի նախագծեր ներկայացներ հաստատման, ինչը, դեռևս, տեսանելի չէ, առավել ևս, երբ ՀՀ վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ բանակցությունները պետք է վերսկսվեն՝ փաստելով գործընթացի արգելակված լինելը (օգոստոսի 17-ին ի վերջո կայացավ տևական դադարից հետո առաջին հանդիպումը):  

Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ շեշտում են Սյունիքի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հավակնությունների և դրա անխուսափելիության մասին, և Ադրբեջանի ռազմական սադրանքների գլխավոր նպատակներից մեկը հենց տրանսպորտային ապաշրջափակումը միջանցքային տրամաբանությամբ հանգուցալուծելը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալն է: Կարելի է ենթադրել, որ մեկ այլ նպատակ է վերջին ամիսների տարածքային ճշգրտումների հիմքում դրված խորհրդային որոշակի քարտեզների հիմքով անկլավային տարածքների «կորզումը»: Այս վարկածն առավել իրատեսական է դառնում Տավուշի որոշ գյուղերում ռուս սահմանապահների կողմից ուղեկալների տեղադրումից հետո, այն հատվածներում, որոնք նախկին Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմաններում են եղել, բայց 1990-ականներից հետո մնացել են ՀՀ տարածքում և այժմ էլ ՀՀ տարածքային ամբողջականության մաս են հանդիսանում:

Բայց, թերևս, Ադրբեջանի գործողությունների գլխավոր թիրախն առավել ընդգրկուն է՝ այսպես կոչված «խաղաղության համապարփակ համաձայնագրի» ստորագրումը, ինչի մասին Ալիևը բազմիցս է հայտարարել: Դրա նպատակը, թերևս, հետհակամարտային կայունության հաստատման ու հետագա հաշտեցման շղարշի տակ սահմանների փոխճանաչմանը հասնելն է լինելու: Թեև հաճախ կարելի է հանդիպել այնպիսի թյուր պնդման, թե ԽՍՀՄ փլուզումից հետո ՄԱԿ-ին անդամակցելով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց սահմանները, բայց անդամակցությունը որևէ կերպ սահմանների փոխադարձ ճանաչման իրավական հետևանք չի առաջացնում՝ նման դրույթ ՄԱԿ-ի կանոնադրության և հիմնարար այլ փաստաթղթերում չկա: Այդ պարագայում Հայաստան-Ադրբեջան սահմանը իրավական իմաստով կարող է ամրագրվել երկկողմ միջպետական պայմանագրով փոխճանաչման դեպքում, իսկ եթե Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի Խորհրդային Ադրբեջանի սահմաններով՝ նախկին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում ամրագրելու իրավական դրույթներով, ապա Արցախի հետագա կարգավիճակի հարցը կարող է «փակվել»:

Հայաստանի նկատմամբ Երասխում սահմանային լարում հրահրելով ճնշելու փորձն առավել լայն համատեքստ էլ ունի: Կարելի է ենթադրել, որ դա ՌԴ նախագահի հետ հանդիպումից  առաջ բանակցային «նախապատրաստություն» էր՝ ցույց տալու համար, որ Ադրբեջանը երկար սպասել չի ցանկանում (կամ չի կարող), և որ Ռուսաստանը, լինելով պատերազմի դադարեցման միջնորդ և եռակողմ հայտարարությունների իրագործման երաշխավոր, օգտագործի Հայաստանի նկատմամբ իր ունեցած և առավել ընդլայնված ազդեցությունը գործընթացն արագացնելու համար: Բաքվի այս մարտավարության բաղադրիչներից կարող է լինել նաև ռուսական կողմին որոշակիորեն շանտաժի ենթարկելը՝ Հայաստանի սահմաններին անկայունության օջախները մեծացնելու, տարածաշրջանում կայունության պահպանման հարցում Ռուսաստանի միջնորդական դերակատարումը ստվերելու «խոստումներով»: Պետք է, թերևս, այս համատեքստում նաև դիտարկել Շուշիում տեղակայված ադրբեջանական զորքերի կողմից այդ օրերին կրակոցներ արձակելու միջադեպերը, և դա այն դեպքում, երբ այդ հատվածում ևս ռուս խաղաղապահներ են տեղակայված (ադրբեջանական զորքերի կողմից Արցախի տարբեր բնակավայրերի հենակետերը գնդակոծելու, հարվածային ԱԹՍ-ով գրոհելու և առաջնագիծը հատելու նոր դեպքեր են գրանցվել օգոստոսի սկզբից, ինչն առանձին անդրադարձի թեմա է):

Հանդիպումից հետո, սակայն, իրավիճակը Երասխում ոչ միայն չի կայունացել, այլ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները հուլիսի 29-ին ադրբեջանական ԱԹՍ են խոցել, գրեթե ամեն օր ադրբեջանական զորքերն այդ հատվածում գնդակոծում են հայկական դիրքերը՝ նաև միտումնավոր հրդեհելով միջդիրքային տարածությունը, իսկ հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը հետևած տեղային մարտերի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ու մի քանի վիրավոր ունեցավ, որից հետո նշված ուղղությամբ հայկական հենակետերը շարունակում են պարբերաբար գնդակոծվել: Սա կարելի է դիտարկել նաև որպես ցուցիչ առ այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների տեսակետները որոշ հարցերի վերաբերյալ այդքան էլ չէին համընկել: Առավել ևս, որ Պուտինն Ալիևի հետ առանձնազրույցի հրապարակային հատվածում հայտարարել էր, որ հակամարտության կարգավորմանը հասնելու համար  բոլորը պետք է գնան փոխզիջումների ճանապարհով, որքան էլ դրանք բարդ լինեն[1] (գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը):

Հատկանշական է, որ նույն օրը Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատարությունը հաղորդագրություն տարածեց հուլիսի 6-ից օգոստոսի 26-ը Վրաստանում «Agile Spirit 2021» ամենամյա զորավարժությունների անցկացման վերաբերյալ, որին մասնակցեց նաև Ադրբեջանը, իսկ մնացած մասնակիցների շարքում ՆԱՏՕ-ի անդամ և/կամ Ռուսաստանի հետ սուր հարաբերություններ ունեցող այնպիսի երկրներ են, ինչպիսին են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ուկրաինան, ինչպես նաև՝ Թուրքիան և Վրաստանը[2]: ՆԱՏՕ-ի տարատեսակ զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունն, իհարկե, նորություն չէ և իրենից արմատական փոփոխություն չի ենթադրում ամենևին, սակայն թե՛ տարածաշրջանային իրադրությունը և թե՛ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները պատերազմից հետո զգալի փոփոխություններ են կրել, և հետաքրքրական է, որ մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակագրորեն հաջորդեց Պուտին-Ալիև հանդիպմանը: Այս հանգամանքն առավել ուշադրության է արժանի այն պատճառով, որ Ադրբեջանը չի մասնակցել  «Agile Spirit» անվանումը կրող ամենամյա զորավարժություններին 2015[3], 2016[4], 2018[5], 2019[6] թվականներին. բացառություն է միայն 2017 թ-ը[7]:

Կարելի է կանխատեսել, որ Հայաստանի սահմաններին Ադրբեջանը շարունակելու է մեծացնել անկայունությունը՝ թվարկված մարտավարական ու ռազմավարական խնդիրներին հասնելու նպատակով. ի վերջո, այժմ տիրապետած ճնշման գործիքակազմը Բաքուն որոշ ժամանակ անց, գուցե,  չկարողանա գործածել այնպես, ինչպես անհրաժեշտ է, ուստի Ադրբեջանի ղեկավարության համար կարևորագույն խնդիրն այդ լծակների գործադրմամբ առավելագույնը «քամելն է», քանի դեռ դա հնարավոր է: Չպետք է բացառել, որ Ադրբեջանը ինչ-որ պահի իրավիճակը կապակայունացնի ոչ միայն Երասխում ու Գեղարքունիքի որոշ ուղղություններում, այլ նաև տարածական իմաստով Հայաստանի ամենանեղ հատվածում՝ Սիսիանի ուղղությամբ, որտեղ էլ Սյունիքն աշխարհագրորեն կապվում է Վայոց ձորի և Հայաստանի կենտրոնական հատվածի հետ: Լարվածություն կարող է նկատվել նաև Երասխից փոքր-ինչ դեպի հարավ՝ Տիգրանաշենի, ինչպես նաև՝ Տավուշի այն բնակավայրերին հարող առաջնագծի ուղղությամբ, որոնք կարող են դիտարկվել «անկլավային» տրամաբանության շրջանակում: Ի վերջո, Հայաստանի բնակչությանը հոգեբանական ճնշման տակ պահելու համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի անվտանգության դեֆիցիտ առաջացնել ՀՀ ցանկացած սահմանային հատվածում՝ ցույց տալու համար, որ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից որևէ հատված ապահովագրված չէ «Երասխ» կամ «Վարդենիս» դառնալուց:

Հ.Գ. Երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահ ուժերը օգոստոսի 25-ին փակել են Սյունիքի մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ինչպես նաև՝ Գորիս-Որոտան ճանապարհահատվածները: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, հիշեցնեմ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի (Զանգելան) և Սանասարի (Կուբաթլու) շրջաններով է անցնում, որտեղ արդեն մի քանի ամիս մի կողմից՝ ադրբեջանական, մյուս կողմից՝ հայ և ռուս սահմանապահների ուղեկալներ են տեղակայված: Այն, որ այս հատվածում լարվածություն է նկատվում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով օրեր առաջ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից օրեր անց, ևս մեկ անգամ փաստում է, որ մի կողմից՝ Ադրբեջանը փորձում է ճնշումն ուժեղացնելով գործընթացը տանել իր համար ցանկալի ճանապարհով, իսկ մյուս կողմից՝ բանակցություններում չհաղթահարվող խութեր կան, որոնք «ջրի երես» են դուրս գալիս Գորիս-Կապան ավտոճանապարհին:

 

[1] https://regnum.ru/news/polit/3326982.html

[2] https://twitter.com/USArmyEURAF/status/1417482707731374083

[3] https://mod.gov.ge/en/news/read/3910/Agile-Spirit-2015-daicko

[4] https://mod.gov.ge/en/news/read/5271/AgileSpirit2016-mimdinareobs

[5] https://mod.gov.ge/en/news/read/6818/multinational-military-exercise-agile-spirit-2018-launches

[6] https://mod.gov.ge/en/news/read/7464/multinational-exercise-agile-spirit-2019-launches

[7] https://mod.gov.ge/en/news/read/6030/agile-2017-dasrulda-11https://mod.gov.ge/en/news/read/6030/agile-2017-dasrulda-11

Share

Comments are closed.