Վարչակուսակցական համակարգ

Ինչպե՞ս են ընտրություններն ամրագրել ռուսաստանյան կուսակցությունների նոր տիպը

Геннадий Зюганов призовет на выборы новой программой из прежних предложений / Евгений Разумный / Ведомости

Համակարգային կուսակցությունները կարող են ինչքան ասես պայմանագրունակ լինել, բայց դրանք, այնուամենայնիվ, ունեն իրենց ընտրազանգվածը և նվազագույն ինքնավարություն ու սուբյեկտայնություն ունեն։ Նրանց համար նախագահի աշխատակազմը սահմանում է խաղի ընդհանուր կանոններ։ Իսկ ահա վարչական կուսակցություններն ընտրողներին հրամցվում են «վերևից» դրանք նախապատրաստված ու հղկված են հատուկ խնդիրներ լուծելու համար և Կրեմլից բացարձակ կախման մեջ են գտնվում։ Նրանց համար նախագահի աշխատակազմը ոչ թե սոսկ համակարգող է, այլ՝ ամենաիսկական պետ։

Պետական դումայի ընտրությունների համակողմանի վարչարարական վերահսկողությունը սպասելի արդյունքներ է տվել․ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ցանկալի սահմանադրական մեծամասնություն, իսկ Կրեմլը վերամրագրել է իր վերահսկողությունը խորհրդարանի ստորին պալատի վրա։ Թվում է, սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, բայց իրականում ներկայիս ընտրարշավը դարձել է սահմանադրական բարեփոխման հետ միասին մեկնարկած ռուսաստանյան իշխանության վերափոխման կարևոր փուլ։ Այս անգամ փոփոխություններն առնչվել են կուսակցական դաշտի հետ։

Երկակի առաջխաղացում

Եթե նախկինում Ռուսաստանում կուսակցությունները բաժանվում էին համակարգայինների և արտահամակարգայինների, ապա այս ընտրություններում ձևավորվել է նոր՝ վարչական կուսակցությունների տեսակը։ Դրանք ուղղակիորեն վերահսկվում են նախագահի աշխատակազմից և թուլացող «Եդինայա Ռոսիա»-ի ֆոնին պետք է լրացնեն ռուսաստանյան քաղաքական տարածությունը։

Վերջին տարում Ռուսաստանի կուսակցական համակարգում ի հայտ եկած փոփոխություններն ընթացել են երկու ուղղություններով։ Առաջինը՝ արտահամակարգային ընդդիմության ջախջախումն է։ Պաշտոնապես Ռուսաստանում նախկինում էլ արտահամակարգային կուսակցություններ չեն եղել, բայց Նավալնու հետ կապված կառույցները ստեղծում էին քաղաքական ձգողականության բևեռ՝ ծայրահեղականացնելով համակարգային կուսակցությունների տարածաշրջաններում գործող ակտիվի մի մասը։

Այս երևույթը ցայտուն է դարձել անցած տարվա տարածաշրջանային ընտրություններում, երբ համակարգային կուսակցությունների որոշ ներկայացուցիչների համագործակցությունը Նավալնու կողմնակիցների հետ ՏԻՄ մակարդակի վրա մի շարք հաղթանակներ է ապահովել։ Այժմ այս բևեռը գոյություն չունի, թեև ՌԴ տարածաշրջաններում «ծայրահեղականացումը» (տարածաշրջանների ակտիվի իրական ընդդիմականության աճը) ինքնին չի վերացել։

Երկրորդ ուղղությունը՝ նախագահի աշխատակազմը ջանում է համակարգային դաշտն էլ ավելի համակարգայնացնել։ Այսինքն՝ վերջնականապես ջախջախել Կոմունիստական և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնք 2018 թ․ նահանգապետերի ընտրություններում կրած մի քանի հաղթանակներից հետո երևելիորեն ավելի համարձակ են դարձել։ 2020 թ․ սա հանգեցրել է Խաբարովսկի երկրամասում հաղթած Սերգեյ Ֆուրգալի բանտարկությանը։ Նրան սկզբնապես պաշտպանած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն, ի վերջո, ստիպված է եղել հրաժարվել բոլոր հավակնություններից և դադարեցնել Կրեմլի հետ մրցակցելու բոլոր փորձերը։

Համակարգային մյուս կուսակցությունների գործերը նույնպես լավագույնս չեն դասավորվել։ «Յաբլոկո»-ն ինքնասպանություն է գործել՝ շարունակելով դիմակայությունը Նավալնու և նրա կողմնակիցների հետ։ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն միավորել են «Պատրիոտի Ռոսիի» և Զախար Պրիլեպինի «Զա պրավդու» վարչական կուսակցությունների հետ։

Իսկ ամենամեծ խնդիրները հարուցել է Կոմունիստական կուսակցությունը։ Կուսակցությունը պատրաստակամություն էր դրսևորում մնալու կառուցողական դաշտում, բայց հրաժարվում էր իր յուրաքանչյուր քայլը համաձայնեցնել ներքին քաղաքականության կրեմլյան վերահսկիչների հետ։ Պավել Գրուդինինի ցուցադրական պաշտոնանկությունը և դրան հետևած ջախջախիչ մեդիաարշավը կոմունիստների դեմ հանգեցրել են Կոմունիստական կուսակցության և կառավարության միջև լարվածության զգալի աճին։ Այսօր Կոմունիստական կուսակցությունը գովում է «խելացի քվեարկությունը», Կրեմլին սպառնում է զանգվածային բողոքի գործողություններով և, ընդհանուր առմամբ, կտրուկ սրում է հռետորաբանությունը։

Այս ամենը Կոմունիստական կուսակցության խնդիրը գալիք քաղաքական սեզոնի գլխավոր ինտրիգներից մեկն է դարձնում․ որչա՞փ կխորանա Կրեմլի հետ կոմունիստների հակամարտությունը։ Ճգնաժամի խորացումից Կոմունիստական կուսակցությանը կարող է փրկել միայն երկու բան՝ կա՛մ այսօր հազիվ հավանական զանգվածային բողոքը, կա՛մ հին կուսակցական համակարգին կապված Պուտինի անձնական բարեհաճությունը։ Այս առումով կարևոր է, թե ով է լինելու Պետդումայի հաջորդ խոսնակը․ նախորդ գումարման խորհրդարանում Կոմունիստական կուսակցության և նախագահի աշխատակազմի միջև արբիտրի դերում նկատելի հաջողություններ է գրանցել Վյաչեսլավ Վոլոդինը։

Վերահսկիչներ կամ ղեկավարներ

Ջախջախելով արտահամակարգային և ճնշելով համակարգային ընդդիմությանը՝ Կրեմլը վճռել է ուժեղացնել վարչական կուսակցությունները, որոնք, ըստ էության, ուղղակիորեն կառավարվում են ներքին քաղաքականության վերահսկիչների կողմից։ Այս կուսակցությունները սինթետիկ և գործիքային բնույթ են կրում։ Սրանցից են՝ «Նովիե լյուդի», «Պարտիա պենսիոներով», «Զելյոնայա ալտերնատիվա», «Գրաժդանսկայա պլատֆորմա», «Կոմունիստի Ռոսիի» կուսակցությունները։ Պետդումա է անցել միայն «Նովիե լյուդի» կուսակցությունը։ «Պարտիա պենսիոներով»-ի ցուցանիշը համարյա երեք տոկոս էր, մնացածները՝ մեկ տոկոս կամ ավելի պակաս։

«Նովիե լյուդի» կուսակցության համեմատական հաջողությունը պետք չէ թերագնահատել։ Լուսանցքային «ձայն փախցնող» կուսակցությունները Ռուսաստանում վաղուց ի վեր գոյություն ունեն, օրինակ՝ Կոմունիստական կուսակցությունից ձայն խլելու համար։ Բայց այն հազվագյուտ դեպքերում, երբ այդպիսիք խորհրդարան մտնելու բավարար ձայներ էին հավաքում, առաջանում էին հակամարտություններ։

Այստեղ կարելի է հիշել «Ռոդինա» դաշինքը, որի 2003 թ․ Դումայում հայտնվելը համարյա անմիջապես հանգեցրել էր Կրեմլի հետ իրական դիմակայության, որն ավարտվել է 2005 թ․ այդ կուսակցության ջախջախմամբ։ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի քաղաքական դաշտում հայտնվելը նույնպես իշխանության համար «երկրորդ ոտք» ստեղծելու յուրօրինակ փորձ էր, բայց դրա հաջողության միակ գրավականը Պուտինի հետ Սերգեյ Միրոնովի ունեցած անձնական մտերմությունն էր։ Այս հանգամանքը խանգարում է այն զուտ վարչական կուսակցության վերածել և, միաժամանակ, թույլ չի տալիս, որ այն դառնա իրական ընդդիմություն։

Սակայն ո՛չ 2003 թ․ «Ռոդինա»-ն, ո՛չ էլ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն զուտ վարչական կուսակցություններ չեն եղել։ Երկուսն էլ ստեղծվել են փորձառու և կայացած՝ սեփական հայացքներ և հավակնություններ ունեցող քաղաքական գործիչների մասնակցությամբ։

«Նովիե լյուդի» կուսակցության մուտքը Պետդումա՝ չափավոր ազատական կերպարով իշխանամետ վարչական խորհրդարանական կուսակցություն ձևավորելու լուրջ հայտ է։ Այս հայտը միաժամանակ սպառնում է և՛ իշխանամետության մենաշնորհին վարժված «Եդինայա Ռոսիա»-ի առանձնահատուկ դիրքին, և՛ համակարգային ընդդիմությանը։ Չէ՞ որ ներքին քաղաքականության նախկին վերահսկիչները նախընտրում էին պայմանավորվել համակարգային կուսակցությունների հետ և չէին փորձում փոխարինել դրանք սինթետիկ կազմավորումներով։

Վարչական կուսակցությունների վրա խաղադրույք դնելը նախագահի շրջապատում կարող է նոր հակամարտություններ առաջացնել։ Վերնախավի պահպանողական ուժային մասն, ամենայն հավանականությամբ, նմանատիպ խաղերին անվստահությամբ և մտահոգությամբ կվերաբերվի։ «Նովիե լյուդի» կուսակցության հայտնվելը Պետդումայում առաջացնելու է նաև «Եդիանայա Ռոսիա»-ի խանդն ու դժգոհությունը։
 
Կարող է թվալ, որ վարչական և համակարգային կուսակցությունների միջև ոչ մի էական տարբերություն չկա։ Թե՛ առաջիններն, ու թե՛ երկրորդները համակարծիք են ներկայիս իշխանության դավանած հիմնարար առաջնահերթություններին, նախագահին չեն քննադատում և չեն համարձակվում ամբողջությամբ վերցված ռեժիմի դեմ դուրս գալ։ Այնուամենայնիվ՝ նրանց միջև տարբերություն կա։

Համակարգային կուսակցությունները կարող են միանգամայն պայմանագրունակ լինել, բայց նրանք, այնուամենայնիվ, ունեն սեփական ընտրազանգվածը և նվազագույն ինքնավարություն ու սուբյեկտայնություն։ Նրանց համար նախագահի աշխատակազմը՝ խաղի ընդհանուր կանոններ, ընտրողների հետ աշխատելու շրջանակներ սահմանող մարմին է։ Իսկ վարչական կուսակցություններն ընտրողներին «ի վերուստ» են իջեցված․ դրանք կոնկրետ նպատակներ իրականացնելու համար նախապատրաստված և Կրեմլից բացարձակ կախման մեջ գտնվող  կառույցներ են։ Նախագահի աշխատակազմը նրանց համար ոչ թե վերահսկիչ մարմին, այլ ուղիղ իմաստով ղեկավարություն է։ Պետդումայում նրանք իրականացնում են նախապես համաձայնեցված օրակարգ՝ ներկայացնելով ոչ թե ընտրողներին, այլ նախագահի աշխատակազմին։

Հենց սա է ներկայիս ընտրարշավի գլխավոր նորությունը։ Արտահամակարգային ընդդիմության ջախջախմանը հետևել է համակարգայինի ճնշումը, որին Կրեմլը արդեն ընտրություն չի թողնում։ Այն պետք է լիովին ենթարկվի նախագահի աշխատակազմին, կամ արժանանա արտահամակարգային ընդդիմության ճակատագրին։

Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ

Carnegie.ru

Share

Comments are closed.