Չնայած դրական հռետորաբանությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները քիչ հավանական են

 

Russian peacekeepers in Lachin this summer (Russian Defense Ministry)

Երկու կողմերն էլ նշել են, որ պատրաստ են նստել սեղանի շուրջ: Բայց երկուսն էլ միմյանց համար անընդունելի նախապայմաններ են առաջ քաշել:

Ամիսներ շարունակ ադրբեջանցի պաշտոնյաները խոսում էին Հայաստանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, որով վերջնականապես վերջ կտրվի տասնյակ տարիներ տևող հակամարտությանը: «Եթե մենք խաղաղության պայմանագիր չունենք Հայաստանի հետ, ուրեմն խաղաղություն չկա»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը հունիսին: Վերջերս Հայաստանը նույնպես սկսել է նմանատիպ առաջարկներ առաջ քաշել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «բանակցային գործընթացը պետք է ամբողջությամբ վերսկսվի»:

Այդուհանդերձ, հավանականությունը, որ երկու երկրների ղեկավարները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, մնում է ցածր: Չնայած անցյալ տարվա պատերազմը կտրուկ փոխեց հակամարտության դինամիկան, առանցքային հարցը, որը 1980 -ականներից բաժանում է երկու կողմերին՝ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մնում է նույնը:

Չնայած հայկական կողմը փաստացի հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի (խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ-ի)  շուրջ ադրբեջանական յոթ գրավյալ շրջանների նկատմամբ իր պահանջներից, այն շարունակում է պահանջել, որ Ղարաբաղը մնա հայկական վերահսկողության ներքո, ներառյալ այն տարածքները, որոնց վրա Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել, օրինակ՝ Շուշին և Հադրութը…

Մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է, որ այլևս նույնիսկ չի քննարկի Ղարաբաղի հայերի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում, էլ չենք խոսում Ղարաբաղի նկատմամբ հայկական ինքնիշխանության մասին:

Երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումները ներկայացրին որպես պարտադիր պայմաններ, որոնց շուրջ իրենք պատրաստ չեն զիջումների, ինչը բավականին մշուշոտ է դարձնում իրական բանակցություններ սկսելու հեռանկարը:

«Սա է ցանկացած միջնորդի դժվարությունը. կողմերը, կարծես, ամբողջությամբ փոխադարձաբար բացառող դիրքորոշումներ են որդեգրել և հավատարիմ են բոլորովին հակառակ խոսույթների»,- Eurasianet-ին անանունության պայմանով ասել է բանակցություններին ծանոթ բարձրաստիճան մի դիվանագետ: «Եվ մենք պետք է ինչ-որ ելք գտնենք: Սրանք ներկայիս իրողություններն են: Կողմերից ոչ մեկին չի կարելի ստիպել փոխել իր դիրքորոշումը»:

Անցյալ տարի քառասունչորսօրյա պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հայտարարությամբ: Փաստաթուղթը նախատեսում էր զգալի տարածքների վերադարձ Ադրբեջանին, երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում և նոր կարգի վերահսկման համար ռուսական խաղաղապահ ուժերի ներգրավում: Բայց հակամարտության վերջնական կարգավորումը կպահանջի համապարփակ խաղաղության համաձայնագիր:

Մինչև անցյալ տարվա պատերազմը խաղաղության բանակցություններում միջնորդի դերում հանդես էր  գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի գլխավորությամբ: Բայց պատերազմի արդյունքում այս մարմինը երկրորդ պլան մղվեց, և Ռուսաստանը գրավեց գերիշխող դիրք ՝ որպես միջնորդ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ տարվա հրադադարի պայմանագիրը ստորագրողներից մեկն էր: Բացի այդ, համաձայնագրի գործնական իրականացման, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով զբաղվում է եռակողմ հանձնաժողովը, որը բաղկացած է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներից (գարնանը հանձնաժողովը դադարեցրեց իր գործունեությունը լարվածության աճի ֆոնին, բայց աշխատանքը վերսկսեց օգոստոսի 17 -ին ՝ Մոսկվայում):

Այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրենց ծառայություններն առաջարկել ավելի առարկայական երկխոսություն կազմակերպելու համար, և հայ պաշտոնյաների վերջին հայտարարություններում հույս է արտահայտվում, որ խումբը կարող է վճռական դեր խաղալ հնարավոր բանակցություններում:

«Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում, եթե այդպիսի բանակցություններ երբևէ սկսվեն, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է անպայման մաս կազմի նման բանակցությունների՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն ամրագրված սկզբունքների վրա»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 31-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը և, մասնավորապես, Փաշինյանի կառավարությունը, նախկինում փոխել են իրենց դիրքորոշումները: Նախկինում Մինսկի խմբի հիմնարար սկզբունքները, որոնք հայտնի էին որպես Մադրիդյան սկզբունքներ, քաղաքականապես պայթյունավտանգ էին հայ պետական ​​այրերի համար: Բայց  Հայաստանի համար այդ սկզբունքների ամենաանընդունելի կետը` Ղարաբաղի շուրջ գրավյալ շրջանների վերադարձն Ադրբեջանին, կորցրեց իր արդիականությունը` անցած տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի արդյունքում:

Մինչդեռ Ադրբեջանը հետպատերազմյան շրջանում քամահրանքով վերաբերվեց Մինսկի խմբին՝ հայտարարելով, որ այս կառույցն անօգուտ է, և որ 30 տարվա աշխատանքի ընթացքում միջազգային միջնորդները չեն կարողացել լուծել հակամարտությունը: Սակայն Բաքուն չի հստակեցրել, թե ում կցանկանար տեսնել որպես պոտենցիալ միջնորդ, և արդյոք  ընդհանրապես միջնորդի կարիք կա:

Ըստ Բաքվի  ADA համալսարանի պրոռեկտոր Ֆարիզ Իսմայիլզադեի, «այս պահին» Բաքվի համար նախընտրելի միջնորդը Ռուսաստանն է: Խոչընդոտը Ֆրանսիան է, որն այս հակամարտության շրջանակներում գնալով ավելի հայամետ դիրք է գրավում, հավելում է Իսմայիլզադեն: «Բայց եթե Ֆրանսիան մեղմանա և կենտրոնանա Ադրբեջանում հայերի ինտեգրման հարցի, այլ ոչ թե կարգավիճակի վրա, ապա Մինսկի խումբը կարող է վերադառնալ»,- ասել է Իսմայիլզադեն Eurasianet-ին տված հարցազրույցում:

Ադրբեջանը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղի հայության կարգավիճակի հարցն արդեն լուծված է. նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, ինչպես բոլորը, և մնում է միայն ինտեգրել նրանց: Այս տեսլականը հակասում է տեղում առկա իրավիճակին. ռուս խաղաղապահներ են տեղակայված Ղարաբաղում, և փաստացի Ղարաբաղը շարունակում է գտնվել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման ներքո:

«Տեղական իրողությունն այն է, որ Ադրբեջանն այժմ չի վերահսկում այս տարածքը. այն վերահսկվում է ռուսական զորքերի կողմից,- ասում է դիվանագետը:- Մինչև Ադրբեջանը ֆիզիկական վերահսկողություն չստանա այս տարածքի և նրա բնակչության վրա, կմնա խնդիրը, որը հարկ է լուծել»:

Ըստ զինադադարի պայմանագրի՝ ռուս խաղաղապահները պետք է մնան Ղարաբաղում մինչև 2025 թվականը՝ գտնվելու ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ, բայց միայն երկու կողմերի համաձայնությամբ: Ադրբեջանն ակնհայտորեն շահագրգռված է վետո դնելու այնտեղ ռուս զինվորների գտնվելու ժամկետի երկարաձգման վրա, քանի որ դա գրեթե ամբողջությամբ կազատի իր ձեռքերը՝  տարածքն իր վերահսկողության տակ վերցնելու համար:

Բայց դիվանագետը նաև ավելացրեց, որ ռուսները դժվար թե հեռանան, եթե վստահ չեն, որ Ղարաբաղի հայության անվտանգության և ազգային ինքնության համար սպառնալիքներ չկան:

«Այն, ինչ տեղի կունենա հինգ տարվա մանդատի ավարտից հետո, շատ բաց հարց է, -պարզաբանում է դիվանագետը: – Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ռուսները կորոշեն հեռանալ`   Ղարաբաղի հայ համայնքը թողնելով բախտի քմահաճույքին: Եթե ​​այդ ժամանակ հնարավոր լինի ինչ-որ լուծում գտնել այս մարդկանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որպեսզի նրանց պաշտպանելու կարիք չլինի, սա կլինի օպտիմալ արդյունքը: Բայց սա կպահանջի շատ ավելի բարձր մակարդակի վստահություն, որը պարզապես դեռ գոյություն չունի»:

Թեև երկու կողմերն էլ դեռ հավատարիմ են Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումների, սակայն հավանական միջնորդները կարող են ի վիճակի լինել մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, մասնավորապես՝ աջակցելով նրանց սահմանագծման հարցում: Բայց այստեղ բանակցությունները կկանգնեն նաև վաղեմի և առանցքային խոչընդոտներից մեկի առջև. արդյո՞ք խնդիրները լուծել փուլային կամ միանգամից մեկ համապարփակ պայմանագրի շրջանակներում:

«Այս պահին ընթացող շատ նուրբ քննարկումներն այն մասին են, թե արդյո՞ք կարելի է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին է սահմանազատումը. այս հարցը, ըստ ընդունված կարծիքի, պետք է լուծել և հետաձգել ավելի բարդ քննարկումները, – ասում է դիվանագետը: -Կա՞ միջոց դա անելու համար, որպեսզի հարցն ամբողջությամբ չհանվի օրակարգից: Ե՞րբ պետք է լուծել այս խնդիրը»:

Ըստ դիվանագետի՝ այս պահին, չնայած բանակցելու իրենց պատրաստակամության մասին հայտարարություններին, երկու կողմերն էլ հրաժարվում են լսել միմյանց՝ իրենց փաստարկները ներկայացնելով արտաքին լսարանին:

«Երկու կողմերն էլ դեռ ուսումնասիրում են, թե որքան հեռու կարող են  գնալ` իրենց ուզածին հասնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար: Ես իսկապես կարծում եմ, որ սկզբունքորեն երկու կողմերն էլ ցանկանում են, որ իրենց ժողովուրդներն ունենան խաղաղ ճանապարհ դեպի ապագա, և նրանք հասկանում են, որ չեն կարող հասնել դրան ՝ առանց իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու,- ասում է դիվանագետը:- Բայց նախ մենք պետք է դուրս գանք այս շատ դժվարին փակուղուց: Եվ այստեղ բանակցողներն իսկապես կարող են օգնել, բայց որոշ ժամանակ կպահանջվի, մինչև կողմերը պատրաստ լինեն լրջորեն նստել սեղանի շուրջ և սկսել բանակցությունները»:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը`  Eurasianet.org

Share

Comments are closed.