Հայ-թուրքական «կարգավորման» նոր ռաու՞նդ է սպասվում


Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ
Լրագրող, վերլուծաբան
Երևան

Օգոստոսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Անկարան համարժեք կարձագանքի, եթե Հայաստանը «դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»[1]: Երկու օր անց՝ օգոստոսի 27-ին, ՀՀ վարչապետը հայտարարեց, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և որ ՀՀ իշխանություններն այդ ազդակները «կգնահատեն և դրական ազդակով կպատասխանեն»[2]: Այս արձագանքին անդրադարձան ոչ միայն թուրքական առաջատար այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսին են «Anadolu»-ն[3], «Hyuriet»-ը[4], «Daily Sabah»-ը[5]՝ հիշեցնելով, որ Փաշինյանն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ օգոստոսի 25-ին հնչեցրած առաջարկին, այլ նաև օգոստոսի 29-ին Բոսնիա և Հերցեգովինայից վերադառնալու ճանապարհին պատասխան հայտարարություն արեց Էրդողանը՝ ասելով, թե Հայաստանը պետք է կառուցողական քայլեր կատարի տարածաշրջանում կայուն խաղաղության ու համագործակցության հաստատման համար, որոնց հիմքում ընկած կլինի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման սկզբունքը[6]:

Համաձայնեք, որ արտասահմանյան այցից վերադարձի ճանապարհին օդանավում, ի թիվս, օրինակ, Աֆղանստանում կատարվողի վերաբերյալ մեկնաբանություններին, Հայաստանի հետ հարաբերությունների թեմայով, առավել ևս պատասխան անդրադարձն այդքան էլ սովորականների շարքից չէ: Իսկ Հայաստանի վարչապետը կրկին արձագանքում է Էրդողանին, սեպտեմբերի 8-ին հայտարարելով, թե  Էրդողանի հայտարարություններում «տեսնում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն», և որ «պատրաստ են նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ»[7]։

Անկարայից ու Երևանից հնչող այս հայտարարությունների հնարավոր «ծալքերը» բացելու համար պետք է հիշել նախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին անհաջող փորձը. 2009 թ. Ցյուրիխում հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումից հետո գործընթացը Թուրքիան փակուղի մտցրեց՝ դրանց հետագա վավերացումը պայմանավորելով ԼՂ հակամարտության խնդրով, իսկ թե ինչ եղավ հետո, երևի թե հիշեցնելու կարիք չկա:

Թուրքիայի կողմից մինչ այժմ առաջ քաշված նախապայմանները երեքն են եղել.

  1. Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում և այդ հարցի՝ ՀՀ արտաքին-քաղաքական առաջնահերթությունների շարքից բացառում,
  2. Հայաստան-Թուրքիա սահմանի ճանաչում ՀՀ-ի կողմից,
  3. Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումներ հօգուտ Ադրբեջանի՝ հայկական ուժերի՝ Արցախից դուրս բերելու տեսքով:

Հայ-թուրքական գործընթացի նոր ռաունդը հավանական է մի քանի պատճառով.

  • Ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա՝ ներկա փուլում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն լինելու մասին պաշտոնական Երևանը վերջին շրջանում գրեթե չի խոսում: Կառավարության վերջերս ընդունված ծրագրում, իհարկե, արձանագրված է, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և դա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»[8], բայց հրապարակային հայտարարությունների մակարդակում Ցեղասպանության հարցի վերաբերյալ հիշատակումները հատկապես վերջին ամիսներին քիչ են, ինչը կարևոր ցուցիչ է: Առավել ևս, որ ՀՀ իշխանություններն անընդհատ հայտարարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին:
  • Եթե խոսենք երկրորդ նախապայմանի մասին, ապա պաշտոնական Երևանը հայ-թուրքական սահմանի հարցում առարկություններ չունի. ինչպես օգոստոսի 24-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետը հայտարարեց՝ սահմանների ճշգրտման օրակարգ կա միայն նախկին Խորհրդային Միության մաս կազմած մեր հարևանների հետ, քանզի, Փաշինյանի ձևակերպմամբ, Իրանի և Թուրքիայի հետ մեր սահմանների հարցը Խորհրդային Միության ժամանակ է լուծվել[9]:
  • Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հակամարտությամբ պայմանավորելուն, ապա 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում ստատուս-քվոն փոխվել է՝ Արցախի մի քանի շրջան, այդ թվում նախկին ԼՂԻՄ սահմաններում եղած Հադրութի շրջանն ու Շուշին, Ադրբեջանի տիրապետության տակ են անցել, Ադրբեջանին՝ այդ թվում Թուրքիայի գործուն աջակցությամբ, հաջողվել է իր առջև դրված նպատակների մի մասին հասնել: Ընդ որում, այս մասին անձամբ Թուրքիայի նախագահն է խոսում օգոստոսի 25-ի հայտարարությունում՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում «օկուպացիայի» դադարեցումից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել[10]:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ներկա փուլում Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ մտածելու համար ավելի նպաստավոր իրավիճակ է ստեղծվել, և որ գործընթաց կամ գոնե դրա շուրջ տրամադրությունների շոշափմանն ուղղված քայլեր արդեն իսկ կան: Առավել ևս, որ հնարավորության դեպքում իրեն բավարարող պայմաններով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, անգամ՝ 1993 թ.-ից միակողմանիորեն փակված սահմանը բացելուն Անկարան, չի բացառվում, դեմ չլինի, հատկապես, որ փափուկ ուժի միջոցով սեփական կապիտալը հայաստանյան շուկա մտցնելու դեպքում Հայաստանում տնտեսական ազդեցություն հաստատելու և երկարաժամկետ հեռանկարում այն քաղաքականի վերածելու համար բարենպաստ պայմաններ կարող են ստեղծվել:

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նոր գործընթաց կարող է սկսվել կամ արդեն իսկ սկսվել է, չի կարելի բացառել նաև մեկ այլ շատ կարևոր պատճառով: Արդեն բավական ժամանակ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններ են հնչում, և եթե հայկական կողմը պնդում է, որ նման բանակցություններ ներկա պահին չկան, բայց և չի բացառում, որ կարող են ինչ-որ պահի սկսվել այդպիսիք, իսկ Ռուսաստանը հրապակայնորեն չի ներքաշվում այս բանավեճում՝ միաժամանակ չհերքելով գործընթացի գոյությունը, ապա ակնհայտ է դառնում, որ այս կամ այն մակարդակում՝ թեկուզ նախապատրաստական, գործընթաց գոյություն ունի: Եվ եթե հետպատերազմական կայունություն, տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու տնտեսական զարգացում հաստատելու շղարշի տակ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի օրակարգ է առաջ բերվել, ապա ինչու՞ այդ նույն հիմնավորումներով ինչ-որ պահի չպետք է առաջ գա նաև Թուրքիայի հետ նմանատիպ պայմանագրի կնքման օրակարգը՝ լինի դա պայմանագիր, հայտարարություն, թե մեկ այլ բան: Ի վերջո, եթե շարժվում ենք հիշատակված տրամաբանությամբ, ապա որքանով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կապ ունեն տարածաշրջանային խաղաղության ու կայունության հետ, այնքանով էլ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Այս ամենում առանցքային է Ռուսաստանի դերակատարության հարցը: Հայաստանից և Թուրքիայից հնչած փոխադարձ ազդակներին առաջին արձագանքը եղավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից. վերջինս հայտարարեց, որ  Մոսկվան արձանագրել է Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, ի գիտություն ընդունել, և որ ռուսական կողմը հիմա էլ է պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա՝ հիշեցնելով 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացում Ռուսաստանի ունեցած միջնորդական և ակտիվ դերակատարությունը[11]: Հաջորդ օրը Մոսկվայում անցկացված կրթական ֆորումի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան մասնակիցներից մեկի հարցին, հիշեց, թե ինչպես 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահին թուրքական կողմը նախապայման առաջ քաշեց, որից հետո հազիվ հաջողվեց համոզել կողմերին ստորագրելու արձանագրություններն առանց հայտարարությունների: Լավրովը շեշտել է նաև՝ պատերազմից ավարտից հետո տրամաբանական կլինի, որ Երևանն ու Անկարան վերսկսեն ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել դրան[12]:

Ռուսական կողմի արձագանքների հիմնական ուղերձը հետևյալն է՝ եթե հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումներ լինեն, ապա Ռուսաստանը պետք է ներգրավված լինի այդ գործընթացում կամ, առնվազն, ռուսական կողմի շահերը պետք է հաշվի առնվեն: Պատճառները, թերևս, երկուսն են. առաջինը՝ տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրություններն ու ռազմաքաղաքական ներկայությունն անհրաժեշտություն են դարձնում մատը հայ-թուրքական «զարկերակի» վրա պահել, որովհետև եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արտաքին շրջափակման ու չկարգավորված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները և ռուսական զինուժի առկայությունը Հայաստանում Թուրքիայի կողմից անվտանգային հնարավոր սպառնալիքներով են պայմանավորված եղել, ապա Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների ենթադրյալ հաստատումը կարող է այս կամ այն չափով ազդել Հայաստանում Ռուսաստանի ունեցած բազմաշերտ ազդեցության վրա: Երկրորդը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ուժային հարաբերակցությունը՝ հայ-թուրքական սահմանն իր տարածաշրջանային նշանակությամբ ոչ պակաս կամ, անգամ, առավելապես ռուս-թուրքական սահման է, հետևաբար, դրա բացվել-չբացվելու և փոխկապակցված զարգացումների հարցում Ռուսաստանը շահագրգռվածություն չունենալ չի կարող: Առավել ևս, որ հայ-թուրքական հնարավոր գործընթացը հայ-ադրբեջանական օրակարգի, կոմունիկացիոն ապաշրջափակման «միջանցքային» երանգների հետ փոխկապակցված է լինելու:

Եվս մեկ նրբերանգ. 2009 թ. հայ-թուրքական գործընթացը փակուղի մտավ նաև Ադրբեջանի դիրքորոշման հետևանքով. Բաքուն դեմ էր հայ-թուրքական գործընթացին, քանի որ դա կարող էր թուլացնել Հայաստանի արտաքին շրջափակման ազդեցությունն արցախյան հակամարտության ընթացքի վրա և, լրացուցիչ տարածաշրջանային լծակներ տալով Հայաստանին, գուցե կոշտացներ վերջինիս դիրքորոշումը: Բաքուն ոչ միայն Ադրբեջանի ներսում էր Թուրքիայի դեմ դժգոհություն հրահրում, այնպես էլ՝ հենց Թուրքիայի ներսում, ինչը, հավանաբար, իր հերթին ևս ազդեցություն է ունեցել ժամանակին Թուրքիայի կողմից արցախյան հակամարտության հարցը որպես նախապայման առաջ քաշելու հարցում: Բայց այժմ՝ պատերազմից հետո, Ադրբեջանը, հավանական է, այդքան էլ դեմ չլինի հայ-թուրքական նոր գործընթացին թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկա իրավիճակից ելնելով, քանի որ պատերազմում Թուրքիայի ցուցաբերած հսկայական աջակցությունը, բնականաբար, իր գինն ունի՝ Թուրքիան աստիճանաբար ընդլայնում է իր ազդեցությունն Ադրբեջանում, իսկ այդ պարագայում Բաքուն դժվար թե կարողանա ամեն անգամ և ուզած չափով հակադրվել իր համար ոչ ցանկալի գործընթացներին այնպես, ինչպես կարող էր մինչև պատերազմը:

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ խոսնակն օրեր առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն ընթանում: Այս պահին, գուցե, չեն ընթանում, բայց «այս պահին» եզրույթը դիվանագիտական իմաստով «դուռը բաց է պահում»՝ չբացառելով, որ ինչ-որ պահի նման բանակցություններ կարող են լինել:

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ նոր գործընթաց կա, առավել հիմնավորվում է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններով. Էրդողանը նախ ասաց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է փոխանցել, և որպեսզի դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանը պետք է իր տարածքով Ադրբեջանին կապող «միջանցքներ» բացի: Այն, որ Էրդողանին նման առաջարկ է փոխանցվել, պաշտոնական Երևանը չհերքեց. արձագանք եղավ վարչապետի մամուլի քարտուղարի մակարդակով, որում «միջանցքներ» տրամադրելու նախապայմանին հստակ ու համաչափ հակադարձում չեղավ՝ արձանագրվեց միայն, որ որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Փաշինյանից դրական ազդակներ են ստացել, իրենք էլ որոշ քայլեր կանեն, իսկ հարցն ինքը կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպմանը: Այն, որ հայ-թուրքական հնարավոր գործընթացում Ռուսաստանն անպայմանորեն ձգտելու է կատարվողն իր հաշվարկների հետ համապատասխանեցնել, ապացուցվում է հենց Էդրողանի այս շեշտադրմամբ՝ եթե անգամ այժմ չկա հստակ գործընթաց, այլ միայն տրամադրություններ են շոշափվում, ապա անգամ այս տիրույթում հարցը ռուս-թուրքական քննարկման օրակարգում է:

 

________________

[1] https://www.dailysabah.com/politics/diplomacy/armenia-to-respond-positively-to-signals-from-turkey-pashinian

[2] https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/08/27/Cabinet-meeting-Speech/

[3] https://www.aa.com.tr/en/asia-pacific/armenia-acknowledges-positive-signals-from-turkey/2348047

[4] https://www.hurriyetdailynews.com/armenia-acknowledges-positive-signals-from-turkey-167412

[5] https://www.dailysabah.com/politics/diplomacy/armenia-to-respond-positively-to-signals-from-turkey-pashinian

[6] https://www.dailysabah.com/politics/diplomacy/turkey-urges-armenia-to-take-constructive-steps-in-region

[7] https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/09/08/Cabinet-meeting-Speech/

[8] https://www.gov.am/files/docs/4586.pdf

[9] https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/08/24/Nikol-Pashinyan-Speech/

[10] https://www.dailysabah.com/politics/diplomacy/armenia-to-respond-positively-to-signals-from-turkey-pashinian

[11] https://tass.ru/politika/12287289

[12] https://ru.armeniasputnik.am/russia/20210903/28880974/Istoriya-odnoy-zapiski-Lavrov-rasskazal-kak-podpisyvalis-armyano-turetskie-protokoly.html

Share

Comments are closed.