Հայաստանի, Արցախի խնդրի թեման Ֆրանսիայի նախագահի ընտրարշավում


Մեր զրուցակիցն է ֆրանսաբնակ լրագրող, հետազոտող Տիգրան Եգավյանը

-Պարո՛ն Եգավյան, առաջիկայում Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են և տեսնում ենք, որ Հայաստանն ու Արցախը հետաքրքրություն են ներկայացնում նախագահի թեկնածուների համար, որոնք իրար հետևից Հայաստան են գալիս, նաև այցելում են Արցախ: Ձեր կարծիքով ի՞նչ է սա նշանակում:

-Ընդհանրապես չէր կարելի  Հայաստանն ու հայությունը դառնան նոր ընտրական արշավի թեմա՝ հաշվի առնելով, որ աջակողմյան թևը Ֆրանսիայի մեջ, որ հետզհետե ավելի մեծ ազդեցություն է սկսում ունենալ, համարում է, որ հայերը Արևելքի քրիստոնյա են, և սա միանշանակ նոր երևույթ է, որովհետև ընդհանրապես հայկական դատը հումանիստական դատ է, որը միավորում էր բոլոր քաղաքական հոսանքները՝ լինի  ձախակողմյան, թե աջակողմյան: Ամենասկզբից ձախակողմյաններն էին, որ սատար էին կանգնում մեզ, սատարում էին Հայ դատը, մանավանդ համայնավար կուսակցությունը 1960-ական թվականներին: Իսկ հիմա տեսնում ենք, որ նոր փուլի մեջ ենք մտել 2014-ից ի վեր: Քանի որ ֆրանսիական հասարակությունը շատ կտրված է և քանի որ շատ մեծ հակամարտության մեջ մտավ իսլամական վտանգի առջև, նրանք փորձում են «օգտագործել» հայկական հարցը բայց ոչ ի շահ հայերի: Սա պարզապես պատրվակ է, որ նշեն, որ հայերը վտանգված ազգ են, պաշարված են և պետք չէ նրանց պաշտպանել հանուն մեր հաշիվների: Պետք է անպայման շատ զգուշությամբ մոտենանք այս թեմային, որովհետև Էրիկ Զեմուրը, որն, ինչպես գիտեք, արմատական աջակողմյան թեկնածու է, ունի ծայրահեղական կեցվածք, նույնպես այցելել է Հայաստան: Իհարկե, Արցախ այցելությունը շատ կարևոր նշանակություն ունի: Նրանք փորձում են սիրաշահել ոչ միայն հայկական համայնքը, որը համարյա 400 հազար ձայն ունի, նաև աջակողմյան քվեարկողներին, որոնք աջակցում են հայերին:

-Նախագահի թեկնածու Պեկրեսը գրառում էր արել՝ նշելով, որ Ֆրանսիայի եղբայրական երկիր է գալիս՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման, Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման ու հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:

-Դա քարոզչական քայլ է, բայց պետք է միշտ հաշվի առնենք, որ մյուս կողմից Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը միշտ պահպանել է չեզոքություն, անգամ երբեմն թուրքամետ քաղաքականություն: Բայց ես կարծում եմ, որ սա նաև միջոց է, որ Մակրոնը դիրքորոշում արտահայտի, որովհետև Մակրոնը, որ միշտ կրկնում է իր հայամետությունը, հանդես է գալիս հանուն հայ ազգի ու հայոց պետականության, մյուս կողմից տեսանք, որ որևէ քայլ չարեց, որ մենք մեր սահմանները պաշտպանենք Սյունիքում, նաև չճանաչեց Արցախը: Մենք ապրում ենք մի իրավիճակում, որտեղ մի կողմից ունենք ֆրանսիական ազգը, որն իսկապես հայամետ տրամադրություններ ունի, մյուս կողմից Ֆրանսիայի պետությունը, որը հանուն ռեալ պոլիտիկի, համարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները սահմանափակված են երկու գործոններով՝ մշակույթ և բարեկամություն, բայց ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ այդ բարեկամությունը ոչ մի ազդեցություն չունի միջազգային հարաբերությունների վրա: Ֆրանսիացիները կրկնում են, որ միշտ պետք է սատարեն հայերին, Ցեղասպանության օրենքը ընդունեն, սակայն պետությունը չի խոսում Հայաստանի անվտանգության և Արցախի ճանաչման հարցերում աջակցության մասին: Հետևաբար սրանք բացառապես էմոցիոնալ ելույթներ են, և մյուս կողմից շարունակում են ընկերություն անել Ադրբեջանի հետ: Օրինակ, Ֆրանսիայում թուրքական և ադրբեջանական լոբբին սկսել է ավելի աշխուժանալ, և մենք ամեն տեղ տեսնում ենք դա: Հայերը վայելում են համակրանք և բարեկամություն, բայց երբ խոսքը բիզնեսի մասին է, անշուշտ, հայերը կշիռ չունեն: Կարևորն այստեղ այն է, որ եթե Պեկրեսն ընտրվի նախագահ, որի հավանականությունը կա, Ֆրանսիան մինչև հունիս պետք է ղեկավարի Մակրոնը: Նա հայտարարեց, որ միջազգային համաժողով է կազմակերպելու ի նպաստ Արցախի: Այսինքն դա լինելու է ոչ միայն ֆրանկոֆոնյան աշխարհի շրջանակներում, այլև ավելի լայն շրջանակներ է ընդգրկելու և միջազգայնացնելու է հարցը, Արցախի հարցը միջազգային հանրության լուսարձակի տակ է դնելու: Սա, իհարկե, խրախուսելի է, բայց մյուս կողմից ֆրանսահայությունը շատ մտահոգված է այն բանակցություններով, որոնք տեղի են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որովհետև ընդհանրապես վստահություն չունեն ներկա իշխանությունների նկատմամբ:

-Պարո՛ն Եգավյան, ո՞վ է նախագահի թեկնածուներից առավել շանսեր ունեցողը:

Այս  փուլում շատ դժվար է հստակ կողմնորոշվել, թե ով ավելի մեծ շանսեր ունի, բայց գիտենք, որ այս ընտրարշավը շատ լարված է լինելու: Առաջին անգամ է, որ տեսնում ենք, որ Ֆրանսիան բևեռված է: Առաջին անգամ ֆրանսիական ինքնության, ֆրանսիականության թեման օգտագործվում է հանուն քաղաքականության, ֆրանսիական քաղաքակրթության: Դրա համար էլ հայկական թեման մտավ դրա մեջ: Ես կարծում եմ, որ Մակրոնը ստիպված է լինելու որոշ քայլեր անել: Մակրոնը շատ լավ հաղորդակցվող մարդ է, բայց ղեկավար լինելն այլ թեմա է: Դա ապացուցեց հայերի հետ իր հարաբերություններում, որ նա մի շարք ելույթներ ունեցավ, որոնք չունեցան քաղաքական հետևանք: Մյուս կողմից կարծում եմ, որ ամենահայանպաստ հոսանքը մնում է աջակողմյան կուսակցությունը, որի թեկնածուն Վալերի Պեկրեսն է: Սա իսկապես նոր երևույթ է, որովհետև ժամանակին հայկական համայնքն ավելի ձախակողմյան էր, բայց հիմա ավելի աջակողմյան է դարձել: Ցավոք, հայերը չունեն աջակողմյան կուսակցություն, որովհետև առայսօր գլխավոր հայկական կուսակցությունը ՀՅԴ-ն է, որն ավելի շատ կապված է սոցիալիստների հետ: Հետևաբար, այստեղ մարտահրավեր կա, ինչպես հայկական համայնքը վերակազմակերպվի և ստեղծի աջակողմյան ուժ, որը չլինի արմատական: Հայկական շրջանակներում կան նաև արմատական տրամադրություններ ունեցող աջակողմյաններ, որոնք գնահատում են Էրիկ Զեմուրին և քվեարկելու են նրա օգտին, չնայած Զեմուրի ամենամտերիմ ընկերը հայտնի թուրքամետ և ադրբեջանամետ փաստաբան է: Մի բան ակնհայտ է, որ այս քարոզարշավը շատ լարված է լինելու և դա աննախադեպ է Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Lragir.am

 

 

 

 

Share

Comments are closed.