«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից


44-օրյա պատերազմը երևան հանեց ստեղծված իրողությունների մի կարևոր տարր ևս՝ Հայաստանն ու հայ ազգը, փաստորեն, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմին դեմ հանդիման միայնակ էին մնացել՝ չարժանանալով անգամ բարոյական աջակցության ու սատարող խոսքերի։ Սակայն այս համապատկերում առանձնանում է Ֆրանսիայի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից առայժմ միակ երկրի դիրքորոշումը, որը հայերին աջակցում է պատերազմից հետո՝ Հայաստանում և Արցախում։ Հարկավ, խոսքը գնում է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում ընդունված բանաձևերի մասին, որոնցում կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը։ Ինչ խոսք, ճանաչման կոչով բանաձևերն ու բուն ճանաչումը տարբեր բաներ են, ու դեռ կյանքը ցույց կտա, թե ինչն է այստեղ ավելի շատ՝ ոչինչ չպարտադրող հռչակագրայնությու՞նը, թե՞ սա մտադրությունների հռչակում է, որոնք ժամանակի ընթացքում նյութականացվելու են։

Հարցն ավելի օրախնդիր է դառնում նրանով, որ հայկական քաղաքական շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի առաջնորդների միջև կոշտ բանավեճ է ընթանում առ այն, թե որոնք են իրատեսության շրջանակները, իրատեսություն, որով մենք պետք է առաջնորդվենք։ Անշուշտ, այն, որ մեր հաշվարկներն ու դրանցից բխող գործողությունները պետք է խարսխված լինեն իրատեսությանը, անվիճելի է։ Բանավեճի առարկան այլ է՝ որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ վերջանում այդ նույն իրատեսությունը, և որքանո՞վ է այդ «հնարավորությունների միջանցքը» (ոմանց կարծիքով՝ իրական, այլոց կարծիքով՝ թվացյալ) համապատասխանում մեր պետական շահերին և ազգային անվտանգության շահերին, և ինչպե՞ս վարվել այս կամ այն դեպքում։

Բացի այդ, Ֆրանսիայում՝ Հայաստանի հանրային համակրանքների առաջատար երկրում,  նախագահական ընտրություններին ընդառաջ Երևան և Ստեփանակերտ այցելեցին նախագահի երկու թեկնածուներ, որոնք ընդունելության արժանացան ամենաբարձր մակարդակով։ Մեր հանդեսի նոր թողարկման նյութերը լույս են սփռում հենց այդ՝ վերոնշյալ խնդիրների քիչ լուսաբանվող հայեցակետերին և կօգնեն կողմնորոշվելու, թե ուր են տանում Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները։

 

Share

Comments are closed.