Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները

 

Дворец Кобургов в Вене – место проведения международных переговоров по иранской ядерной программе

Ավելի վաղ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել էր, թե դեռ վաղ է դատել Իրանի կառուցողական դիրքորոշման մասին։

 Երկուշաբթի, ամանորյա տոների պատճառով ընդմիջումից հետո, Վիեննայում վերսկսվում են բանակցությունները՝  վերադառնալու 2015 թվականի միջազգային համաձայնագրին, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցները հանելու դիմաց։

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը երկուշաբթի հայտարարեց, թե բանակցությունները «խորացված փուլ» են մտնում։ Թեպետ ԱՄՆ-ն և Իրանը դրանց ընթացքի որոշակի առաջընթաց են նշել, այդուհանդերձ, իրանական կողմը դեմ արտահայտվեց իր բնորոշմամբ՝ Վաշինգտոնի «առավելապաշտական պահանջներին»։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն իր հերթին անցյալ շաբաթ հայտարարեց, թե դեռ վաղ է խոսել այն մասին, որ Իրանը բանակցությունների ներկա փուլում «առավել կառուցողական մոտեցում» կցուցաբերի։

Ընդսմին, կողմերը պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ միանալու համաձայնագրին։

Ապրիլին ԱՄՆ-ի և  Իրանի միջև ոչ անմիջական բանակցությունները սկսվելու պահից ի վեր՝ 2015 թվականի միջուկային գործարքը ստորագրած մյուս երկրներն իբրև ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջնորդներ են հանդես գալիս։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ։

Ավելի ուշ Իրանը հետ կանգնեց համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններից՝ ձեռնամուխ լինելով սահմանված առավելագույնից ավելի ուրան կուտակելուն,  դրա հարստացմանը մինչև ավելի բարձր մակարդակներ և առավել կատարելագործված  ցենտրիֆուգներ օգտագործելուն։

Ուրբաթ Ֆրանսիան դատապարտեց իրանական հրթիռ-արբանյակի արձակումը՝ հայտարարելով, որ այդ քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է։ Ֆրանսիան ընդգծեց, որ Թեհրանի գործողությունները «մտահոգիչ են», մանավանդ, որ իրականացվել են այն պահին, երբ Վիեննայում առաջընթաց է արձանագրվել։

 

Golosameriki.com

 

 

Share

Comments are closed.