Նուր-Սուլթանն առանց Նազարբաևի. Ղազախստանի ճգնաժամի պատճառներն ու հետևանքները

 

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի կայքում հրապարակվել է Ալեքսանդր Բաունովի և Թեմուր Ումարովի հոդվածը՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների խորքային պատճառների մասին (Нур-Султан без Назарбаева. О причинах и последствиях кризиса в Казахстане)։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ղազախստանում բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ երկրի ներկայիս մոդելն ունի բազմաթիվ թերություններ, որոնք հանգեցնում են ռեսուրսային բլիթից զրկված միլիոնավոր մարդկանց դժգոհության կուտակմանը: Բայց այս մոդելն այնքան է արմատացել տնտեսության և քաղաքական կյանքի կառուցվածքում, որ նոր ղեկավարը դժվար թե կարողանա փոխել այն, նույնիսկ եթե հանկարծ ցանկանա դա անել:

Բոլորովին վերջերս՝ 2021-ին, Ղազախստանը համարվում էր առաջադեմ ավտոկրատիա, նմանվել որին առաջարկվում էր նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններին, իսկ իշխանության տարանցման ղազախական ձևաչափը մեծ հետաքրքրություն էր առաջացրել Մոսկվայում։ Բայց ամեն ինչ փոխվեց 2022-ի առաջին օրերին. իշխող վարչախումբը բախվեց անկախության տարիների ամենահզոր խռովություններին և ստիպված եղավ դիմել ՀԱՊԿ-ին, այսինքն՝ Ռուսաստանին օգնությանը։ Իրադարձությունների քաոսի մեջ դժվար է առանձնացնել կարևոր մանրամասներ, բայց գլխավորն ակնհայտ է՝ Ղազախստանում Նուրսուլթան Նազարբաևի դարաշրջանն ավարտվել է։

Գազային պայթյուն

Բողոքի ցույցերը սկսվեցին ոչ քաղաքական պահանջներով։ 2022-ի առաջին օրերին Ղազախստանի արևմուտքում՝ Ժանաոզենում (տասը տարի առաջ՝ 2011-ի դեկտեմբերին, իշխանություններն այստեղ դաժանորեն ճնշել էին նավթագործների անկարգությունները) և Մանգիստաուի շրջանի այլ քաղաքներում, մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով նվազեցնել գազի գները։ Իշխանությունների իրականացրած ռեֆորմների շնորհիվ նոր տարվանից դրանք կրկնակի թանկացել են. գները սկսել է կարգավորել ոչ թե կառավարությունը, այլ ազատ շուկան։ Գազը զգայուն թեմա է Ղազախստանի արևմտյան շրջաններում, որտեղ մեքենաների 90%-ից ավելին աշխատում է հեղուկ գազով, իսկ տնային տնտեսությունների 70%-ն այն օգտագործում է ճաշ պատրաստելու համար: Այն, որ երկրին սպառնում էր վառելիքային ճգնաժամ, պարզ էր դեռ ցույցերից առաջ․ օրինակ՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այս մասին խոսել էր դեռ 2021-ի ամռանը և գերատեսչություններին հանձնարարել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։

Հունվարի 3-ից՝ ընդամենը մեկ օրում, բողոքի ցույցերը, ոչ առանց սոցցանցերի օգնության, Ղազախստանի արևմտյան շրջաններից տարածվեցին ողջ երկրով։ Սա նույնպես կանխատեսելի էր. օրինակ՝ 2019-ի աշնանը հակաչինական բողոքի ցույցեր սկսվեցին Չինաստանին սահմանակից շրջաններում, բայց արագ տարածվեցին ողջ երկրում, իսկ հակաչինական կարգախոսներին շուտով ավելացան նաև քաղաքականները։ Այսպիսով, այժմ ավանդաբար անհանգիստ Մանգիստաուի շրջանում գազային անկարգությունները դարձել են միայն համազգային դժգոհության պայթյունի պատրվակ:

Բողոքի հիմնական պատճառն այն է, որ վերջին երկու տարիների ընթացքում ղազախական հասարակության զգալի մասի ֆինանսական վիճակը նկատելիորեն վատթարացել է։ Միայն տեսեք գնաճի պաշտոնական թվերը՝  2020-ին այն կազմել է 7,5%, իսկ 2021-ին արագացել մինչև 8,9%։ Պարենային ապրանքների գնաճն ավելի բարձր է՝ 11,3% 2020-ին և 10,9%՝  նախորդ տարվա 11 ամիսներին։ Միաժամանակ 2020-ին ֆիզիկական անձանց վերցրած վարկերի ծավալը ռեկորդային է դարձել. 2019-ի նախահամաճարակային տարվա համեմատ 2020-ին բնակչության պարտքի բեռն աճել է 12,3%-ով։

Համաճարակը հարվածել է աշխատաշուկային. ԵԱՏՄ-ի արագ հավաքագրված տվյալների համաձայն՝ 2021-ին միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն աճել է 12%-ով։ Ամենավատը ներքին միգրանտների համար է՝ հիմնականում երիտասարդ տղամարդկանց (Ղազախստանի բնակչության միջին տարիքը 32 տարեկանից ցածր է), որոնք մարզերից եկել են մեծ քաղաքներ աշխատելու։ Նրանցից շատերը կորցրել են իրենց եկամտի զգալի մասը ծանր արգելափակումների պատճառով։ Միևնույն ժամանակ, 2020-ի առաջին կիսամյակում նավթի գների անկումը նվազեցրել է բյուջեի եկամուտները, հետևաբար՝ սահմանափակվել է նաև կառավարության՝ մարող դժգոհությունը փողով ողողելու կարողությունը։

Ղազախստանում ներքին միգրանտների հիմնական ուղղությունը, բացի մայրաքաղաք Նուր-Սուլթանից, Ալմաթին է։ Ուստի զարմանալի չէ, որ հենց այն է դարձել բողոքի ցույցերի կենտրոնը։ Բացի այդ, նախկինում ևս քաղաքը բողոքավորի համբավ ուներ. այստեղ կան բազմաթիվ ազատամիտ ուսանողներ և շատ ավելի քիչ քաղաքացիներ, որոնք հավատարիմ են ռեժիմին, քան Նուր-Սուլթանում՝ պաշտոնյաների, անվտանգության ծառայողների ու պետական ​​ընկերությունների աշխատակիցների քաղաքում: 2018-ից մինչև 2021-ի հունիսը Ղազախստանում եղել է ավելի քան 1300 ցույց, և դրանց մեծ մասը՝ Ալմաթիում։ Բողոքի ցույցերից բացի, քաղաք այցելուների հոսքի հետ մեկտեղ հանցագործությունն է աճել․ տասը տարվա ընթացքում (2007-2017) Ալմաթիում գրանցված հանցագործությունների թիվը քառապատկվել է։

Բողոքի արագ արմատականացումը և բռնության անցումը բացատրվում է թերևս նրանով, որ զայրացած երիտասարդների զգալի մասը կորցնելու առանձնապես բան չունի։ Մինչ նախագահ Տոկաևը դիմում էր Ժանաոզենի բնակիչներին և խոստանում լուծել նրանց խնդիրները, Ալմաթիում լարվածությունն աճում էր: Քաղաքի շրջակայքում, արի ու տես, կռիվներ էին ուժայինների և ամբոխի միջև, հայտնվել էին կողոպտիչներ՝ ըստ երևույթին, հիմնականում աղքատ և զայրացած երիտասարդ եկվորներ։

Դժվար էր հետևել հետագա իրադարձություններին. իշխանությունները պարբերաբար ողջ երկրում անջատում էին ինտերնետը և բջջային կապը, ինչպես գրում էին բջջային օպերատորները՝ «ահաբեկչական հարձակումները կանխելու նպատակով»։ Ներկայում Ալմաթիում մարդկանց ամբոխը թալանել է զենքի խանութներն ու սուպերմարկետները, փչացրել բանկոմատները, այրել մեքենաներ և խլել զինվորականների զրահամեքենաներ: Ամբոխը ներխուժել է ակիմատ (վարչակազմ), դատախազություն, հեռուստաստուդիաներ և այլ հաստատություններ (շատերը թալանվել են, ավերվել և այրվել): Մի քանի ժամով գրավել են նաև Ալմաթիի օդանավակայանը։

Արմատականները փոքրամասնություն էին․ ցուցարարների մեծ մասը փորձում էր կանխել բռնությունը (ոչ միայն Ալմաթիում, այլև մյուս քաղաքներում)։ Սակայն հենց արմատականներն են դարձել բողոքի դեմքը, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ նրանց ձեռքը հրազեն է ընկել։ Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ցուցարարներին մեքենայի բեռնախցիկից բառացիորեն ինքնաձիգ են բաժանում։ Հնարավոր չեղավ առանց զոհերի․ խոսքը տասնյակների մասին է:

Նախագահ Տոկաևը պնդում է, որ արմատականները ֆինանսավորվել են դրսից, թեև ինքը չի մեղադրում կոնկրետ երկրների։ Արդեն հունվարի 6-ին հայտարարվեց ընթացիկ իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին, սակայն դժվար՝ դա օբյեկտիվ պատասխան տա հարցին՝ արդյոք բողոքի ցույցերը լրիվ ինքնաբուխ էին, թե դրանց հետևում կանգնած են ներքին կամ արտաքին կազմակերպիչներ։ Նախագահի ելույթների տոնայնությունը, որը հունվարի 7-ին ժողովրդին հղած ուղերձում արդեն կանխատեսում էր հետաքննության արդյունքները և մեղադրում մեկ հրամանատարական կենտրոնի և օտարերկրյա ուժերի՝ իբր լավ համակարգված գործողությունների մեջ, ցույց է տալիս, որ հանձնաժողովի եզրակացությունները հարմար կլինեն վարչակարգի համար, ավելի ճիշտ՝ անձամբ Տոկաևի, որի դերն այս շաբաթ Ղազախստանի իշխանության համակարգում արմատապես փոխվել է։

Տանդեմ, որը պայթեց

Իրավիճակը Ղազախստանում դեռ կարող է շրջվել տարբեր ուղղություններով, սակայն մինչ այժմ, թվում է, թե ներկայիս ճգնաժամից ամենաշատը շահել է նախագահ Տոկաևը։ Մի քանի օր առաջ նա ընդամենը կրտսեր անդամ էր Ղազախստանը կառավարող տանդեմում, որի անվիճելի առաջնորդը երկրի առաջին նախագահ, 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևն էր։ 68-ամյա Տոկաևը 2019-ին հայտնվեց իշխանության պաշտոնական բուրգի վերևում՝ ղազախական «ժառանգորդ» գործողության արդյունքում, որը Նազարբաևը սկսել էր 2016-ին հարևան Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից անմիջապես հետո։

Առաջին ձեռքից տեսնելով, թե ինչի է վերածվում ավտորիտար առաջնորդի անսպասելի մահը իր ժառանգության և ընտանիքի համար (Քարիմովի դուստր Գուլնարան, որը ձերբակալվել էր հոր օրոք, բանտում պատիժ է կրում՝ երկարաձգվող դատավճիռներով, մյուս դուստր Լոլան և նրա ամուսինը զրկվել են Ուզբեկստանում բոլոր խոշոր ակտիվներից և այլևս չեն վերադառնում երկիր)՝ Նազարբաևը սկսեց նախապատրաստել իշխանության վերահսկվող փոխանցում։ Առաջին քայլը նախագահական թիմի ամենավստահելի և իրավասու անդամ Քարիմ Մասիմովի նշանակումն էր Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Նա երկար տարիներ ղեկավարել էր կառավարությունը և նախագահի աշխատակազմը։

Չնայած Նազարբաևի վստահությանը՝ Մասիմովն ինքը չէր կարող իրավահաջորդ համարվել, քանի որ Ղազախստանի հասարակական կարծիքը համոզված է, որ նա ույղուր է և ոչ 100 տոկոսով ղազախ։ Սա նրան դարձրեց իդեալական թեկնածու երկրի ամենահզոր հետախուզական ծառայության ղեկավարի տարանցիկ վերահսկիչի դերի համար (Ղազախստանում Ազգային անվտանգության կոմիտեն խորհրդային ԿԳԲ-ի գրեթե ամբողջական անալոգն է, որը համատեղում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության գործառույթները):

Նազարբաևը երկար տատանվելուց հետո ընտրեց Տոկաևին՝ արդեն ոչ երիտասարդ կարիերային դիվանագետին։ Նա լրիվ հավատարիմ և խելացի էր, երկար տարիներ անցկացրել էր Ղազախստանից հեռու և, հետևաբար, իշխանության մեջ չուներ իր սեփական թիմը, որը կարող էր վտանգ ներկայացնել Նազարբաևի համար:

2019-ին նախագահի պաշտոնից հեռանալով ու ազգին ցնցելով՝ Նազարբաևը պահպանեց իշխանության թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական լծակներ։ Առաջին նախագահի կարգավիճակի մասին օրենքը նրան տվել էր անձնական անվտանգության երաշխիքներ, իսկ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը՝ օժտել է հսկայական լիազորություններով. իրականում Նազարբաևը կարող էր ոչ միայն ռազմավարական ուղի սահմանել, այլև վետո դնել իր իրավահաջորդի շատ որոշումների վրա։ Իշխանության այս կառուցվածքը լրացվում էր Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Մասիմովի կերպարով և Նազարբաևի այլ թեկնածուների մի խմբով, որոնք մնացին իշխանության առանցքային պաշտոններում:

Ներկայիս ցույցերն արմատապես փոխել են այս դասավորությունը: Նախագահ Տոկաևը մի քանի օրում կոտրեց երկիշխանության հենասյուները։ Նախ աշխատանքից ազատեց Ասկար Մամինի կառավարությունը՝ Նազարբաևի դարաշրջանի ծանրքաշայիններից մեկը։ Ղազախստանում երկար ժամանակ պահանջում էին նրա հրաժարականը, սակայն Նազարբաևը դիմադրում էր իր հովանավորյալի հեռանալուն։ Այնուհետև Տոկաևն ինքը ստանձնեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը՝ այդ մասին իմիջիայլոց հայտարարելով ժողովրդին հղած հրատապ ուղերձում. «Որպես պետության ղեկավար և այսօրվանից՝ Անվտանգության խորհրդի նախագահ, մտադիր եմ գործել հնարավորինս կոշտ»։

Հունվարի 5-ին վերջին հարվածը հասցվեց իշխանական նախկին կառուցվածքին, երբ պաշտոնանկ արվեց Քարիմ Մասիմովը։ Ազգային անվտանգության կոմիտեի նոր նախագահ դարձավ Պետական ​​գվարդիայի ղեկավար Երմեկ Սագիմբաևը, որը մինչև անցյալ ամառ ղեկավարում էր նախագահ Տոկաևի անվտանգության ծառայությունը։ Պաշտոնանկ արվեց նաև Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի ազդեցիկ տեղակալ Սամաթ Աբիշը՝ Նազարբաևի եղբորորդին։

Հիմնական դեմքերին հեռացնելուց հետո Տոկաևը շարունակում է մաքրել Նազարբաևի կադրերին. հունվարի 6-ին պաշտոնանկ արվեց Ղազախստանի ռազմավարական պլանավորման և բարեփոխումների գործակալության նախագահ Կայրաթ Կելիմբետովը, որը նախկինում ղեկավարել է «Սամրուկ-Կազինա» հիմնադրամը, նախագահի աշխատակազմը և Կենտրոնական բանկը, իսկ վերջին տարիներին աշխատում էր ղազախական Սինգապուր կառուցելու Նազարբաևի երազանքների իրականացման ուղղությամբ։ Այս օրերին Ղազախստանից մի քանի մասնավոր ինքնաթիռ է թռել։ Ինքը՝ նախկին նախագահը, դեռ հանրությանը չի հայտնվել. վերջին անգամ նրան տեսել են դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ուր եկել էր որպես ԵԱՏՄ պատվավոր նախագահ։

Սակայն այն, որ ի վերջո Տոկաևը կարող է դառնալ ճգնաժամի հիմնական շահառուն, դեռ չի նշանակում, որ ճգնաժամն ինքն է կազմակերպել։ Ավելի շուտ, նախագահն օգտվեց իշխանությունն իր ձեռքում համախմբելու հանկարծակի հնարավորությունից։ Բացի այդ, Տոկաևը ձերբազատվեց Նազարբաևի դարաշրջանի տարրերից, որոնք կարող էին հատակը քաշել և՛ իշխող վարչակարգին, և՛ պետությանը։ Ներկայիս ճգնաժամը իշխանությունների համար անսպասելի լինելու հաստատումներից մեկն էլ Տոկաևի որոշումն է՝ կոչը ՀԱՊԿ դաշնակիցներին, հիմնականում Ռուսաստանի ուժայիններին, վերականգնելու կարգուկանոնը։

Նոր Ղազախստան

Ղազախստանի իշխանությունները չկարողացան ինքնուրույն կասեցնել անկարգությունները խոշոր քաղաքներում, ուստի իրադարձությունների մեջ մեղադրեցին ահաբեկիչներին և արմատականներին, որոնք պատրաստված էին «արտաքին ուժերի» կողմից։ Դա թույլ տվեց Տոկաևին դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, և հունվարի 6-ի գիշերը կազմակերպությունը համաձայնեց ուժեր ուղարկել։ Մի քանի ժամվա ընթացքում Ղազախստան սկսեցին ժամանել ռուս, բելառուս, տաջիկ և հայ զինվորականների առաջին ինքնաթիռները։

Ներքին հակամարտությունը լուծելու համար արտաքին օգնություն փնտրելը հղի է զգալի ռիսկերով։ Ղազախական հասարակության մեջ ազգայնական տրամադրությունները տարեցտարի աճում են։ Տոկաևի հակառակորդները դա կարող են ներկայացնել որպես ռեժիմը արտաքին զավթիչների սվիններով պահելու փորձ։ Նմանատիպ մեկնաբանություններ արդեն հնչում են Ղազախստանում և Ռուսաստանի ղազախական սփյուռքում։

Կարելի է միայն ենթադրել, թե կոնկրետ ինչն է Տոկաևին մղել ռիսկային նման քայլի։ Հավանաբար, բարոյալքված զինվորականների և ոստիկանների կադրերը դիտելով՝ կասկածել է, որ ինքը չունի բավականաչափ հավատարիմ անվտանգության աշխատակիցներ, որոնք ունակ են կարգուկանոն հաստատել, հատկապես հատուկ ծառայությունների ղեկավարության փոփոխության պարագայում: Այս ֆոնին ՀԱՊԿ-ից օգնություն փնտրելը ավելի քիչ ռիսկային էր թվում, քան Ալմաթիի և խոշոր այլ քաղաքների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու սպառնալիքը:

Հիմա կարծես թե Ղազախստանի ուժայինները ինքնուրույն են գլուխ հանում բողոքի ցույցերից։ Այս օրերի ընթացքում ցուցարարների ամբոխը նկատելիորեն նոսրացել է՝ բռնությունից վախեցած՝ մարդիկ ապաստան են գտել իրենց տներում, և միայն իսկապես հուսահատ ավազակներն են մնացել փողոցներում։ Անվտանգության ուժերի համար շատ ավելի հեշտ է աշխատել զինված ավելի քիչ ցուցարարների դեմ, քան անզեն կանանց և երիտասարդների ամբոխի դեմ՝ և՛ տեխնիկապես, և՛ հոգեբանորեն:

Հունվարի 5-ի երեկոյան իշխանություններն արդեն ետ գրավեցին երկրի հիմնական օբյեկտները և մաքրեցին կոնկրետ թիրախներ Ալմաթիում և բողոքի այլ խոշոր կենտրոններում: Հնարավոր է, որ եթե ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը կայացվեր մի փոքր ուշ, ապա այլևս կարիք չլիներ դիմել նրան։ Եթե ​​հունվարի 6-ին ի հայտ եկած միտումը ուժեղանա, և տեղական անվտանգության ուժերը ՀԱՊԿ-ի գործընկերների նվազագույն օգնությամբ վերադառնան երկրի կառավարման վերահսկողությանը, ապա կասկած չկա, որ ռուս և այլ զինվորականները արագ կվերադառնան հայրենիք, ինչպես հայտարարվել էր մինչև գործողության սկիզբը։ Համենայնդեպս, արդեն հունվարի 7-ին Տոկաևն ասաց, որ ՀԱՊԿ զինվորականները կստանձնեն պաշտպանության և օժանդակ գործառույթներ, և որ «ավազակների ու ահաբեկիչների» հետ գործ կունենան միայն տեղական կադրերը։

Այս իրավիճակում կշահեն և՛ նախագահ Տոկաևը, և՛ Մոսկվան։ Ղազախստանի ղեկավարը ցույց կտա բնակչությանը, վերնախավին, հարևաններին և աշխարհին, որ կարող է պրագմատիկ հարաբերություններ կառուցել Կրեմլի հետ, ինչը թույլ կտա ոչ միայն ներգրավել Ռուսաստանի անվտանգության պաշտոնյաներին, այլև հետագայում՝ հետ բերել նրանց։

Իսկ Մոսկվան միանգամից մի քանի խնդիր կլուծի. նախ՝ կպահպանի Ղազախստանում բարեկամական ռեժիմը, որը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնարար շահերից է, և բոլոր միջոցները լավ են դրա իրականացման համար։ Շատ ավելի լավ, երբ ​​դրա համար պետք չէ վճարել Ռուսաստանի Դաշնության որևէ զինծառայողի կյանքով: Երկրորդ՝ դա կբարձրացնի ՀԱՊԿ-ի հեղինակությունը, որը սասանվել էր Ղրղզստանում և Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո։ Մինչև վերջերս շատերը կարծում էին, որ կազմակերպությունը և նրա կոլեկտիվ արագ արձագանքման ուժերը գոյություն ունեն միայն թղթի վրա, սակայն այժմ դրանք իրենց կդրսևորեն գործի մեջ։ Իսկ ֆորմալ առումով, գործողության բազմակողմ բնույթն ավելի ձեռնտու է թվում, քան եթե ռուս զինվորականները ստիպված լինեին միայնակ գործել:

Երրորդ, արդյունավետ դաշնակցային օգնությունը և զորքերի արագ դուրսբերումը կամրապնդեն Ռուսաստանի դիրքերը ղազախական բյուրոկրատիայի նոր սերնդի շրջանում, որին ավելի ու ավելի է ապավինելու նախագահ Տոկաևը: Մինչև 50 տարեկան ներկայիս շատ պաշտոնյաներ դեռ դաստիարակվում են հետխորհրդային մշակույթի շրջանակներում, բայց արդեն սովորել են Արևմուտքում կամ Ասիայում, հետևաբար Մոսկվային չեն համարում միակ առաջնահերթ գործընկերը։ Վերջապես, հաջող գործողությունը ցույց կտա, որ միայն Ռուսաստանը կարող է խաղալ Կենտրոնական Ասիայի անվտանգության արտաքին երաշխավորի դերը, և ո՛չ ամերիկացի գեներալների այցերը տարածաշրջան, ո՛չ էլ չինական ֆորպոստները Տաջիկստանի հեռավոր անկյուններում դեռ չեն կարող փոխել այս իրականությունը։

Ինչ վերաբերում է բուն Ղազախստանին, ապա ներկայիս իրադարձությունների հիմնական արդյունքը, ինչպես էլ դրանք ավարտվեն, Նազարբաևի երկար ժամանակաշրջանի ավարտն է։ Առաջնորդի վիճելի ժառանգությունը, որը ղեկավարել է երկիրը խորհրդային ժամանակներից և կառուցել ներկայիս մոդելը ավելի քան 30 տարում, դեռ պետք է գնահատվի պատմաբանների կողմից: Իսկ այսօրվա և վաղվա համար այս ժառանգության մեջ կարևոր է երկու տարր.

Նախ, Նազարբաևի կառուցած համակարգը հնարավորություն տվեց պահպանել էլիտայի ընդհանուր միաձույլությունը՝ իշխանության և փողի համար անխուսափելի պայքարի պայմաններում։ Նազարբաևի օրոք եղել են կոնֆլիկտներ, ընդ որում՝ շատ լուրջ, և նախագահի նախկին փեսան՝ Ռախաթ Ալիևը, սկեսրայրի հետ վիճաբանելուց հետո մահացավ Վիեննայի բանտում՝ առեղծվածային հանգամանքներում։ Այնուամենայնիվ, բոլորի պատերազմը բոլորի դեմ այժմ ավելի քիչ հավանական է թվում, քան համեմատաբար սահուն անցումը «կենտրոնում՝ Նազարբաև» համակարգից Տոկաևի շուրջ կենտրոնացած համակարգի: Ի վերջո, փոխնախարարից բարձր ներկայիս բոլոր չինովնիկները իշխանության ներսում իրենց ուղին սկսել են Նազարբաևի օրոք։

Ճիշտ է՝ հունվարի 7-ի Տոկաևի ելույթը կշտամբանքներ էր պարունակում հատուկ ծառայությունների հասցեին, ինչը կարող է ապագայում հարձակման նախանշան լինել պաշտոնաթող Քարիմ Մասիմովի և Սամաթ Աբիշի վրա, սակայն պաշտոնանկությունից հետո նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Նախագահը առանց անուն նշելու մեղադրեց ուժային բլոկի ղեկավարներին, որ նրանք չեն կարողացել կանխել սահմանադրական կարգի վրա զինյալների կողմից իբր ծրագրված հարձակման նախապատրաստումը։

Այնուամենայնիվ, Մոսկվան կարող է դեմ լինել Նազարբաևի մերձավոր շրջապատի մաքրմանը, հաշվի առնելով, թե որքան վատ կլինի այս նախադեպը հետխորհրդային ավտոկրատիայի համար: Տոկաևը պետք է մտածի նաև նախադեպերի դերի մասին. 2029-ին, երբ ավարտվի նրա երկրորդ ժամկետը, նախագահը կդառնա 75 տարեկան: Այստեղ կարևոր գործոն կարող են լինել Վլադիմիր Պուտինի ջերմ հարաբերությունները ինչպես Նուրսուլթան Նազարբաևի, այնպես էլ անձամբ Քարիմ Մասիմովի հետ այն ժամանակ, երբ Պուտինը գլխավորում էր ՌԴ կառավարությունը Դմիտրի Մեդվեդևի օրոք, և մեծ դեր է ունեցել ԵԱՏՄ ստեղծման գործում։

Երկրորդ՝ բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ Ղազախստանի ներկայիս մոդելն ունի բազմաթիվ թերություններ, որոնք հանգեցնում են միլիոնավոր մարդկանց՝ ռեսուրսային բլիթից զրկվածների դժգոհության կուտակմանը։ Բայց այս մոդելն այնքան է արմատավորվել տնտեսության և քաղաքական կյանքի կառուցվածքում, որ նորովի է փոխվելու։

Թարգմանությունը՝ Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

Civilnet.am

Share

Comments are closed.