50mg viagra

Ռուսաստանի ներգրավումն Իրանի շուրջ բանակցային գործընթացի մեջ

Ռոբերտ ՄԵՐԻ
«The National Interest»
ԱՄՆ

Գոյություն ունեն բազում պատճառներ ցավելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Օբամայի ու Պուտինի միջեւ վստահության բացակայության համար: Բայց ամենամտահոգիչ երեւույթն իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն են, որոնք պետք է վերսկսվեին Բաղդադում մայիսի 23-ին: Երեւույթն ընկալելու համար արժե հիշատակել մի քանի դիվանագիտական եւ աշխարհաքաղաքական իրողություններ:

Իրողություն առաջին. Ներկայումս Ամերիկայի համար չկա ավելի կարեւոր խնդիր, քան Իրանի կողմից միջուկային զինանոցի հնարավոր ստեղծումը: Օբաման մերժում է Իրանում միջուկային զսպման միջոցների ստեղծման որեւէ հնարավորություն, եւ հանրապետականների առաջնորդների մեծ մասն ունի նույն դիրքորոշումը: Դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ ելքը լինելու է մեկը երեք հնարավորներից. կա’մ բանակցությունները կհանգեցնեն միջուկային զենքին տիրանալուց Իրանի հրաժարվելուն, կա’մ ամերիկյան նախագահը կհրաժարվի իր որոշումներից, կա’մ կլինի պատերազմ:

Իրողություն երկրորդ. Իրանը հայտարարում է Իսլամական Հանրապետության եւ այսպես կոչված P5+1 (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի) խմբի հետ լրջորեն բանակցելու մտադրության վերաբերյալ: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերջերս հայտարարել է. «Իրանը չի ձգտում ունենալ միջուկային զենք, քանի որ Իսլամական Հանրապետությունը տրամաբանորեն, կրոնապես եւ տեսականորեն դիտարկում է միջուկային զենք ունենալը որպես լուրջ մեղք եւ հավատում է, որ նման զենքի տարածումն անիմաստ է, կործանարար եւ վտանգավոր»: Նախագահ Օբաման կարծես թե հավատացել է այս խոսքերին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջոցով փոխանցել է Խամենեիին, թե առաջնորդի հայտարարությունը գնահատում է որպես բանակցությունների հիմք:

Իրողություն երրորդ. Իրանի կողմից բանակցությունների ձգտումը բացատրվում է վերջին մի քանի տարիների ընթացքում երկրի դեմ սահմանված պատժամիջոցներով, որոնք վերջին տարվա ընթացքում ավելի են սաստկացել: Երկիրը մեծապես սահմանափակված է բանկային համակարգի զարգացման հեռանկարների մեջ եւ իրանյան նավթից ընդլայնվող համաշխարհային հրաժարմամբ: The Washington Post թերթը վերջերս հայտնել է, որ նավթի վաճառքից Իրանի եկամուտներն ընկել են, քանի որ նավթը պահվում է նավթապահեստների կամ տանկերների մեջ՝ առանց առաքման վերջնակետի: Հաշվումների համաձայն՝ 2009թ. Իրանի նավթային հատվածն ապահովում էր պետական եկամուտների 60%-ը, եւ իշխանությունները միանգամայն հստակ գիտակցում են, որ նավթի գնի գեթ մեկ դոլլարով նվազումը կարող է նվազեցնել բյուջեի եկամուտը մեկ միլիարդ դոլարով: The Post թերթը մեջբերում է ֆինանսների փոխնախարար, ֆինանսական անվտանգության համար պատասխանատու Դեվիդ Քոհենին. «Աներկբա է, որ ճնշումն ունեցել է իր դերն Իրանի՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու հարցում… նրանց արժույթի գինը ներքեւ է գահավիժում»:

Իրողություն չորրորդ. Ամերիկան եւ աշխարհի երկրների մեծ մասը կրկին շատ հոռետեսաբար են տրամադրված Իրանի իրական մտադրությունների եւ նպատակների նկատմամբ: Կա հավանականություն, որ Իրանն օգտագործելու է բանակցությունները որպես շեղող մարտավարություն. նա ձգձգելու է բանակցությունները՝ շարունակելով ցենտրիֆուգների թափավազքը եւ արտադրելով միջուկային ռումբերի մեջ օգտագործվող բարձրհարստացված ուրանը: Այս վտանգն առավել պարզորոշ է տեսնում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր դաշնակից Իսրայելը, որը բանակցային գործընթացի ժամանակ կարող է կորցնել համբերությունը եւ փորձել կրճատել այն ժամանակն ու տարածությունը, որոնք Օբաման անհրաժեշտ է համարում պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

Իրողություն հինգերորդ. ինչպիսին էլ լինեն Իրանի բուն մտադրությունները, բանակցությունների ժամանակ երկիրը փորձում է օգտագործել ճնշման իր լծակները՝ սեպ խրելով P5+1 խմբի մասնակիցների միջեւ, հրահրելով լարվածություն բանակցային գործընթացի իր հակառակորդների միջեւ եւ նոր դաշինքներ ստեղծելով: Դա ամենապարզունակ մակարդակի դիվանագիտությունն է, թեեւ իրանական առաջնորդները հայտնի են իրենց դիվանագիտական բարձր արվեստով:

Իրողություն վեցերորդ. P5 + 1  խմբի ներսում միասնական բանակցային դիրքորոշումն անհրաժեշտ պայման է բանակցություններում հաջողության հասնելու համար: Օբաման եւ իր բարձրաստիճան պաշտոնյաները, խորհելով ընթանալիք բանակցությունների մասին, ելնում են խմբում ներքին դինամիկայի մասին որոշակի ենթադրություններից: Նախ` Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան խաղալու են իրենց ավանդական դերը` համաձայնվելով ընդհանուր որոշումների հետ եւ հրաժարվելով Իրան իրենց զինվորներին ուղարկելուց (իսկ դա կարող է անհրաժեշտ լինել Իրանից զիջումներ կորզելու համար):

Չինաստանը, որը կենտրոնացած է սեփական տնտեսական շահերի եւ նավթի ունեցած պահանջարկի վրա, աշխուժորեն չի աջակցելու, թեեւ նման կարեւոր հարցում, հավանաբար, ձտելու է խուսափել հրապարակային մեկուսացումից: Իսկ Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն կփոխի իր դիրքորոշումը` նախագահ Նիկոլյա Սարկոզիի կառավարման խիստ ոճից դեպի նրան հաջորդած Ֆրանսուա Օլանդի  առավել մեղմ քաղաքական վարքագիծը:

Իրողություն յոթերորդ. մնում է Ռուսաստանը, որին կարելի է համոզել ստանձնելու կարեւոր դերակատարում եւ համոզել P5 + 1 խմբի մյուս անդամներին գործել ԱՄՆ դիվանագիտական նպատակներին համապատասխան: Որոշ փորձագետներ համոզված են, որ այժմ Ռուսաստանն ավելի լրջորեն է մտահոգվել Իրանի միջուկային զենքով եւ, ենթադրաբար, բանակցությունների զարգանալուն զուգընթաց կամենալու է առավել ակտիվ գործել: Բայց ռուսաստանյան առաջնորդներն ամերիկյան դիվանագիտությանը քննադատաբար են վերաբերվում, հատկապես այն բանից հետո, երբ 2011թ. Լիբիայում ամերիկացիների ջանքերը քողարկել են այլ չհայտարարված նպատակներ:  Հենց այդ պատճառով Ռուսաստանը Չինաստանի հետ միասին անցած տարի երկու անգամ  վետո է  դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի դեմ բանաձեւի վրա:

Բոլոր վերոհիշյալ իրողությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ ամերիկյան հարաբերությունները կարող են ավելի կարեւոր լինել, քան երբեւէ նախկինում, հաշվի առնելով, թե որքան բարդ է լինելու բանակցային գործընթացը, որքան մեծ է Իրանի հետ պատերազմի վտանգը եւ որքան կարեւոր է տվյալ բանացություններում Ռուսաստանի՝ Ամերիկայի գործընկեր դառնալու հնարավոր հեռանկարը: Այնուամենայնիվ, երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են սարսափելի վիճակում, որի արտացոլումն էր Պուտինի՝ Քեմփ-Դեւիդում «Մեծ ութնյակի» գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ից առաջ նա մտադիր է պաշտոնական այցով մեկնել Չինաստան:

Վերջերս Արիել Կոհենը գրել է, թե գոյություն ունեն Վաշինգտոնի եւ Մոսկվայի համագործակությունը պահանջող բազմաթիվ հարցեր՝ Սիրիան, Աֆղանստանը, հակահրթիռային պաշտպանությունը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը եւ, իհարկե, Իրանը: Ընդսմին՝ Իրանին վերաբերող հարցերն առավել սուր են, եւ այդ հարցում Ռուսաստանի աջակցություն ստանալը հազիվ թե հնարավոր լինի՝ առանց այլ ճակատներում առաջընթաց արձանագրելու պարագայի:  Դա կարող է նշանակել, որ Ռուսաստանին տրվելու է այն ամենն, ինչի վրա պնդելու է Պուտինը:

Այսպիսով, Օբաման կանգնած է այն հարցի առջեւ, թե ի՞նչ է նա կարող զոհաբերել տվյալ իրավիճակում եւ թե ինչպիսի՞ մթնոլորտ է նա կամենում ստեղծել  բանակցություններում՝ «վերբեռնումը վերբեռնելու» եւ P5 + 1 խմբում Ռուսաստանի աջակցությունը ստանալու համար:

Երդմնակալությունից մի քանի ժամ անց Պուտինի ստորագրած փաստաթղթում հայտարարվել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանը ձգտելու է «իրավահավասարության, ներքին գործերին չմիջատելու եւ յուրաքանչյուր կողմի շահերի հանդեպ հարգանքի»: Օբաման կարող է նրան ազդակ հղել, որ իր կառավարությունը չի միջամտելու Ռուսաստանի ներքին գործերին, ինչպես այն արել է քիչ առաջ ավարտված նախընտրական արշավի ժամանակ եւ երաշխիքներ տալ, որ Եվրոպայում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգը Ռուսաստանի դեմ չի կիրառվելու:

Թերեւս, ամերիկյան կառավարությունը չի կամենա նման զիջումների գնալ՝ չնայած սպասվող որոշումների բարձր նշանակության: Բայց չէ՞ որ երկու տերությունների առաջնորդների համար չկան ավելի կարեւոր հարցեր, քան դրանք, որ կապված են պատերազմի եւ խաղաղության հետ:

Ռոբերտ Մերին (Robert W. Merry) «The National Interest»-ի խմբագիր եւ ամերիկյան պատմության եւ արտաքին քաղաքականության մասին գրքերի հեղինակ է:

 

Հրապարակվել է՝  21/05/2012