50mg viagra

«Արաբական գարունը» հարել է Իրանին

Դա վաղ թե ուշ Ադրբեջանն ու Հայաստանը կկանգնեցնի բարդ ընտրության առջեւ

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Քաղաքական մեկնաբան
Բաքու 

Խելացի մարդիկ ասում են, որ համաշխարհայնացումը (գլոբալացումը)  կորպորատիվ ստրկատիրություն է: Եթե ելնենք այս ենթադրությունից, ապա ակամա հասնում ես այն եզրահանգմանը, որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխշաղկապված է: Դա նման է համաշխարհային տաքացմանը: Այն սկսվում է բեւեռներից, իսկ սառեցումը տեղի է ունենում արեւադարձային գոտիներում: Սակայն գոյություն ունի նաեւ մյուս՝ տեղի ունեցող գործընթացներին տրամագծորեն հակադիր մոտեցում, ըստ որի նմանությունը (անալոգիան) տարբեր երեւույթների բռնազբոս ընդհանրացումն է:

Կարծում եմ, որ ճշմարտությունը մեջտեղում է: Հազիվ թե Մերձավոր Արեւելքի հեղափոխական իրադարձությունները կարող են ուղղակիորեն ներազդել Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցող գործընթացների վրա, թեեւ ամեն տեսակի ընդդիմադիրները փորձում էին ստեղծել տրամագծորեն հակադիր տպավորություն: Ի դեպ, այս առումով ադրբեջանցի եւ հայ ընդդիմադիրներն իրար նման են: Թե° Հայաստանում, եւ թե° Ադրբեջանում որոշ ընդդիմադիրներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին «Մուբարաքի վախճանն» էին կանխագուշակում: Սակայն Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, եւ Ս. Սարգսյանը, կարելի է ասել, պահպանել է իր ներքաղաքական դիրքերը: Սպասվող հեղափոխությունը, հատկապես, 2008թ. հետընտրական մարտյան իրադարձությունների հետ համեմատած, տեղի չի ունեցել:

Կարծում եմ, որ այսպես կոչված «դոմինոյի սկզբունքը» գործում է այն դեպքում, երբ դիտարկվող սուբյեկտները գտնվում են որոշակիորեն միասնական աշխարհաքաղաքական, տնտեսական, էթնիկական եւ հոգեւոր տարածության մեջ: Անգամ մեկ կամ երկու տարրի զուգադիպումը վճռական նշանակություն չունի: Որպես օրինակ հիշեցնեմ Խորհրդային Միության փլուզման գործընթացը: Սզբունքորեն ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները կազմում էին միասնական աշխարհաքաղաքական, տնտեսական, մասամբ՝ լեզվական եւ հոգեւոր տարածության մաս: Սակայն, փլուզումից անմիջապես հետո նորանկախ պետություններում ի հայտ են եկել իրարից տարբեր, իսկ երբեմն էլ՝ տրամագծորեն հակադիր հասարակական-քաղաքական զարգացման ուղեգծեր:

Մերձբալթյան հանրապետությունները գրեթե անմիջապես սկսել են կառուցել արեւմտյան տիպի ժողովրդավարություն:

Մեզ մոտ, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներում, նկատվում էր կարծր պայքար «հին կոմունիստական կուսակցական պաշտոնեության» եւ այսպես կոչված ժողովրդավարական ուժերի միջեւ: Այսպես կոչված ժողովրդավարական ուժերն, ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունները, իրենց ներքին էությամբ քիչ էին տարբերվում խորհրդային կուսակցակական պաշտոնեությունից, թեեւ, ընդհանուր առմամբ, զարգացման այս ուղեգիծն էլ տեղավորվում էր արեւմտյան ազատական արժեհամակարգի մեջ:

Իսկ ահա Միջին Ասիայի որոշ երկրներում, նախ եւ առաջ Տաջիկստանում եւ Ուզբեկստանում, անկախություն ստանալուց անմիջապես հետո եւ անգամ անկախությանը հասնելու գործընթացի ժամանակ առաջին գիծ է մղվել քաղաքական իսլամը: Այսինքն, ԽՍՀՄ փլուզումից համարյա անմիջապես հետո այդ կազմավորման մեջ մտած սուբյեկտները սկսել են կողմնորոշվել տրամագծորեն հակադիր աշխարհաքաղաքական տարածությունների օգտին:

Այսպիսով, Հարավային Կովկասի երկրները քիչ ընդհանուր բան ունեն Մերձավոր Արեւելքի հետ՝ եթե չնկատենք, որ ադրբեջանցիները մահմեդական են, իսկ Մերձավոր Արեւելքի շատ երկրներում կա հայկական սփյուռքը: Բայց հազիվ թե այս տարրերը կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ Ադրբեջանն ու Հայաստանը կամ, առավել եւս՝ Վրաստանը «դոմինոյի սկզբունքի» գոտու մեջ ներառելու համար:

Եվ, այնուամենայնիվ, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններն արդեն ունեն եւ, ամենայն հավանականությամբ, դեռ կունենան լուրջ ազդեցություն Հարավային Կովկասի երկրների ներքին եւ արտաքին քաղաքականության վրա: Նախ՝ չի կարելի չնկատել, որ Արեւմուտքը փորձում է արագացնել էվոլյուցիոն ուղեգիծը Հարավային Կովկասի երկրները ժողովրդավարեցնելու գործընթացում: Կուզենայի մեջբերել ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի խոստովանությունը, թե վերջին 40-50 տարիների ընթացքում Արեւմուտքը Մերձավոր Արեւելքում զոհաբերում էր ժողովրդավարությունը հանուն կայունության: «Բայց այսօր Մերձավոր Արեւելքում չկա ո’չ ժողովրդավարություն, ո’չ կայունություն», – հայտարարել էր նա դեռեւս ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ:

Պարզ ասած` ամեն գնով կայունություն պահպանելը, ժողովրդավարության գեթ էվոլյուցիոն կայացման եւ համընդհանուր կերպով ընդունված ժողովրդավարական հաստատությունների շրջանակներում սուր սոցիալ-քաղաքական հակամարտությունների կարգավորման հանդեպ որեւէ հույսի բացակայությունը վաղ թե ուշ հանգեցնում է հանրության տրամադրությունների ծայրահեղացմանը: Իսկ դա, իր հերթին, Արեւմուտքի համար վերածվում է լուրջ «գլխացավի»: Բավական է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ «հեղափոխական գարնան» հետեւանքով արաբական փողոցում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության են եկել տարբեր չափով ծայրահեղ հակաարեւմտյան ուժեր: Հազիվ թե Արեւմուտքը կամենար բախվել նման երեւույթի, ասենք՝ Ադրբեջանում:

Ամենայն հավանականությամբ, հենց դրանով կարելի է բացատրել Արեւմուտքի կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի վրա վերջերս ավելացած ճնշումները՝ ժողովրդավարական բարեփոխումներին առավել հետեւողականորեն ընդառաջ գնալու պահանջով:  Օրինակ՝ Եվրամիությունը Հայաստանին ֆինանսատնտեսական օգնության տրամադրման շարունակությունը պայմանավորել է արդեն տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների «որակով»:

Երկրորդ՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները հետզհետե մերձեցնում են այս տարածաշրջանը Հարավային Կովկասին: Մերձավոր Արեւելքում վերջերս ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում կարող են ի հայտ գալ նոր երանգներ:  Դրա մասին մայիսի 17-ին կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պատասխանատու Ֆելիքս Ստանեւսկին:

«Հարավային Կովկասն» անխուսափելիորեն ներքաշվելու է աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքում ընթացող փոփոխությունների հորձանուտը: Այս կապակցությամբ պետք է հասկանալ, թե ինչպիսի՞ն կարող են լինել երկրների դիրքորոշումներն իրադարձությունների հետագա զարգացման՝ օրինակ՝ սիրիական ճգնաժամի  դեպքում, կամ Իրանի շուրջ ծավալվող գործընթացների առնչությամբ», – ընդգծել է նա:

Փորձագետի կարծիքով, շատ երկրներում, այդ թվում եւ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում սպասվող կամ անցած ընտրություններից հետո ստեղծվելիք նոր իրավիճակը, անգամ եթե արմատապես չփոխի էլ ներկայիս դրությունը, միեւնույն է, վերջինիս վրա կգործի մեծ ազդեցություն. «Մենք պետք է հստակորեն պատկերացնենք, թե ինչպե՞ս կարող է զարգանալ հայ-ռուսական համագործակցությունը նոր գործոնների՝ Հարավային Կովկասի երկրներում եւ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող պետություններում ընտրությունների ալիքի համատեքստում»:[1]

Սկզբունքորեն ռուսաստանյան փորձագետի այս հայտարարությունը հավասարապես վերաբերում է նաեւ Ադրբեջանին: Ի վերջո, արաբական փողոցի «հեղափոխական գարունը» հարել է իրանական խնդրին:

Իրանական խնդիրն, ըստ էության, չի սահմանափակվում Թեհրանի ներկայիս վարչակարգի եւ Արեմուտքի միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա հակամարտությամբ: Իրանն, Արեւմուտքի կարծիքով, ինքնին տարածաշրջանային ապակայունացնող գործոն է: Այսօր հազիվ թե որեւէ մեկը կարող է ճշգրտորեն պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սիրիական իրադարձություններից հետո «արաբական գարնան» եւ իրանական խնդրի միջեւ ուրվագծված կապը հանդիսանում է հստակորեն մշակված եւ հետեւողականորեն իրագործված բազմաքայլ ծրագրի արդյունք, թե՞ սոսկ հանգամանքների պատահական զուգադիպության հետեւանք է: Այսպես, թե այնպես, դա աշխարհաքաղաքական ուժերի ներկա բաշխվածության տրամաբանական արդյունքն է:

Ոմանք միամտաբար կարծում են, որ միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածության հանգելու դեպքում հակամարտությունը կսպառվի: Ո°չ, եւ եւս մեկ անգամ՝ ո°չ: Արեւմուտքն ընդհանրապես չի հանդուրժում թեհրանյան վարչակարգին, քանի որ Իրանի վարած արտաքին քաղաքականությունը խանգարում է տարածաշրջանում նոր աշխարհակարգի հաստատմանը:

Հայտնի ռուսաստանյան լրագրող եւ քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը, մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, բառացիորեն ասել է հետեւյալը. «Թե ինչ եւ երբ ամերիկացիները կորոշեն անել՝ ոչ ոք գուշակել չի կարող: Նրանք կարող են սկսել եւ անել ամեն ինչ, եթե այն իրենց համար օգտակար համարեն եւ որոշեն, որ տարածաշրջանում եւ համաշխարհային հանրության մոտ առկա ուժերի հավասարակշռությունը նրանց անվտանգություն է երաշխավորում»:[2]

Այն դեպքում, եթե Արեւմուտքը, իսկ ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ն, իրանական խնդիրը սկսի լուծել ուժային եղանակով, ապա մեր տարածաշրջանում կարող են տեղի ունենալ լուրջ, ես կասեի՝ արմատական փոփոխություններ: Հասկանալի է, որ Իրանը չի կարող դիմագրավել ԱՄՆ հարվածին, ինչը կհանգեցնի Հարավային Կովկասում Արեւմուտքի ազդեցության ուժեղացմանը, եթե, իհարկե, Ռուսաստանն անգործություն դրսեւորի: Սակայն, Ռուսաստանը ստիպված կլինի գործել՝ կոպտորեն խախտելով Ադրբեջանի եւ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ուժերի ստեղծված բաշխվածության  պարագայում դժվար է ենթադրել, որ Ադրբեջանը կամ, առավել եւս` Վրաստանն «օգնության համար» դիմեն Ռուսաստանին:

Ոչ պակաս բարդ վիճակում կհայտնվի Հայաստանը: Ինչ էլ ասի հայ քաղաքագետների մեծ մասը, նրանք ստիպված կլինեն ընտրություն կատարել, հատկապես, եթե պարզ դառնա, որ Ռուսաստանը չունի տեղի ունեցող իրադարձություններին ռազմաքաղաքական աշխուժությամբ միջամտելու պաշարներ: Ես գիտակցաբար ղարաբաղյան խնդիրը «փակագծերից» դուրս եմ բերել, որովհետեւ իրանական հարցի լուծման դեպքում վերջինիս ազդեցությունը ուժերի տարածաշրջանային աշխարհաքաղաքական բաշխվածության վրա կտրուկ կնվազի…

—————-

1.http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1532102.html

2.http://1news.az/interview/20120515091536959.html#page999