50mg viagra

«Արաբական գարնան» հայկական հետեւանքները

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ
Երեւան

2011 թվականի հունվարի 4-ին խորը այրվածքներից մահացավ 27-ամյա Մոհամեդ Բուազիզին: Թունիսի Սիդի Բուզիդ քաղաքի փողոցային առեւտրականը մի քանի շաբաթ առաջ, ի նշան բողոքի, հրապարակայնորեն ինքնահրկիզվել էր: Երիտասարդ արաբի մահը դարձավ վերջին կաթիլը. թունիսցիները տասնյակ հազարներով դուրս եկան փողոցներ, իսկ մի քանի օր անց՝ 2011 թ. հունվարի 14-ին, երկրի 23 տարիների անպարտելի նախագահ Զին էլ Աբդին Բեն Ալին ճողոպրեց Սաուդյան Արաբիա:

«Արաբական գարուն». այսպիսի ընդհանուր խորագիր ստացավ այն գործընթացը, որը մեկը մյուսի հետեւից տապալեց բռնատիրական վարչակարգերն արաբական աշխարհում: Բեն Ալին կողմնորոշվեց եւ ճիշտ ժամանակին, գրեթե առանց դիմադրության ու զոհերի, հեռացավ իշխանությունից ու երկրից: Եգիպտոսում Հոսնի Մուբարաքին, Լիբիայում Մուամար Կադաֆիին եւ Եմենում Ալի Աբդուլահ Սալեհին տապալելու համար «արաբական գարունը» խլեց հազարավոր մարդկային կյանքեր:

Ընդդեմ ավտորիտար ու տոտալիտար վարչակարգերի փողոցային ընդվզումներ գրանցվեցին մի շարք այլ երկրներում՝ Ալժիրում, Հորդանանում, Բահրեյնում, անգամ՝ Սաուդյան Արաբիայում: Այսօր «արաբական գարունը» իր մահաբեր հետեւանքներով չոքել է Սիրիայի ու նրա ավտորիտար առաջնորդ Բաշար Ասադի դռան առաջ: Մինչեւ ո՞ւր է տարածվելու արաբական հեղափոխական ալիքը: Արդյո՞ք այն սահմանափակվելու է արաբական աշխարհում, թե° հեղափոխական ալիքը տարածվելու է նաեւ Մաղրիբի, Մերձավոր ու Միջին Արեւելքի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու ԱՊՀ տարածքում ընդհանրապես, որտեղ գահին կառչած ավտորիտար առաջնորդների պակաս չի զգացվում:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերին պատասխան ստանալու համար նախ պետք է հասկանալ՝ որքանո՞վ է «արաբական գարունը» ինքնաբուխ եւ արդյո՞ք փողոցային ցույցերը (որոնք Լիբիայում, իսկ այսօր նաեւ Սիրիայում վերածվել են կառավարական զորքեր-ընդդիմություն արյունալի պատերազմի) չեն օգտագործվում Արեւմուտքի կողմից իր համար անցանկալի վարչակարգեր տապալելու նպատակով:

Անկասկած, ինքնահրկիզված Բուազիզին ու միլիոնավոր արաբներ, որոնք տասնամյակներով կեղեքվում են կոռումպացված, հակաժողովրդավարական վարչակարգերի ճիրաններում, ինքնաբուխ են հրապարակ դուրս գալիս: Սակայն որոշ ժամանակ անց գործընթացների հետեւում նկատվում է խոշոր տերությունների ձեռքը: Լիբիայում ընդդեմ Կադաֆիի ապստամբներին բացահայտ օգնում էին եվրոպական պետություններ: Նույնը կատարվում է Սիրիայի դեպքում՝ այն տարբերությամբ, որ եթե արեւմտյան երկրներն ու Թուրքիան օգնում ու զինում են սիրիական ընդդիմությանը, ապա Չինաստանը ՄԱԿ-ի շրջանակներում, իսկ  Ռուսաստանը՝ նաեւ զենքով, աջակցում է Ասադի վարչակարգին:

Երբ Հորդանանում մարդիկ դուրս եկան փողոցներ, արեւմտյան լրատվամիջոցները գրեթե անուշադրության մատնեցին այդ փաստը, իսկ ԱՄՆ-ն ու եվրոպական ազդեցիկ երկրներն աջակցեցին Հորդանանի Աբդուլահ Երկրորդ թագավորին: Հորդանանը զգայուն Մերձավոր ու Միջին Արեւելքում Արեւմուտքի հավատարիմ բարեկամն է: Նույնը վերաբերում է Ծոցի երկրներին, այդ թվում՝ փոքրիկ Բահրեյնին, որտեղ բավականին երկար ժամանակ հազարավոր մարդիկ «արաբական գարնան» ազդեցության տակ դուրս էին եկել փողոցներ, սակայն արեւմտյան լրատվամիջոցները չտեսնելու էին տալիս:

Փոխարենը, Իրանի (Հայաստանի անմիջական հարեւան իսլամական այս հանրապետությունն արաբական երկիր չէ, թեեւ երկրի հարավ արեւմտյան մասում ունի զգալի թվով արաբ բնակչություն), Սիրիայի ու Լիբանանի լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում էին պահում հենց Բահրեյնը, որտեղ բնակչության մեծամասնությունը շիաներ են, մինչդեռ երկիրը կառավարում են սուննիները: Սա պատահական չէ: Իրանում, որը շիական աշխարհի սիրտն է, Սիրիայում, որտեղ իշխում են բնակչության ընդամենը 15 տոկոսը կազմող շիա ալավիները, եւ Լիբանանում, որը շիական «Հեզբոլահ» (թարգմաբար՝ Աստուծո կուսակցություն) ռազմա-քաղաքական միավորման հայրենիքն է, իշխող է այն մտայնությունը, որ «արաբական գարունը» բութ գործիք է Արեւմուտքի ձեռքում, իսկ ամերիկացիների ու եվրոպացիների նպատակը իշխանությունից շիաների հեռացումն է:

Իրավամբ, վերջին շրջանում Արեւմուտքի թիրախում հենց Լիբանան-Սիրիա-Իրան ռազմավարական եռանկյունին է: Այս իրականությունը Հայաստանին ու Սփյուռքին պետք է մտահոգի մի քանի պատճառներով: Դրանցից նշենք երեք հիմնականները.

Առաջին. Լիբանանը, Սիրիան եւ Իրանն այն երկրներն են, որոնք միջազգային կառույցներում եթե չեն աջակցում Հայաստանին, ապա միանշանակ ու անվերապահորեն չեն էլ պաշտպանում Ադրբեջանին: Այսօր այդ երկրներում հաստատված վարչակարգերը բարեկամաբար են տրամադրված Հայաստանի եւ իրենց քաղաքացի հայ բնակչության նկատմամբ:

Երկրորդ. Լիբանանը, Սիրիան եւ Իրանը շարունակում են պահպանել հայկական ստվար համայնքներ:

Երրորդ. Իրանը Հայաստանի հետ անմիջական սահմանակից չորս երկրներից է եւ, ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, Հայաստանը չի շրջափակել: Ավելին, Իրանը վերջին երկու տասնամյակներում եղել է Հայաստանի՝ դեպի արտաքին աշխարհ դուրս գալու հուսալի պատուհաններից մեկը:

Արդյո՞ք, «արաբական գարունը» սպառնո՞ւմ է Հարավային Կովկասի ավտորիտար առաջնորդներին: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ «արաբական գարունը» Հայաստանի ու հայ աշխարհի՝ Սփյուռքի համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում մոլորակի յուրաքանչյուր անկյունում կատարվող իրադարձություն իր արձագանքն է գտնում այլուր: «Արաբական գարունը» ոգեւորություն էր առաջ բերել նախկին հետխորհրդային երկրների ընդդիմության շրջանում, սակայն մինչեւ այսօր չկա ԱՊՀ  որեւէ պետություն, որտեղ ընդդիմությունը փողոցային գործողություններով լուրջ հաջողություն գրանցած լինի: Հետխորհրդային տարածքում փողոցային հեղափոխական ալիքի շնորհիվ վարչակարգեր տապալելու հաջողված փորձեր արձանագրվել էին դեռ 2003-ին Վրաստանում՝ «վարդերի հեղափոխություն», 2004-ին Ուկրաինայում՝ «նարնջագույն հեղափոխություն» եւ 2005-ին Ղրղզստանում՝ «կակաչների հեղափոխություն»: Այսքանով սահմանափակվեց հեղափոխական ալիքը ԱՊՀ տարածքում: Արեւմուտքը կարծես հաշտվել է այն մտքի հետ, որ ԱՊՀ երկրներում կառավարեն կիսաավտորիտար, ավտորիտար ու տոտալիտար վարչակարգեր: Արեւմուտքի գործը նախկին խորհրդային տարածքի մեծ մասում դժվարանում է նրանով, որ այդ երկրները բազմաթիվ թելերով կապված են Կրեմլին ու գտնվում են Ռուսաստանի ազդեցության ծիրում:

Սիրիան, արաբական մյուս երկրները, որտեղ կան հայահոծ համայնքներ, ինչպես նաեւ Իրանը, պետք է լինեն Հայաստանի եւ հայ աշխարհի ուշադրության կենտրոնում մի քանի պատճառներով: Վերցնենք Սիրիայի դեպքը:

Առաջին. ի տարբերություն Թունիսի, Եգիպտոսի, Եմենի ու Լիբիայի, որտեղ «արաբական գարունը» տապալել է այդ երկրների նախկին առաջնորդներին, Սիրիայում ներքաղաքական պատերազմը երկարաձգվելու ակնհայտ միտումներ ունի: Միջազգային հանրությունը, փոխանակ ճնշումներ բանեցնի նախագահ Ասադի վրա, որպեսզի վերջինս երկրի ներսում կատարի լուրջ քաղաքական բարեփոխումներ (նախագահ Ասադը, թվում է, պատրաստ է գնալ լրջագույն  զիջումների, բայց ոչ հեռանալու պաշտոնից), պահանջում է Սիրիայի առաջնորդի հրաժարականը: Ասադը հրաժարական չի տալիս: Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում կունենան սիրիական իրադարձությունները: Հավանական է, որ արյունահեղությունը շարունակվի: Թուրքիայի տարածքում հաստատված սիրիական ընդդիմությունը քաջալերում է, որպեսզի զինյալ ապստամբները պայքար մղեն Ասադի կառավարական ուժերի դեմ: Բախումների ընթացքում արյուն է թափվում, սպանվում են նաեւ հազարավոր խաղաղ բնակիչներ: Տուժածների մեջ կան նաեւ հայեր: Շուրջ 80 հազարի հասնող սիրիահայությունը, որ հիմնականում կենտրոնացված է Հալեպի, Ղամշլիի, Լաթաքիայի, Քեսապի ու Դամասկոսի շրջաններում, փորձում է պահպանել չեզոքություն: Նման կեցվածքն, անկասկած, արդարացված է, ավելին՝ դա է չարյաց փոքրագույնը: Սակայն չեզոքություն պահպանելը դեռ բավարար պայման չէ, որպեսզի սիրիահայությունը խուսափի զոհերից ու վիրավորներից: Բարեբախտաբար, հայաշատ շրջանները չեն դարձել կառավարություն-ընդդիմություն զինված պայքարի հիմնական վայրերը, թեեւ իրավիճակը մայրաքաղաք Դամասկոսում ու մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում, հատկապես վերջին շաբաթներին, հեռու է խաղաղ ու հանգիստ անվանելուց:

Երկրորդ. Սիրիայում ներքաղաքական պատերազմի ու արյունահեղության շարունակականությունը սիրիահայությանը կստիպեն ավելի ապահով վայրեր գտնել: Մարդկայնորեն հասկանալի է, որ սիրիահայությունը պետք է մտահոգվի իր ֆիզիկական անվտանգության խնդիրներով:

Ի տարբերություն Սփյուռքի այլ հայաշատ վայրերի, Սիրիան ու Լիբանանն ունեն առանցքային դերակատարություն ողջ հայկական աշխարհի համար: Հալեպը եւ Բեյրութը տասնամյակներ եղել են եւ շարունակում են մնալ շտեմարան՝ հայ աշխարհին տալով բազմաթիվ հոգեւորականներ, մտավորականներ, ուսուցիչներ ու ազգապահպանության համար կարեւոր այլ դերակատարներ: Ավստրալիայի, Ամերիկայի ու Եվրոպայի հայկականության ոգին պահպանողը տասնամյակներ եղել են հիմնականում Հալեպը եւ Բեյրութը թողած հայորդիները: Նրանք թողել են Հալեպն ու Բեյրութը, բայց իրենց հետ հայ աշխարհին են տարել հայկական ոգին:  Հայկական Սփյուռքի հարատեւությունն ու հայկական ոգու պահպանումն ուղղակիորեն կապված են Հալեպին ու Բեյրութին:

Երրորդը Հայաստանի Հանրապետության շահն է: Գրեթե կասկած չկա, որ Արեւմուտքը փորձում է արաբական աշխարհում եւ մուսուլմանական արեւելքում սահմանափակել շիաների իշխանությունը: Սիրիայում հաջողության հասնելու դեպքում հերթը, հավանաբար, կհասնի «Հեզբոլահին» Լիբանանում եւ Իրանին: «Հեզբոլահն» այսօր լուրջ ուժ է Լիբանանում: Նրա դեմ պատերազմը նշանակում է հերթական անհանգստությունը պատճառել լիբանանահայությանը: Լիբանանում նոր պատերազմի դեպքում այդ երկրի վերջին հիսուն հազար հայերի մի մասը եւս կարտագաղթեն: Իսկ ամենամտահոգիչը Իրանի դեպքն է: Իսլամական հանրապետության դեմ պատերազմը կամ ռազմական հարվածները Հայաստանին կկանգնեցնեն անելանելի ընտրության առաջ: