50mg viagra

Հասարակության վերածննդին սպասելիս

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
“Արցախի եվրոպական շարժում” ՀԿ նախագահ
Ստեփանակերտ

Ժողովրդի կողմից ընտրովի նախագահ ունեցող երկրներում նախագահական ընտրությունները հասարակական զարգացմանը նպաստող կարեւորագույն իրադարձություններից են: Սա մի միջոցառում է, որ թույլ է տալիս վերլուծել ու գնահատական տալ հեռացող նախագահի գործունեությանը, նշել զարգացման նոր ուղղություններ, նոր գաղափարների արծարծման հնարավորություն տալ նախընտրական ծրագրերի միջոցով:

 

Նախագահական ընտրությունները հնարավորություն են ընձեռում գաղափարների առաջմղման կոչումն ունեցող կազմակերպություններին` կուսակցություններին, մասնագիտական խմբերին, քաղաքացիների այլ միություններին իրենց մտահոգող հարցերը դարձնել նախըտրական ծրագրերի մաս եւ պայքարել այդ ծրագրերի իրականացման համար: Տվյալ պարագայում այնքան էլ կարեւոր չէ հաղթանակը, որեւէ ծրագրին տված մեծ թվով վստահության քվեն այդ ծրագրի մեջ տեղ գտած գաղափարներն ավելի պահանջված է դարձնում հասարակության մեջ:

Նախագահական ընտրությունները լավ հնարավորություն են հատկապես կուսակցությունների համար, որոնք հնարավորություն ունեն մեկ անգամ եւս ստուգել ժողովրդի տրամադրությունները, հետեւություններ անել ու ճշգրտումներ մտցնել իրենց ծրագրերում:

Վերոնշյալ ամեն ինչը տրամաբանական է նորմալ քաղաքական համակարգեր ունեցող երկրների համար, սակայն Արցախում քաղաքական այլ տրամաբանություն է գործում:

ԱԺ-ում ներկայություն ունեցող երեք կուսակցություններից ոչ մեկը թեկնածու չի առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: Եթե երկրի կուսակցություններից ոչ մեկը չի մասնակցում համապետական ընտրություններից որեւէ մեկին, ուրեմն այդ երկրում լրջագույն խնդիր կա քաղաքական կյանքի ընկալումների հետ կապված:

Իրականում քաղաքական այդ երեք կազմակերպություններից միայն մեկը կարող է հավակնել կուսակցության կոչմանը` դասական սահմանմամբ: Խոսքը Դաշնակցության մասին է, որն ունի գործող կառույցներ, մշտապես զբաղվում է նոր անդամների հավաքագրմամբ եւ ուսուցմամբ, ունի գաղափարախոսական ուժեղ հիմք: ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վարչական ռեսուրսի շնորհիվ քաղաքական կշիռ ստեղծելու փորձեր անող անհատների խմբեր են, որոնք իշխանությունը կորցնելուն պես դատապարտված են անհետացման, իրականում գործող մարմիններ չունեն, չեն զբաղվում անդամների ուսուցման եւ իրենց գաղափարների հրապարակայնացման գործով` վերջիններիս բացակայության պատճառով:

Եթե մյուս կուսակցություններն անվերապահ պաշտպանեցին գործող նախագահին, ապա Դաշնակցությունը փորձեց գոնե պայմաններ դնել Բ.Սահակյանի առջեւ: Նույնիսկ խիստ ձեւական այս քայլը ՙԱզատ Հայրենիքն՚ ու ԱԺԿ-ն ի վիճակի չեն անել:

Վերջին տարիներին Արցախում ստեղծված մթնոլորտը եւ քաղաքական համակարգի դեգրադացիան ցույց են տալիս, որ առկա կուսակցություններն ի վիճակի չեն նոր գաղափարների գեներացիա ապահովել: Նախագահական ընտրություններից հետո օրախնդիր է դառնալու նոր քաղաքական ուժի ստեղծումն այն անձանց կողմից, ովքեր չեն համակերպվում քաղաքական համակարգի ներկա որակի հետ, շատ հարցերում կիսում են նույն մոտեցումները, ունեն համապատասխան գիտելիքներ եւ փորձ:

Էլ ի±նչ պետք է սպասել առաջիկա ընտրություններից: Նախորդ նախագահական ընտրությունները ցույց են տվել, որ ընտրություններից հետո պարտված թեկնածուի կողմնակիցների եւ հարազատների նկատմամբ տեղի են ունենում ճնշումներ` հիմնականում աշխատանքից ազատման ձեւով: 2007թ. նախագահ ընտրված Բակո Սահակյանն այդպես էլ որեւէ քայլ չարեց հասարակությունը միավորելու եւ բոլոր արցախցիների նախագահը լինելու համար: Այս ընտրություններում կարեւորագույն խնդիրներից մեկը գավառամտության այս մակարդակից բարձրանալն է, ինչը նաեւ նոր քաղաքական մշակույթի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահի պաշտոնում իր առաջին իսկ ելույթում հայտարարեց, որ ինքը հանդիսանում է բոլոր ֆրանսիացիների նախագահը` անկախ նրանց քվեարկությունից: Կկարողանա±, արդյոք, Արցախի նորընտիր նախագահը վարվել Օլանդի պես եւ չկրկնել Բակո Սահակյանի սխալը: Այս հարցի պատասխանն էլ կպայմանավորի մթնոլորտն Արցախում հաջորդ հինգ տարիներին:

Այս ընտրություններում կարեւոր գործոն են լինելու նաեւ փոփոխությունների ակնկալիքները: Միայն վերջին մի տարվա ընթացքում փոփոխությունների ձգտող քաղաքացիներն աշխարհի մի շարք երկրներում ընտրությունների միջոցով փոխել են իրենց իշխանություններին: Խոսքը ոչ միայն ժողովրդավարական կարգ եւ ավանդույթներ ունեցող Ֆրանսիայի կամ Սերբիայի մասին է, այլ նաեւ Արցախի հետ համեմատելի մի երկրի` Մերձդնեստրի Հանրապետության, որտեղ գործող նախագահը ընտրություններում ստացած ձայների թվով երրորդն էր, իսկ նախագահ ընտրվեց ընդդիմության թեկնածուն:

Իշխանություններին փոխելու հիմնարար պատճառներ ունեն արցախցիները, քանզի ժողովրդի մեծամասնության եկամուտները չեն աճել այս տարիներին, իսկ եթե հաշվի առնենք նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների հսկայական գնաճը, ստիպված կլինենք փաստել, որ շատերի եկամուտներն էապես պակասել են: Սրա հիմնական պատճառն անարդյունավետ կառավարումն է ու իշխանությունների կոռումպացված լինելը: Կփոխե՟ն արցախցիներն այս վիճակը, թե՟ կշարունակեն հինգ տարի եւս ականատես լինել ընդամենը մի քանի հոգու հարստացմանը, կհամարձակվե՟ն վեր կանգնել աշխատանքը կորցնելու վախից եւ հստակ խոսել իրենց նախապատվությունների եւ խնդիրների մասին` կախված է փոփոխությունների կոչ անող հիմնական թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ հավատից, ինչպես նաեւ վերջինիս թիմի կարողություններից` կոտրել վախի մթնոլորտն Արցախում:

Հասարակության ակտիվացումն ու պահանջատեր դառնալն այն հիմնական քայլն է, որ թույլ կտա մեզ զարգանալ: Խնդիր ունենք ոչ միայն Բակո Սահակյանի կամ նրա թիմի, այլ նաեւ ընտրվելիք յուրաքանչյուր թեկնածուի հետ: Միայն ակտիվ հասարակությունը կարող է թույլ չտալ արատավոր կառավարման ավանդույթների շարունակումը` անկախ նրանից, թե ով կլինի Արցախի նախագահը:

Հետխորհրդային իներցիան նոր գաղափարներ չհանդուրժող կրթական համակարգի պայմաններում եւ կոմերիտական քարտուղարների առաջնորդությամբ նպատակ ունի ստեղծել ենթարկվող հասարակություն, ժողովրդից գողանալ իշխանությունը: Իզուր չէ, որ մեր հասարակության մեջ շատ հաճախ են նույնացվում պետությունը եւ իշխանությունը, նույնիսկ շատ պաշտոնյաներ դրանք իրարից տարբերել չեն կարողանում: Իշխանությունը հեշտությամբ զիջելով մի խումբ անձանց` ժողովուրդը դուրս է մնացել որոշումներ կայացնելու գործընթացից: Այս ընտրություններում գործող նախագահի պարտությունը կարեւոր է այն առումով, որ ժողովուրդը կարող է վերադարձնել իշխանությունը, սա միեւնույն ժամանակ դաս կլինի նորընտիր նախագահի համար, ով չի փորձի իր նախորդի նման արհամարհական վերաբերմունք ունենալ քաղաքացիների նկատմամբ եւ հստակ կհիշի, թե ում է պատկանում իշխանությունը:

Վերջին տարիներին իշխանություններն ամեն ինչ արել են հասարակության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ, լինի կրթական համակարգի ցածր մակարդակի պահպանմամբ, թե հասարակական կազմակերպությունների աշխատանքին խոչընդոտելով: Սրա հիմնական նպատակը եղել է երկրի տնտեսության զավթման գործում արգելքներ չհարուցելը:

Հասարակության ակտիվացումն ինքնաբերաբար չի լինում: Միշտ էլ լինում են անհատներ, խմբեր, որոնք ակտիվորեն աշխատում են` փորձելով քաղաքացիներին համոզել իրականացնելու սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքները: Այն երկրներում, որտեղ դա հաջողվում է, հանրության կողմից հաստատվում է արդյունավետ վերահսկողություն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչն էլ բերում է կառավարման որակի բարելավման եւ շարունակական զարգացման: Որտեղ որ դա չի հաջողվում, այդ երկրները շարունակում են տառապել աղքատության ճիրաններում եւ հետամնացության մեջ, ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի հոգի դառնում են երկրի հիմնական հարստության տերը եւ աստիճանաբար վերածվում են կաստայի:

Մեր հասարակության հիմնական դերն այս ընտրություններում նկարագրված երկրորդ սցենարը բացառելն է: