Ժողովրդավարությունը տարընթերցումներ չի հանդուրժում

Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
“Սոցիալական արդարություն” կուսակցության նախագահ, “Հելսինկյան նախաձեռնություն-92”-ի ԼՂ կոմիտեի համակարգող
Ստեփանակերտ

Ցանկացած երկրում ժողովրդավարական մակարդակը որոշող չափորոշիչների մեջ թերեւս ամենակարեւորը պետության եւ հասարակության ունակությունն է` անցկացնել ազատ եւ թափանցիկ ընտրություններ: Չճանաչված երկրի համար, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, ցանկացած ընտրություն ոչ միայն երկրի ղեկավարների սելեկցիան է, այլեւ թեստ` ճանաչված երկրների հանրությանը ցույց տալու իր հանձնառությունը մարդկային համակեցության հիմնարար արժեքներիª մարդու իրավունքների հարգմանն ու ժողովրդավարությանը:

1991 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում անց են կացվել բազմաթիվ ընտրություններ եւ հանրաքվեներ: Եւ դրանցում ամենանշանակալիցը եղել է այն, որ ամեն անգամ ընտրությունների ժողովրդավարականության, ազատ կամարտահայտման եւ դրա պարտադիր հաշվառման ցուցանիշը նվազել է:

Թերեւս բացառություն կարելի է համարել 2004 թվականի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, երբ իշխանությունները ճանաչեցին ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանի հաղթանակը: Թվում էր, թե հասարակության կողմից այդպիսի ժողովրդավարական վարքագծի բումից հետո ժողովրդավարական սկզբունքները պետք է ամրապնդվեին բացառապես ժողովրդավարության զարգացման շնորհիվ միջազգային հանրության կողմից ճանաչվելու հավակնող երիտասարդ հանրապետության բոլոր պետական եւ հասարակական-քաղաքական հաստատություններում: Ավաղ, ո׳չ իշխանավորները, ո׳չ էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ի վիճակի չէին պահպանել ազատության ոգին երկարաժամկետ հեռանկարում` գոնե մինչեւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը:

Ի հետեւանս դրա այսօր ղարաբաղյան հանրությունն ի վիճակի չէ կազմակերպել նորմալ ընտրություններ, ճանաչել ընտրությունների արդյունքները եւ հարգել ընտրված իշխանությանը: Այսօր, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական խնդիրն այն է, որ նա ի վիճակի չէ հարգել իշխանությանը, այն իշխանությանը, որը 1988-ի սկզբներին ժողովրդին համակած եւ նախկին Խորհրդային Միության փլուզման պատճառ դարձած ազատականության ոգին կոտրել է: Եւ դա գալիս է ընտրված իշխանության հետընտրական վարքագծի ավանդույթից, որը գրեթե միշտ հիասթափեցրել է ժողովրդի սպասելիքները եւ ոտնահարել է բնակչության գերակշիռ մեծամասնության շահերը` հանուն իր սեփական շահերի եւ հանուն այն կլանների շահերի, որոնք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքը:

Երբեք հասարակական-քաղաքական կյանքի ձեւախեղումն այնքան ցայտուն չի եղել, ինչքան վերջին 5 տարիների ընթացքում, ինչը վերջնական արդյունքում բերել է երկրի ողջ հասարակական-քաղաքական կյանքի անդամալուծությանը:

Ղարաբաղյան հասարակության իներտ վիճակի վառ օրինակ է քաղաքական կուսակցությունների կողմից երկրի ղեկավարի պաշտոնում թեկնածուների չառաջադրումը: Այս օրինակը հիվանդ ժողովրդավարության վառ դրսեւորում է:

Ես այս հոդվածում մանրամասն չեմ անդրադառնալու ազատականացման խնդիրներին` այդ բառի լայն իմաստով, քանի որ այս հոդվածի ձեւաչափը պահանջում է առավել հակիրճ բովանդակություն: Բայց կցանկանայի, հատկապես մերօրյա ղարաբաղյան ՙէլիտայի՚ համար, ընդգծել, որ ժողովրդավարացման գործընթացների համատեքստում ազատականացումը ցանկացած ժողովրդավարական հասարակության զարգացման հիմքերի հիմքն է: Ժողովրդավարությունը տարընթերցումներ չի հանդուրժում: Չի կարող լինել ժողովրդավարական պետություն, երբ երկրի ողջ տնտեսությունը վերահսկվում է ընդամենը 2-3 կլանների կողմից: Չի կարող լինել ժողովրդավարություն, երբ ազգային ծրագրերն իրականացվում են առանց ժողովրդի մասնակցության դրանց քննարկումներին եւ որոշումների կայացմանը: Չի կարող լինել ժողովրդավարոթյուն, երբ ժողովուրդը հեռացված է ընտրված իշխանությանը վերահսկելու հնարավորությունից: Չի կարող լինել ժողովրդավարություն, երբ երկրում բացակայում են այլընտրանքային ԶԼՄ-ները, իսկ զանգվածային լրատվության նոր միջոցները, այսպես կոչված սոցիալական մեդիաները, գտնվում են այն կառույցների համակ ուշադրության ներքո, որոնք իրենց անարհեստավարժությամբ սպառնում են ոչ միայն հասարակության շրջանում այլընտրանքային տեսակետներին, այլ նաեւ ԼՂՀ անվտանգությանը:

Իրական ազատականության բացակայությունը հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ պահանջված չեն մասնագետ եւ բանիմաց մարդիկ: Տպավորություն է ստեղծվում, թե այդպիսի մարդիկ վտանգ են ներկայացնում երկիրը ղեկավարող անձանց գոյության եւ շահերի համար: Արդյունքում, երկիրն արդեն երկրորդ տարին շարունակ Freedom House-ի կողմից ստանում է ոչ ազատ երկրի վարկանիշ: Ազատության մակարդակի առումով մենք դարձել ենք այնպիսի անազատ երկիր, ինչպիսին Ադրբեջանն է. երկար տարիներ շարունակ Ադրբեջանի Հանրապետությունը գնահատվել է որպես անազատ երկիր: Բայց չէ՟ որ մեր հիմնական խաղաքարտերից մեկը եղել է մեր` մասամբ ազատ երկրի կարգավիճակը, որը տրվել էր նույն Freedom House-ի կողմից: Մենք զրկվել ենք այդ առավելությունից, եւ ի հետեւանս դրա ստացել ենք մի իրավիճակ, երբ մեր հասարակությունը կարող է ապակառուցողական միջոցների թիրախ դառնալ միջազգային կազմակերպությունների համար, ինչի արդյունքում լուրջ վնաս է հասցվում ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Ավելին, այդ իրավիճակի համար մեղավոր անձինք ոչ միայն չեն պատժվել, այլեւ շարունակում են մնալ իրենց դիրքերում եւ նպաստել ԼՂ մեկուսացմանն ու միջազգային ասպարեզում ԼՂՀ համար բացասական վարկանիշի ստեղծմանը:

Եթե այս ընտրությունների արդյունքում հաղթած նախագահը ոչ թե խոսքով, այլ գործով արմատապես դեպի դրականը չփոխի ժողովրդավարության վիճակը եւ չչեզոքացնի վերոնշյալ թերություններն ու ազատականության բացակայությունը, ապա Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է լինելու առերեսվել մի իրավիճակի հետ, երբ ինքը պետք է առավելագույն մտավոր, ֆիզիկական եւ այլ ճիգեր գործադրի, որպեսզի համոզի միջազգային հանրությանը, որ ինքն իրավունք ունի ապրել իր պապական հողում:

Այսօր կարեւորագույն խնդիրներից մեկը ԼՂՀ ընտրական համակարգի զարգացումն է: Ներկայիս համակարգը չի բացառում ձայների հաշվարկի հետ կապված աճպարարությունները: Հնարավոր է կեղծել ընտրությունների արդյունքները եւ դրան զուգահեռ, առանց ամաչելու հայտարարել, թե ընտրություններն անցել են ժողովրդավարական լավագույն ավանդույթների եւ միջազգային չափանիշների ու մեթոդաբանության համապատասխան: Հնարավոր է…Բայց, միեւնույն ժամանակ, ժողովուրդը, որը քվերակել է այլ կերպ, կսկսի կասկածներ տածել իշխանությունների նկատմամբ, քանի որ ինքը քվեարկել է այլ կերպ եւ ակնկալել է այլ արդյունքների ճանաչում: Ձեւավորվող իշխանության հանդեպ ընտրողի վստահության կորուստը հասարակությունների ամենալուրջ խնդիրներց է: ԼՂ հասարակության համար միջազգային մեկուսացման պայմաններում նման իրավիճակը կնշանակի հերթական հնգամյա թշվառացում եւ արդարության հանդեպ վստահության կորուստ: Իսկ արդարության հանդեպ վստահության կորուստը սադրում է ամենավնասակար իրավիճակը, երբ ժողովուրդը կարծում է, որ իշխանություններն իրենից խլում են իր երազանքը:

Հարկ է նշել, որ այդ հարցում պակաս կարեւոր դերակատարություն չունի ԼՂ-ում հետընտրական ժողովրդավարության հետ կապված իրավիճակը, իսկ ավելի հստակ` ժողովրդի հեռացումը գործադիր իշխանության գործունեությունը վերահսկելուց: Ժողովուրդն իրեն խաբված եւ խոցելի է զգում այն իշխանությունից, որին հենց ինքը,կարծես թե, մանդատ է տվել: Արդյունքում, ստորացված եւ վիրավորված ժողովուրդը, ի վիճակի չլինելով փոխել իրավիճակն այնպես, որ հարգվի մարդկային արժանապատվությունը, մի կողմ է քաշվում պայքարից (որն ամբողջ աշխարհում հանդիսանում է ժողովրդավարության զարգացման ծանրակշիռ չափորոշիչներից մեկը), պարփակվում է ինքն իր մեջ եւ դառնում անտարբեր ոչ միայն սեփական պետության ճակատագրի, այլ նաեւ համամարդկային արժեքների հանդեպ:

Ի հետեւանս դրա այսօր Լեռնային Ղարաբաղում ակներեւ է հասարակության ապամարդասիրականացումը, եւ դա եւս այսօրվա իշխանությունների պատճառով: Վերջին տարիներին ընտրությունները, որոնք կոչված են ժողովրդի ներուժը գործի դնելուն երկրի զարգացման ուղղության եւ նրա իրավունքների ընդլայնման ռազմավարության ձեւավորման համար, վերափոխվում են կոռումպացված մի նախաձեռնության, որում տնտեսական խնդիրների եւ առօրեական ստորացումների հետեւանքով ժողովրդավարական ՙփչացած՚ ճաշակով ժողովրդին մնում է միայն արհամարհել իր իրավունքներն ու նայել իշխանության ձգտող անձանց դրամապանակներին:

Բացառություն չեն լինելու նաեւ այս ընտրությունները: Ավելին, այս ընտրությունները կազմակերպում է գործադիր իշխանությունը, որի մերձավոր շրջապատը բարեհաջող կերպով սեփականաշնորհել է Լեռնային Ղարաբաղի պաշարների զգալի մասը եւ ձգտում է սեփականաշնորհել նաեւ ժողովրդի կամքը: Սա շատ վտանգավոր միտում է: Այդ միտումի մյուս երեսն էլ կա` երբ ղարաբաղյան հասարակության ամբողջական ապաժողովրդավարացումը վերջին 5 տարիներին ԼՂՀ ժողովրդին հասցրել է մի այնպիսի վիճակի, երբ այն ի վիճակի չէ որեւէ նախաձեռնության, որը միտված կլինի երկրի հասարակական-քաղաքական մթնոլորտի առողջացմանը:

Եւ այդ ժողովուրդը ՙպատրա՟ստ՚ կլինի երկարաձգել իր ներկայիս վիճակը եւս 5 տարով: Իսկ հետո՟, հետո ի՟նչ է լինելու…

Share

Comments are closed.