Պայքարը թեժ է լինելու

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Այն, որ Արցախում այս ընտրությունների ժամանակ պայքարը թեժ է լինելու, դրանում, համենայնդեպս, արցախցիների շրջանում շատ քչերն են կասկածում: Իսկ պայքարը, ինչպես եւ հուշում են զարգացումներն ու քաղաքացիների շրջանում շրջանառվող` այս կամ այն թեկնածուի ընտրվելու հավանականության մասին լուրերը, ծավալվելու է հիմնականում երկու թեկնածուների միջեւ: Այս ընտրությունների ֆավորիտ են համարվում գործող նախագահ Բակո Սահակյանը եւ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Մյուս երկու թեկնածուները` թոշակառու Վալերի Խաչատրյանը եւ Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանն աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ, ինչպես նաեւ ընդգծված դիրքորոշմամբ: Բացի այդ, այստեղ շատ մեծ դեր է խաղում հասարակության շրջանում ճանաչման եւ հարգանքի աստիճանը, ինչն առավելապես երկու ֆավորիտային թեկնածուների օգտին է խոսում:

Ինչպես սպասվում էր` դեռեւս մինչեւ քարոզարշավի մեկնարկը Արցախի խորհրդարանական բոլոր երեք ուժերն էլ հանդես եկան գործող նախագահ Բակո Սահակյանին սատարելու մասին պաշտոնական հայտարարություններով: Ի տարբերություն 2007 թվականի` այս անգամ կուսակցություններն առանձին-առանձին հանդես եկան ու երկար-բարակ չխոսեցին միասնականության ու միասնական թեկնածուի մասին: Չնայած դրանից ոչինչ էլ չի փոխվում: Խորհրդարանական ուժերին հետեւեց նաեւ Կոմունիստական կուսակցությունը: Մնացած փոքրաթիվ կուսակցությունները, թեկուզ մինչ այդ նույնպես հայտարարել էին նախագահին սատարելու մասին, պաշտոնական հայտարարություն չարեցին:

Հետաքրքրականն այն էր, որ բոլոր կուսակցությունների այդ հայտարարությունից միայն երկուսինը քննարկման առարկա դարձավ` ՙԱզատ Հայրենիքինը՚ եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեինը:

ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության անդամ Արթուր Թովմասյանը կուսակցության համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառաբանության խոսքեր շռայլեց կառավարության եւ նախագահի հասցեին, չմոռանալով նաեւ իր հայտնի արտահայտությունը` փառք մեր կառավարությանը: Նա, սակայն, միայն մեկ շաբլոնային նախադասությամբ հիշեցրեց, որ երկրում խնդիրներ կան: Բայց ահա շատ հստակ նշեց նախագահին սատարելու պատճառի մասին. ՙԲակո Սահակյանը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք արժեւորում են իրենց իսկ արտահայտած յուրաքանչյուր բառ եւ առավելագույնս հավասարակշռված այդ բառերն արտահայտում: Եթե ուշադրությամբ հետեւել եք նրա հարցազրույցներին` միշտ օրենքի գերակայության մասին է խոսում: Եվ լինելով այս երկրի քաղաքացի` ես կարեւորում եմ, որ օրենքի գերակայությունը կարեւոր է գործող նախագահի համար, եւ դա լավ է ժողովրդի համար: Բակո Սահակյանն ունի ծանրակշիռ ներկայություն ԼՂՀ քաղաքական կյանքում, բայց նա քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվեց` որպես ԼՂՀ նախագահի թեկնածու: Այս պահի համար դա ամենաճիշտ որոշումներից մեկն է: Նման տրամաչափի քաղաքական գործչի տվյալ որոշումը դասական նոր եղանակ է: Եւ ամենակարեւորը` ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցությունը գտնում է, որ ԼՂՀ գործող նախագահն ունի անձնական խարիզմա եւ կտրուկ ու անաչառ որոշումներ կայացնելու անուրանալի հաստատակամություն՚:

Բակո Սահակյանին սատարելու մասին ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հայտարարությունն ավելի երկար քննարկվեց, քանի որ նախ` Վիտալի Բալասանյանը հանդիսանում է ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ եւ պետք է բացատրվեր, թե ինչու վերջինիս չեն պաշտպանում, այլ նախընտրում են գործող նախագահին սատարել, իսկ երկրորդն էլ այն պատճառով, որ ԿԿ-ի հայտարարության եւ մի քանի օր անց ԿԿ ներկայացուցչիª իրենց պաշտոնական կայքին տված հարցազրույցի մեջ հակասական մտքեր ու կարծիքներ հնչեցին:

ԿԿ-ն իր հայտարարության մեջ հստակ նշել էր. ՙԱնշուշտ, կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թեւերի տարանջատում, խորացել են զսպման եւ հակակշռման մեխանիզմները, որի հետեւանքով առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում, իրականացվել է նպատակաուղղված քաղաքականություն սոցիալական ոլորտում եւ տնտեսական զարգացման ուղղությամբ, Արցախի արտաքին քաղաքականության ասպարեզում դրսեւորվել է հայանպաստ կարծր կեցվածք: Սակայն նկատելի են նաեւ լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների հաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծված քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ եւ ցուցաբերել նոր մոտեցումներ: Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի պահպանել այն վստահությունն ու ոգեւորությունը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին՚:

Այս հայտարարությունն արվեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Արցախ այցելելուց հետո: Սակայն հայտարարությունից մի քանի օր անց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը որոշեց հարցազրույց տալ իրենց պաշտոնական կայքին, որում լուրջ քննադատություն հնչեց նախագահի ու նրա շրջապատի վերաբերյալ:

ՙՀՅԴ Արցախի կառույցն անվերապահորեն վստահու՟մ է գործող նախագահին՚ հարցին ի պատասխան Դավիթ Իշխանյանը նշել է. ՙԱրցախի ՀՅԴ կառույցն, անշուշտ, դժգոհ է եղել ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանից` երկրի ներքաղաքական կյանքի որոշ ոլորտներում իրականացված քաղաքականությունից: Հատկապես մեզ համար անընդունելի է Արցախում գործող քաղաքական կուսակցությունների երկրի կառավարման համակարգում դերակատարության անտեսումը, կադրային քաղաքականությունը, վերաբնակեցման ուղղությամբ տարվող աշխատանքները եւ, վերջապես, Արցախում ստեղծված հասարակական այն մթնոլորտը, որում աչքաթող է արվում այլակարծության գոյության հնարավորությունն ու փաստը: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն վերը նշված մտահոգությունները բազմիցս զանազան մակարդակներով ներկայացրել է գործող իշխանություններին: Նշված մտահոգություններից ելնելով` առաջիկա ընտրություններին Բ. Սահակյանին աջակցելը պայմանական հարթության վրա է դրված՚,- նշել է Դ. Իշխանյանը:

ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ կուսակցությունը նախընտրական շտաբների մաս չի կազմելու` բացատրելով. ՙայն անձինք, որոնք զբաղեցնելով իշխանական պաշտոններ` պատճառն են դարձել հասարակական մթնոլորտի այլասերման եւ հովանավորչության կայացմանը, մաս են կազմում Բ. Սահակյանի քարոզչական շտաբներին՚: ՙԵլնելով այս հանգամանքից, ԿԿ-ն որոշել է չմասնակցել Բ. Սահակյանի քարոզչական շտաբների աշխատանքներին եւ պահանջվում է, որպեսզի ընկերները որեւէ մասնակցություն չունենան վերոհիշյալ աշխատանքներին: Մենք ստեղծելու ենք մեր շտաբները եւ նրանց միջոցով համակարգելու ենք մեր աշխատանքները՚,- հավելել է նա:

Հետաքրքիր է` ո՟ր պաշտոնյաների մասին է խոսքը. ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ կանգնած էին Բակո Սահակյանի կողքի՟ն, թե՟ որ պետք է կանգնեն: Մեծ հաշվովª գործող նախագահի շրջապատը, ըստ երեւույթին, չի փոխվի. նրա կողքին դարձյալ կլինեն վարչապետը, ներկայիս քաղաքապետը, ով, ի դեպ, նախորդ անգամ նախընտրական շտաբի պետն էր, մի քանի նախարարներ ու այլ պաշտոնյաներ: Եթե Դաշնակցությունը համաձայն չէ վերոնշյալ ուղղություններով, այն էլ` ռազմավարական նշանակության, կատարված աշխատանքների եւ նախագահին շրջապատող պաշտոնյաների գործելաոճի հետ, ապա հետաքրքիր է իմանալ` ինչո՟ւ է նախընտրել նորից պաշտպանել նույն թեկնածուին, ում շուրջը ընտրություններից հետո նորից կլինեն նույն մարդիկ` նույն գործելաոճով: Որոշ շրջանակներում արդեն իսկ գերիշխող է այն կարծիքը, որ որոշումը կայացվել է Հրանտ Մարգարյանի թելադրանքով ու արցախյան դաշնակցության վենախավի միայն մի քանի հոգու համաձայնությամբ:

ԿԿ ներկայացուցիչը նաեւ հայտնեց, որ չնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության` նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի հետ համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով: Նրա խոսքերով` հունիսի 6-ին կայացած նիստում ՀՅԴ Բյուրոյի հետ համատեղ որոշում է կայացվել նաեւ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունից հեռացնել Վիտալի Բալասանյանին:

Դեռեւս նախընտրական քարոզարշավի նախօրեին, ավելի կոնկրետ` հունիսի 15-ին, Վիտալի Բալասանյանը բաց նամակ հղեց գործող նախագահ Բակո Սահակյանին, որում տեղեկացվում էր, որ քարոզարշավը դեռ չսկսած` Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը եւ անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում, որոնցում ընդգրկված են նաեւ շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ:
ՙ2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ եւ անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները եւ այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության եւ երկրի միջազգային վարկանիշի նվազման: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես եւ իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները եւ օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու՚,- ընդգծել է նա:

Չնայած քաղաքական ուժերի` Բակո Սահակյանին սատարելուն, բնակիչների շրջանում շատ է խոսվում ընտրություններում Վիտալի Բալասանյանի հաղթանակի հավանականության մասին, քանի որ այս իշխանություններից դժգոհողներ շատ կան:

ՙԼՂՀ-ում բողոք կա, որն ինչ-որ կերպ արտահայտվելու է՚,- ՙԱռաջին լրատվականի՚ հետ զրույցում նշել է ՙԱրցախի Եվրոպական շարժում՚ ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը, ում խոսքերովª դժգոհություններ կան տարբեր գերատեսչություններում աշխատող անձանց, սոցիալական տարբեր խմբերի, կուսակցությունների կողմից:

Հայկ Խանումյանը, ով գործող նախագահի լուրջ մրցակից է համարում Վիտալի Բալասանյանին, ընտրություններից սպասում է մթնոլորտի փոփոխություն` անկախ նրանից, թե ով կհաղթի: ՙԳլխավորը լինելու է երկրում վախի մթնոլորտի վերացումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրողների` առանց վախի ընտրելու, առանց հարկադրանքի արտահայտվելու հնարավորությունը՚,- գտնում է նա:

ԱրՊՀ դասախոս, վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը գտնում է, որ այս ընտրություններում ընդդիմադիր թեկնածու չկա: Չնայած Վիտալի Բալասանյանի ընդդիմադիր կեցվածքին, նա, ըստ Դ. Կարաբեկյանի, նախկինում իշխանության ներկայացուցիչ էր եւ հիմա ընդդիմախոսի դերում է, բայց ոչ ընդդիմադիր ուժի ներկայացուցչի:

Վերլուծաբանը միաժամանակ կարծում է, որ քարոզարշավի ժամանակ ընտրողների վրա իր ազդեցությունը կարող է ունենալ նաեւ Վիտալի Բալասանյանի` սոցիալական ցանցերում ցուցաբերվող ակտիվությունը: Սա ըստ նրա` Ղարաբաղի ընտրությունների պատմության մեջ նորարարություն է:

Գործող նախագահի շանսերն ավելի բարձր գնահատող Դավիթ Կարաբեկյանի կարծիքովª իշխանություններն ավելի պատրաստված են քարոզչություն իրականացնումª ելնելով նախորդ ընտրությունների փորձից: Ըստ նրա, ճիշտ է, նրանց գործունեության ընթացքում բացթողումներ ու խնդիրներ են եղել, սակայն քաղաքացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել անորոշության եւ որոշակի արդյունքների միջեւ: Կարաբեկյանը մյուս երկու թեկնածուների` Վալերի Խաչատրյանի եւ Արկադի Սողոմոնյանի` ընտրություններում հաղթելու շանսերը բարձր չի գնահատում` վերջինիս հայտարարությունները գնահատելով պոպուլիստական:

Նախընտրական քարոզարշավը շարունակվում էª հիմնականում Բակո Սահակյանի ու Վիտալի Բալասանյանի ակտիվ մասնակցությամբ: Թե ինչ արդյունքներ կարձանագրվեն նրանց շտաբերի ղեկավարների` վարչապետ Արա Հարությունյանի եւ ՙՇարժում 88՚ կուսակցության նախագահ, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի գլխավորությամբ կազմակերպվող քարոզարշավի արդյունքում` պարզ կդառնա հուլիսի 20-ին` ընտրություններին հաջորդող օրը:

Share

Comments are closed.