Կադրային քաղաքականությունում անելիքները շատ են

Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Վալերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

 

 

 

 

-Պարոն Խաչատրյան, ինչպե՟ս եք գնահատում գործող նախագահ Բ.Սահակյանի պաշտոնավարման 5 տարիները:

-Կարծում եմ, քաղաքական էթիկայի տեսանկյունից անհամեստություն կլիներ միանշանակ գնահատական տալու գործող նախագահի հնգամյա գործունեությանը, քանի որ նախընտրական մրցապայքարի մեջ ընդգրկվելու հանգամանքը կարող է թողնել առավելապես սուբյեկտիվ եւ կանխակալ կարծիքի տպավորություն: Բայց եւ այնպես, օբյեկտիվ ճշմարտությունը կայանում է նրանում, որ, իրավամբ, այս հինգ տարիներին հանրապետության ներքին կյանքում տեղի են ունեցել առաջընթացի իմաստով բավականին արմատական տեղաշարժեր, բեկում է մտցվել հանրային կենսակերպի մեջ, չնայած առկա ընթացիկ թերացումներին ու բացթողումներինª երիրը դուրս է բերվել տնտեսական զարգացման եւ պետական իշխանության մարմինների գործունեության որակապես նոր ուղեծիր: Այս փաստն անզեն աչքով անգամ տեսանելի է, եւ վստահաբար կարող եմ ընդգծել, որ գործող նախագահի նախկին նախընտրական ծրագրերը հիմնականում իրագործվել են: Այդուհանդերձ, ամենաճիշտ ու վճռորոշ գնահատական տալու նախապատվությունը պետք է թողնել ընտրողներին:

-Ի՟նչ սկզբունքային տարաձայնություններ ունեք գործող իշխանության հետ:

-Պետության արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում առաջնակարգ նշանակություն ունի կադրային քաղաքականությունը, որը տարիներ շարունակ խոցելի էր մեր երկրի կյանքում:
Կադրերի ճիշտ ընտրությունը պետք է չափորոշիչներ ունենա, ասենքª կապվածությունը ժողովրդական զանգվածների հետ, հարգանքն ու հեղինակությունը իր բնակավայրում եւ, իհարկե, հավատարմությունը իրեն վստահված գործին:
Կադրերի հարցը բազմաթիվ յուրահատկություններ ունի: Մինչդեռ հանդիպում ենք ղեկավարների, ովքեր արժանահավատ կրթություն ունեն, խոսում են անթերի հայերենով, բայց պետական իշխանության որեւէ պատասխանատու կառույց ղեկավարելու համար, թող թույլ տրվի ասել, այնքան էլ պիտանի չեն:

Ճշմարտությունը պետք է ասել` այս բնագավառում անելիքներ շատ են:

Գյուղի զարգացման հարցում` կապված կոլեկտիվ եւ ֆերմերային տնտեսությունների ստեղծման հետ, պետական աջակցություն չի ցուցաբերվել: Այսօր գյուղերում մեծ քանակությամբ վարելահողեր չեն մշակվում:

-Ինքնաառաջադրվելով` Ձեր սոցիալական կարգավիճակը ներկայացրել եք որպես գործազուրկ: Ո՟րն է Ձեր գործազրկության հիմնական պատճառը, եւ ինչու՟ Դուք պահանջված չեք ներկայիս իշխանության օրոք:

-Աշխատանքից ազատվել եմ 2012թ. փետրվարին, համաձայն ՙԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին՚ օրենքի համապատասխան հոդվածի, այն է` օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը:

Քանի որ որոշել էի իմ թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, նպատակահարմար գտա դեռ աշխատանք չփնտրել:

-Արդյո՟ք կարելի է պնդել, որ գործազրկությունն այսօրվա ԼՂՀ-ի համար ամենաօրախնդիր հարցերից է:

-Ինչպես բոլոր երկրներում` ԼՂՀ-ում առավել եւս գործազրկությունն ամենաօրախնդիր հարցերի հարցն է: Հասարակության այս ամենամեծ չարիքի մասին ուզում եմ ասել ավելի կարճ:
Ընտանիքների քայքայման, հանցագործությունների, անօրինականությունների, հակահասարակական երեւույթների աճի, մեզ համար ամոթալի երեւույթ դարձած մուրացկանության, դժգոհությունների մեծ մասը գործազրկության հետեւանք են:

-Դուք խորհրդարանական գործունեության որոշակի փորձ ունեք` պատգամավոր եք եղել, նաեւ աշխատել եք ԱԺ աշխատակազմում: Արդյո՟ք սպառված եք համարում Ձեր առաքելությունը ներկայացուցչական մարմնում, եւ ի՟նչն է Ձեզ վստահություն ներշնչել նախագահի պաշտոնում հաջող գործունեություն ծավալելու հնարավորության հարցում:

-Իմ աշխատանքային գործունեությունն ու կյանքի փորձն անբասիր, մատչելի ու հարուստ են: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ կոլտնտեսականի աշխատանքից: Աշխատել եմ բանվոր, ծառայել եմ խորհրդային բանակում, 6 տարի զբաղվել եմ ուսուցչությամբ, շուրջ 35 տարի պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել գործադիր եւ օրենսդիր մարմիններում: Եղել եմ հասարակական աշխատանքների ակտիվ մասնակից, հանրության կողմից ճանաչված:
Ես այն տարիքում եմ, որ իրավունք ունեմ հավատալու իմ կենսափորձին: Սպառված են նրանք, ովքեր ոչինչ չունեն անելու:

-Նախընտրական այս օրերին հանրությունում շրջանառության մեջ են, այսպես կոչված, ֆոնային կամ դրածո թեկնածուների մասին զրույցներ: Որքանո՟վ եք հիմնավորված համարում նման զրույցները եւ որքանո՟վ են լուրջ Ձեր նպատակները:

-Յուրաքանչյուր ընտրապայքար, որը տարվում է առաջադրված թեկնածուների միջեւ, մրցակցությունն է հաղթանակի հասնելու համար: Որոշ մրցակիցների կողմից պայքարը կազմակերպվում է քաղաքակիրթ ձեւով, որին ես կողմնակից եմ, ոմանց մոտ մրցակցին ինչ-որ ձեւով փնովելով: Չեմ ուզում իջնել նման մակարդակի: Այդ պատասխանը տրված է ս.թ. հունիսի 15-ին ԼՂՀ ԿԸՀ-ի կողմից` առաջադրված 4 թեկնածուներին գրանցելու մասին որոշումով:

-Արցախում այսօր չկա քաղաքական ընդդիմություն, ինչը բացատրվում է արցախյան ժողովրդավարության յուրօրինակ մոդելով: Արդյո՟ք աշխարհի համար ընկալելի է դասական ժողովրդավարությունից էապես տարբերվող մոդելը: ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում որքանո՟վ պահանջված կլինի ընդդիմության առկայությունը: Թե՟ Դուք էլ կուզենայիք միասնական թեկնածու լինել հետագա ընտրություններում:

-Ընդիմությունը քաղաքական կուսակցություններն են ձեւավորում: Լայն իմաստով` քաղաքական կուսակցությունների դերակատարումն արտահայտվում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, հետազոտությունների կատարումով, թերությունների հայտնաբերումով եւ դրանց վերացման ուղղությամբ ակտիվ հասարակական, քաղաքական դրսեւորումներով:

Կարեւորը ոչ թե այն է, թե ինչ են ասում կուսակցությունները, այլ այն, թե ինչ են անում նրանք, ինչպես են վարվում զանազան քաղաքական հարցեր լուծելիս, ինչպես են շոշափում ժողովրդի կենսական շահերը: Կուսակցություն ստեղծելը ինքնանպատակ չպետք է լինի, ոչ էլ պարապությունը լրացնելու միջոց, կամ էլ հանրային շահի տակ նեղ անձնականը քողարկելու միջավայր: Ներկայումս հանրապետությունում գրանցված են շուրջ մեկ տասնյակ քաղաքական կուսակցություններ: Ունենք ինչպես մեկդարյա, այնպես էլ տասնամյա պատմություն ունեցող կուսակցություններ: Ընդդիմությունն առաջանում է ինքնիրեն, ոչ թե հրահանգավորվում է վերեւներիցª ցուցադրման նպատակով: Մեր երկրի պայմաններում գերադասելի է ոչինչ չունենալ, քան ունենալ այնպիսի արհեստածին ընդդիմություն, որը չի բռնելու ժամանակի քննությունը: Ես կողմնակից եմ կառուցողական ընդդիմությանը:

-Ինչպե՟ս եք գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Եվ ի՟նչ կարծիքի եք Մինսկի խմբի գործունեության մասին:

-Հաշվի առնելով, որ այսօրվա պայմաններում Մինսկի խմբի պետությունների, ինչպես նաեւ աշխարհի այլ գերտերությունների կողմից չկան ճնշումներ Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում, եւ որ առանց Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքի արտահայտման որեւէ որոշում չի կարող իրավական ուժ եւ իրավական հետեւանքներ առաջացնել, ուստի ներկա բանակցային գործընթացը գնահատում եմ դրական:

Նախ պետք է նշենք, որ Մինսկի խմբի դերակատարման նպատակը կողմերի փոխարեն որոշումներ ընդունելը չէ: Նրա առաքելությունը հիմնախնդրի կարգավորման մեջ արտահայտվում է կողմերի դիրքորոշումների մոտեցմանը նպաստելը, եւ ինչպես համանախագահող երկրների ղեկավարներն են հայտարարելª իրենք կողմնակից են խնդրի խաղաղ կարգավորմանը: Բազմիցս ԼՂՀ-ն հայտարարել է, որ հավատարիմ է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում քննարկել խնդիրը: Այս առումով գտնում եմ, որ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի քննարկումը միանգամայն հավասարապես արտահայտում է բոլոր կողմերի շահերը: Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դրսեւորումներին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մինսկի խմբի գործունեությունը խնդրի խաղաղ կարգավորման մեջ իրեն չի սպառել:

-Ըստ Ձեզ, պաշտոնական Ստեփանակերտն ամեն ինչ անու՟մ է բանակցային գործընթացին լիիրավ մասնակցության համար: Ընտրվելու պարագայում ի՟նչ քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ:

-Բոլոր ժամանակներում պաշտոնական Ստեփանակերտը պայքարել է, այսօր էլ ամեն ինչ անում է բանակցային գործընթացին լիիրավ մասնակցելու համար: Ընտրվելու պարագայում կշարունակեմ բանակցային կողմի կարգավիճակ ստանալու պայքարը, որպեսզի Արցախը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն իր քաղաքական կամքը բոլոր քննարկումներում արտահայտի Ադրբեջանին հավասարի իրավունքով, առանց վտանգելու սեփական անկախությունն ու ինքնիշխանությունը:

-Հակամարտության կողմերի միջեւ փոխզիջումների պատրաստակամության պարագայում ո՟րն է, ըստ Ձեզ, ղարաբաղյան կողմի զիջումների վերջին սահմանը: Եվ ինչպե՟ս է Ձեզ պատկերանում ազատագրված տարածքների ապագան:

-Ադրբեջանի իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի, որին, համոզված եմ, համաձայն կլինի նաեւ իր ժողովուրդը, կայացնել պաշտոնական որոշում, Ղարաբաղը եւ իրեն հարող որոշակի տարածքների հետ ճանաչել որպես անկախ պետություն, որից հետո միայն բանակցային սեղանների շուրջ քննարկեն փոխզիջման տարբերակները:

Ինչ մնում է ազատագրված տարածքների ճակատագրին` դրա լուծումն ամրագրված է ԼՂՀ սահմանադրության 142-րդ հոդվածում:

-Ինչպե՟ս եք գնահատում ԼՂՀ տնտեսության ներկայիս վիճակը:

-Մեր երկրի էկոնոմիկան հիմնականում գյուղատնտեսական է: Եվ այս 5 տարիներին նկատվել է դրա առանձին ճյուղերում բավականին աճ: Մասնավորապես, ավելացել են հացահատիկային մշակաբույսերի, բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները, խաղողի պլանտացիաները, անասնագլխաքանակը: Սակայն, դրանք չեն բավականացնում ներքին սպառման շուկայի համար:

Առայժմ առանձին գյուղատնտեսական մթերքներ ներկրվում են դրսից, այն էլ անմատչելի գներով, թանկացել են առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակներ: Կարծում եմ, պետությունը լիարժեք չի կատարում շուկայական հարաբերությունների կարգավորիչի` օրենքով սահմանված իր գործառույթները, առանձին ապրանքատեսակների գնաճը տեղի է ունենում տարերայնորեն, թույլ է գյուղատնտեսական վարկերի օպտիմալ ու նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը: Գտնում եմ, որ պետք է նվազեցնել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, զարկ տալ ջերմոցային տնտեսությունների աճին, առավելագույնս օգտագործել վարելահողերի պաշարները, վերանայել հարկային օրենսդրությունը:

-Թեեւ պետական պաշտոնյաների համար օրենսդրական արգելք կա բիզնեսով զբաղվելու համար, այնուամենայնիվ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պաշտոնյաների մի զգալի մասը զբաղվում է դրանով: Որքանո՟վ եք դա լուրջ խնդիր համարում մեր երկրի համար եւ ընտրվելու դեպքում ի՟նչ եք մտադիր անել իշխանության ու բիզնեսի սերտաճումը կանխելու համար:

-Պետական ապարատում պաշտոն զբաղեցնելու եւ այլ վճարովի գործունեությամբ զբաղվելու անհամատեղելիության սահմանադրական պահանջը նպատակ ունի կանխել պաշտոնատար անձի ուշադրության ամեն մի շեղում իր մշտական գործունեությունից: Բացի դրանից, նման դեպքում պետական պաշտոնյային հնարավորություն կընձեռվի իր ծառայողակա

ն պարտականությունները կատարելիս զերծ մնալ ամեն տեսակի կախվածությունից եւ կողմնակի ազդեցություններից: Եվ, վերջապես, պաշտոնների համատեղման արգելումը բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից, որի էությունը օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միեւնույն մարմինների կամ անձանց ձեռքին կենտրոնացման արգելումն է: Բովանդակված արգելքից բացառություն է նախատեսվում միայն այն անձանց համար, ովքեր զբաղված են գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքով:

Նկատենք, որ սահմանադրական այս պահանջը լիովին չի կարգավորված: Փաստացի, առկա նորմերի մեկնաբանությամբ, բիզնեսով զբաղվելու արգելումը կոնկրետ ուղղված է պաշտոնատար անձին: Դժվար թե ԼՂՀ-ում գտնվի մի պաշտոնատար անձ, որի անվամբ գրանցված լինի ցանկացած տեսակի ձեռնարկություն: Հետեւապես, առկա օրենսդրությունը լիարժեք չի կարգավորում առավել կարեւոր այս հասարակական հարաբերությունները: Սակայն այն, որ պետական պաշտոնատար անձանց բիզնեսով զբաղվելու հանգամանքը լուրջ է անդրադառնում տնտեսական ազատության, ազատ մրցակցության եւ, որ ամենակարեւորն է, պետության նկատմամբ մարդկանց հարգանքի ընկալման վրա, փաստ է:

-Բավարա՟ր եք համարում խոսքի ազատության ու մարդու մյուս իրավունքների պահպանման ներկայիս մակարդակը երկրում:

-Վերջին ժամանակներում չեմ նկատել խոսքի ազատության կամ մարդու իրավունքների խախտման դրսեւորումներ: Սակայն տեղ գտած թերությունները եւ ԶԼՄ-ների կողմից լռությունը չեն խոսում խոսքի ազատության եւ դրանով իսկ մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս մակարդակի դրական լինելու մասին: Ըստ երեւույթին, հասարակությունը գերադասում է ԼՂՀ-ի խնդրի առաջնայնությունը, հավանաբարª դրանով է պայմանավորված հանդուրժողականությունը: Չեմ կարծում, որ ազատ խոսքը կամ մարդու մյուս իրավունքները երկրորդական են ԼՂՀ քաղաքական խնդրի համեմատ: Ընդհակառակը, նաեւ ազատ խոսքը, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը լրացնում են ԼՂՀ քաղաքական խնդրի մեզ համար բարենպաստ լուծումը:

-Ընտրվելու դեպքում որո՟նք են լինելու Ձեր առաջին երեք քայլերը:

-ա/ իմ շուրջը հավաքել եւ ստեղծել բացառիկ ուժեղ խորհրդականների եւ օգնականների ապարատ, մարդիկ, որոնք նվիրված կլինեն նախագահին եւ անկեղծորեն կհավատան նրա ընտրած քաղաքական եւ տնտեսական ծրագրերի ճշտությանը:

բ/ ժողովուրդ-իշխանություն կապը հասանելի դարձնելու համար մտցնել բնակչության հետ շփվելու նոր ձեւեր, սրանով ամենօրյա ստույգ տեղեկություններ ստանալ երկրի ներսում կատարվող բոլոր իրադարձությունների մասին:

գ/ խնայողության նպատակով կրճատել պետական պաշտոնյաների աշխատավարձը եւ բյուջեի ոչ նպատակային ծախսերի համար խստացնել պատասխանատվությունը:

-Ինչ կարծիքի եք Ձեր մրցակիցների մասին եւ ինչպե±ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Իմ մրցակիցներին ճանաչում եմ վաղուց եւ բոլորի նկատմամբ ունեմ հարգալից վերաբերմունք: Եթե ոչ ես, ապա ով էլ ընտրվիª առաջինը ես կշնորհավորեմ:

Բայց, ինչպես ասում են, միշտ էլ հույսը վերջինն է մեռնում: Ես վերաիմաստավորել եմ ապրած տարիներս եւ ըստ այդմ վերահաշվարկել շանսերս մեծ քաղաքականություն վերադառնալու համար:

Share

Comments are closed.