Իմ հնարավորությունները գնահատում եմ բավականին բարձր` հաշվի առնելով հանրության շրջանում փոփոխությունների պահանջը

Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ

 

 

 

 

-Պարոն Բալասանյան, ինչպե՟ս եք գնահատում գործող նախագահ Բ. Սահակյանի պաշտոնավարման 5 տարիները:

-Գնահատելով հեռացող նախագահի պաշտոնավարման տարիները` պետք է խոսել միայն ներքին քաղաքականությունից, որովհետեւ արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, չի վարվել, ինչի վկայությունն է ԱԳ նախարարի մոտ մեկ տարի թափուր մնացած պաշտոնը, դրանից առաջ էլ ԱԳ նախարարության ծայրաստիճան պասիվությունը: Նույնիսկ ամենակարեւոր հարցի` Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր մոտեցումներն արտացոլող հայեցակարգային փաստաթուղթ գոյություն չունի:

Ներքին կյանքի մասին. ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Բ.Սահակյանը շեղվել է իր նախընտրական ծրագրից, տեղի է ունեցել կոռուպցիայի կենտրոնացում, շինարարական մրցույթների ոչ թափանցիկություն, հովանավորչություն պետական գնումների ոլորտում, բյուջետային գումարների փոշիացում: Արդյունքում` մեծացել է սոցիալական բեւեռացումը, երկրի տնտեսությունը հայտնվել է նախագահի եւ նրա շրջապատի ձեռքերում: Սրանք եղել են հետընթացի տարիներ գրեթե բոլոր ոլորտներում:

Բ. Սահակյանի նախընտրական թեզերից մեկն է եղել ՙԲոլորս դեպի գյուղը՚: Սակայն այսօր մենք ականատես ենք քայքայվող գյուղերի, նամանավանդ` սահմանամերձ եւ ծայրամասային: Գնալով սոցիալական վիճակը վատթարանում է, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներն արդեն իսկ խեղդվում են վարկերի տակ:

Կադրային քաղաքականության մասին խոսելն իսկ անիմաստ է: ԼՂՀ-ում կան փորձառու եւ կիրթ մասնագետներ, ովքեր տեղ չունեն կառավարման ոլորտում, որովհետեւ նախագահը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի, հասարակությունը բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների: Զինված ուժերը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն ժամանակ առ ժամանակ ներքաշվելով ներքաղաքական խաղերի մեջ` գնալով բարոյալքվում են: Մի խոսքով, երկրում ստեղծվել է անընդունելի բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչը մեր շատ հայրենակիցների ստիպում է լքել Արցախը:
-Դուք եղել եք Բ.Սահակյանի խորհրդականը: Ո՟րն էր Ձեր պաշտոնաթողության հիմնական պատճառը, արդյո՟ք Ձեր խորհուրդները պահանջված չէին կամ հաշվի չէին առնվում:

-Երեք տարի լինելով երկրի նախագահի խորհրդական` ներսից եմ տեղյակ համակարգի անարդյունավետությանը եւ անկարողությանը, խորհուրդներ ու առաջարկներ լսելու ունակության բացակայությանը: Կարեւորագույն հարցերի շուրջ ես բազմիցս գրավոր եւ բանավոր առաջարկներ եմ ներկայացրել նախագահին, որոնք անուշադրության են մատնվել: Իմ կյանքի այդ երեք տարիները համարում են անտեղի վատնած ժամանակ:

-Վերջին երկու խորհրդարանական ընտրություններում Դուք պատգամավոր եք դարձել ՀՅԴ համամասնական ցուցակով, ուստի ակնկալվում էր, որ ՀՅԴ-ն կսատարի Ձեզ առաջիկա նախագահական ընտրություններում: Սակայն կուսակցությունը կարծես թե չի շտապում դա անել: Ի՟նչն է պատճառը:

-Ես ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ ընտրվել դեռեւս 1991 թվականին: 2005 թվականին ՀՅԴ-ի առաջարկությամբ ես մասնակցել եմ ԱԺ ընտրություններին եւ առայսօր հանդիսանում եմ ԱԺ պատգամավոր: Կյանքի եմ կոչել ՀՅԴ ծրագրերը, համագործակցել եմ ՀՅԴ-ի հետ եւ վստահաբար ասում եմ` իմ կողմից չի եղել որեւէ վրիպում:

Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին եւ անդամներին: Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամների եւ ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ-ն ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու եւ քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ, ինձ տեղյակ է պահվել, որ կա կայացրած որոշում` չսատարել որեւէ թեկնածուի եւ կուսակցության անդամներին կոչ անել ազատ քվեարկության:

Հունիսի 7-ին ԶԼՄ-ներից տեղեկանում եմ, որ ՀՅԴ ԿԿ-ն փոխել է իր որոշումը եւ սատարելու է Բ.Սահակյանին: Ես վստահ եմ, որ ՀՅԴ շարքերը չեն կիսում այդ որոշումը եւ տեղյակ եմ, որ դա կազմակերպել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով ներկա է եղել ԿԿ ժողովին: Իսկ թե ինչ գործարք է կնքվել Բ.Սահակյանի եւ Հ.Մարգարյանի միջեւ` ցույց կտա ժամանակը, ժողովուրդն էլ կտա իր գնահատականը: Չեմ կարծում, որ այդ գործարքը կարող է ինձ խանգարել եւ վստահ եմ, որ ՀՅԴ անդամների եւ համակիրների մեծամասնությունն իր ձայնը տալու է իրենց գաղափարակից ընկերոջը:

-Արցախում այսօր չկա քաղաքական ընդդիմություն, ինչն իշխանությունները փորձում են բացատրել արցախյան ժողովրդավարության յուրօրինակ մոդելով: Արդյո՟ք աշխարհի համար ընկալելի է դասական ժողովրդավարությունից էապես տարբերվող մոդելը: ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում որքանո՟վ պահանջված կլինի ընդդիմության առկայությունը: Թե՟ Դուք էլ կուզենայիք միասնական թեկնածու լինել հետագա ընտրություններում:

-Ժողովրդավարություն կամ լինում է, կամ չի լինում: Ինձ համար էականը ոչ թե տերմինն է, այլ աշխատող մեխանիզմը, ժողովրդի հնարավորությունը` իր ներկայացուցիչների միջոցով իրականացնել իշխանությունը: Հասարակության կողմից իշխանության ամենօրյա հսկողությունը, քաղաքական ակտիվ պայքարի առկայությունը, տարբեր գաղափարախոսությունների տեր մարդկանց միջեւ կարծիքների փոխանակումը, ազատ մամուլի առկայությունն այն նվազագույն պայմաններն են, որոնց շնորհիվ կարող ենք ունենալ արդյունավետ կառավարում եւ զարգացած երկիր: Մի քանի հոգու իշխանությունն արդարացնող փաստարկներն ուղղակի երկիրն ամեն օր մոտեցնում են կործանման եզրին եւ թուլացնում են հասարակությունը:

Կուսակցությունների կողմից թեկնածու չառաջադրելը ես համարում եմ ստեղծված տխուր վիճակի արտացոլում: Ես որեւէ բարդույթով չեմ տառապում, որ հետագայում գնամ գործարքների` հանուն միասնական թեկնածու լինելու:

-Ինչպե՟ս եք գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Եւ ի՟նչ կարծիքի եք Մինսկի խմբի գործունեության մասին:

-ԼՂՀ հիմնահարցը փակուղի է մտել, այն, ինչ այսօր կատարվում է, ընդամենը իմիտացիոն բնույթ է կրում: Մենք կրում ենք ժամանակի կորուստ, որն իր մեջ պարունակում է վտանգավոր տարրեր: Մեզ համար անընդունելի են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ներկայիս խեղված ձեւաչափը եւ մոտեցումները: Անհրաժեշտ է Արցախի մասնակցությամբ մշակել կարգավորման նոր սկզբունքներ` լինեն դրանք Մինսկի խմբի շրջանակներում, թե դրանից դուրս:
Արցախի արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրն է Արցախի հայության անվտանգության երաշխիքներ ապահովելը, այդ թվում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը` որպես անվտանգության ապահովման ժամանակակից մեխանիզմ:

-Ըստ Ձեզ, պաշտոնական Ստեփանակերտն ամեն ինչ անու՟մ է բանակցային գործընթացին լիիրավ մասնակցության համար: Ընտրվելու պարագայում ի՟նչ քայլեր եք ձեռնարկելու այս ուղղությամբ:

-Ես արդեն նշեցի, որ վերջին տարիներին իշխանություններն արտաքին քաղաքականություն չեն իրականացրել: Բանակցային գործընթացի լիիրավ կողմ դառնալու համար անհրաժեշտ է կատարել ՀՀ եւ ԼՂՀ լիազորությունների եւ պատասխանատվության ոլորտների հստակ սահմանում: ՀՀ իշխանությունները չպետք է Ադրբեջանի եւ միջնորդների հետ քննարկեն հարցեր, որոնք անմիջականորեն գտնվում են ԼՂՀ իրավասության ներքո: Այդ ժամանակ ստիպված կլինեն Արցախին հրավիրել բանակցային սեղանի շուրջ:

-Հակամարտության կողմերի միջեւ փոխզիջումների պատրաստակամության պարագայում ո՟րն է, ըստ Ձեզ, ղարաբաղյան կողմի զիջումների վերջին սահմանը: Եվ ինչպե՟ս է Ձեզ պատկերանում ազատագրված տարածքների ապագան:

-Մենք արդեն իսկ արել ենք մեր զիջումները: Ադրբեջանը դեռեւս ԽՍՀՄ օրոք պատերազմական գործողություններ է սկսել այն ժամանակ իր իսկ բնակիչների դեմ. 1989 թվականից Կրեմլը Լեռնային Ղարաբաղին տվել էր հատուկ կարգավիճակ, եւ նույնիսկ այդ ժամանակ չի դադարել ադրբեջանական ագրեսիան: Մենք ստիպված էինք մտնել մեզ պարտադրված պատերազմի մեջ: Արցախի այսօրվա սահմանները Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի հետեւանքն են: Դրանք այսօր ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ եւ պատմական Արցախի ընդամենը մի մասն են:

Բաքուն կապիտուլյացիայի եզրին էր, երբ մենք համաձայնեցինք ՌԴ միջնորդությանը եւ զինադադար կնքեցինք: Դա ամենամեծ զիջումն էր, որն, իմ կարծիքով, պատմական սխալ էր, ինչի համար պաշտոնական Բաքուն պետք է շնորհակալ լինի: Ազատագրված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են, եւ թույլ չենք տա, որ դրանք լինեն շահարկման առարկա:

Ազատագրված տարածքների ապագան տեսնում եմ այսպես. ուշադրության կենտրոնում պահելով նորաստեղծ եւ վերականգնված բնակավայրերը, լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու Մարտակերտից Արաքս ընկած գիծն ընդգրկող տարածքներում նոր համայնքների հիմնադրման ուղղությամբ: Այս համայնքները կստեղծվեն խոշոր համայնքների ընդլայնման ներուժի հաշվին, ինչպես նաեւ հայրենադարձության շնորհիվ:

Հայրենադարձության կարեւոր բաղադրիչներից է լինելու ժամանակին Արցախից հեռացածների եւ նրանց սերունդների ներգաղթի կազմակերպումը: Այս առումով կազմակերպչական աշխատանքներ են իրականացվելու հատկապես Ռուսաստանի Դաշնության մի շարք մարզերում:
-Որպես բանակին շատ մոտ կանգնած անձնավորություն եւ հաղթանակում մեծ վաստակ ունեցող ռազմական գործիչ ինչպե՟ս եք գնահատում արցախյան բանակի ներկայիս վիճակը եւ արդյո՟ք ունեք բանակաշինության ոլորտում նոր գաղափարներ, որոնք մտադիր եք իրականացնել ընտրվելու դեպքում:

-Ես ունեմ համապատասխան ծրագրեր, որոնք մշակել եմ ծառայության ժամանակ, բայց չեմ կարողացել դրանք կյանքի կոչել: Նախ բարձրացնելու եմ բարոյահոգեբանական վիճակը. ամեն քաղաքացու համար մեծ պատիվ պետք է լինի բանակում ծառայելը: Պետական սահմանի երկայնքով կառուցվելու են բազմաէշէլոնային ժամանակակից կառույցներ: Ամեն մի զինվորի կյանքի պատասխանատվությունը վերցնելու եմ ինձ վրա:

-Ինչպե՟ս եք գնահատում ԼՂՀ տնտեսության ներկայիս վիճակը:

-Եթե դատենք պաշտոնական վիճակագրության տվյալներով, ապա ամեն ինչ շատ լավ է: Սակայն բավական է փոքր-ինչ շփվել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, սպառողների հետ` հասկանալու համար, որ անցած տարիները նրանց համար եղել են հետընթացի տարիներ: Ի վերջո, մեր քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգում եկամուտների ավելացումն ու անկումը: Ներկայումս տնտեսության մեջ կան մի շարք արատավոր երեւույթներ, որոնք սպառնում են երկիրը վերածել երկու հոգու տնտեսության:

Արցախի տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի տեղական արտադրության ու ծառայությունների խրախուսումը` տեղական եւ արտաքին ներդրումների ներգրավման միջոցով: Մտահոգիչ համարելով արտահանում-ներմուծում այսօրվա համամասնությունը` քայլեր պետք է ձեռնարկել տեղական բազմատեսակ արտադրության ստեղծման եւ տեղական արտադրողների համար նոր շուկաներ գտնելու նպատակով: Այս քայլերի մանրամասն նկարագրությունը տեղ է գտել իմ նախըտրական ծրագրում, որը նաեւ հարկային բեռի թեթեւացում է նախատեսում:

-Թեեւ պետական պաշտոնյաների համար օրենսդրական արգելք կա բիզնեսով զբաղվելու համար, այնուամենայնիվ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պաշտոնյաների մի զգալի մասը զբաղվում է դրանով: Որքանո՟վ եք դա լուրջ խնդիր համարում մեր երկրի համար եւ ընտրվելու դեպքում ի՟նչ եք մտադիր անել իշխանության ու բիզնեսի սերտաճումը կանխելու համար:

-Մենք հստակ նպատակ ենք դրել ունենալ զարգացած երկիր: Դրան հասնելու համար հարկավոր է սկզբունքային եւ անզիջում պայքար մղել տնտեսության մեջ պետական պաշտոնյաների ապօրինի միջամտության, իշխանության եւ ձեռներեցության սերտաճման, հովանավորչության եւ հափշտակումների դեմ: Ես վճռական եմ տրամադրված մեր զարգացումն ապահովելու գործում:

-Բավարա՟ր եք համարում խոսքի ազատության ու մարդու մյուս իրավունքների պահպանման ներկայիս մակարդակը երկրում:

-Ցավոք, վերջին տարիներին նշված բնագավառներում անկում է արձանագրվել, ինչը բերել է մեր հասարակության թուլացմանը: Առանց ուժեղ հասարակության զարգացած երկիր ունենալն անհնար է:

Իմ նախագահ ընտրվելու դեպքում լինելու է ակտիվ համագործակցություն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ` մարդու իրավունքների պաշտպանության համակարգի բազմատարրության ամրապնդման նպատակով:

Ապահովվելու է ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության զարգացումը, քաղաքակիրթ քաղաքական մրցակցության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու:

-Ընտրվելու դեպքում որո՟նք են լինելու Ձեր առաջին երեք քայլերը:

-Առաջին քայլը ընտրությունների պատճառով թիմերի բաժանված ժողովրդին միավորելն է: Ես լինելու եմ բոլորի նախագահը` անկախ նրանից, թե ով ում օգտին է քվեարկել:

Երկրորդ քայլը նախընտրական ծրագրի հիման վրա կարճ ժամկետում տարբեր ռազմավարությունների մշակումն է եւ դրանց իրականացմանը լծվելը` նպատակ ունենալով հասարակության մեջ շուտափույթ կերպով վերականգնել արդարությունն ու քաղաքացիական ակտիվությունը:

Երրորդ քայլն ուղղված է լինելու արտաքին քաղաքական առաջնահերթություններին` նպատակ ունենալով Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսել, ինչն անվտանգության ապահովման քաղաքական մեխանիզմ է:

-Ի՟նչ կարծիքի եք Ձեր մրցակիցների մասին եւ ինչպե՟ս եք գնահատում Ձեր շանսերը:


-Իմ հիմնական մրցակիցը համարում եմ հեռացող նախագահին` վարչական ռեսուրսով հանդերձ: Այդ թիմն արդեն ցույց է տվել փոփոխություններ կատարելու իր անընդունակությունը եւ հետ է կանգնել 2007թ. հռչակած ծրագրային դրույթներից եւ սկզբունքներից: Այս ֆոնի վրա իմ հնարավորությունները գնահատում եմ բավականին բարձր` հաշվի առնելով նաեւ մեր ծրագրի մրցունակությունը, նոր գաղափարների առկայությունը, երիտասարդության կողմից իմ նկատմամբ համակրանքը, հանրության շրջանում փոփոխությունների պահանջը:

—————————————————————————

 

*Հարցազրույցները ներկայացվում են նախագահի թեկնածուների ազգանունների այբբենական կարգով

Share

Comments are closed.