50mg viagra

ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովը Հարավային Կովկասի շահերի համատեքստում

Արմեն Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաշխարհայնացման եւ տարածաշրջանային
համագործակցության վերլուծական
կենտրոնի (ՀՏՀՎԿ) փորձագետ
Երեւան

Վերջին երկու տարիների ընթացքում հյուսիսատլանտյան դաշինքի կյանքում ամենագլխավոր եւ խոշոր իրադարձությունը 2012 թ. մայիսին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի 25-րդ գագաթնաժողովն էր: Երկօրյա գագաթնաժողովին մասնակցել են դաշինքի 28 անդամ-պետությունների առաջին դեմքերը եւ 13 գործընկեր երկրների պատվիրակությունները:

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն, ինչպես եւ սպասվում էր, հակահրթիռային պաշտպանությունն ու Աֆղանստանի իրադրությունն էին: Բացի դրանից, շոշափվում էին Հարավային Կովկասի երկրների շահերի հետ անմիջապես առնչվող թեմաները (դաշինքում Վրաստանի հնարավոր անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հետխորհրդային տարածության հակամարտությունների նկատմամբ), որոնք հարուցել են բավական աշխույժ արձագանք Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում:

 

ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում անցած գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսին հավաստիացրել է, որ ստեղծվող հակահրթիռային համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ եւ չի խարխլում զսպման իր ռազմավարական ներուժը: Ուստի նա դարձյալ գտնում է, որ հակահրթիռային պաշտպանությունը կարող է լինել Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտ: Ավելին, ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ հաստատել ռազմավարական գործընկերություն, որի մասին նույնպես խոսվում է գագաթնաժողովի եզրափակիչ Հայտարարության մեջ. ՙՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն աշխարհում խաղաղության, կայունության եւ անվտանգության համար: Մենք կրկին պատրաստ ենք Ռուսաստանի հետ միասին եվրաատլանտյան տարածությունում կերտել երկարաժամկետ խաղաղություն: Մենք կամենում ենք տեսնել իսկական ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ՚:

Թեեւ այդ փաստաթղթում ոչինչ չի խոսվում Մոսկվային որեւէ գրավոր, առավել եւս ՆԱՏՕ-ի համար իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիք տրամադրելու մասին, այնուամենայնիվ, նշենք, որ ընդհանուր առմամբ գագաթնաժողովում Ռուսաստանին հղվել են դրական ազդակներ:

Իհարկե, հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում պահպանվում են նաեւ այլեւայլ տարաձայնություններ: Գոյություն ունի վստահության խորացման, փոխադարձ թափանցիկության եւ կանխատեսելիության անհրաժեշտություն, որպեսզի Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի ներուժը հնարավոր լինի ողջ ծավալով իրականացնել, – ասվում է ՆԱՏՕ-ի Հայտարարության մեջ: Խորհրդի շրջանակներում մենք մտադիր ենք բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամներին մտահոգող հարցը՝ դաշինքի սահմանների մերձավորությամբ ռուսական զորքերի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի հնչեցրած մտադրությունների շուրջ՚: Խոսքը վերաբերում է Կալինինգրադի մարզում ռուսական հակահրթիռային համակարգերը տեղակայելու ծրագրերին:

Աֆղանական հարցը 

Ակնհայտ է, որ Աֆղանստանի թեման գագաթնաժողովում հատուկ տեղ է զբաղեցրել: ՆԱՏՕ-ի անդամ-երկրները եւս մեկ անգամ հաստատել են, որ Աֆղանստանին միայնակ չեն թողնի ահաբեկչական սպառնալիքի առջեւ: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել Աֆղանստանի ղեկավարությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու, անգամ՝ դաշինքի զորքերը երկրից դուրս բերելուց հետո (Աֆղանստանից խաղաղապահների ամբողջական դուրսբերումը ծրագրվում է ավարտել 2014 թ.): Նշենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսյան այցի ժամանակ պաշտոնապես հայտարարել է Աֆղանստանը՝ Իսրայելի եւ Ճապոնիայի կողքին ԱՄՆ ռազմավարական գործընկեր ճանաչելու վերաբերյալ:

Նշենք, որ այսօր էլ Աֆղանստանն այն տեղն է, որտեղ Ռուսաստանի հետ Արեւմուտքի համագործակցությունը հաջողությամբ է զարգանում: ՆԱՏՕ-ի անդամ-երկրների կարծիքով՝ աֆղանական խնդրի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) զորքերի համար տարանցիկ բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնությունը, այս եւ Միջին Ասիայի այլ երկրների ու Պակիստանի հակաթմրամոլ ծառայությունների աշխատակիցների համատեղ վերապարաստումը, տեխսպասարկման անձնակազմի վերապատրաստման եւ ուղղաթիռների սպասարկման համար պահեստամասերի մատակարարման աջակցության վստահության հիմնադրամը հանդիսանում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կերտման համատեղ պատրաստակամության օրինակ: ՆԱՏՕ-ի ընդունած հայտարարության մեջ հիշատակվում է Ռուսաստանի հետ Դաշինքի հաջողված փորձառությունը՝ ահաբեկչության եւ Աֆրիկյան եղջյուրի շրջանում ծովահենության դեմ համատեղ պայքարի մեջ:

Աֆղանստանի թեման շատ արդիական է նաեւ Հարավային Կովկասի երկրների համար: Հայտնի է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը Աֆղանստան են ուղարկել իրենց խաղաղապահ ստորաբաժանումները եւ աշխույժ մասնակցություն են բերում այդ երկրում խաղաղ կյանքը հաստատելու եւ բնակչության անվտանգությունը ծայրահեղական խմբվորումներից եւ ահաբեկչությունից պաշտպանելու գործին: Նշենք, որ Աֆղանստանում վրացական ստորաբաժանումը թվով երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո: Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումն Աֆղանստանում ծառայում է 2010 թվականից ի վեր: Այն բաղկացած է 121 զինծառայողներից եւ տեղակայված է Կունդուզում եւ Մազարի-Շարիֆում: Երկու շրջանն էլ գտնվում են Հունաստանի պատասխանատվության գոտում (տարածաշրջանային-վերականգնողական ՙՀյուսիս՚ խմբում): Սույն տարեսկզբում Հայաստանի խորհրդարանը որոշել է մեկուկես անգամ մեծացնել այս ստորաբաժանման թվաքանակը: Նշենք, որ Հայաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն անցած տարիներին առաքելություն էին իրականացնում նաեւ Կոսովոյում եւ Իրաքում (Իրաքում առաքելությունն ավարտվել է 2010 թ.): 2004 թվականից Կոսովոյում առաքելությանը մասնակցած հայ խաղաղապահները 2012թ. փետրվարին ժամանակավորապես երկրից դուրս են բերվել` առաքելությունում մասնակցող ուժերի քանակի կրճատման պատճառով:

Կոսովոյում ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելության վերսկսման մասին ԱՄՆ հետ վերջերս փոխըմբռնման հռչակագիր է ստորագրվել, որից հետո 2012 թ. հուլիսի 6-ին Հայաստանի զինված ուժերի 35 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը կրկին մեկնել է Կոսովո: Կոսովո մեկնած հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեւաց քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան ՙԲոնդսֆիլ՚ ռազմակայանում եւ վեցամսյա ռոտացիոն հիմունքով խաղաղարար առաքելություն են իրականացնելու ՙԱրեւելք՚ միջազգային ռազմախմբի պատասխանատվության գոտում: Հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության, հսկիչ-անցագրային կետերի անվտանգության ապահովման եւ զանգվածային անկարգությունների վերահսկողության ու պարեկների ուղեկցման համար:

Դաշինքում Վրաստանի անդամակցության եւ հարավկովկասյան հակամարտությունների լուծման հարցը 

Չիկագոյի գագաթնաժողովի Հռչակագրի համաձայն ՆԱՏՕ-ի դռները բաց են դաշինքի արժեքներն ընդունող եվրոպական բոլոր ժողովրդավարությունների համար: Նույն հռչակագրում դաշինքի անդամ-երկրները հաստատել են իրենց աջակցությունը դաշինքին միանալու Վրաստանի ձգտմանը: Միաժամանակ, հռչակագրում արձանագրվել է ՆԱՏՕ-ին մերձենալու գործընթացում Վրաստանի ունեցած առաջընթացը, ինչպես նաեւ հայտարարվել է դաշինքի անդամների՝ ինտեգրման գործընթացի համար անհրաժեշտ վրացական բարեփոխումներին աջակցելու մտադրության մասին:

Հռչակագրում, մասնավորապես, ասված է. ՙ2008թ. բուխարեստյան գագաթնաժողովում մենք պայմանավորվել ենք այն մասին, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ. մենք վերահաստատում ենք այդ որոշման բոլոր բաղկացուցիչները, ինչպես նաեւ այդ կապակցությամբ մեր հետագա բոլոր որոշումները: Մենք պայմանավորվել ենք ընդլայնել Վրաստանի փոխգործակցությունը դաշինքի հետ, այդ թվում եւ Վրաստանի հետ քաղաքական երկխոսության, գործնական համագործակցության եւ ընթացիկ փոխգործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ՚:   Բացի դրանից, շատ կարեւոր է նաեւ Վրաստանի հսկայական ներդրումը ՆԱՏՕ-ի գործունեության մեջ, մասնավորապես՝ խաղաղապահ գործողությունների մեջ (ինչպես վերեւում ասվել է, Վրաստանն ուղարկել է Աֆղանստան ըստ մարդաքանակի թվով երկրորդ խաղաղապահ ստորաբաժանումը):

Կարեւոր է նշել, որ այս գագաթնաժողովում Վրաստանն առաջին անգամ ներկայացվել է որպես թեկնածու երկիր՝ դաշինքի ապագա լիարժեք անդամը: Վրաստանից բացի այս գագաթնաժողովում որպես թեկնածու երկիր են ներկայացվել Մակեդոնիան, Չեռնոգորիան եւ Բոսնիա-Հերցեգովինան: Կարծում ենք, որ եթե տեղի չունենան ֆորս-մաժորային արտակարգ իրադարձություններ, ապա դաշինքում Վրաստանի անդամակցությունը կարող է իրականություն դառնա արդեն իսկ մոտակա 4-5 տարիների ընթացքում: Դա, իհարկե, լրջորեն փոփոխելու է հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության կառուցվածքը եւ պետք է Հայաստանում քննարկումների առարկա դառնա:

Գագաթնաժողովում ուշադրություն է դարձվել նաեւ հետխորհրդային տարածությունում հակամարտությունների կարգավորմանը: Այսպես, Չիկագոյի գագաթնաժողովի առաջնորդների հռչակագրում ասվում է. ՙԵվրաատլանտյան տարածությունում խաղաղության մեր տեսլականն արձանագրում է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում երկարաձգված տարածաշրջանային հակամարտությունների առկայությունը, որը մնում է դաշինքի համար լուրջ անհանգստության առարկա: Այս բոլոր հակամարտությունների կապակցությամբ մենք բոլոր կողմերին առավել կառուցողական լինելու կոչ ենք հղում՝ հորդորելով դրսեւորել քաղաքական կամք՝ առկա բանակցային ձեւաչափերի հարգմամբ դրանց խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Կոչ ենք անում խուսափել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլելու ընդունակ քայլերից: Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք նույնպես կշարունակենք օժանդակել այդ տարածաշրջանային հակամարտությունների՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՚:

Ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվել Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության տվյալներով առկա էին եզրափակիչ փաստաթղթի տեքստին վերաբերող խնդիրներ. ՙԹեեւ այս ձեւակերպումը ՆԱՏՕ-ի լիսաբոնյան հռչակագրի համեմատ պարունակում է որոշ փոփոխություններ, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Դա կարող է ոչ միայն վնասել բանակցային գործընթացին, այլեւ վտանգի տակ դնել տարածաշրջանի փխրուն խաղաղությունը, հատկապես՝ Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնին: Ի գիտություն ընդունելով այս անհանգստությունը՝ Հայաստանի նախագահը որոշել է չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը՚: Պաշտոնական Երեւանը, ամենայն հավանականությամբ, դժգոհ էր տարածքային ամբողջականության վրա Չիկագոյի հռչակագրում տեղ գտած շեշտադրմամբ, մինչդեռ Մադրիդյան սկզբունքներում (ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում մշակված հիմնական փաստաթուղթը) հավասարապես վկայակոչվում են թե° տարածքային ամբողջականության, եւ թե° ժողովուրդների (ազգերի) ինքնորոշման սկզբունքները:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի նախագահի  հրաժարվելը երկրում իր հասցեին քննադատության լուրջ ալիք է բարձրացրել, որի գլխավոր գաղափարն այն էր, թե Չիկագոյի հանդիպմանը չմասնացելը զրկում է Հայաստանին ղարաբաղյան հարցով մեր դիրքորոշումը միջազգային հանրությանը ներկայացնելու հնարավորությունից:  Մեր կարծիքով, դա առանձնապես հիմնավոր քննադատություն չէ, գոնե այն պատճառով, որ Հայաստանը, չհանդիսանալով դաշինքի անդամ, Չիկագոյում դաշինքի նիստերին ելույթով հանդես գալու հնարավորություն չէր ունենա, իսկ դաշինքի անդամ-երկրների ղեկավարների հետ երկկողմանի հանդիպումների համար գոյություն ունեն այլ համագործակցության այլ ձեւաչափեր (ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ, ԵՄ): Բայց շատ կարեւոր է այն, որ մեր դիվանագիտությունը դաշինքի անդամ-երկրների հետ աշխատանքը պետք է սկսի գագաթնաժոողովներից շատ առաջ, քանի որ ընդունվող հռչակագրերի նախագծերը սովորաբար պատրաստ են լինում գագաթնաժողովներից առնվազն կես տարի առաջ: Այս աշխատանքն անհրաժեշտ է կատարել ՆԱՏՕ-ի այն անդամների միջոցով, որոնք Հայաստանի հետ ունեն բարեկամական կապեր, աշխուժորեն համագործակցում են մեր երկրի հետ եւ լավ են պատկերացնում Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը (օրինակ՝ Լեհաստան, Լիտվա, Ֆրանսիա, Չեխիա, Գերմանիա եւ մի շարք այլ երկրներ): Այսպիսի նախապատրաստական աշխատանքը թույլ է տալիս խուսափել անցանկալի ձեւակերպումներից ՆԱՏՕ-ի կողմից ընդունվող հռչակագրերում եւ ապահովելու է Հայաստանի ղեկավարների մասնակցությունն այդչափ կարեւոր եւ նշանակալից միջոցառումներում:

Եզրափակելու համար կկամենայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՆԱՏՕ-ի 63-ամյա պատմության ընթացքում ոչ մի անդամ պետություն դաշինքից դուրս չէր եկել  (կար, ընդամենը, մի շրջան, երբ Ֆրանսիան հրաժարվում էր ՆԱՏՕ-ի ռազմական ծրագրերին մասնակցելուց, սակայն Նիկոլյա Սարկոզիի նախագահության օրոք նա վերսկսել է մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին: Այսօր էլ շատ եվրոպական երկրներ ձգտում են մտնել դաշինքի մեջ: Կարծում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու այս ձգտումը կապված է ոչ միայն այդ կազմակերպության ահռելի կարողությունների, այլեւ այն հանգամանքի հետ, որ դաշինքի ստեղծման հիմքում ընկած են ժողովրդավարական արժեքները եւ ազատությունների սկզբունքները: Հենց ժողովրդավարական արժեքներն էլ թույլ են տալիս ՆԱՏՕ-ի երկրներին անգամ դժվարին իրավիճակներում գտնել ընդհանուր լուծումներ: Այդ իսկ պատճառով, վետոյի իրավունքը դաշինքի անդամ-երկրները կիրառում են խիստ սակավ դեպքերում (վերջին նման օրինակը Թուրքիայի կիրառած վետոն էր՝ Չիկագոյի գագաթնաժողովին Իսրայելի պատվիրակության մասնակցության դեմ): Անգամ Վրաստանի հանդեպ նման դրական տրամադրվածության պարագայում Չիկագոյի հռչակագրում նշված է 2012- 2013 թթ. ՙՎրաստանում ազնիվ եւ արդար խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը՚: Այսինքն, ՆԱՏՕ-ին անդամագրվելու ձգտող երկրները պետք է համապատասխանեն ազատությունների եւ ժողովրդավարության գլխավոր չափանիշներին՝ ներառյալ իշխանությունների վերընտրությունն ու օրենքի գերակայությունը: