50mg viagra

Մի բան է ՆԱՏՕ-ի համար անփոփոխ` փոփոխություններին պատրաստ լինելը

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

ՆԱՏՕ-ի հրավերով եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ հունիսի կեսերին մի խումբ լրագրողներ եւ փորձագետներ այցելեցին Բրյուսել, եղան հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու տարբեր ոլորտների պատասխանատուների հետ:

Հայաստանում եւ այլ երկրներում հասարակական կարծիք ձեւավորողների հետ նման հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, որոնց նպատակն է հանրային կապերի միջոցով առավել ընկալելի դարձնել ՆԱՏՕ-ի գործունեությունն ու քաղաքականությունը ամբողջ աշխարհում: Սրա կարիքը ՆԱՏՕ-ն շատ է զգում, քանի որ, ինչպես խոստովանեց դաշինքի պատասխանատու աշխատողներից մեկը, նույնիսկ իրենց հարազատների համար ամեն ինչ չէ, որ պարզ է` ՙմայրս մեկ-մեկ հարցնում է` լսիր, ինչո՞վ եք դուք զբաղվում, չէ՞ որ սառը պատերազմը վաղուց է ավարտվել՚:

 

Պատվիրակության անդամի կարգավիճակս ինձ համար առիթ ծառայեց Արցախին անմիջականորեն առնչվող ամենակարեւոր հարցերը քննարկել այնպիսի մակարդակի պաշտոնյաների հետ, որոնց հետ հանդիպումները մեկ այլ պարագայում ուղղակի անհնար են:

 

Ինձ հուզող առաջին հարցը վերաբերում էր Հարավային Կովկասում այսօրվա դրությամբ ձեւավորված անվտանգության համակարգի հեռանկարներին: Ինչպես հայտնի է, հարավկովկասյան երեք ճանաչված եւ նույնքան չճանաչված կամ մասնակի ճանաչված երկրները աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշում ունեն, եւ այս տարաբեւեռ հիմքի վրա ձեւավորված ու ներկայումս գործող անվտանգության տարածաշրջանային համակարգը լավ թե վատ, բայց գործում է: Ինքնին տարաբեւեռությունն, ըստ իս, լավ է անվտանգության համակարգի համար, քանի որ միաբեւեռ համակարգը շատ ավելի մեծ վտանգներով է լեցուն, մինչդեռ բազմաբեւեռ համակարգը մանեւրելու հնարավորություն է ապահովում տարածաշրջանային բոլոր դերակատարների համար:

 

Հնուց ի վեր վառոդի տակառ հանդիսացող մեր տարածաշրջանում իրենց հստակ շահերն ունեն աշխարհաքաղաքական այնպիսի լուրջ դերակատարներ, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, նաեւ տարածաշրջանային երկու լուրջ դերակատարներ կան` Իրանն ու Թուրքիան: Այսօր նաեւ Եվրամիությունն է փորձում ակտիվ դեր խաղալ Հարավային Կովկասում: Այնպես որ, տարածաշրջանի երկրների նախասիրություններն էլ հենց այս շրջանակներում են: Ինչ խոսք, նրանց տարբեր կողմնորոշումները բարենպաստ հող են հանդիսանում մրցակցության համար, բայց, մյուս կողմից էլ, դրանք հավասարակշռման ու փոխզսպման են հանգեցնում, ապահովելով որոշակի կայունություն:

 

Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն բավարարված է տարածաշրջանային անվտանգության համակարգով եւ շահագրգռվա՞ծ է դրա պահպանմամբ, թե՞ կողմնակից է անվտանգության նոր համակարգի ձեւավորման:  Իսկ նոր համակարգը, իմ համոզմամբ, կարող է ձեւավորվել միայն նոր պատերազմի արդյունքում: Այնպես որ, հարցս իրականում այլ ենթատեքստ ուներ` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:

 

Որքան հասկացա` ՆԱՏՕ-ն եթե շատ գոհ չէ, ապա գոնե բավարար է համարում տարածաշրջանային անվտանգության համակարգում իր ներգրավվածության ներկայիս հնարավորությունները եւ փորձում է առկա համակարգն առավելագույնս օգտագործել: Հյուսիս-ատլանտյան դաշինքի այն պատասխանատուները, ում հետ հանդիպեցինք, նշում էին, որ նոր պատերազմը չի կարող միանշանակ արդյունք ապահովել տարածաշրջանում իրենց շահերն ունեցող ոչ մի երկրի համար, եւ այն կարող է այնքան ավերիչ լինել, որ լրջորեն կվնասի շահագրգիռ երկրների շահերին: Արեւմուտքին պետք է կայուն եւ հնարավորինս վերահսկելի ու կանխատեսելի տարածաշրջան:

 

Հարավային Կովկասը տեւական հեռանկարում կպահպանի իր ռազմավարական նշանակությունը ՆԱՏՕ-ի համար, եւ դաշինքն էլ ստիպված կլինի հավասարակշիռ քաղաքականություն վարել այստեղ: Ինչպես կատակով խոստովանեց դաշինքի պատասխանատուներից մեկը` կա տարածաշրջանին հարեւան մի երկիր (խոսքը Ռուսաստանի մասին է), որի հետ տարբեր հարցեր ու տարբեր տեսակետներ ունեն եւ որի շահերը ստիպված են հաշվի առնել: Ավելին` ՆԱՏՕ-ն մտադիր չէ մրցել ՀԱՊԿ-ի հետ եւ տրամադրված է կառուցողական երկխոսության: Հստակ հասկացնել տվեցին, որ սա առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին, որը ստիպված չէ ընտրություն կատարել երկու ռազմաքաղաքական դաշինքների միջեւ, այլ ընդհակառակը` հնարավորություն ունի համագործակցել երկուսի հետ էլ` ամրապնդելով իր անվտանգությունը:

 

Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն նաեւ լուրջ վերլուծություններ եւ ուսումնասիրություններ է կատարում հնարավոր սցենարների վերաբերյալ եւ հստակ պատկերացնում է իր տեղն ու դերը ցանկացած սցենարի պարագայում: Ինչպես նշեց դաշինքի պատասխանատու աշխատողներից մեկը` մի բան է ՆԱՏՕ-ի համար անփոփոխ մնում` փոփոխություններին պատրաստ լինելը:

 

Ինչ որ է, այդ հանդիպումներից արած եզրակացությունս հետեւյալն է` ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում այսօր ոչ թե տարածաշրջանային անվտանգության գործող համակարգը կազմաքանդելն է, այլ այդ համակարգի ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործումը եւ համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Ըստ այդմ էլ` դաշինքը շահագրգռված չէ նոր պատերազմով եւ նախընտրում է հնարավոր կայունությունն այստեղ: Այլ խոսքով` կառուցողական մրցակցությունը: ՆԱՏՕ-ն քանիցս մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ, եւ դրանք հավուր պատշաճի ու ձեւական հայտարարություններ չէին: Այս կապակցությամբ միանգամայն տեղին էր մեր պատվիրակության անդամներից մեկի այն պնդումը, որ Ադրբեջանի սրընթաց զինման եւ ռազմատենչ հռետորության պարագայում ցանկալի է ՆԱՏՕ-ի ռազմական աջակցությունը Հայաստանին` տարածաշրջանային հավասարակշռության պահպանման նպատակով:

 

Տարածաշրջանային անվտանգության համակարգի հետ կապված մեկ այլ հարց էլ ունեի: Իմ խորին համոզմամբ` այդ համակարգը կարող է առավելագույնս կենսունակ եւ արդյունավետ լինել, եթե դրանում ըստ ամենայնի իրենց հստակ տեղն ունենան նաեւ չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունները: Վերջիններս տարածաշրջանային ռազմաքաղաքական լուրջ գործոններ են, որոնց անտեսումն ուղղակի ապակառուցողական կլիներ: Ինձ հետաքրքիր էր, թե հյուսիս-ատլանտյան դաշինքն արդյո՞ք համագործակցության եզրեր տեսնում է այդ պետությունների եւ, մասնավորապես, ԼՂՀ-ի հետ: Հարցիս պատասխանող բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ դաշինքը միշտ էլ ձգտել է իրատեսական քաղաքականություն վարել եւ, բնականաբար, չի կարող հաշվի չառնել տարածաշրջանային բոլոր գործոնները: Միեւնույն ժամանակ շատ հստակ նշվեց, որ չճանաչված պետությունների հետ պաշտոնական մակարդակով հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Բայց նաեւ ամենայն հստակությամբ ընդգծվեց, որ դաշինքը պատրաստ է համագործակցելու հանրային եւ այլ մակարդակներով: Այնպես որ, եզրակացությունս այն է, որ համագործակցության եզրեր ցանկության ու խելամտության պարագայում կարելի է գտնել:

 

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա միանշանակորեն նշվեց, որ ՆԱՏՕ-ն չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ ըստ այդմ էլ չունի հատուկ քաղաքականություն: Նշվեց, որ ԵՄ-ն ունի այդպիսի քաղաքականություն: Չասվեց, թե ինչ է ՆԱՏՕ-ն ուզում, բայց հստակ ասվեց, թե ինչ չի ուզում դաշինքը: Իսկ չի ուզում վտանգի տակ դնել տարածաշրջանային կայունությունը: Հստակ ասվեց, որ ՆԱՏՕ-ին մտահոգում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, բայց միեւնույն ժամանակ դաշինքը կողմնապահ չէ եւ գտնում է, որ լարվածությունից խուսափելու ելքը խաղաղության համընդգրկուն համաձայնագիրն է, ինչի համար պատասխանատու են հակամարտության կողմերը: Տանգո պարում են երկուսով` հիշեցրին մեզ հայտնի ճշմարտությունը` ակնարկելով նաեւ հայկական կողմի պատասխանատվությունը:

 

Սակայն հստակ ու հիմնավորված էր նաեւ հայկական պատվիրակության հղած մեսիջը ՆԱՏՕ-ին` մեր պարագայում խոսքը ոչ թե անվտանգության, այլ գոյատեւման համակարգի մասին է, ուստիեւ պիտի առանձնակի ուշադրություն դարձվի սրան:

 

Եվ վերջին հանգամանքը: Աշխարհը կանգնած է փոփոխությունների եզրին: Թե աշխարհն է փոփոխվում եւ թե փոխվում են փոփոխման գործիքները, ինչն ուղղակի հրամայական է դարձնում այդ գործիքներին տիրապետելը: Դաշինքի աշխատակիցներից մեկն այսպիսի մի անեկդոտ պատմեց.

 

ՙԵգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը մահանում եւ այն աշխարհում հանդիպում է Լիբիայի նախկին բռնապետ Քադաֆիին:

-Իսկ քե՞զ ինչով սպանեցին` դանակո՞վ, թե՞ ինքնաձիգով,- հարցնում է Քադաֆին:

-Ոչ մեկով, ոչ էլ մյուսով,- հոգոց է հանում Մուբարաքը:- Թվիտերով՚: