Կրոնը` որպես էթնոդավանական հակամարտությունների խթանիչ

Այսօր ծավալվող կրոնական հակամարտությունների մեծամասնությունն ընդամենը կրոնապես գունավորված քաղաքական հակամարտություններն են

Մաքսիմ ԲԱՐԲԱՇԻՆ
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Դոնի Ռոստով

ՌԴ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն աշխարհիկ պետություն է, որում ոչ մի կրոն չի հռչակվում պետական կամ պարտադիր, իսկ կրոնական միավորումները տարանջատված են պետությունից: Սակայն, իրական պատմական փորձը վկայում է հասարակական գործընթացների վրա կրոնի ունեցած բարդ ազդեցության մասին: Խորհրդային Միության փլուզմամբ սկսված եւ ավտորիտարից ժողովրդավարական զարգացման միտումներին ցայսօր տեւող անցումը ռուսաստանյան հասարակությունում ուղեկցվում է դավանական անհանդուրժողականության ուժեղացմամբ:

 

Միջդավանական շփման հակամարտային ներուժը նախ եւ առաջ սնվում է տնտեսական եւ քաղաքական աղբյուրներից: Իսկ հանուն հավատի կամ հեղափոխության մարտնչողներին, Մաքս Վեբերի դիպուկ խոսքով, միավորում է ՙերկրում բացարձակ արդարությունն ուժով հաստատելու ձգտումը՚:

Միջդավանական լարվածության ուժեղացմանը նպաստում են պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից կրոնական միավորումների պետությունից անջատված լինելու եւ օրենքի առջեւ կրոների հավասարության սահմանադրական սկզբունքների խախտումը, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցին` պետական եկեղեցուն վերածելու հզոր միտումը:

Դրա հետեւանքով Ռուսաստանի կենտրոնական տարածաշրջաններում ուղղափառությունը հանդես է գալիս ժամանակակից զանգվածային մշակույթի տարբերակի դերում` հեռուստատեսության կենտրոնական ալիքներով որոշ պաշտամունքների եւ հայտնի հոգեւորականների ու քաղաքական գործիչների ելույթների պարբերական հեռարձակմամբ: Ուշագրավ է, որ այդ ելույթները գնալով ավելի շատ են նմանվում հեռուստաշոուների:

Ռուսական ուղղափառությունը պետական կրոն, իսկ Ռուսաստանը` ՙուղղափառ տերություն՚ դարձնելու կարգախոսները կամ ՙՈւղղափառ մշակույթի հիմքերը՚ որպես հանրակրթական առարկա մտցնելու փորձը միանշանակ արձագանք են հարուցում մահմեդական եւ բուդդայական մշակույթի ժողովուրդների շրջանում` նպաստելով հակառուսական եւ ազգայնամոլական տրամադրությունների աճին եւ հանգեցնելով էթնոդավանական լարվածությանը:

Հակամարտային իրավիճակում գտնվող կողմերի տարբեր կրոնական պատկանելությունը նպաստում է լայնածավալ, երկարատեւ ու բռնարար հակամարտության առաջացմանը: Միջդավանական հակասությունները նպաստում են էթնոսների միջեւ բացասական հարաբերությունների աճին: Դա հաճախ է տեղի ունենում, քանի որ այսօր կրոնական ծիսակատարությունների հաճախող անձինք իրապես կրոնասեր անձնավորություններ չեն: Նրանք գնում են եկեղեցի եւ մասնակցում կրոնական արարողություններին` առաջնորդվելով ոչ այդքան կրոնական զգացմունքներով, որքան սոցիալական վարկանիշի ու հարմարավետության դրդմամբ` ՙքանզի այսպես վարվում են բոլորը՚:

Արդյունքում, կրոնականից մնում է սոսկ ՙպատյանը՚, մինչդեռ ՙբովանդակությունը՚ շարունակում է անփոփոխաբար աթեիստական մնալ` ինչպես եւ կոմունիստական ժամանակաշրջանում:

Այդ իսկ պատճառով որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ներկայումս ծավալվող կրոնական հակամարտություններն ավելի շուտ կրոնապես գունավորված քաղաքական հակամարտություններն են, որոնց կրոնական հայեցակետն արհեստականորեն առաջ է մղվում, սադրելով ավելին, քան իրականաում կա:

Այնուամենայնիվ, էթնոքաղաքական հակամարտություններում շահարկվում են նաեւ կրոնական կարգախոսներ: Ընդսմին, բախումների մասնակիցներն առաջնորդվում են կրոնի սահմանափակ ընկալմամբ, թե ինչ է ՙանհրաժեշտ պաշտպանել՚: Միաժամանակ, նրանք չեն ընկալում հավատը` որպես իդեալների եւ վարքականոնի աղբյուր: Արդյունքում, կրոնը կորցնում է իր մարդասիրական նշանակությունը եւ դառնում է քաղաքական պայքարի գործիք:

Ֆրանսիացի գրող Հերվե Բազենը նկատել է, որ մարդուն դեպի կրոն կարող է տանել նաեւ ՙինչ-որ հանդիսավորի հանդեպ մղումն ու պարզ եւ հստակ պատասխաններ ստանալու պահանջը, ինչպես նաեւ ապագան ապահովագրելու ցանկությունը՚: Ջավահարլալ Ներուն գրում է. ՙԿրոնը եւ միայն կրոնն է որոշում մեր արժեքների եւ մեր չափանիշների ընդհանրությունը` բացահայտելով մարդկային գործունեության սկզբունքներն ու ուղղությունները՚: Միաժամանակ նա նշում էր, որ ՙԿրոնն ունի ճշմարտությունը թաքցնելու, դոգմաներ սահմանելու եւ արագորեն արժեզրկվող արարողակարգերն ու բարեպաշտական դրսեւորումները հաստատելու միտում՚:

Այս դեպքում առաջանում են պայմաններ, որոնք թույլ են տալիս օգտագործել կրոնը միջէթնիկական հակամարտությունում` էթնիկական հանրությունը կրոնական հակառակորդի դեմ դիմակայությանը նախապատրաստելու համար: Սրբազան տեքստերում որոնվում են տարբեր էթնոքաղաքական հավակնություններ արդարացնող փաստարկներ: Այսպիսով, միջէթնիկական հակամարտությունը զգալիորեն խորացվում է` ձեռք բերելով միջդավանական հակամարտության գծեր եւ էլ ավելի կրճատելով հակամարտող կողմերի վարքագծի բանականացման հնարավորությունները:

Բացի դրանից, հակամարտության երկարաձգմանն ու թեժացմանը կարող են նպաստել հակամարտող կողմերի` այլ երկրներում իրենց հավատակիցների հետ ունեցած համերաշխությունը` նրանց կողմից ցուցաբերվող բարոյական եւ նյութական աջակցությունը (այդ թվում եւ զենքի մատակարարումների ու զինյալներ տրամադրելու միջոցով):

http://evrazia.org/article/1988

Share

Comments are closed.