Նորօսմանականությունն ու կրոնական գործոնի անազդեցիկությունը

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
“Ազդակ” օրաթերթի գլխավոր խմբագիր
Բեյրութ

Մերձավոր Արեւելքում նորօսմանականության վերականգնման փորձերը կարծես թե չեն հաջողվում: Կրոնական գործոնի լիարժեք օգտագործումի ծխածածկույթային քաղաքականությունը սպառել է ինքզինք: Գործընթացներն այլ ուղղությամբ են գնում:

 

Քրդական եւ ռուսական գործոնների թուրքական հաշվարկները

Իրաքի կողմից դեպի Թուրքիա օդային տարածքը փակելու որոշումը կապվում է տարբեր հանգամանքների հետ: Բայց երբ հաղորդվում է, որ Արբիլ-Իսթանբուլ կամ Արբիլ-Անթալիա թռիչքներն են առկախվել, հստակորեն խնդիրը կապվում է  ուղղակի քրդական գործոնի հետ:

Թուրքիայի տարածքում քուրդ ապստամբների ծավալած շարժումները վերստին լուսարձակի տակ են: Այժմ նախազգուշացման քայլ կլինի քրդական կողմից` փակելու դեպի Թուրքիա օդային տարածքը: Նման որոշումը  կարող է  ժամանակավոր լինել, մինչեւ որ իրավիճակը վերահանդարտեցնելու համապատասխան միջոց ձեռնարկվի: Ոչ պաշտոնական մեկնաբանությունները տարաբնույթ են: Մինչ թրքական լրատուամիջոցները Արբիլից Թուրքիա հասնող նավթային ծրագրի նկատմամբ Բաղդադի անհամաձայնությանն են վերագրում կատարվածը, Իրաքի ավիաուղիների ներկայացուցիչները խոսում են վերահսկողական սարքերի խանգարման մասին: Դրան  թրքական կողմն առարկում է, հարցնելով` այդ դեպքում ինչո՞ւ միայն դեպի Թուրքիա եւ դեպի Սաուդյան Արաբիա են առկախվել թռիչքները: Ավելի ուշ Իրաքի վարչապետը, առանց անդրադառնալու օդային տարածքի փակմանը, հայտնում է, որ Իրաքը չի կարող ձեռնածալ մնալ իր երկրի հյուսիսային տարածքի նկատմամբ գործադրվող օդանավային հարձակումների դիմաց:

Խնդիրը որոշ ծխածածկույթի տակ է եւ որոշակի ժամանակ է պետք  ճշգրիտ հետեւություններ անելու համար:

Փորձենք տեսնել, սակայն, թե այլ ուղղությունների վրա ի՞նչ իրադրություններ են արձանագրվում, որոնք Անկարայի ղեկավարների կիրառած քաղաքականության հետ ուղղակի-անուղղակի կապ կարող են ունենալ: Արեւմտյան լրատվամեքենան հստակ ճիգ է թափում միջնորդական եւ դիտորդական առաքելության ժամկետի ավարտի նախօրյակին համոզելու, որ Սիրիայի գործող իշխանությունների նկատմամբ օղակն առավելագույնս սեղմվել է արդեն, թե` հակաիշխանական ուժերը արդեն իսկ վերահսկում են մայրաքաղաքի մի շարք թաղամասեր:

Բոլոր երեւույթներն ու նախադրյալները համոզում են, որ խնդիրն արդեն վաղուց դուրս է եկել Սիրիայի սահմաններից, իշխանություն-ընդդիմություն քաղաքական, թե ռազմական ընդհարումների շրջագծից եւ ստացել ոչ միայն տարածաշրջանային տարողություն, այլ հայտնվել աշխարհաքաղաքական օրակարգում:

Այսպես, Մոսկվան Սիրիայում գործող վարչակարգի տապալումը համարում է իր ձախողությունը կամ իր սեփական դիրքերից զիջում: Մի կողմից` ռուսական ռազմանավերը մոտենում են սիրիական ծովափ, մյուս կողմից ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ համապատասխան վերահսկողություն է իրականացնում ռուսական նավերի նկատմամբ: Խնդիրը, ուրեմն, արաբական աշխարհի սահմաններից  շատ անդին անցած է  եւ ուղղակիորեն առնչված ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին:

 

Քրդական գարունը եւ թուրքական աշունը

Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական քաղաքականությունը մի քանի  ուղղություն ունի:

Նախ` հակաիշխանական զորքերին տրամադրված զինուժն ու տնտեսական աջակցությունն ուղղակի եւ անուղղակի միջոցներով: Պարզ է, որ ամերիկյան ռազմական օժանդակությունը թուրքական տարածքներից եւ կայաններից է հասնում Սիրիայի հակաիշխանական ուժերին: Եթե այս օժանդակությունը որոշ քողարկումներով  կամ կիսաբացահայտ ձեւով է կատարվում, ապա թուրքական աղբյուրներն իրենք  են հայտարարում տեղի թուրքմեններին զինելու մասին:

Սիրիայի թուրքմեններին զինելու բացահայտ դիրքորոշումն ուղղակի հակակշիռ քայլ է եւ կապվում է քրդական գործոնի նկատմամբ Անկարայի ունեցած գլխավոր մտավախության հետ: Անվտանգության գոտու ստեղծումը, Սիրիա-Թուրքիա սահմանային շրջանների երկայնքով թուրքական զորքերի կուտակումներն ու ցուցադրական զորավարժությունները եւս սերտորեն կապվում են Թուրքիայի թիվ մեկ խնդրին` քրդականին: Թուրքիայի արտգործնախարարի շտապելը հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան եւ տեսակցությունը նախագահ Բարզանիի հետ գլխավոր այդ մտավախությունից է բխում: Մինչդեռ միջազգային մամուլի էջերում տարբեր դիտանկյուններից վերլուծվում է ՙքրդական գարնան՚ գալուստը, որն, ի տարբերություն արաբական գարնան, իշխանափոխություններից ավելի նոր Քուրդիստան սահմանագծելուն է վերաբերում: Իսկ նոր Քուրդիստանն ամենաշատն է մտահոգում Անկարայի ղեկավարներին:

Շատ կարեւոր է, թե ինչ ֆոնի վրա է այս ամենը կատարվում: Թուրքական տարածքներից Սիրիա է թափանցում ամերիկյան զինուժի տարբեր ծառայություններ: Սիրիայի ծովային սահմաններում է հայտնվել ռուսական նավատորմը, որ հաջորդաբար կհամալրվի նոր ուժերով:  Ռուս-ամերիկյան անուղղակի ընդհարումները նախանշում  են գոտիների ձեւավորման նոր սահմաններ: Նոր սահմանագծումներ առաջադրող աշխարհաքաղաքական այս վարքագիծը ներկա Սիրիայի սահմանների վերագծման չէ վերաբերում միայն: Տարածաշրջանային մակարդակ ու տարողություն ունի այն եւ առաջիկայում կարող է ներառել նաեւ Թուրքիան: Ահա այստեղ է, որ կբազմապատկվի քրդական գործոնի նշանակությունը: Հյուսիսային Իրաքի ինքնավար տարածքը քրդական ակնկալվող տարածքների մի մասն է միայն: Սիրիական տարածքից ավելի ներկա Թուրքիայի սահմաններում ապրող քրդերի ինքնորոշման վտանգն է, որ սարսափի մատնած է Անկարային: Համաքրդական միավորման գործընթացները խոչընդոտելուն են միտվում Թուրքիայի կողմից անվտանգության գոտիների ստեղծման փորձերը, զորքերի կուտակումները, զորավարժությունները եւ այլն:

Անվտանգության գոտի ստեղծել է ուզում վտանգվածը: Իրոք, Թուրքիան վտանգված է:  Թվում է, թե մոտ է գարունը: Քրդական գարունը:

Իսկ թուրքական աշնան կամ քրդական գարնան գալստի վրա որեւէ ազդեցություն չի ունենալու կրոնական գործոնը:

Share

Comments are closed.