Խաղաղություն ներսում` խաղաղություն հարեւան պետությունների միջեւ

Բորիս ՕՍԻՊՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մոսկվա

Մեր ժամանակներում միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունները տարբեր սնանկ քայլեր են անում` տեղական, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ ու հակամարտություններ կանխարգելող եւ հանգուցալուծող մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

 

Սակայն, ինչպես ցույց են տալիս կյանքն ու, հատկապես, վերջին տասնամյակների փորձը (օրինակ` Բալկաններում, Կովկասում, մասնավորապես` Արցախի Հանրապետության կագավիճակին անուղղակիորեն վերաբերող միջկրոնական եւ միջէթնիկական հակամարտությունները, Մերձավոր Արեւելքում շարունակվող զինված դիմակայությունները եւ այլն), այսպես կոչված միջազգային հանրության  բոլոր ջանքերը չունեն էական եւ առավել եւս անշրջելի դրական իրավական արդյունքներ, քանի որ այդ փորձերն ի սկզբանե հիմնված են տարատեսակ  հակադիր գաղափարների ու կանխավարկածների եւ գերազանցապես տնտեսաքաղաքական բռնության եւ պարտադրանքի տեսությունների հեղհեղուկ ավազի վրա, այլ ոչ թե ողջ կենդանի եւ անկենդան աշխարհի Արարչի առարկայական, անփոփոխ եւ կենարար օրենքների եւ հրամայականների ամուր քարի վրա` ակներեւ փաստերի ճանաչման եւ այլեւայլ հակամարտությունների ծագման պատճառների ըմբռնման միջոցով:

Քանի որ տարբեր ժողովուրդների միջեւ ամեն կարգի, մասնավորապես` տնտեսական եւ իրավաքաղաքական հարաբերությունները, որպես օրենք,  ծագում են նրանց աշխարհայացքների տարբերությունների հակադրությունից, կրոնապես եւ պատմականորեն ձեւավորված բնութագրից եւ յուրահատկություններից, ինչպես նաեւ կյանքն ընկալելու եւ իմաստավորելու դավանական, ազգային, ժողովրդագրական եւ այլ առանձնահատկություններից[1], կարծում ենք, որ համընդհանուր եւ համաշխարհային խաղաղության ամենագործուն երաշխիքն ազգային-պետական կազմավորման կենսաձեւը պայմանավորող յուրաքանչյուր մարդու եւ սոցիալական միավորումների` ընտանիքների, աշխատանքային անձնակազմերի, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական շարժումների մեջ խաղաղությանն ու կարգուկանոնին հասնելն է: Այլ խոսքով, առանց յուրաքանչյուր ժողովրդի մեջ խաղաղության, կարգուկանոնի եւ բարգավաճման հաստատման հարեւանների եւ տարբեր մարդկային կազմակերպությունների միջեւ համագործակցությունն ու խախաղությունն անհնարին են:

Այս պարզ գաղափարը հորդորում է մեզ որոնել միջազգային հակամարտությունների խաղաղ եւ անարյուն կարգավորման որոշակիորեն այլ մեխանիզմներ: Խոսքը բազմաբնույթ միջազգային տարաձայնությունների վաղ` նախապայմանագրային կանխարգելման սահմանադրորեն ամրագրված մեխանիզմների մասին է: Այսպիսի մեխանիզմները (օրինակ` որոշակի հոգեւորապես, գիտականորեն եւ գործնականորեն փորձված իրավական եւ քաղաքական արժեքների, նպատակների, սկզբունքների, հաստատությունների եւ գործառույթների համակարգը, որը հակամարտող եւ այլ շահագրգիռ կողմերին կթույլատրի միասնաբար մշակել եւ ընդունել հստակ որոշումներ եւ իրականացնել դրանք ի շահ փոխադարձ բարիքի եւ հեռանկարային համագործակցության) նպատակահարմար է ամրագրել ժամանակակից պետությունների հիմնական օրենքների` ժողովուրդների սահմանադրությունների մեջ[2], որոնք, ի տարբերություն պետական իշխանությամբ ժամանակավորապես օժտված  մարդկանց, կարող են իրենց մեջ պարունակել երկարաժակետ եւ այլեւայլ հնարավոր վեճերի խաղաղ կարգավորման նախապայմանագրային կարգ պարունակող համապարտավորեցնող հանձնարարականներ:

Համաշխարհային անվտանգությանը եւ խաղաղությանը համընդհանուր սպառնալիք ներկայացնող միջազգային հակամարտությունների մեծամասնությունների ակունքը միջպետական կամ տարածաշրջանային անկայունությունն է, որը պայմանավորված է տարաբնույթ կրոնադավանաբանական, սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ այլ գործոններով[3]:  Ուստի, միջազգային հակամարտությունների եւ խնդիրների վաղ կանխարգելման եւ իրավացի խաղաղ կարգավորման սահմանադրորեն ծրագրավորված եւ երաշխավորված ենթադրվող մեխանիզմը նախ եւ առաջ պետք է հիմնվի ամեն կարգի դիմակայությունների եւ վտանգի աղբյուրների ծագման պատճառների պատշաճ ընկալման վրա:

Սահմանադրական եւ այլ կարգավորիչ-հաստատագրական եւ գործառութային երաշխիքների պակասությունը կամ բացակայությունը, հատկապես ընդհանուր զարգացման վաղ փուլում գտնվող պետությունների ղեկավարների եւ կառավարությունների ոչ բարձր բարոյահոգեւոր հասունության եւ իրավագիտակցության պարագայում, հաճախ պատճառ եւ բավարար պայման է դառնում տարբեր պետությունների խաղաղ եւ անվտանգ կյանքին իրապես սպառնացող միջազգային տարաձայնությունների մեծամասնության ծագման համար:  Այդ իսկ պատճառով ազգային սահմանադրություններն ու օրենքները պետք է պարունակեն այնպիսի իրավադրույթների նվազագույն քանակ, որոնք թույլ կտային համակարգորեն եւ հարատեւորեն կանխարգելել եւ երաշխավորել շահագրգիռ պետություններում տարատեսակ եւ հատկապես ռազմական դիմակայությունների չառաջանալը:

Սահմանադրորեն հռչակված ազգային կրոն չունեցող պետություններում ազգային ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին:[4]  Պետական ինքնիշխանությունը տվյալ ժողովրդի հրապարկային իշխանության գերակայությունն է, անկախությունն ու ինքնուրույնությունը: Դրա համար այն համարվում է միասնական եւ անբաժանելի` որպես ժողովրդի ազատ եւ պատասխանատու ինքնորոշման եւ պետաիրավական ու քաղաքական կյանքում նրա կամքի կենսագործման միջոց:  Սակայն, եթե ժողովուրդը հոգեպես եւ բարոյապես այլասերված է եւ տնտեսապես ստրկացված ահռելի եւ անվճարելի արտաքին պարտքերով եւ փոխառություններով, ապա նա չի կարող ինքնիշխան լինել ո°չ տնտեսական եւ ո°չ քաղաքական իմաստով, որովհետեւ նա այլեւս ի վիճակի չէ կատարել ո°չ իր եւ ո°չ Արարչի կամքը, այլ հարկադրված է սոսկ հնազանդվել եւ լռելյայն կատարել անթիվ եւ շահամոլ պարտատերերի ցանկությունը`  ի դեմս ժամանակավորապես շահագրգիռ մեծ օտարերկրյա տերությունների եւ միջազգային ֆինանսական ու քաղաքական կազմակերպությունների:

Ազգային-պետական ինքնիշխանության հարկավոր չափի հիմնական խնդիրը պահանջում է, որ այն չհակասի եւ դուրս չգա Աստվածային կամքի սահմաններից, որը հայտնվել է մարդկությանն անփոփոխ պատվիրանների եւ առարկայական օրենքների միջով, որոնք իրականացվում էին իրավացի միջազգային-իրավական դրույթների եւ կնքված պայմանագրերի միջոցով` առանց սահմանափակելու կամ կորցնելու սեփական ինքնիշխանությունը եւ տվյալ ժողովրդի բնական կյանքի  եւ պատմական առաքելության բովանդակության ու ձեւերի կորստյան:

Մի քանի քաղաքակիրթ պետությունների սահմանադրությունները մյուս պետությունների հետ փոխադարձության սկզբունքով պատրաստակամություն են հայտնում իրենց ինքնիշխանությունը սահմանափակելու` ընդհանուր կարգուկանոնի, անվտանգության եւ խաղաղության ապահովման նպատակով[5], ինչպես նաեւ այն չափով, որով թելադրում են ազգային շահերը եւ եթե այդպիսի սահմանափակումը չի ենթադրում մարդու կենսիմաստի, արժանապատվության, իրավունքների եւ պատասխանատվության սահմանափակում[6]:

Հռոմեական ակումբի նախկին նախագահ Ա. Պեչչեիի կարծիքով. ՙԱզգային-պետական ինքնիշխանության հասկացությունը պետք է վերանայել, քանի որ այն խանգարում է զարգանալ մարդկային միջազգային հանրությանը՚[7], որպեսզի բոլոր մեծ ու փոքր պետությունների ռազմավարական շահերը միասնական լինեն եւ, ինչպես պատկերավոր կերպով Աստվածաշունչն է ասում. ՙԳայլն ու գառնուկն արածեն միասին.. եւ միմյանց չարություն ու վնաս չպատճառեն Աստուծո սրբազան լեռան վրա՚[8]: Սակայն ազգային-պետական ինքնիշխանության` հօգուտ մարդու արժանապատվության, նրա իրավունքների եւ ազատությունների սահմանափակման պատմական միտումը չի կարող արհեստականորեն ինքնանպատակ դառնալ, այլ պետք է լինի միջազգային համագործակցության սկզբունքների եւ կանոնների համաձայնեցման անհրաժեշտ միջոց` բացարձակ Միապետ-Աստծո անփոփոխ պատվիրանների համաձայն:

Ազգային-տարածքային սկզբունքի որոշակի հնության վրա ժամանակին մատնանշել է Ա. Պեչչեին. ՙՏարածքային ինքնիշխանության սկզբունքն անհաղթահարելի խոչընդոտ է խաղաղության ճանապարհին: Այն պետք է հետզհետե սահմանափակվի եւ բարեփոխվի ու, վերջին հաշվով, վերացվի: Դրա օրինակը պետք է ցույց տան առավել հզոր պետությունները՚[9]: Իրականում, այս սկզբունքն իր մեջ մեծ անարդարության սերմ է պարունակում, որովհետեւ որոշ երկրներ օժտված են ահռելի բնական պաշարներով, բայց չեն կարող իրենց բարոյահոգեւոր տհասության պատճառով բանականորեն օգտագործել իրենց շնորհված բնական կարողությունները, մինչդեռ մյուսները տառապում են հումքի եւ պաշարների խիստ անբավարարությունից, բայց ընդունակ են օգտագործել դրանք իրենց եւ այլ ժողովուրդների համար:

Մատնանշելով այդպիսի աղաղակող անարդարությունը, որի հետեւում թաքնվում է ազգային-էթնիկական եւ կրոնական ոստանների նեղ եսակենտրոնությունը` Մ. Ստրոնգը կոչ է արել աշխարհի բոլոր պետություններին իրենց օրենսդրություններում արտացոլել աշխարհի բոլոր ժողովուրդների փոխկապակցվածության եւ համերաշխության առարկայական օրենքը[10]: Այս առումով, միջազգային անվտանգության պահպանման երաշխիքների ամրապնդման համար ՄԱԿ-ն ունի ահռելի կազմակերպչաիրավական պահուստներ եւ ինքնակատարելագործման հեռանկարներ:

Հարեւան պետությունների միջեւ կայուն խաղաղություն հաստատելու համար ազգային սահմանադրությունների առաջաբաններում պետք է ամրագրվի իրավաչափ կամ բարեօրեն (էվնոմիկ) պետության ստեղծման գաղափարը` յուրաքանչյուր պետության համար  ավանդական կրոնի, բարոյական սկզբունքների, բարի ավանդույթների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր կերպով ճանաչված սկզբունքների ու կանոնների, համերաշխության եւ համագործակցության, ներքին եւ արտաքին խաղաղության ու կայունության հիման վրա:

Աստծո կամոք միմյանց սահմանակցող պետությունները կարող են մշակել բարենպաստ պայմանների ստեղծման օրենսդրական հիմքը` շարունակական մերձավոր շփման եւ միմյանց կրոնահոգեւոր ու ավանդական արժեքների համակարգին, ազգային լեզուներին, պատմությանը եւ մշակույթին ծանոթանալու համար: Դրա շնորհիվ նրանք նախկին հակամարտող մրցակիցներից հետզհետե կվերածվեն նախանձախնդրորեն համագործակցող գործընկերների: Այս իմաստով աշխարհին լավ օրինակ են ցուցադրել որոշ եվրոպական երկրներ[11], որոնք դարեր շարունակ որպես ոխերիմ թշնամի իրար դեմ էին պատերազմել, բայց, ի վերջո, իմաստություն եւ բարի քաղաքական կամք են գտել` Եվրամիության շրջանակներում խաղաղություն կերտելու համար: Այսպիսի գործընթացն աշխարհի առանձին տարածաշրջանների ընդգրկմամբ հեռանկարում կարող է վերաճել զարգացած եւ հետամնաց պետությունների համապարփակ եւ հավասարակշռված համագործակցությանը, որն ընդունակ է ապահովել նաեւ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հավելյալ տեղեկատվական, կազմակերպչաֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը:

Տարածաշրջանային եւ համաշխարհային հակամարտությունների եւ խնդիրների վաղ, նույն ինքն` նախապայմանագրային կանխարգելման սահմանադրական համակարգ-մեխանիզմը ներկայումս կիրառվող մեխանիզմների հետ համեմատած կարող է դառնալ ոչ պակաս կարեւոր երաշխիք` միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման համար: Իր արդյունավետությամբ այն անգամ կարող է ունենալ մի շարք էական առավելություններ` ՄԱԿ-ի եւ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մակարդակով հաստատված մեխանիզմների եւ միջազգային իրավունքի կանոնների համեմատ: Խնդիրը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների զինանոցում միջազգային դիմակայությունների բավարար նյութական եւ կազմակերպչատեխնիկական միջոցների բացակայության մեջ է:

Միջազգային վեճերի եւ հակամարտությունների վաղ կամ նախապայմանագրային կանխարգելման սահմանադրորեն ամրագրված ծրագիրը, իմաստնաբար ընդունելով արդի աշխարհի բազմակենտրոն կառուցվածքը[12], թերեւս, հնարավորություն կունենար ընձեռելու շոշափելի հավելյալ երաշխիք` միջազգային անվտանգության, խաղաղության եւ կայուն աշխարհակարգի իրավական եւ դրանցից ածանցվող քաղաքական հիմքերի հաստատման համար:

———————————

1. Մանրամասները տե’ս`Б.А. Осипян. Соотношение и взаимодействие норм религии, права и закона //Религия и право.2003. № 3.

2. Մանրամասները տե’ս` Б.А.Осипян. Новый правовой завет депутатам парламентов мира, или конституционная система правовой ответственности законодателей. //Представительная власть- XXI век: законодательство, комментарии, проблемы, 2003, №№ 1 и 4.

3. Ազգային գերազանցության, կամ նախանձի, կամ այլ թշնամանքի եւ հակակրանքի զգացումը, կրոնապատմական եւ մշակութային գերազանցության սնապարծ ձգտումը, իշխանության  եւ ազդեցության ոլորտների համար պայքարը, էներգակիր պաշարների /գազի, նավթի, անտառի/, պարենային եւ ջրային հարստությունների հակաիրավական վերաբաշխումը եւ այլն:

4. Տե՛ս` Ֆրանսիայի Սահմանադրության թիվ 3 հոդվածը

5.Տե՛ս` Իտալիայի Սահմանադրության թիվ 11 հոդվածը

6. Տե՛ս` Հունաստանի Սահմանադրության թիվ 28 հոդվածը

7. Печчеи А. Человеческие качества. М., 1985. С. 258.

8. Библия. Ветхий Завет. Исайя, 65:25.

9.  Будущее в настоящем. М., 1984. С. 45.

10. Strong M. Address on Canada in a Planetary Society. New York, 1978.  P. 286.

11. Օրինակ` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ այլն:

12. Մանրամասները տե’ս Б.А. Осипян. Перспективы глобального развития права //Современное право. 2004. № 2.

Share

Comments are closed.