Հայ ժողովրդի կորուսյալ զավակների վերադարձը՝ խավարից դեպի լույս

Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ
Լրագրող
Բեյրութ

Այն, ինչ անհավատալի էր թվում մի տասնամյակ առաջ, հիմա իրականություն է`  Թուրքիայում ու ՙթրքական՚ սփյուռքում ՙգաղտնի՚ հայերի գոյության մասին (որոնց պապերը հրաշքով ճողոպրել էին 1915 թվի եւ 1937-38 թթ. Դերսիմի ցեղասպանություններից) այսօր աղաղակող փաստերով ներկայացվում է զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներով: Արդեն լույս են տեսել գրքեր եւ ժողովածուներ, կազմակերպվել են խորհրդաժողովներ հայության համար ՙանծանոթ՚ հատվածի մասին, այն մարդկանց մասին, ովքեր թեեւ կրոնափոխ, սակայն կարողացել են պահպանել իրենց ազգային դիմագիծը, գիտեն, որ հայեր են եւ Արեւմտյան Հայաստանի իսկական տերերը, հավատում են, որ իրենց հայրենիքն իրենց է վերադարձվելու ազգային զարթոնքի եւ ազատագրական շարժումների այս դարաշրջանում:

Վերջերս Մոսկվայում, Ռուսաստանի ՙՀամշեն՚ երիտասարդական միության հրավերով եւ աջակցությամբ, հանդիպեցի այն լեգենդար դեմքերի հետ, որոնց մասին հոդվածներ էի գրել, հեռախոսով եւ համացանցով կապվել ամիսներ շարունակ: Հայախոս մեր կրոնափոխ եղբայրները Համշենի դարավոր ազգագրական երգերը հիանալիորեն ներկայացրեցին միջազգային համբավի հասած ՙՎովա Համշեն՚ համույթի միջոցով, որի ղեկավարն էր գաղափարով սոցիալիստ Հիքմեթ Աքչիչեքը: Բազմանդամ պատվիրակությունը Մոսկվայում գլխավորում էր Թուրքիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Մեմեթ Ալթունքայան, ով սահուն կերպով խոսում էր համշենահայերեն: Ավելի քան 1500 հանդիսականների առաջ Մոսկվայի ՙԳոլդեն Պալասի՚ դահլիճում դաշնակցական, ֆիդայական եւ ազգագրական երգերով հանդես եկավ Սպարտակ Զաքարյանը (Կրասնոդար): 1999 թվականին առաջին անգամ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում թրքախոս համշենահայերի ՙմոր՚` Ալիյէ Ալիս Ալթի, իր եղբոր` Սադաթ Բոսդանի, նկարիչ զավակի` Դենիս Ալթի ու մտավորական Նուրեդին Գուրմանի հետ մեր անմոռանալի հանդիպումները ծնունդ տվեցին հոդվածաշարերի, որոնք սկզբում քմծիծաղով եւ թերահավատությամբ ընդունվեցին, բայց հետագայում տպագրվեցին աշխարհատարած  Սփյուռքի բազմալեզու մամուլում:

Եթե համշենահայերը գլխավորաբար դավանափոխ են եղել մի քանի դար շարունակ, Օսմանյան կայսրության ճնշումների, ջարդերի, ահաբեկումների պատճառով ՙպատկանելով՚ սուննի դավանանքին, ապա Մուշի եւ Սասունի, Գյունդեմիրայի, Գզըլ Աղաչի (Կարմիր Խաչ), Վարթոյի շրջանում բնակվող դավանափոխ հայերը մեծ մասամբ դարձել են Ալեւի-Շիա դավանանքի հետեւորդներ, դավանանք, որը բավականին մոտիկ է քրիստոնեությանը եւ հանդուրժողական է մյուս կրոնների հանդեպ: Այսօր, թեեւ հայտնի չէ Պատմական Հայաստանի այս հնագույն բնակավայրերի ծագումով հայ-ալեւի ազգաբնակչության թիվը, ըստ որոշ տվյալների, հասնում է մի քանի տասնյակ հազարի:

2012 թվականի հունվարին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցեցինք Մուշի Գյանդեմիրա ավանից նախկին դավանափոխ, քրիստոնյա-հայ մկրտված Սիմոն Գյունդենի հարսանյաց հանդեսին, որին մասնակցում էին շուրջ 2000 անձինք` Թուրքիայի ու Եվրոպայի տարբեր քաղաքներից ժամանած: Այդ պատմական հարսանիքին առաջին անգամ ներկա էին դավանափոխ եւ քրիստոնյա հայերի ներկայացուցիչներ, զազաներ, կզըլբաշներ, քրդեր, ասորիներ, թուրք հայասեր մտավորականներ: Սասուն-Մուշի հայկական խմբապարերի ժամանակ Եվրոպայի ասորիների միության ղեկավարներից Շաբո Աքկյուլը` ցույց տալով փարթամ հասակով, շիկահեր ու գեղեցկադեմ պարող երիտասարդությանը` ասաց. ՙհայությունը նրանց վրայից ծորում է…՚: Հակառակ տասնամյակների հալածանքներին, սարսափին, գաղտնի ու ՙծպտված՚ կյանքին, զանազան անուններին ու դավանանքին, մեր կրոնափոխ եղբայրներն ու քույրերը կարողացել են պահպանել իրենց ազգային դիմագիծը եւ առաջին իսկ առիթով հայտարարել են իրենց հայկական ծագման մասին:

Դերսիմը Արեւմտյան Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որտեղ զրադաշտականությունը, մանեիզմը (մենիքեականությունը), արեւապաշտությունը, քրիստոնեությունը, իսլամությունը` իր ալեւի, սուննի եւ կզըլբաշ դավանանքներով, գոյություն ունեն մինչեւ այսօր: Այս տարածքում, Մնձուրի լեռներում (Մունզուր) եւ համանուն գետի ափերին ապրել են  հայեր, զազաներ, քրդեր, կզըլբաշներ, ասորիներ, պարթեւներ եւ պարսիկներ, որոնք եղել են կիսանկախ նույնիսկ օսմանյան տիրապետության ժամանակ: 1915 թվի Հայոց Ցեղասպանության օրերին ավելի քան 40 հազար հայեր, գլխավորաբար որբեր, փրկվեցին բնաջնջումից` շնորհիվ Զազա ցեղապետ Սեյիդ Ռիզայի խիզախ քայլերի: Նա հարյուրավոր հայ մատենագիտական գանձեր փրկեց ու պահեց իր տանը: 1937-38 թվականներին աթաթուրքյան վարչակարգը, չկարողանալով հանդուրժել Դերսիմի կիսանկախ իրավիճակը, պատճառաբանելով, թե զազաներն ապստամբություն են բարձրացրել, տանկերով, ծանր հրետանիով եւ ռազմական ինքնաթիռներով (այդ թվում` Աթաթուրքի հայազգի օդաչու որդեգիր դուստրը` Սաբիհա Կյոկչենը) հարձակվեցին  Դերսիմի վրա, որի պաշտպանները զինված էին 19-րդ դարի վերջի հրացաններով ու զենքերով: Տեղի ունեցավ ահավոր ջարդ ու կոտորած, ավելի քան 150 հազար զոհերով ու հազարավորների տեղահանություններով: Ըստ ցեղապետ Սեյիդ Ռիզայի որդու վկայության` անցյալ դարի 60-ականներին թրքական բանակը հրետակոծել է բոլոր այն զազաների տները, որոնք հայեր էին թաքցրել: Ըստ զազա պատմաբան ու գործիչ Մունզուր Ջեմի վկայության` Սեյիդ Ռիզայի տնից թուրք զինվորները գտել են հայկական Սուրբ Գրքեր, մագաղաթներ եւ ամբաստանել են զազա ցեղապետին գաղտնի հայ-քրիստոնյա լինելու մեջ: Մեծ հայասերին կախաղան բարձրացրեցին, սակայն նրա անունը եւ փրկած հայերի սերունդներն ապրում են մինչեւ այսօր:

Զազա նշանավոր երգիչ Միքայել Ասլանն իր ազգակից երաժիշտ ընկերներ Ջեմիլ Գոչկիրիի եւ Զաֆեր Կյուչյուքի հետ (Գերմանիա), շարունակեց Մեծն Կոմիտասի գործը, Հայաստանին ու հայ ժողովրդին վերադարձնելով, ինչպես ինքն է ասում, 1000 տարվա Դերսիմի հայոց երգերը: Հիմնվելով Կոմիտասի աշակերտ Տիգրան Թումաճյանի արխիվների վրա, համագործակցությամբ Հայաստանի ՙԱկունք՚ ազգագրական համույթի ու վրացահայ հիանալի երգչուհի Լեյլա Սարիբեկյանի հետ, հայերեն եւ զազաքի լեզվով ՙՓեթակ՚ ձայներիզը (CD) բազմահազար օրինակով տպվեց եւ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ:

Մեծ թիվ են կազմում Սիրիայի եւ Իրաքի արաբական ցեղախմբերի կողմից 1915 թվի Ցեղասպանության ժամանակ նահատակված եւ Միջագետքի անապատներում  ոչնչացած բյուրավոր հայերի զավակները: Այսօր Սիրիայում բազմաթիվ ցեղապետներ ծագումով հայեր են ու այդ մասին հայտարարում են զանգվածային լրատվության միջոցներով:

Եղեռնից հետո որբահավաք հայերին ու մարդասիրական կազմակերպություններին են հանձնել շուրջ 20 հազար հայ որբերի, որոնց մի մասը տեղափոխվել է Գյումրիի որբանոց: Այսօր էլ Սիրիայի եւ Իրաքի անապատային բեդվինների մոտ բազմաթիվ են ծագումով հայերը, որոնք, թեեւ կրոնափոխ եւ արաբախոս, միշտ կապ են պահպանում իրենց վերագտած հարազատների հետ Բաղդադում, Հալեպում, Դամասկոսում եւ Բեյրութում:

Հայ կրոնափոխներն արաբական աշխարհում նաեւ հասել են արքայական բարձրագույն դիրքերի, ինչպես, օրինակ, Եգիպտոսի Մամլուկյան կայսրությունում թագուհի Սաջարաթ ալ-Դուրրը, Լուլուն, Մելիք ալ-Աֆդալը եւ ուրիշներ:

Կրոնափոխ համշենահայերը նաեւ դարձել են ստալինյան ռեպրեսիաների զոհեր: 1944 թվականին, Բերիայի դրդմամբ, մեր ազգակիցները Թուրքիայի սահմանամերձ վրացական շրջաններից աքսորվել են Կենտրոնական Ասիա, Ղրղզստան եւ Ղազախստան: Ճանապարհին շատեր մահացել են ցրտից եւ սովից` ըստ Յաշար Ակբոյուկովի, ում հանդիպել ենք 2011 թվականի ամռանը Ռուսաստանի Ֆեդերցովկա գյուղում, որտեղ ՙհայրենադարձվել՚ էր իր հայրենակիցների հետ Կենտրոնական Ասիայի աքսորավայրերից:

Մինչ այդ, Ղրղզստանի պատմական Օշ քաղաքի կրոնափոխ համշենահայերի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովն իր հոր` Ռուշդունի նման, այցելելով Հայաստան եւ Արցախ, ազդարարեց տարագրված համշենահայերի վերադարձը դեպի Մայր Հայրենիք:

Հուսով ենք, որ այս երազանքն իրականություն կդառնա եւ համայն հայությունը դարձյալ կվերադառնա Մայր հող:

Հոբայի համշենահայերը Մոսկվայում՝ Տեր Մարտիրոս Բերբերյանի հետ

 

«Վովա Համշեն» համույթի ղեկավար Հիքմեթ Աքչիչեկի հետ

Ռուսլան Կարաբաջակով և Գեւորգ Մխիթարյան

Share

Comments are closed.