Արցախյան քրոնիկոն (հունիս)

Հունիսի 1-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն Երեւանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստին, որի ընթացքում նա առաջարկել 2011 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում դարձյալ ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը` հաշվի առնելով ջրի հիմնախնդրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակությունը եւ այս ոլորտում առկա հիմնախնդիրները:

Նույն օրը Արցախի կառավարության նիստում  հավանության է արժանացել տնտեսական զարգացման նախարարի ներկայացրած` ՏՏ ոլորտի կադրերի ուսուցմանը, վերապատրաստմանը, ցուցահանդեսների, համաժողովների կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու կարգը, որի համաձայն` կադրերի ուսուցման եւ վերապատրաստման աշխատանքներին ուղղված գումարը 2011 թվականի համար սահմանվում է 4 միլիոն դրամ:

Կառավարության նիստում հավանության արժանացավ նաեւ սեպտեմբերի 18-ին Արցախի 227 համայնքներից 209-ում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական` 5-րդ ընտրությունների անցկացման մասին որոշման նախագիծը:

Նույն նիստում գործադիրը հավանություն է տվել կրթության եւ գիտության նախարարի ներկայացրած նոր կագին, ըստ որի` այս տարվանից Արցախի պետական եւ ոչ պետական բուհերի ու ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված տեղերի ընդունելությունը կկատարվի նոր կարգով` միասնական քննությունների գնահատականների հիման վրա:

Կառավարության նիստում հավանության են արժանացել նաեւ ջրի ազգային ծրագիրը եւ այլընտրանքային էներգակիրների կիրառման հայեցակարգը:

Հունիսի 1-ին վարչապետ Արա Հարությունյանի մոտ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետն իր դժգոհությունն է հայտնել հողօգտագործողների հետ տարված դասընթացների արդյունքներից. շատերը շարունակում են աշխատանքներն իրականացնել` խախտելով ագրոկանոնները` նշել է նա:

ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում հունիսի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ձեռքի աշխատանքների «Արցախ` հայրենիք իմ» խորագրով ցուցահանդես-մրցույթի բացման արարողությունը. ցուցահանդեսին ներկայացված էին մայրաքաղաքի եւ հանրապետության շրջանների ստեղծագործական կենտրոնների, արվեստի դպրոցների սաների աշխատանքները, որոնցից լավագույնների հեղինակները կպարգեւատրվեն մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Հունիսի 8-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Բարդա ուղղությամբ. դիտարկման ժամանակ աշխատանքային այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը հատել են շփման գիծը նախապես ականազերծված հատվածում:

Հունիսի 9-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա). Բակո Սահակյանը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը` ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին ԼՂՀ մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:

Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ամփոփելով տարածաշրջանային հերթական այցը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում էր, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին համանախագահները կողմերի հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված քայլերը, որպեսզի դրանք համապարփակ խաղաղ պայմանագրի հիմքը դառնան, ինչպես հայտարարել էին համանախագահող երկրների նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման Դովիլում:

Նույն  հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հունիսի 7-ին արդեն երրորդ անգամ հատել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը` ցուցադրելով, որ կողմերը կարող են համագործակցել եւ պահպանել հրադադարի ռեժիմը. այդ համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին խուսափել ցանկացած սադրիչ գործողությունից եւ հայտարարությունից, որոնք կարող են ձախողել խաղաղ բանակցային գործընթացն այս կարեւոր պահին:

Հունիսի 11-ին նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2011թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն, ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների` այս տարվա հունիսի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 47190.4 մլն դրամ` 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 48.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.7 տոկոսով:

«Անցյալին վերադարձ չկա, եւ դա, կարծում եմ, պարզ է բոլորին: Մենք արդեն խորհրդային իրականության 70 տարի ունեցել ենք այդ ինքնավարությունը, եւ բոլորը գիտեն, թե ինչով դա ավարտվեց: Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ այլ տիպի ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչում` միջազգային մակարդակով: Դա ինչպես ժողովրդի, այնպես էլ մեր հանրապետության իշխանությունների կարծիքն է»,- հունիսի կեսերին ԹՏպվվօռ ՊՌտսՏՎՈՑ  ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Հարկավոր է գիտակցել, որ 1988 թվականի իրավիճակին վերադարձ` ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքային հարցերում, լինել չի կարող»,- ասել է նա եւ հավելել, որ հակամարտության հանգուցային քաղաքական ասպեկտները կարգավիճակի եւ անվտանգության հարցերն են, մյուս հարցերն ածանցվում են դրանցից:

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ «խաղաղություն` տարածքների դիմաց» սկզբունքը ոչ միայն անընդունելի է, այլեւ հղի է տարածաշրջանի համար անկանխատեսելի հետեւանքներով, բացի դրանից` փոխզիջումներն էլ պետք է համարժեք լինեն. խաղաղության դիմաց միայն խաղաղություն կարելի է առաջարկել:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը, ապա, ըստ Արցախի նախագահի, այն աշխարհում միակ տարածքն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է դիմակայության կողմերի ուժերով. «Դա արդեն նվաճում է, որը ցույց է տալիս, որ կողմերը կարող են առանց արտաքին միջորդության պահպանել խաղաղությունը»:

Հունիսի 14-ին նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ. հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հունիսի 15-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախում սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հանրապետության նախագահը «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրել է սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ, նախկին նախարար Լենստոն Ղուլյանին, նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանին եւ «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» կազմակերպությանը:

Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հունիսի 16-ին ստորագրած որոշմամբ` «Մայրություն» հիմնադրամի նախագահ Հասմիկ Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության հունիսին հրապարակված տվյալների համաձայն` Արցախում այս տարի 2 անգամ շատ գարնանացան է կատարվել. հունիսի 13-ի դրությամբ կատարվել է 8786.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3682.2 հա-ի փոխարեն:

«Մեզ կարող են ոչնչացնել, բայց առանց մեզ ոչինչ չեն կարող որոշել»,- հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը`  Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Հայաստանի եւ ԼՂՀ մի խումբ լրագրողների հետ հունիսի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Հարցին, թե ղարաբաղյան կողմը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ բանակցային գործընթացի վրա, նախարարը պատասխանել է. «Ղարաբաղը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ ոչ մի լուծում չի կարող ընդունվել առանց նրա, եւ կարծում եմ` դրանով իսկ արդեն ազդում է գործընթացի վրա»:

Հունիսի 22-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել սույն թվականի հունիսի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցով, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման կապակցությամբ, որում նշվել է, որ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն վերահաստատում է արցախյան ազատագրական պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու իր վճռականությունը, կոչ է անում համանախագահներին ու միջնորդական առաքելություն իրականացնող բոլոր կողմերին` զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը եւ խաղաղությունը խաթարող քայլերից:

Նույն օրն արցախյան մեկ տասնյակի չափ ՀԿ-ների ղեկավարներ հանդես եկան հայտարարությամբ առ այն, որ առ ոչինչ են համարելու մադրիդյան սկզբունքները հաստատող` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված ցանկացած փաստաթուղթ. ակնհայտ է, որ ոչ մի միջպետական համաձայնագիր չի կարող ունենալ իրավական ուժ, եթե այն ուղղված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը, կնքվում է ուժի կիրառման սպառնալիքի եւ տնտեսական հարկադրանքի ազդեցության տակ, նսեմացնում է ազգային-ազատագրական պայքարում հաղթած ժողովրդի արժանապատվությունը եւ նրան զրկում իր հաղթանակի արդյունքներից` ասվում է հայտարարության մեջ:

ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունիսի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում. դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքերի նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Նույն օրը «Հելսինկյան նախաձեռնություն 92» կազմակերպության ԼՂ կոմիտեին կից գործող բանավեճի ակումբի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հիմնարար սկզբունքները եւ դրանց տարրերը, որոնք առաջարկվում են Կազանի գագաթաժողովում ընդունելու համար, արմատապես հակասում են ԼՂՀ ազգային շահերին. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած գործընթաց պետք է հենվի մարդու հիմնարար իրավունքների, ընտրության ազատության եւ խաղաղ զարգացման վրա, իսկ միջնորդների առաջարկած լուծումը հիմնվում է հայկական կողմերի զիջումների վրա եւ չի կարող ապահովել երկար սպասված խաղաղությունը»:

«Այսպես կոչված` Մադրիդյան սկզբունքների հետ կապված ձեւաչափն ու մոտեցումները սխալ են: Մենք ունենք իրավունքներ, որոնք չի կարելի արհամարհել, քանի որ մենք դրանց դիմաց շատ մեծ գին ենք վճարել»,- հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` Արցախի ազգային ժողովի հունիսի 23-ին կայացած նիստի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ:

ԼՂՀ Ազգային ժողովի նույն նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել տարեկան հաղորդմամբ` ամփոփելով ԱԺ առաջին, երկրորդ եւ երրորդ նստաշրջանների օրենսդրական գործունեությունը. խորհրդարանական տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, գումարվել են 13 լիագումար նիստեր, շրջանառության մեջ է դրվել 103 օրինագիծ, որոնցից 96-ն ընդունվել է որպես օրենք:

Վերջին 2 ամիսների ընթացքում բնական աղետներից Արցախում տուժել է շուրջ 6800 հեկտար տարածք, որից`  4753 հա հացահատիկ,  263 հա եգիպտացորեն, 822 հա`  բանջարաբոստանային կուլտուրաներ, 575 հա`  բազմամյա տնկարկներ եւ 455 հա`  խաղողայգիներ. այս մասին ԱԺ նիստում հայտարարել է գյուղնախարար Արմո Ծատուրյանը` պատասխանելով պատգամավոր Վահրամ Բալայանի հարցին:

Հունիսի 27-ին Ասկերան քաղաքում տեղի է ունեցել նոր մարզադաշտի բացման արարողությունը:

Հունիսի 28-ին կայացած նիստում ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հավանություն է տվել  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կողմից մատուցվող տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու մասին որոշմանը, որի համաձայն` հուլիսի 1-ից հաստատուն հեռախոսային գծերով եւ ռադիոմոդեմով, կորպորատիվ լոկալ ցանցի օգտագործման (Corporate network subscription)  եւ այլ ծառայությունների մատուցման սակագները կնվազեն:

Նույն նիստում հայտարարվել է նաեւ հուլիսի 1-ից հեռախոսակապի նոր` նվազեցված սակագների մասին. դրանք կնվազեն 9.5-33.3 տոկոսով:

Share

Comments are closed.