Արցախյան գոյամարտը եւ կրոնը

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ
Ստեփանակերտ

Արցախյան ազգային-ազատագրական շարժման նախնական փուլում, երբ խնդիր էր դրված վերամիավորվել Մայր Հայաստանին, Շարժման նախաձեռնողները (կապ չունի` ՙդրսի՚, թե ՙներսի՚) առաջնային էին համարում քաղաքական պայքարը եւ պահանջը: Սակայն  ազգային-ազատագրական շարժումն ունի իր օրինաչափությունները, որոնց հաշվի չառնելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ:  Մի կողմ թողնելով Շարժման փիլիսոփայությունը եւ ապագա ընթացքը, նշենք, որ Արցախյան պատերազմը պարտադրեց համայն հայությանը համախմբվել`  անկախ նրանց կուսակցական, կրոնա-դավանաբանական պատկանելությունից, քանի որ, վերջին հաշվով, վճռվում էր ազգի գոյապահպանման խնդիրը:

 

Հայտնի ասացվածքը հուշում է, որ երբ կռվում են ազգերը, առաջին հերթին պատերազմում են նրանց քաղաքակրթությունները: Մեր պարագայում` քրիստոնեությունն ընդդեմ մահմեդականության: Միջանկյալ նշենք. կրոնը հասարակական գիտակցության ձեւ է եւ աշխարհայացք£ Ամեն ազգ, ժողովուրդ պատմության ընթացքում, ըստ իր հավատամքի, կրոնի, ձեւավորում  է իր սոցիալական գոյաձեւը եւ քաղաքակրթությունը:

Արցախյան պատերազմի նախաշեմին, ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի կազմավորման վերջնական փուլում, 1991թ. նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում ստեղծվում են  ինքնապաշտպանության 6 գոտիներ: Կապն այդ գոտիների եւ ԼՂՀ  ԻՊԲ ընդհանուր հրամանատարության միջեւ իրականացվում էր   ՙոստիկանական՚ ռադիոկապի միջոցով, որը հեշտությամբ ընդունվում եւ լսվում էր հակառակորդի կողմից: Նրանք անընդհատ մտնում էին կապի մեջ հետեւյալ ազդականչով. ՙՎազգեն, Վազգեն, մոլլային լսո±ւմ ես…՚ (նկատի ունեին Վազգեն Ա կաթողիկոսին):  Դա, իհարկե, պատահական չէր, որ հային դիմում եւ ընդունում էին որպես քրիստոնյայի: Բայց, միաժամանակ, հակառակորդն էն գլխից ձգտում էր պատերազմին տալ նաեւ կրոնական բնույթ, համոզված լինելով, որ իսլամական աշխարհը օգնության ձեռք կմեկնի: Եւ նրանք իրենց հաշվարկների մեջ չսխալվեցին`  Արցախյան պատերազմին մասնակցեցին մահմեդական երկրների հազարավոր կամավորականներ եւ վարձկաններ:

Աֆղան մոջահեդների` արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից կռվելու մասին առաջին անգամ պաշտոնապես արտահայտվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ջոն Կոռնբլյումը, ով 1993-ի աշնանը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստում մտահոգություն է արտահայտել` Կովկասում մոջահեդների ներկայությունը համարելով շատ վտանգավոր զարգացում:

1993թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է գրում Աֆղանստանի նախագահ Բրհան Էդ-Դին Ռաբանիին եւ վարչապետ Գոլբ Էդ-Դին Հեքմաթյարին, որոնցում մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների կազմում աֆղան մոջահեդների մասնակցության վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը նամակում հույս է հայտնում, որ դա կատարվում է առանց Աֆղանստանի ղեկավարության գիտության, եւ այդ փաստերը կարժանանան նրանց ուշադրությանը:

Ռաբանին պատասխան ուղերձում գրում է. ՙԵս ստացա եւ ուսումնասիրեցի Ձեր ուղերձը որոշ անպատասխանատու աֆղանցիների մասին, ովքեր մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Աֆղանական կողմը գիտակցում է Հայաստանի ղեկավարության մտահոգությունը: Մենք հավանություն չենք տալիս ԼՂ-ում ռազմական գործողություններին աֆղանցի քաղաքացիների մասնակցությանը… Մոջահեդների անվան տակ մի քանի վարձկանների մասնակցությունը չի կարող վատացնել բարեկամական հարաբերությունները Աֆղանստանի եւ Հայաստանի միջեւ՚:

Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաեւ աֆղան վարձկանների ներգրավումը, թեեւ ՙՀորադիզ՚ կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային:

1993թ. օգոստոսի կեսերին Հեյդար Ալիեւը, ով նոր էր իշխանության եկելª Ադրբեջանում, տապալելով Աբուլֆազ Էլչիբեյին, գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովին` Հեքմաթյարի հետ պայմանավորվելու վարձկաններ ուղարկելու հարցում:  Աֆղանստանը Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերել միջպետական պայմանավորվածության արդյունքում:  Մի քանի շաբաթ անց մոջահեդները տեղավորվել էին Մինգեչաուր քաղաքումª Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ոչ հեռու:   Աֆղան վարձկանների թիվը եղել է 1500-2500, նրանց կենտրոնատեղին Աղդամից հյուսիսª Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում էր: 1994թ. մարտ-ապրիլ ամիսներին ՙՀյումըն ռայթս ուոչ՚-ի ներկայացուցիչները մոջահեդներին տեսել են Բաքվի ՙԱդրբեջան՚ հյուրանոցում, պաշտպանության նախարարության շրջակայքում եւ Բարդա քաղաքում:

Պատերազմում բեկում մտցնելու նպատակով Ադրբեջանի ղեկավարները օգնություն ստանալու ակնկալիքով բանակցել են Ուկրաինայի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի իշխանությունների եւ անգամ ինքնահռչակ Իչկերիայի առաջնորդների հետ: Բացառությամբ Ուկրաինայի, բոլոր մյուս երկրները Ադրբեջանին ռազմական եւ դիվանագիտական աջակցություն են ցուցաբերել պաշտոնապես: Ադրբեջանական բանակի կազմում մեր դեմ կռվել են նրանք, ում այսօր միջազգային հանրությունը որակում է որպես միջազգային ահաբեկիչներ:

Ադրբեջանական փաստաթղթերում աֆղան վարձկանները հիշատակվում են որպես ՙհատուկ կոնտինգենտ՚: Սկսած 1993-ի օգոստոսից նրանք մասնակցել են արցախյան ռազմաճակատի հարավ-արեւելյան ուղղությամբ մղվող մարտերին: Հատկանշական է, որ նախագահ Հեյդար Ալիեւն աֆղան վարձկաններին օգտագործել է նաեւ իր բանակի բարոյալքված անձնակազմին սաստելու նպատակով. ՙԱրցախյան ազատագրական պատերազմի տարիներին գերի ընկած աֆղան վարձկանները միաձայն պնդում էին, որ առաջին գծում մարտերին մասնակցելուց բացի իրենք օգտագործվել են նաեւ որպես արգելակող ջոկատներ: Վարձված աֆղան մոջահեդների ջոկատները տեղակայվում էին ադրբեջանական ստորաբաժանումների թիկունքում եւ ստանում հստակ հրաման. կրակել նահանջող ադրբեջանցի զինվորների վրա:

Արցախում իրենց ուժերն են չափել նաեւ չեչեն գրոհայինները: Հայտնի է, որ 1993-ին չեչենական ջոկատը Շամիլ Բասաեւի գլխավորությամբ մասնակցել է Կարմիրավանի եւ Աղդամի շուրջ մղվող մարտերին: Հատկանշական է սակայն, որ Բասաեւի ջոկատն ի զորու չեղավ կանխել հայկական ուժերի կողմից Աղդամի ռազմահենակետի ոչնչացումը: Բասաեւն իր ջոկատով Արցախից հեռացել է 1994-ի փետրվարին. հեռացել է` տալով 188 զոհ:

Արցախյան պատերազմին մասնակցել են նաեւ թուրքական հայտնի ՙԳորշ գայլեր՚ կազմակերպության ջոկատայինները, որոնք, Մարտունու շրջանի Ուրյան լեռան մարտում տալով վեց զոհ եւ նույնքան վիրավոր, փախուստի են դիմել, թողնելով զոհերին, վիրավորներին եւ մեծաքանակ ռազմամթերք: Գեւորգավանի տեղամասում ՙգայլերը՚ եւս պարտություն են կրել եւ ճողոպրել:

Արցախյան պատերազմին մասնակցել են նաեւ վարձկան արաբներ եւ մահմեդական այլ ազգությունների  ներկայացուցիչներ:

Նորից անդրադառնալով կրոնի թեմային, նշենք, որ  ներկայումս ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գրանցված  եւ գործող կրոնական կազմակերպությունների եւ աղանդների մեծամասնությունը ֆինանսավորվում է դրսի ուժերի կողմից, որի առյուծի բաժինը` մոտ 80%-ը, բաժին է ընկնում Թուրքիային եւ Ադրբեջանին: Ֆինանսավորումը հիմնականում կատարվում է միջնորդված ճանապարհով: Այսինքն` թուրքական կամ ադրբեջանական այս կամ այն կազմակերպությունները, ձեռնարկությունները ֆինանսավորում են ինչ-ինչ կրոնական կազմակերպությունների կամ կառույցների, դրանք էլ ֆինանսավորում են Հայաստանի աղանդավորներին:  Նպատակը պարզ է` ժողովրդին բաժանել իրար չհանդուրժող կրոնական համայնքների ու խմբերի:  Իսկ թե  ի±նչ կարող է տեղի ունենալ,  երբ ազգի պառակտումը կատարվում է դավանանքի միջոցով, բավական է հիշել Սերբիայի, Իռլանդիայի, Իրաքի օրինակները եւ հետեւել արաբական աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներին:

Ուստի կրոնի խնդրին ամենայն լրջությամբ պետք է վերաբերվել եւ ընդունել համապատասխան հայեցակարգ:

Share

Comments are closed.