ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (սեպտեմբեր)

Սեպտեմբերի 1-ին Արցախի 245 դպրոցներում հնչեց առաջին զանգը. առաջին անգամ դպրոց հաճախեցին 2100-ից ավելի երեխաներ:

 

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի` օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված ՙԱրցախի երգը՚ գրքի շնորհանդեսը. ժողովածուի մեջ տեղ են գտել Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի (Ֆրանսիա, Գերմանիա եւ Ռուսաստան) արդեն ճանաչված մոտ 100 գրողների ու սկսնակ ստեղծագործողների աշխատանքները:

Նույն օրը նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն. Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ պարգեւատրվածներն իրենց անձնվեր աշխատանքով, Արցախի սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցությամբ արժանի ավանդ են բերում նրա հետագա զարգացման գործում:

Սեպտեմբերի 2-ին նշեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձը. վաղ առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում արդեն սկսվել էր երթը դեպի հուշահամալիր, որտեղ իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու հազարավոր արցախցիներ, ԼՂՀ եւ ՀՀ իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր:

Հանրապետության օրվան նվիրված իր շնորհավորական ուղերձում նախագահ Բակո Սահակյանը նշել է. ՙՄեր նպատակն է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան պետություն, որտեղ կհարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները, պետություն, որը կարող է պաշտպանել իր ժողովրդին եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար՚:

ՙԵս գտնում եմ մենք ունենք ավելի լուրջ հիմքեր ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է եւ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՚,- նույն օրը Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը. անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու բանակցային գործընթացի ներկա փուլին` Ա.Ղուկասյանն ասել է, որ ՙայս պահին բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է՚:

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է մոտ հինգ տասնյակ լիբանանահայ գործարարների. երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում չափազանց կարեւորում են Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը` հավելելով, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ եւ փոխշահավետ համագործակցության համար:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցն առնչված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն եւ անմիջապես ազատ արձակելուն. Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ դա ժողովրդավարական սկզբունքների եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է եւ պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից:

Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող եւ չեն մնա անպատասխան. այս համատեքստում երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին:

ԼՂՀ հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին. հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար ՙԱրիության համար՚ մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որոնցից 2-ը` հետմահու, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՙՄարտական ծառայություն՚ մեդալով պարգեւատրվել է 158 հոգի, որոնցից 9-ը` հետմահու, պետական շինարարության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության բնագավառներում ԼՂՀ մատուցած ծառայությունների համար ՙՄխիթար Գոշ՚ մեդալով` 8 հոգի, ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով` 5, ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով` 2, ՙԵրախտագիտություն՚ մեդալով` 22 հոգի:

Սեպտեմբերի 4-ին ավարտվեց Կիպրոսում գրանցված ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերության 57 գործարարներից կազմված պատվիրակության եռօրյա այցելությունն Արցախ. պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ, ինչպես նաեւ այցելել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների համարյա բոլոր համայնքներ եւ տեղում ծանոթացել այն մարդկանց հետ, ովքեր օգտվել են ԱՐԻ ընկերության տրամադրած գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքով վարկերից:

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության նախագահի վկայականը:

Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար եւ բարերար, ՙԼուդինգ՚ ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին. հանդիպումից հետո նախագահը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ փրկարար ծառայությանը բարերարի կողմից տրամադրված ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության վերջին նիստը, որի ընթացքում վարչապետ Արա Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, որ անցած 5 տարիների ընթացքում ծրագրվածից ամեն ինչ չէ, որ հասցրել են կատարել. ՙԱյնուհանդերձ, շատ բան իրագործել ենք` ի շահ մեր պետության ամրապնդման, զարգացման եւ ժողովրդի ապահովության՚:

Նիստից հետո Արա Հարությունյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում այն հարցին, թե կառավարությունն ի±նչ աշխատանքներ է վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել, պատասխանել է. ՙԼՂՀ միջազգային ճանաչման հետ կապված աշխատանքներ կատարել ենք, կատարում ենք եւ կատարելու ենք: Ինչքանո±վ է հաջողվել…Իհարկե` եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ չի ճանաչվել որեւէ երկրի կողմից, որեւէ միջազգային կառույցի հետ շփումներ չունենք, նշանակում է, որ արդյունքները չեն կարող բավարարել՚:

ՙԵս մեծ հաճույքով ու սիրով կաշխատեմ երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ ցանկացած պաշտոնում` վարչապետ կառաջարկի, խորհրդական, օգնական, նախարար, թե որեւէ վարչության պետ՚,- նույն ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` բացատրելով, որ ՙայս 5 տարիների ընթացքում տեսել է երկրի թռիչքային զարգացումը՚` հընթացս մատնանշելով մի քանի հաջողություններ:

Պատասխանելով կառավարության կազմում փոփոխությունների անհրաժեշտության մասին հարցին` նա նշեց. ՙՄի կողմից շատ գոհ եմ կառավարության աշխատանքից, մյուս կողմից էլ ունեմ լուրջ դժգոհություններ` տարբեր պաշտոնյաների վարքագծի, հասարակության նկատմամբ վերաբերմունքի հետ կապված՚:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը սեպտեմբերի սկզբներին նամակ է հղել ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորին` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու կապակցությամբ. նամակում հույս է հայտնվում, որ ԵԱՀԿ-ն եւ նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին եւ կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից եւ նացիզմի գաղափարախոսությունից:

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ` նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնամուտին, որին ներկա էին 33 պատգամավորներից 32-ը. երդում տալով ժողովրդին 17-րդ դարի Ավետարանի եւ ԼՂՀ Սահմանադրության վրա` նախագահը նշել է. ՙԵրդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի՚:

Նույն օրը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղի ունեցավ աշխարհահռչակ ՙForbidden Saints՚ խմբի համերգը:

Սեպտեմբերի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է ԼՂՀ Նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու համար Արցախ ժամանած Աբխազիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, ԱՀ փոխնախագահ Միխայիլ Լոգուային եւ պատվիրակության անդամներ` ԱՀ Ժողովրդական ժողովի փոխնախագահ Վաղարշակ Կոսյանին ու աբխազահայ համայնքի ներկայացուցիչ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանին:

Նույն օրը տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Սեպտեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել ՙՍահմանադրական Արցախ՚ քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը. նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության-անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը` ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

Սեպտեմբերի 11-ին Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ. հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել նոր կառավարության ձեւավորման գործընթացին:

Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում բացվեց Արցախի երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների ցուցահանդեսը` Ղարաբաղում գործող ՙԿրթական եւ թրեյնինգային կենտրոն՚ եւ ՀՀ Վանաձոր քաղաքի ՙԽաղաղության երկխոսություն՚ ՀԿ-ների նախաձեռնությամբ:

Սեպտեմբերի 11-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ:

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը. հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Սեպտեմբերի 11-ին նախագահ Բակո Սահակյանը Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը` վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով. մի քանի օր անց` սեպտեմբերի 14-ին, ԼՂՀ Ազգային ժողովին ներկա բոլոր 30 պատգամավորներն էլ փակ գաղտնի քվեարկության միջոցով արտահայտել են իրենց համաձայնությունը:

Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Հաջորդ օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ ՙԴորիանս՚ խմբի եւ աշխարհահռչակ անգլիացի բաս կիթառահար, վոկալիստ, ՙDeep Purple՚, ՙBlack Sabbath՚ խմբերի նախկին մասնակից Գլեն Հյուզի եւ ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շիրինյանի համատեղ համերգը:

Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի (ՙԱրարատ՚ ապրանքանիշի) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին` գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ. հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի  նիստի ընթացքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ՙԴաշնակցություն՚ խմբակցության նամակը, որի համաձայն` ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Վահան Բադասյանն այլեւս խմբակցության անդամ չի հանդիսանում:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Սեպտեմբերի 15-ին ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՙՔաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում՚ թեմայով կլոր սեղանը, որին մասնակցում էին ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՙՄարդը եւ տիեզերքը՚ գիտաժողովի մասնակիցներ, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնաց Չարլզ Դյուկին (ԱՄՆ) եւ դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա):

Սեպտեմբերի 17-18-ը Շուշիում անց է կացվել ՙՇուշին` հայկական մշակույթի օջախ՚ թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված հայկական գրատպության 500-ամյակին:

Սեպտեմբերի 18-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է գիտաժողովի մի խումբ մասնակիցների. հանդիպման սկզբում նախագահը ՙԵրախտագիտություն՚ մեդալ է հանձնել ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին:

Հաջորդ օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստում պատգամավորների հավանությանն է արժանացել արդարադատության նախարարի պաշտոնականատար Նարինե Նարիմանյանի ներկայացրած` ՙԿառավարության կառուցվածքի մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը, ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել օրենքի` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին եւ տնտեսական զարգացման նախարարությանը վերաբերող կետերը, իսկ նախագծի որոշ կետեր էլ նոր խմբագրությամբ են շարադրվում, ըստ որոնց` սոցիալական ապահովության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը եւ զբոսաշրջության վարչությունը վերանվանվում են համապատասխանաբար աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության:

Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կողմից հրապարակվեց պատգամավորներ Զոյա Լազարյանի եւ Վլադիմիր Կասյանի դիմումները` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսուհետ կունենա 11 դատավոր` ներկայիս 9-ի փոխարեն, նույն նիստում հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Նարինե Նարիմանյանը:

Սեպտեմբերի 19-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Սեպտեմբերի 19-ին ԱԺ խումբ-խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված. ՙՄենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարաններին` արժանի գնահատական տալ կատարվածին`  հանուն Ադրբեջանի կողմից հանցագործ պետական քաղաքականության կասեցման եւ ապագայում նմանօրինակ հրեշավոր հանցագործություններ թույլ չտալու նպատակով՚:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սեպտեմբերի 20-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարան եւ ծանոթացել վերանորոգված սրահներին, որից հետո նախագահները մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստին:

Սեպտեմբերի 21-ին Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նույն օրը Ղարաբաղում գործող ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ ՀԿ-ի նախաձեռնությամբ կինոդիտում-քննարկում է կազմակերպվել` նվիրված խաղաղության միջազգային օրվան. միջոցառման մասնակցիների դատին է ներկայացվել ամերիկացի ռեժիսոր Ջինի Ռետիկերի ՙՍատանային նորից իր որջը տար՚ փաստավավերագրական եւ հնդկացի ռեժիսորի ՙՀարեւաններ՚ ֆիլմերը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկայացվեց ՙՄէկ՚ նախագիծը, որի նպատակը կինո-թատերական կրթություն տալն է` փորձի փոխանակմամբ:

Նույն օրը վարչապետ Ա. Հարությունյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների (ՇՄԲՌ) վարչության ղեկավար կազմում. Գարի Գրիգորյանն ազատվել է ՇՄԲՌ վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել այդ նույն վարչության պետի տեղակալ: ՇՄԲՌ վարչության պետ է նշանակվել Վազգեն Միքայելյանը` ազատվելով ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Վարչապետի մի այլ որոշմամբ Արմեն Ավագյանը նշանակվել է ՇՄԲՌ պետի առաջին տեղակալ:

Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 01.37-ին ԼՂՀ տարածքում` Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

ԼՂՀ կառավարությունը նույն օրը ընդունել է որոշումներ հանրապետության երկու շրջանների վարչակազմերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ. որոշումներից մեկով Քաջիկ Խաչատրյանն ազատվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն, նրան այդ պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Կասյանը:

Կառավարության որոշմամբ Լեւոն Չալյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն, եւ այդ պաշտոնին նշանակվել է Վլադիկ Խաչատրյանը:

Սեպտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի Համազգային Արշակ եւ Սոֆի Գոլստեն ճեմարանի 10-րդ դասարանի աշակերտներին, ովքեր Արցախ են ժամանել այդ կրթական հաստատության գաղութային հարաբերությունների պատասխանատու Նորա Սեւակյանի, կրթական վերակացու Ջիվլեն Ֆորեստերի եւ մի խումբ ծնողների ընկերակցությամբ:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՙԼուդինգ՚ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանին. հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը Արցախին մատուցած ծառայությունների համար բարերարին հանձնել է ՙԵրախտագիտություն՚ մեդալ:

Բակո Սահակյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաեւ Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ` ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ. հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Սեպտեմբերի 25-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վասիլի Աթաջանյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցիչ:

Նույն օրը նախագահն այցելել է Ակնա բնակավայր եւ տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին. ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կազմակերպվել է պահանջատիրական երթ` նվիրված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան. երթը կազմակերպել էր ՙԿամք՚ ՀԿ-ն եւ ՙԱրցախակերտում՚ նախաձեռնությունը` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Share

Comments are closed.