Զինադադարը չի տարածվում վիրտուալ տիրույթի վրա

01.10.12.

Քրիստինե ԱՂԱԼԱՐՅԱՆ  
Քյամալ ԱԼԻ 
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

“Հայկական կիբերբանակը” հակահարձակման անցավ

2012թ. սեպտեմբերի առաջին շաբաթը լեցուն էր հայ-ադրբեջանական ՙհայհոյախառը փամփուշտներով՚.  փոխհրաձգությունը համացանցի տիրույթում էր: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, այնուհետեւ հայրենիքում ներում շնորհելու փաստը կիբերհարձակումների նոր առիթ տվեց:

Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` հարձակվող կողմը Ադրբեջանն էր: Հարձակման տիրույթում էին ՙԱրմենպրեսը՚, ՙPanARMENIAN.Net՚-ը, ՙԳալա TV-ն՚ եւ մի շարք այլ կայքեր: Ադրբեջանական ցանցահենները կոտրեցին քաղցկեղով հիվանդ երեխաների համար ստեղծված հիմնադրամի կայքը` children.am-ը, ինչպես նաեւ մանկատան աջակցման բարեգործական եւ կրթական ծրագրեր իրականացնող manuk.am կայքը:

ՙՀայկական կիբեր զորքը՚ պատասխան գրոհի անցավ: ՙԳուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է՚, ՙՄահապատիժ Սաֆարովին՚ ՙԻնչպիսին հերոսներն են, այնպիսին ազգն է՚ եւ նմանատիպ տեքստերով` զուգորդված Ռ. Սաֆարովի, Գ. Մարգարյանի եւ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարներով, հայ ցանցահենները գրոհեցին ադրբեջանական լրատվական ռեսուրսների վրա: ՙKonqi՚ եւ ՙLinuXoid՚ անվամբ ցանցահենները կոտրեցին մայրաքաղաք Բաքվում տեղաշարժմանն աջակցող կայքերը եւ տեղադրեցին Սաֆարովի եւ Մոնթե Մելքոնյանի լուսանկարները:  Սակայն հայ ցանցահենների թիրախում այս անգամ առավելապես ադրբեջանական պետական- պաշտոնական եւ լրատվական կայքերն էին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արդարադատության նախարարության, ինչպես նաեւ կապի եւ մշակույթի նախարարությունների պաշտոնական կայքերը, լրատվական trend.az-ը եւ այլն:

Հարձակման ենթարկվեցին ոչ միայն կայքերը, այլ հոսթինգներ/սերվերներ տրամադրող եւ ինտերնետային կայքերի ձեւավորման եւ մշակման մեջ մասնագիտացած ընկերությունները: Օգոստոսի 31-ին ՙB0T_25՚ եւ ՙAsSert՚ անուններով ներկայացող ադրբեջանցի ցանցահենները կոտրեցին e-works վեբ-ստուդիայի սերվերը: e-works.am-ն, ի դեպ, արդեն երկրորդ անգամ էր հարձակման ենթարկվում (առաջին անգամ` 2010-ին, AsSerT  անունով ցանցահենն էր կոտրել այն): Կոտրվեցին նաեւ designstudio.am,noyemberyan.am, fcm.am, gtlegal.am, future.am, tourorent.am,  yfa.am, mebel.am, interactivehr.am, children.am, marriottxmas.am, grantthornton.am կայքերը:

Այսպիսով, համաձայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մեզ տրամադրած տվյալների` սեպտեմբերի 5-ի դրությամբ եւ դրան նախորդող 15 օրում հայաստանյան am տիրույթում հոսթինգ ունեցող 6 կայքէջ է վնասվել, եւս 40-ը`  am տիրույթի` արտերկրում հոսթինգ ունեցողներից: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանն ասում է, որ վնասված կայքերը հայտնի կամ պաշտոնական կայքեր չէին, որոնք տնտեսական կամ քաղաքական իմաստով լրջորեն անդրադառնային հայաստանյան կյանքի վրա, ահա թե ինչու վնասված կայքերի թիվը հանրությանը հայտնի չդարձավ: Այդ կայքերը դարձել էին ոչ կենսունակ: Մի մասը վերականգնվել է, որոշները` դեռ ոչ, իսկ հարձակումները շարունակվում են:

ՙՍաֆարովի արտահանձնումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին 5 տարվա երեւի ամենալուրջ մեդիա-իրադարձությունն էր: Սա ավելի աղմկոտ պատմություն էր, քան հայ-թուրքական համաձայնագրերը՚,- ասում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների` հարձակումը սկսել են հայերը 

Ըստ ադրբեջանական աղբյուրների` Սաֆարովի արտահանձնման եւ կալանքից ազատման մասին տեղեկատվության հաջորդ օրը փակվել են ադրբեջանական առաջատար կայքերի` 1news.az, Apa.az, Vesti,az, Day.az, Novosti.az մատույցները: Հաղորդվեց նախագահական կայքի կոտրման մասին, թեեւ որոշ ժամանակ անց ԱՀ նախագահի վարչակազմը հերքեց այդ լուրը:

ՏՏ մասնագետների շուրջօրյա լարված աշխատանքի շնորհիվ կայքերը վերականգնեցին իրենց աշխատանքը, իսկ հաջորդ օրը ադրբեջանական մամուլում ենթադրություններ հայտնվեցին առ այն, որ կայքերը հարձակման են ենթարկվել հայ ցանցահենների կողմից` որպես վրեժ Սաֆարովի վերադարձի:

Հայկական լրատվամիջոցները հաստատեցին այդ ենթադրությունը, հայտարարելով  ՙArmenian Cyber Army՚ հաքերային խմբի հարձակման մասին Ադրբեջանի առաջատար լրատվական գործակալությունների վրա: Կայքերի մատչելիության վնասման մեջ հայկական հետք գտել է նաեւ ադրբեջանական ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը: Պատասխանելով մեր հարցերին` նա առաջին հերթին մեղադրեց տեղացի վեբ-ադմինիստրատորներին այն բանի համար, որ նրանք կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկում (թեեւ, իմանալով քաղաքական իրավիճակը, դժվար չէր գուշակել նոր հարձակման սկիզբը), իսկ պետությանն էլ մեղադրեց այն բանում, որ չի օգնում մասնավոր վեբ-ռեսուրսներին:

ՙԱյդ ռեսուրսների տերերը Սաֆարովի արտահանձնումից անմիջապես հետո պիտի կանխագուշակեին հերթական հաքերային հարձակումը: Ակնհայտ է, որ նման դեպքերում առաջին հերթին հարձակման են ենթարկվում այն կայքերը, որոնց ընթերցողների թիվը շուրջ 10 հազար է եւ ավելի՚,- ասում է նա:

Կայքերի ավերումն այն բանի ապացույցն է, որ ադրբեջանական ինտերնետ-ռեսուրսները հագեցված չեն անվտանգության համակարգերով: Ռեսուրսների սեփականատերերը չեն ուզում միջոցներ ներդնել պաշտպանական ծրագրային համակարգերի ստեղծման, սերվերների ավելացման վրա, այլ պարզապես ուզում են շահույթ ստանալ ադ ռեսուրսներում գովազդ տեղադրելով:

Մյուս կողմից, գտնում է ադրբեջանցի փորձագետը, պետությունը նույնպես պիտի մասնակցի ինտերնետի պաշտպանության գործին: Պետությունն ամեն տարի մեծ գումարներ է հատկացնում տպագիր լրատվամիջոցներին, որոնք, սակայն, քիչ ընթերցողներ ունեն, բայց ահա անպաշտպան է թողնում հանրահայտ կայքերը, որոնց միջազգային նշանակությունն անհամեմատ մեծ է: Պետությունը պիտի հոգա ազգային նշանակություն ունեցող ռեսուրսների կարիքները` ներառյալ դրանց տեղադրումը պետական պաշտպանված սերվերներում:

ՙԱդրբեջանական ինտերնետ-ֆորումը պատրաստվում է միջազգային միջոցառման: Աշնանն անցկացնելու ենք միջազգային ինտերնետ-ֆորում, որում վերջնականապես հաստատելու ենք մեր դիրքորոշումը, ինչպես նաեւ մեր առաջարկությունները միջազգային IGF-ին: Ֆորումում մենք բարձրացնելու ենք հաքերային սպառնալիքներից ադրբեջանական կայքերի անվտանգության հարցը` անկախ նրանից, թե որտեղից է բխում վտանգը՚,- հավելեց Գյունդուզը:

 

Լեռնային Ղարաբաղը` կիբերպատերազմների թիկունքում 

ԼՂՀ տեղեկատվական տեխնոլոգիաների միության ղեկավար, ՙԱրմինկո՚ ընկերության արցախյան գրասենյակի տնօրեն Սամվել Մայիլյանն ասում է, որ ադրբեջանցի ցանցահենները հաճախ չէ, որ կոտրում են ղարաբաղյան կայքերը, քանի որ դրանք այնքան էլ հայտնի չեն:  Շատ կայքերի մասին հակառակորդը նույնիսկ տեղյակ չէ, եւ այնքան ցածր հաճախություն ունեն դրանք, որ նույնիսկ չի զգացվում, երբ նշված կայքերից մեկը ջարդվում է: Նրա հավաստմամբ` ադրբեջանցիները հիմնականում հարձակվում են պետական կառույցների կայքերի վրա, ինչը լինում է ամիսը մեկ կամ մի քանի անգամ: Իսկ հիմնական հարձակումները լինում են  Խոջալուի դեպքերի օրը կամ ինչ-որ հիշարժան օր: Օրինակ` այս տարի Սումգայիթի դեպքերի օրը հակառակորդը փորձել էր ջարդել Ղարաբաղի զբոսաշրջության վարչության կայքը, սակայն շատ կարճ ժամանակում այն կանխվել է: Ս.Մայիլյանի հավաստմամբ` այս կայքը փակելու եւ ջարդելու փորձերը հարեւան երկրում պետական մակարդակով են անում:

Կիբերհարձակումներն ադրբեջանցիները շատ կազմակերպված են անում` ունենալով հստակ նպատակ ու թիրախ: Մասնագետի կարծիքով` հաքերների խումբն ադրբեջանցիներից չէ հիմնականում կազմված, այլ թուրքերից: Այս խմբի կարծիքի հետ հաշվի են նստում Ադրբեջանում, որտեղ ակտիվորեն հաքերներ են պատրաստվում, գումարներ ներդնում արտասահմանում մասնագետների վերապատրաստման եւ տեղում աշխատանքների իրականացման համար: Այս մասնագետներն ամեն օր աշխատանքի են գալիս, գտնում հայկական կայքերի թույլ ու խոցելի տեղերը եւ հավաքում դրանք` մինչեւ հարմար առիթի դեպքում հարձակում իրականացնելը, եւ այդ ամենի համար նրանք բարձր աշխատավարձ են ստանում:

Այս ամենը, սակայն, Հայաստանում եւ Ղարաբաղում չի արվում: Սյստեղ ամեն ինչ ՙմերկ խանդավառությամբ՚ է արվում:  Այստեղ միշտ չէ, որ կայքերի անվտանգությանը կարեւորություն են տալիս եւ նախընտրում են ավելի էժան ու թեթեւ գործիքներով պատրաստված կայքերը: ՙԴա սխալ մոտեցում է: Կայքի համար պետք չէ գումար խնայել:  Եթե խնայում ես` կայքդ խոցելի է լինում, ու ցանկացած պահի կարող են այն ջարդել: Եթե դուռը բաց ես թողնում` իսկույն մտնում են՚,- ասում է Սամվել Մայիլյանը` խոստովանելով, որ իրենց էլ են նման կայքեր պատվիրում, որոնց սպասարկումն իրենց համար էլ է գլխացավանք դառնում:

Կիբերհարձակումների տեսակներից Ղարաբաղում ավելի տարածված են կայքերի ջարդումը եւ սփամների ուղարկումը: Կայքերի ջարդման դեպքում դնում են հիմնականում Ադրբեջանի դրոշի կամ Ալիեւի լուսանկարը: Տարիների ընթացքում միայն այս ձեւն է, որ չի փոխվել, ասում է Սամվել Մայիլյանը, ում խոսքերով` պետական մարմինների կայքերը համապատասխան մարմինները հետեւում են, որ հնարավորինս քիչ լինեն հարձակումները:

ՙՄեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մասնագետների պատրաստմանը, որ նրանք աշխատանքի գան, ամեն օր տեղ գտնեն մտնելու, հետեւեն հակառակորդի տեխնոլոգիաների զարգացմանը եւ այլն: Հայաստանում ունենք մարդիկ, բայց նրանք Հայաստանով մեկ ցրված են, իսկ եթե հավաքես էլ` ո՞վ է ֆինանսավորելու: Համապատասխան մարմինը չի ֆինանսավորվում, քանի որ նա էլ է աղքատ: Իսկ նման դեպքում ցանկալի հաղթանակի երբեք չես կարող հասնել: Նախկինում հարեւան երկրի կայքերն ավելի հեշտ էր ջարդելը, հիմա շատ բան է փոխվել` այնտեղ շատ են առաջ անցել՚,- ասում է Սամվել Մայիլյանը, ով գտնում է, որ հակառակորդին արժանի պատասխան պետք է տալ: -Եթե նա այդ գործիքը օգտագործում է` մենք էլ պետք է նույնը անենք՚:

Ղարաբաղում հաքերներ չկան, բայց, Մայիլյանի կարծիքով, կան բազմաթիվ խելոք երիտասարդներ, ում կարելի է պատրաստել այդ գործի համար, ինչն անհրաժեշտություն է, քանի որ Ադրբեջանը վերջին տարիներին, հատկապես վերջին 3 տարում ավելի է ակտիվացել:

Բացի կիբերհարձակումներից, հայերն ու ադրբեջանցիները ՙպատերազմում են՚ նաեւ սոցցանցերում ու ֆորումներում` հաճախ նույնիսկ անցնելով բոլոր սահմանները` իրար հայհոյելով: Պարզվում է, նման պատերազմներ լինում են նաեւ ինտերնետ խաղերում, որտեղ հայերի եւ ադրբեջանցիների թիմերը պատերազմում են: Մարտերն ընթանում են խմբավորումների միջեւ: Մասնակիցներն այս կամ այն երկրի անունով թիմեր են ձեւավորում եւ հակամարտում` ունենալով կորուստներ ու հաղթանակներ:

 

Պետությունը եւ ցանցահենները 

2008 թվականի ամռանն  ադրբեջանցի ցանցահենները պետական մի քանի կայքեր կոտրեցին: Դրանից հետո պետական ու պաշտոնական կայքերի անվտանգությամբ ու պաշտպանությամբ սկսեց զբաղվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Փորձագետ Ռուբեն Մուրադյանն ասում է, որ ԱԱԾ-ն նոր պահանջներ առաջադրեց պետական կառույցների նկատմամբ, այն է` բոլոր եւ առաջին հերթին այն կայքերը, որոնք պետական կառույցների կողմից են ստեղծվում, պետք է  ունենան անվտանգության ապահովում:

ՀՀ ԱԱԾ կողմից մշակվեց եւ ստեղծվեց հատուկ  հանգույց, որը կազմված  է սերվերներից, հեռահաղորդակցական, պաշտպանական ծրագրային եւ տեխնիկական սարքավորումներից,  որոնք համակցված են ՀՀ ինտերնետ պրովայդերների եւ պետական մարմինների ցանցերի միջեւ, ստեղծելով միջանկյալ անվտանգության գոտի: Ինտերնետային հոսքերը, անցնելով այդ գոտով իրական ժամանակում, ենթարկվում են մշակման` վիրուսային եւ այլ վնասակար ծրագրերի, ցանցային հարձակումների, չարտոնյալ ներթափանցումների փորձերի հայտնաբերման եւ վնասազերծման նպատակով, ապահովելով ՀՀ պետական մարմինների ցանցերի մշտական պաշտպանվածությունը ինտերնետային սպառնալիքներից: Գործող հանգույցը հնարավորություն է ընձեռում բարձրացնել տեղեկատվության հնարավոր արտահոսքի դեմ պայքարի հուսալիությունը, պետական մարմինների էլեկտրոնային  կայքերի անվտանգությունը, եւ տեղեկատվության արտահոսքի հայտնաբերման դեպքում արագ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` դրանց կանխման ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը տեղեկացրեց, որ այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ը սկսեց զբաղվել պետական պաշտոնական կայքերի անվտանգությամբ, դրանք չեն կոտրվել:

ՙՀանգույցի շահագործման ընթացքում հայտնաբերվել եւ վնասազերծվել են բազմաթիվ վիրուսներ, ներառյալ լրտես ծրագրեր եւ ցանցային  որդեր, ինչպես նաեւ սերվերների եւ համակարգերի աշխատանքային չարտոնյալ միջամտումների իրականացմանն ուղղված բազմաքանակ ցանցային հարձակման եւ կայքերի աշխատանքներին չարտոնյալ միջամտելու փորձեր: Կարող ենք փաստել, որ այսօր պետական պաշտոնական կայքերը եւ ցանցերն առավելագույնս պաշտպանված են՚,- մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմից հայկական կայքերի վրա հակերային հարձակումները նվազել են: Փոխնախարար Ալեքսանյանը համեմատությունը կոտրվող դռների հետ է անում: Եթե 2000-ականների սկզբներին ադրբեջանցի ցանցահենները 20 դուռ էին կոտրում, ապա հիմա` 5: Հայաստանում մասնագետների թիվն ավելացել է. եթե 2000-ին, ասենք, ցանցային 100 ադմինիստրատոր կար, ապա հիմա 10 անգամ ավելացել է նրանց քանակը: Ավելին, հասկացել են, որ պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնել անվտանգության հարցերին:

Ռուբեն Մուրադյանի կարծիքով, կիբերպատերազմում անհնար է չափել ուժերը, քանի որ չկա որեւէ լուրջ ուսումնասիրություն, որի վրա կարելի կլիներ հիմնվել: ՙՀաճախ տեղեկատվության անվտանգությունը դիտարկում են որպես սպորտ, որտեղ պետք է հաղթել կամ պարտվել, բայց դա անհնար է: Դա մարզաձեւ չէ՚,- ասում է նա:

Տեղացի եւ օտարերկրյա ցանցահենների ակտիվությունը գործի է դրել նաեւ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական ռեսուրսների նախարարությանը, որտեղ որոշեցին հատուկ կառույց ստեղծել երկրում տեղեկատվական անվտանգության ապահովման համար: Այս մասին փոխնախարար Էլմիրա Վելիզադեի հայտարարությունը հնչեց ANN.az կայքում ազգային ինտերնետ-ֆորումի նախագահ Օսման Գյունդուզի հարցազրույցից երկու օր հետո, հարցազրույց, որում նա քննադատել էր ադրբեջանական կայքերի պաշտպանության համակարգը:

ՙՀաքերներ եղել են ու կլինեն` այսպիսին է ինտերնետի առանձնահատկությունը՚,- կարծում է Գյունդուզը: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք մեր երկրում արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում ցանցահենության դեմ: Պետական կայքերի վրա հարձակումները ցույց են տվել, որ դրանց հուսալիությունն անբավարար է: Ադրբեջանում չեն պահպանվում ինտերնետի անվտանգության միջազգային չափանիշները:

Պետության խնդիրն է ուժեղացնել այն պետական սերվերները, որոնցում տեղակայված են պետական կայքերը: Մինչդեռ պետական որոշ գերատեսչություններ իրենց կայքերը տեղադրում են չպաշտպանված պորտալներում, նշում է փորձագետը:

Մեկնաբանելով հայերի մեղադրանքն առ այն, որ պետությունն աջակցում է հայկական կայքերի վրա ադրբեջանական հաքերների հարձակումները` Գյունդուզը նշեց, որ Ադրբեջանը միացել է կիբերհանցագործությունների մասին միջազգային կոնվենցիային, որի կատարման համար պատասխանատու է ազգային անվտանգության նախարարությունը: Բայց նրան հայտնի չէ ադրբեջանական կամ արտասահմանյան կայքերի վրա հաքերային սպառնալիքի պատճառով համապատասխան հատուկ ծառայությունների կողմից ադրբեջանցի հաքերի ձերբակալման կամ նախազգուշացման որեւէ դեպք:

Հատուկ ծառայությունները պիտի իմանան, թե քանի ադրբեջանական վիրտուալ օբյեկտ հատուկ պաշտպանության կարիք ունի եւ որ կողմից կարող է գալ վտանգը, որպեսզի պաշտպանեն այդ ռեսուրսները:

Գյունդուզի խոսքերով` Ադրբեջանում գործում են 5-10 հաքերային խմբեր եւ մի քանի անհատ հաքերներ, ովքեր քողարկում են իրենց անունները: Ադրբեջանական ինտերնետ-ֆորումը չի պաշտպանում ցանցահենությունը, քանի որ տեղի եւ արտասահմանյան օրենքներով դա հանցագործություն է համարվում: Ֆորումը հաքերներին առաջարկում է ոչ թե զբաղվել կայքերի ոչնչացմամբ, այլ օտարերկրյա հաքերներից ադրբեջանական կայքերի պաշտպանության աջակցությամբ: ՙՆրանց առաջարկում եմ ներխուժել մեր պետական կազմակերպությունների կայքեր, դրանցում գտնել թույլ տեղեր եւ այդ մասին տեղեկացնել պետությանը՚,- հավելում է նա:

Օսման Գյունդուզը կարծում է, որ որոշ հասարակական կազմակերպություններ կամ հայրենասիրությամբ տոգորված անձինք կարող են, իհարկե, հաքերներին պատվիրել հայկական կայքի կամ պորտալի ավերում, բայց պետությունը դրանով չի զբաղվի:

Տեղակատվական անվտանգության մասնագետ Նայիլ Վելիեւը պնդում է, որ կայք (կամ փոստ) կոտրելու համար ադրբեջանական հաքերներին վարձահրավիրում են մրցակից առեւտրային կազմակերպություններ` արդյունաբերական լրտեսության նպատակով: Օգնության համար հաքերներին կարող են դիմել նաեւ դետեկտիվները, բայց հաքերները կարող են ուրիշների ռեսուրսներ սողոսկել նաեւ ինքնահաստատման նպատակով: Նրան հայտնի են նման երիտասարդների կալանման դեպքեր, բայց ահա տեղյակ չէ որեւէ դատավարության մասին:

Փորձագետը պնդում է, որ ադրբեջանցի հաքերները փորձի փոխանակում են անում արտասահմանյան իրենց գործընկերների հետ եւ անգամ մասնակցել են Թուրքիայում եւ Ուկրաինայում անցակացված սեմինարներին: Նրան երեք խումբ ու մի քանի անհատ հաքեր է հայտնի, որոնք մասնագիտացել են հայկական եւ հայամետ կայքերի վրա: ՙՈրպես կանոն, բանը հասնում է կայքը կոտրելուն, երբ արդեն անհնար է լինում հակաադրբեջանական տեղեկատվության տարածումը, այդ թվում նաեւ ինտերնետի ադրբեջանական հատվածում: Նաեւ պիտի նշեմ, որ ամենեւին էլ ոչ բոլոր հարձակումներն են լիովին հաջողվում՚:

Գնահատելով հայկական ռեսուրսների պաշտպանվածությունը` փորձագետը նշում է, որ եւ ադրբեջանական, եւ հայկական կայքերն աշխատում են կոնտենտի  կառավարման ստանդարտ համակարգերում, որոնք ՙInvision Power Services՚, ՙJelsoft Enterprises՚, ՙData Life Inc՚, ՙWordpress՚ եւ այլ ընկերությունների արտադրանք են: Քանի որ դրանք բաց ելակետային կոդով ծրագրեր են իրենցից ներկայացնում` յուրաքանչյուր գիտակ մարդ կարող է հետազոտել դրանք եւ ջարդելու եղանակները գցել ինտերնետ: Նման կայքերի վնասման համար կարող է պահանջվել 1-3 օր: Իսկ եթե համակարգը գրվել է որեւիցե մեկի կողմից ՙզրոյից՚, ապա հաքերը երբեմն կարող է աշխատել դրա վրա մեկ շաբաթից մինչեւ մեկ ամիս:

Վելիեւը նույնպես չի հավատում ադրբեջանական հաքերների հետ պետության համագործակցությանը: Հաքերները միշտ ձգտում են, որպեսզի իրենց ու պետության ճանապարները չհատվեն, քանի որ ադրբեջանական պետական պաշտոնյաների մեծ մասի կարծիքով ՙհաքեր՚ եւ ՙկիբերհանցագործ՚ հասկացությունները նույնն են:

Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական ռեսուրսների նախարարության տեղեկատվական հանրության զարգացման բաժնի վարիչ Իսֆենդիյար Ալիեւն ընդգծում է, որ քրեական օրենսգրքի ՙԿիբերհանցագործություններ՚ գլխում նախատեսված դրույթների կատարումը դված է ՆԳՆ-ի, այլ ոչ թե կապի նախարարության վրա:

(Հոդվածը տպագրվում է կրճատումներով: Ռուսերեն ամբողջական բնօրինակին կարող եք ծանոթանալ ՙԱնալիտիկոն՚ հանդեսի կայքում  կամ էլ Mediafairplay.org կայքում:)

Share

Comments are closed.