Փախստականներ` երեկ, այսօր, վաղը

19.09.12.

Տարանա ՔՅԱԶԻՄՈՎԱ
Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ալվարդ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Յուրի ՄԱՆՎԵԼՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտությունում հումանիտար տեսանկյունը կարեւորագույններից մեկն է հռչակված: Իրենց բնակության նախկին վայրերը փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը հակամարտության հնարավոր լուծման բաղկացուցիչ մասն է: Այս հարցը ներառված է պաշտոնական բանակցությունների օրակարգում, բանակցություններ, որոնք շարունակվում են արդեն մոտ երկու տասնյակ տարիներ:

Հակամարտությունից տուժածները, հարյուր հազարավոր մարդկային ողբերգություններ, նրանց պատմությունները, անձնական վիշտը նույնպես խճճված են թշնամության, յուրայինների ազնվացման եւ օտարների վարկաբեկման կոնյունկտուրայում:  Փախստականների թիվը նվազեցնում կամ ուռճացնում են այն բանից կախված, թե այդ պահին ինչ նպատակ է հետապնդվում: Նրանց անունից հանդես են գալիս պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պաշտոնական դիրքորոշում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունում է հայրենի վայրերը վերադառնալու փախստականների իրավունքը: ՙՌոսիա՚ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա, սակայն, խոսում էր բացառապես Ղարաբաղի նախկին բնակիչների մասին. ՙԻհարկե, Ղարաբաղի ադրբեջանցի փախստականները լիովին իրավունք ունեն վերադառնալու հայրենի վայրերը, իրենց բնակության վայրերը, բայց դա կարող են անել  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո միայն: Ինչու՞: Որովհետեւ դեռեւս չի եղել որեւէ համանման հակամարտություն, որում ժամկետից շուտ փախստականների վերադարձը չսադրի նոր լարվածություն: Բայց հանուն ինչի՞ ենք մենք ձգտում կարգավորման: Հանուն խաղաղության, հանուն կայունության, հանուն այն բանի, որ յուրաքանչյուր մարդ իմանա, թե որտեղ է ինքն ապրելու՚:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փախստականների խնդրի լուծումը տեսնում է Բաքվի իրավասությանը Ղարաբաղի վերադարձի համապատկերում: ՙԲանակցային գործընթացի ներկայիս փուլը կենտրոնացված է այսպես կոչված ՙՄադրիդյան սկզբունքների՚ վրա, դրանց նորացված տարբերակի վրա, որում ապահովվում է նրանց իրավունքը, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ նրանց իրավունքը, ովքեր այնտեղ կվերադառնան ինքնակառավարման պայմաններում: Ապահովվում է ադրբեջանական բոլոր տարածքների ապաբռնազավթումը, ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ տարածքներ` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները՚,- ասել է նա ՙՄիր՚ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: ՙԻնչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ապա նրանք ինչպես ապրել են այնտեղ, այնպես էլ կապրեն: Մենք դեմ չենք դրան: Դա աշխարհում ընդունված հրաշալի փորձ է՚,- հայտարարել է Ալիեւը:

Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը հավաստիացնում է, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ մասնակցում է փախստականների վերադարձին առնչվող հարցերի քննարկմանը: Ընդսմին, նա ընդգծում է, որ այսօր խոսքը չգիտես ինչու գնում է միայն ադրբեջանցի փախստականների մասին: ՙՄենք չենք բացառում ադրբեջանցի փախստականների վերադարձը մեր անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դրա հետ մեկտեղ մենք նաեւ հարց ենք բարձրացնում` ինչու՞ միջազգային հանրությունը, մասնավորապես`փախստականների հարցերով զբաղվող կառույցները ընդհանուր համապատկերում չեն դիտարկում փախստականներին առնչվող հարցերը: Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանում երկար տարիներ ի վեր գոյություն ունի այսպես կոչված փախստականների ճամբար: Մեր կարծիքով, այդ ճամբարն այսօր որպես ցուցասրահ է ծառայում, որպեսզի ամեն անգամ, երբ ժամանում են էմիսարներ տարբեր միջազգային կազմակերպություններից, նրանք ցույց տան այն անտանելի պայմանները, որոնցում ապրում են այդ փախստականները: Բայց մենք նույնպես այդպիսի փախստականներ ունենք: Մենք այդ նրբանկատ հարցը չենք վերածում քաղաքական զանազան կոնյունկտուրային ցուցադրական միջոցառումների՚,- ասել է նա ՙԷխո Մոսկվի՚ ռադիոկայանին տված հարցազրույցում:

Կենսապայմաններն ու խնդիրները 

Ադրբեջան

Փախստականների հարցերի լուծման առումով ամենախոշոր ձեռքբերումն է դարձել 2007 թվականին փախստականների ճամբարների վերացումը: Կառուցվել է 70 ավան` 107 հազար բնակչի համար: Եվս 6 հազար ընտանիքներ ապրում են քաղաքային բնակարաններում: Փախստականների եւ ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի ասելով` կառավարությունը 100 հազար փախստականների եւ ներքին տեղահանված անձանց տեղավորել է նոր տներում ու բնակարաններում: Միեւնույն ժամանակ Հասանովը նշել է, որ 400 հազար մարդ դեռեւս ապրում է ծանր պայմաններում, եւ կառավարությունն աստիճանաբար լուծելու է նաեւ նրանց խնդիրները: Այդ մարդիկ մինչեւ այսօր ապրում են վարչական շենքերում` հանրակացարաններում, մանկապարտեզներում, կիսակառույց շինություններում եւ այլուր:

Յուլիա Գուրեեւա-Ալիեւայի եւ Թաբիբ Հուսեյնովի ՙԿարելի՞ է, արդյոք, ներքին տեղահանված անձ լինել 20 տարի շարունակ՚ ուսումնասիրության մեջ հեղինակներն առկա խնդիրների թվում նշել են նաեւ այն, որ նոր ավաններում կառացված տները եւ բազմահարկ շենքերի բնակարանները չեն տրվում վերաբնակներին սեփականության իրավունքով:

Խնդիրներ ունեն նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները, որտեղ հողային ռեֆորմներ չեն անցկացվել, եւ բնակիչները սեփական հողամասեր չունեն: Ներքին տեղահանված անձանց մի մասը վարձավճարով աշխատում է տեղի ֆերմերային տնտեսություններում, եթե այդպիսիներ կան: Բերքահավաքի ժամանակ նրանց օրավարձը կազմում է 3-5 մանաթ (4-6 ԱՄՆ դոլար):

Բաքվում ապրող ներքին տեղահանված անձինք աշխատանքի տեղավորվելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Բաքվում եւ Գյանջայում ներքին տեղահանված անձանց հարցումները ցույց են տվել, որ տղամարդկանց մեծ մասը զբաղված է աշխատանքի ոչ լեգալ շուկաներում, իսկ կանանց մեծ մասն ընդհանրապես չի աշխատում: Պետական հատվածում ներգրավված է կանանց աննշան մասը` ուսուցիչներ, բուժքույրեր: Ոչ պաշտոնական շուկաներում ներգրավված որոշ կանայք աշխատում են որպես հավաքարար, հաց են թխում կամ մանր առեւտրով զբաղվում: Հացի փռում աշխատող մի կին պատմեց, որ գործի է գնում գիշերվա ժամը 3-ին, իսկ աշխատանքն ավարտում է ցերեկվա ժամը 4-ին: Այդ աշխատանքի համար նա օրական ստանում է 5 մանաթ (6.30 դոլար):

Հայաստան

Հայաստանի համար ծանրագույն տարիներին` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, փախստականներին տեղավորել են երկրի ողջ տարածքում գտնվող հյուրանոցներում, հանրակացարաններում, լքված շինություններում, գյուղական համայնքներին պատկանող շինություններում, դպրոցներում, առողջարաններում, հիվանդանոցներում եւ այլուր: Օրինակ, Վարդենիս քաղաքի շրջակայքում գտնվող 37 գյուղերից 30-ում փախստականներ են ապրում:

Մեկ քառորդ դարի ընթացքում ոչ բոլոր փախստականներին է հաջողվել հարմարվել նոր պայմաններին, աշխատանք գտնել, իրենց զգալ հանրության լիարժեք անդամ, քանի որ մի շարք հարցեր շարունակում են հրատապ մնալ: Այն, որ Ադրբեջանից եկած փախստականները պասիվ են հասարակական-քաղաքական կյանքում, տարբեր գործոններով է բացատրվում, մասնավորապես նրանով, որ նրանք հիմնականում ռուսախոս են եւ ամենեւին էլ ոչ բոլորն են բավարար չափով տիրապետում հայերենին, բացի դրանից` նրանց մեծ մասը քաղաքաբնակներ են եղել, իսկ Հայաստանում հաճախ տեղավորվել են գյուղական վայրերում:

Ադրբեջանահայերի ասամբլեայի իրավախորհրդատու Անդրիաս Ղուկասյանի խոսքերով` ի տարբերություն Հայաստանը լքած ադրբեջանցիների` հայերը կորուստներ են կրել նույնիսկ այն ժամանակ, երբ անշարժ գույքը փոխանակելու հնարավորություն կար: Գործարքներն անհավասար էին, քանի որ Բաքվում ապրող հայը ստիպված էր լինում իր բնակարանը փոխանակել, ասենք, Մասիսի շրջանում գյուղերից մեկում ապրող ադրբեջանցու հետ:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի 40-ամյա բնակիչ Մարգար Սահակյանի ընտանիքը փախել է Շամխորից: ՙՄենք Շամխորում գտնվող մեր երկհարկանի տունը փոխանակել ենք Գեղամասարի փոքրիկ տան հետ,- պատմում է նա,- այդքան տարիների ընթացքում մենք տունը փոքրիշատե տանելի վիճակի ենք հասցրել, նորոգել, բայց նույնիսկ այսօրվա վիճակով այն հնարավոր չէ համեմատել մեր ունեցածի հետ՚:

Մարգարը վերհիշում է, որ Գեղամասար իրենց հետ տեղափոխված փախստականներից քչերն են մնացել: ՙՎարդենիսում շատ ծանր պայմաններ են, տարվա 8 ամիսներին ձմեռ է:- Ով կարողացել է հարմարվել` զբաղվում է անասնապահությամբ, բայց դա մեծ ջանքերով է հաջողվում: Մեզնից յուրաքանչյուրն առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանա երկրից: Իսկ մեծ մասը` հիմնականում նախկին քաղաքաբնակներ, վաղուց են հեռացել՚:

Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտում առաջին իսկ փախստականների հայտնվելուն պես իրենց իսկ նախաձեռնությամբ, ստեղծվեց փախստականների կոմիտե (ավելի ուշ այն վերանվանվեց ԼՂ փախստականների հասարակական կազմակերպություն), որը հանրապետության իշխանությունների հետ միասին զբաղվում էր փախստականների եւ ներքին տեղահանված անձանց տեղավորմամբ: Ոմանց բնակարաններ են տրամադրվել Ստեփանակերտում, ոմանց` տներ գյուղերում, մյուսներին ֆիննական տներ, գազօջախներ, նյութական օգնություն է ցույց տրվել եւ այլն: Սակայն այդ գործընթացը կիսատ մնաց սկսված պատերազմի պատճառով: Պատերազմից հետո փախստականների ու ներքին տեղահանված անձանց մի զգալի մասը բնակություն հաստատեց Շուշիում:

2004 թվականին փախստականների մասին ընդունված օրենքը նրանց հնարավորություն տվեց սեփականաշնորհել բնակարաններն ու տները` ավելի քան երեք տարի դրանցում բնակված լինելու պարագայում: ԼՂ հիմնարկ-ձեռնարկություններում ժամանակավորապես տեղավորված ընտանիքների համար  իշխանությունները կամ բնակարան էին գնում, կամ էլ այլ տեղ էին տրամադրում բնակության համար: Նաեւ գործում էր Լեռնային Ղարաբաղի շրջաններում տների ձեռքբերման նպատակով նյութական օգնության ծրագիր:

Սումգայիթից փախած Վիոլետա Հարությունյանը Ստեփանակերտում փայտե տուն է տեղափոխվել 1997-ին: ՙԵրբ 1988 թվականին մենք եկանք Ղարաբաղ` մեզ ֆիննական տուն հատկացրին Թումանյան փողոցի վրա: Բայց հետո այդ տունը քանդեցին եւ մեզ սենյակ տրամադրեցին մի հին շենքում: Այստեղ հարմարություններ ու նորմալ պայմաններ չկան՚,- ասում է նա, նշելով, որ ինքը շատ անգամ է դիմել տարբեր ատյանների, բայց նրան մերժում են նորմալ բնակարան տրամադրել այն պատճառով, որ ազատ բնակտարածք չկա:

Ներքին տեղահանված այն անձինք, ում բնակության վայրերն ավերված են կամ էլ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, բնակություն են հաստատել ԼՂ այլ գյուղերում եւ քաղաքներում: Նրանց նախաձեռնությամբ նոր գյուղեր են կառուցվում: Այսպես, Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի բնակիչները, ովքեր բռնատեղահանվել են 1992-ի հունիսին`ռազմական գործողությունների պատճառով, 2000 թվականին հիմնել են նոր Էրքեջ գյուղը Քարվաճառի շրջանում, որն էլ հետո վերանվանվեց Նոր Շահումյան: Այստեղ 120 ընտանիք է ապրում: Իսկ Մարաղայի եւ մերձակա գյուղերի բնակիչները Մարտակերտի շրջանում հիմնել են Նոր Մարաղա գյուղը, որտեղ մոտ 300 ընտանիք է ապրում: Ղարաբաղում նման մի քանի գյուղ կա: Ստեփանակերտում գրանցված է Ադրբեջանից փախած մոտ 3200 ընտանիք, որոնց կեսը սեփական բնակտարածքով ապահովված չէ: Շրջաններում բնակարանի կարիք ունեցողների մասին վիճակագրական տվյալներ չկան:

Վերադարձ եւ փոխհատուցում

Հայ եւ ադրբեջանցի փախստականներն ու ներքին տեղահանված անձինք միատարր չեն, եւ հայրենի վայրերը վերադառնալու նրանց ցանկությունը կախված է տարիքից, կենսապայմաններից, գործունեության տեսակից: Այս հարցի հրատապությունն Ադրբեջանի վրանային ճամբարների բնակիչների եւ Հայաստանի վթարային հանրակացարաններում ապրողների համար մի աստիճանի է, իսկ նրանց համար, ովքեր արդեն սեփական բնակտարածք ունեն, ներգրավված են բիզնեսում կամ իշխանական կառույցներում` մեկ այլ աստիճանի, միանգամայն այլ աստիճանի է դրա հրատապությունը ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան մեկնածների համար:

Կալիֆորնիայի բնակիչ, նախկին բաքվեցի Հրանտը մտադիր չէ վերադառնալ ԱՄՆ-ից, իսկ նրա 40-ամյա որդին ընդհանրապես այդ մասին չի մտածում: Նրա հասակակից Արթուրը բեռնակիր է աշխատում երեւանյան շուկաներից մեկում, մոր հետ ապրում է քաղաքի ծայրամասերից մեկում հանրակացարանում: ՙԵս անմիջապես կվերադառնամ` հենց որ հնարավորություն լինի: Իսկ մայրս առավել եւս: Այստեղ մեզ ոչինչ չի պահում: Բնակարան են խոստացել, բայց չեն տվել: Եթե անգամ տան` անմիջապես կվաճառենք ու կմեկնենք՚,- ասում է Արթուրը:

Հրապարակախոս, փիլիսոփայկան գիտությունների դոկտոր Ալի Աբասովն առաջարկում է խնդիրը լուծել սեփականության նկատմամբ մարդկանց իրավունքների վերականգնման միջոցով, այն սեփականության, որ նրանք կորցրել են խորհրդային Հայաստանում եւ Ադրբեջանում: Դա, ըստ նրա, հիմք կստեղծի փախստականների վերադարձի, կամ էլ փոխհատուցում ստանալու համար, եթե նրանք կամ նրանց ժառանգները որոշեն այլ տեղ բնակություն հաստատել: Շեշտադրումն այս հարցում պիտի անել ոչ թե այս կամ այն խմբի էթնիկական պատկանելության, այլ առանձին անձանց խախտված գույքային իրավունքների վերականգնման վրա, համոզված է գիտնականը:

Ջեյրանն 9 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը ստիպված եղավ լքել Զանգելանը: Այժմ նա աշխատում է Բաքվի բարեգործական ընկերություններից մեկում: ՙԻ տարբերություն հարյուր հազարավոր մարդկանց` մենք տեղավորվել ենք: Մեր տունն ունենք, բոլորս էլ աշխատանքով ապահովված ենք: Բայց անգամ մի օր չի լինում, որ չմտածենք վերադառնալու մասին: Հնարավորության դեպքում մենք հենց հիմա էլ ամեն ինչ կթողնենք ու կվերադառնանք՚:

52-ամյա կապանցի Իլգարը հեռացել է Բաքվից` այնտեղ ապրելով ընդամենը 3 տարի: Ապրում է Կիեւի մերձակայքում, շորեր է կարում, որդին ճարտարապետ է, դուստրերը`ուսանողներ: ՙԵս երեւի կուզենայի Հայաստան գնալ, տեսնել, ընտանիքս տանել: Ադրբեջան էլ կուզենայի գնալ: Այնտեղ ապրել այլեւս չենք կարողանա: Բայց ինձ չեն էլ հարցնում, եւ ես ժամանակ էլ չունեմ այդ մասին մտածելու՚:

Ադրբեջան

2009 թվականին Ադրբեջանում մշակվել է ներքին տեղահանվածների վերադարձի ծրագիր հայրենի վայրեր` Լեռնային Ղարաբաղ, այն ազատագրելուց հետո: ՙՄեծ վերադարձ՚ ծրագիրն արդեն պատրաստ է: Դրա իրականացումը կախված է տարածաշրջանում քաղաքական իրավիճակից եւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից: Մենք պատրաստ ենք գործընթացին, որը կսկսվի խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո՚,- ասում է Ադրբեջանի կառավարության փոխվարչապետ, փախստականների ու ներքին տեղահանված անձանց հարցերի պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Հասանովի խոսքերով` ՙծրագիրն արդեն համաձայնեցված է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների ու դեսպանատների հետ, փաստաթղթում հաշվի են առնված երկրի նախարարությունների ու պետական կոմիտեների կարծիքները՚: Հասանովը նշեց, որ ծրագրի արժեքը մոտ 60 միլիարդ դոլար է:

Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղ եւ այն օղակող 7 շրջաններ ներքին տեղահանվածների վերադարձն անհնար է, քանի դեռ այդ տարածքները շարունակում են զավթված մնալ: Քաղաքագետի կարծիքով, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ` այդ տարածքները պիտի անցնեն Ադրբեջանի իրավասության տակ: Որպեսզի վերադարձող բնակչությունը պաշտպանված լինի նախահարձակ քայլերից: Ըստ նրա, այդ տարածքներում իրականացված էթնիկական զտումը, ինչպես նաեւ բնակավայրերի ավերումն անհնար են դարձնում բնակությունն այդ վայրերում:

Քաղաքագետ եւ խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ փախստականների վերադարձը հնարավոր է միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո: Ադրբեջանի կառավարությունն առաջին հերթին պիտի ապահովի բնակչության վերադարձը ԼՂ-ին հարակից շրջաններ, իսկ հետո բուն ԼՂ: Սակայն նույնիսկ կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի ձեռքբերումից հետո առնվազը 5 տարի է պետք այնպիսի հարցերի լուծման համար, ինչպիսին են ականազերծումը եւ ենթակառուցվածքների վերականգնումը: Հետազոտական կենտրոնները հաշվել են, որ ներքին տեղահանված անձանց վերադարձի համար անհրաժեշտ է առնվազը 30 միլիարդ դոլար:

Իսկ ի՞նչ են մտածում իրենք` ներքին տեղահանված անձինք իրենց վերադարձի հնարավորության մասին: Քերիմ Քերիմովը 1992 թվականին է տեղահանվել: Նա Շուշիից է եւ ուզում է վերադառնալ հայրենի քաղաք: Նա կարծում է, որ համապատասխան պայմանների առկայության պարագայում 1992-ին Շուշին լքածներից ոչ ոք Բաքվում չի մնա: Նրա խոսքերով` ներկայումս Շուշիից ներքին տեղահանված անձանց թիվը հասնում է 15 հազարի: Բաքվում տեղավորվել են մոտ 10 հազար շուշեցիներ: Շուշեցի Ռիզվան Հասանովն անտեղի է համարում վերադառնալ-չվերադառնալու մասին հարցը: ՙԻնչպե՞ս կարելի է կասկածել: Մեր կյանքի միակ նպատակը հայրենի քաղաք վերադառնալն է: Ամոթ է ներքին տեղահանված անձի կարգավիճակով ապրելը: Մանավանդ` երկար ժամանակ այդ կարգավիճակով ապրելը: Ինչ վերաբերում է վախի զգացմանը, ապա նման բան չկա՚,- ասում է նա:

Նախկին խոջալվեցի Անար Ուսուբովը միանշանակ պատրաստ է վերադառնալ հայրենի գյուղ: ՙՏասը տարեկան էի, երբ կատարվեց ողբերգությունը: Ամեն ինչ հիշում եմ եւ սեփական փորձից գիտեմ վախն ու հուսահատությունը: Բայց ես չեմ վախենում վերադառնալ, քանի որ իմ կյանքի ամենամեծ ցնցումն ու սարսափն արդեն ապրել եմ: Իմ հարազատներից ու մտերիմներից 17 հոգի զոհվել են կամ անհետ կորել Խոջալուի ողբերգության ժամանակ: Վրանաքաղաքում էի ապրում, նաեւ վագոնում, այնպես որ այս կյանքում վատ շատ բաներ եմ տեսել: Ճիշտ է, խոջալուեցիների թվում կան մարդիկ, ովքեր վախենում են վերադառնալ: Վերքերը դեռ չեն բուժվել: Կան նաեւ այնպիսիք, որ բոլոր հարազատներին կորցրել են եւ, բնականաբար, վրեժի զգացումը դեռ ապրում է նրանց հոգիներում՚:

ՙԵս Կուրոպատկինո գյուղը լքել եմ 1992թ. սեպտեմբերին, երբ 17 տարեկան էի եւ անդամագրված էի ինքնապաշտպանության գումարտակին: Հոկտեմբերին մեր գյուղն արդեն ադրբեջանական չէր: Եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի, ապա ես ու բոլոր հարազատներս կվերադառնանք մեր հայրենի վայրերը: Հասկանում եմ, որ պիտի ապրենք հայերի հետ, բայց եթե դա հնարավոր է, ապա ինչու՞ ոչ՚,- մեզ հետ կիսվեց նախկին խոջավենդցի Ջեյխուն Ալիեւը:

Հայաստան

Հակամարտաբան Արտակ Այունցն իր ՙՎերադարձն ու դրա այլընտրանքը. հայացք Հայաստանից՚ վերլուծական հոդվածում (ՙԱնալիտիկոն՚ հանդես, հունիս, 2011) գրում է, որ Ադրբեջան հայերի վերադարձը շատ հազվադեպ է դիտարկվում որպես փախստականների խնդրի լուծում անգամ տեւական հեռանկարում: ՙՀանրության լայն շերտերի կողմից հայերի վերադարձը դիտարկվում է որպես անհնար տարբերակ այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք չի բերվել համապարփակ խաղաղ պայմանագիր,- գրում է նա,- իսկ Հայաստան ադրբեջանցիների վերադարձը երբեք քննարկման առարկա չի եղել՚:

Այունցի կարծիքով` էլ ավելի դժվար է պատկերացնել ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, քանի որ, չնայած այն բանին, որ 1994 թվականին հայերի ու ադրբեջանցիների միջեւ զինադադարի պայմանագիր է կնքվել, վերջին տարիներին շփման գծում արձանագրված խախտումների թիվը մեծացել է: Նա նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները խաղաղ համաձայնագրի չեն հանգեցրել, համաձայնագիր, որ կարող է հիմնախնդրի լուծման համար հիմք ստեղծել: ՙԲացի դրանից, վստահության լիակատար բացակայության պայմաններում վերադարձի գաղափարը չի կարող կենսունակ լինել՚:

Ահա այս իրավիճակում Ադրբեջանահայերի քաղաքացիական նախաձեռնությունը հայերի կողմից վերահսկվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ  շրջաններից մեկում քաղաք հիմնելու եւ բնակեցնելու առաջարկությամբ հանդես եկավ:

ՙՓախստականները կարծում են, որ իրենք կարող են այնտեղ ապրել, բայց այդ տարածքներում մարդու իրավունքների վիճակը, ինքնակառավարման կանոնները դեռեւս սահմանված չեն,- մեկնաբանում է իրավաբան Անդրիաս Ղուկասյանը:- Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը խնդիր ունեն սահմանելու եւ ստեղծելու անհրաժեշտ պայմաններ, որպեսզի այդ մարդիկ կարողանան այնտեղ պայմաններ ստեղծել ներդրումների համար եւ հնարավորություն ունենան իրենց կյանքը շարունակելու այնտեղ, քանի որ ակնհայտ է, որ վերադարձը Բաքու եւ Կիրովաբադ (Գյանջա) նույնիսկ հեռավոր ապագայում անիրատեսական է՚:

Քննարկվող ծրագրի համաձայն` ադրբեջանահայերը մտադիր են 100 հազար բնակիչ ունեցող քաղաք կառուցել Լաչինի շրջանում (հայերն այն անվանում են Քաշաթաղի շրջան)` Մեղրիից ոչ հեռու` Որոտան գետի մերձակա լեռնային հատվածում: Ըստ նախագծի` քաղաքը կունենա վարչական կենտրոն եւ տնտեսական շրջան` հիմնականում գյուղատնտեսական թեքումով: Քաղաքի համար նույնիսկ անուն են ընտրել` Բագարան: Ըստ հայ պատմաբանների` այդ անվամբ քաղաք կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում եւ Բագրատունիների օրոք եղել է Հայաստանի մայրաքաղաքը: Ղուկասյանի ասելով` ծրագրի իրականացմանը կարող են աջակցել տարբեր երկրներում ապրող հայերը, ում ֆինանսական միջոցները թույլ կտան դա անել: ՙԵթե փախստականները կարողանան կենտրոնացնել իրենց աշխարհասփյուռ քաղաքական ու տնտեսական կապիտալը, ապա միանգամայն ի զորու կլինեն ժամանակակից քաղաք հիմնել, որը, բնականաբար, կտարբերվի գյուղական վայրից,- ասում է նա:- Փախստականների մեծ մասի համար դժվար է գյուղում ապրելը, նրանց մասնագիտական եւ այլ հմտություններն առնչված են քաղաքային ենթակառուցվածքներին՚:

Փախստական Մարգար Սահակյանի կարծիքով` բոլոր փախստականները հնարավորության դեպքում կվերադառնային իրենց հարազատ օջախները: ՙՄերոնցից ում էլ հարցնեք,- ասում է նա,- կուզենան վերադառնալ` անգամ եթե այսօր  լավ բնակարան ու աշախատանք ունեն՚:

ՙԿանանց համայնքային խորհուրդ՚ ՀԿ ղեկավար Անահիտ Գեւորգյանի ասելով` փախստականները կարոտախտով են հիշում իրենց տներն Ադրբեջանում: ՙԵթե նրանց լսես, ապա այդ ամենը ժամանակավոր է, եւ մի օր իրենք տուն են վերադառնալու,- ասում է նա,- իսկ Բաքվի անունը հիշատակելիս ասում են` ՙմեր քաղաքը՚:

Լեռնային Ղարաբաղ

Ղարաբաղում փախստականները գնալով ավելի քիչ են խոսում հայրենի տները վերադառնալու մասին: Փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը գտնում է, որ վաղուց է հասունացել չբնակեցված տարածքները բնակեցնելու եւ դրանք Ադրբեջանից եկած փախստականներին որպես մասնակի փոխհատուցում հանձնելու ռազմավարության մշակման անհրաժեշտությունը:

2010 թվականին Լեռնային Ղարաբաղում բրիտանական Populus (www.populus.co.uk) եւ հայկական IPSC-ի  (Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ) անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` Ղարաբաղի բնակչությունը դեմ է ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձին:

Սարյանի կարծիքով` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պիտի բոլոր ջանքերը գործադրեն Ադրբեջանի պատճառած նյութական վնասները փոխհատուցելու համար: ՙԱդրբեջանի ղեկավարությանը հասցեագրված Լեռնային Ղարաբաղի փախստականների պահանջները չեն սահմանափակվում նյութական վնասի փոխհատուցմամբ: Հսկայական է նաեւ բարոյահոգեբանական վնասը՚,- հայտարարում է նա, հավելելով, որ իր ղեկավարած կազմակերպությունը մտադիր է այսուհետ եւս հասնել Լեռնային Ղարաբաղում հաստատված փախստականներին պատճառած բարոյական եւ նյութական վնասի հատուցմանը Ադրբեջանի կողմից:

Սարյանը չի պատկերացնում Ադրբեջան հայերի վերադարձի հեռանկարը: ՙԻնչպե՞ս կարելի է մեզ հետ պատահածից հետո մտածել վերադարձի մասին: Չգիտեմ, թե ինչ պիտի կատարվի ադրբեջանական հանրության հետ, որպեսզի այնտեղ նորմալ ընդունվի հայերի վերադարձն իրենց տները: Մենք կուզենայինք վերադառնալ Ադրբեջան, բայց ոչ այս Ադրբեջանը, այլ այն` հին, խորհրդային Ադրբեջանը եւ բազմազգ Բաքուն՚,- ճշտում է նա: Ինչ վերաբերում է Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակությանը, ապա Սարյանը բացառում է նման հնարավորությունը: Նույն կարծիքին է նախկին սումգայիթցի Էդեմա Բաբայանը. ՙԻմ ապրած սարսափներից հետո ինչպե՞ս կարող եմ մտածել վերադարձի մասին: Դա անհնար է՚:

Հարությունյանների ընտանիքը կվերադառնար Ադրբեջան, բայց մի պայմանով` որ իրենց քաղաքը կլինի այնպիսին, ինչպիսին եղել է խորհրդային տարիներին: ՙՄենք շատ լավ էինք ապրում: Բարձր վարձատրվող աշխատանք ունեի, ադրբեջանցի լավ հարեւաններ: Հիմա իմ այս առաջացած տարիքում ստիպված եմ ապրել վարձու բնակարաններում, ապրել չնչին կենսաթոշակով: Եթե հակամարտությունը չլիներ` մենք այնտեղ հեշտուհանգիստ կապրեինք՚,- ասում է ընտանիքի հայրը` Ալբերտ Հարությունյանը: Միեւնույն ժամանակ նա դեմ չէ, որ ադրբեջանցիները գան Ղարաբաղ, բայց…զբոսաշրջիկի կարգավիճակով:

(Հոդվածը տպագրվում է կրճատումներով: Ռուսերեն ամբողջական բնօրինակին կարող եք ծանոթանալ ՙԱնալիտիկոն՚ հանդեսի կայքում  կամ էլ Mediafairplay.org կայքում:)

 

Share

Comments are closed.