Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ չեն

27.07.12.

Աշոտ ԳԱԶԱԶՅԱՆ
Ասաֆ ԳՈՒԼԻԵՎ  
Լուսինե ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հայաստան. պատերազմ` առանց պատերազմական գործողությունների, խաղաղություն` դիպուկահարի նշանառության տակ 

 

Ողբերգական վիճակագրություն 

Հայ-ադրբեջանական սահմանին 2012 թվականի գարունը բավականին ծանր էր: Փորձագետները միակարծիք են` զոհերի ու վիրավորների թվով աննախադեպ ՙգարնանային սրացմանը՚ կարող է հետեւել հակամարտության լուրջ բռնկում:

Ահա դիմակայության ընդամենը մի քանի դրվագներ:

Ապրիլի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորի քննչական բաժինը հաղորդագրություն ստացավ այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես ճանարպարհին գնդակոծվել է Ն. զորամասի պայմանագրային ծառայողողներից մեկի ՙՎԱԶ-2107՚ մեքենան: Գնդակոծության արդյունքում վարորդը եւ երկու ուղեւորներ հրաձգային ծանր վնասվածքներ են ստացել: Չնայած ձեռնարկված միջոցներին` զինծառայողներին փրկել չհաջողվեց. երկուսը մահացան շրջկենտրոն Բերդի հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, մեկը` հոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ մեքենայի վրա հայտնաբերվել են փամփուշտների բազմաթիվ հետքեր:

Դրանից երկու օր առաջ` ապրիլի 25-ին, այդ նույն մարզում ադրբեջանական կողմից գնդակոծվել է Դովեղը: Հրաձգությունը տեւել է երկու ժամ, եւ քանի որ վտանգի տակ էին նաեւ գյուղական դպրոցի ու մանկապարտեզի շենքերը` երեխաներին անհապաղ էվակուացրել են: Հուրախություն` ոչ ոք չի տուժել:

Մարտի 31-ին հայկական բանակի ժամկետային ծառայության մեջ գտնվող երկու զինվոր եւ մի ավագ լեյտենանտ ականի վրա պայթել են Ադրբեջանի հետ սահմանին` Տավուշի մարզի Չինար գյուղի մերձակայքում:  Պայթյունի հետեւանքով երեք զինվորականներն էլ ծանր վիրավորվել են: Տուժածներից մեկի ոտքն էր կտրվել` նրան վիրահատեցին ռազմական հոսպիտալում:

Մարտի 19-ին նույն Տավուշի մարզի սահմանային դիրքերում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ինչպես հաղորդում են հայկական պաշտոնական աղբյուրները, սպանվել է ՀՀ ԶՈՒ մայոր Արտակ Շահբազյանը:

Մարտի 14-ին Տավուշի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքերում սպանվել է պայմանագրային ծառայող, կրտսեր սերժանտ Սեւակ Ասլիկյանը:

Փաստացիորեն շարունակվող պատերազմի այս դրվագներից ոչ բոլորն են տեղ գտել հրադադարի ռեժիմի խախտման մասին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունում: Ըստ վերջին տեղեկատվության` 2012 թվականի առաջին երեք ամիսներին Ադրբեջանը 434 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, ընդսմին Հայաստանի ուղղությամբ կրակոցների թիվը հասել է ավելի քան 3610-ի: Ադրբեջանական կողմը շուրջ 500 անգամ օգտագործել է դիպուկահար հրացաններ, 40 անգամ` խոշոր տրամաչափի գնդացիր, գրեթե 60 անգամ` ՙՉյորնայա ստրելա՚ (կատարելագործված խոշոր տրամաչափի դիպուկահար զենք): Ձեռքի նռնականետերի օգտագործման դեպքեր չեն գրանցվել: Հունվարից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով միայն հայ-ադրբեջանական սահմանին սպանվել են 3 հայ զինվորներ, 6-ը վիրավորվել:

Հրադադարի ռեժիմի խախտման դինամիկան ինքնին խոսուն է: ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով` հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման քանակը 2011թ. առաջին երեք ամիսներին կազմել է 197 (կրակոցների ընդհանուր թիվը` 2391): Այլ կերպ ասած` գնդակոծության հաճախականությունն աճել է ավելի քան երկու անգամ: Եվ այս միտումը վաղուց է նկատվում: Հայկական լրատվական գործակալությունների տվյալներով` 2011 թվականին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 12600, 2010 թվականին` 7200, 2009-ին` մոտ 4600 անգամ: 2008 թվականին արձանագրվել է 3500, 2007-ին` շուրջ 1400, 2006-ին` 600 խախտում:

Բացի այդ, 1994թ. մայիսից, երբ հակամարտության կողմերի միջեւ հրադադարի ռեժիմ հաստատվեց, մինչեւ այսօր ականապատված են մնում Հայաստանի 60 բնակավայրերին հարող տարածքներ: Նման տեղամասերի թիվը մոտ 100 է` ավելի քան 322 քառակուսի կիլոմետր: Հրադադարի ռեժիմի հաստատումից մինչեւ այսօր ականների պայթյունից, չպայթած արկերից եւ այլ զինամթերքից տուժել է 400-ից ավելի մարդ, 112-ը մահացել են:

2012 թվականի ամառը թերեւս ամենաթեժն էր հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր: Դիվերսիոն հարձակումներ, բնակավայրերին անմիջապես հարող դիրքերի գնդակոծում, նոր զոհեր ու վիրավորներ: Տուժել են նաեւ գյուղացիները, նրանց գույքը: Օրակարգի ամենակարեւոր հարցերից մեկը շարունակում է մնալ դիպուկահարների հեռացումը առաջապահ դիրքերից: Այդ մասին են խոսում Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները…

Կրակոցներ` ինչի՞ պատվին 

Մի շարք հայ փորձագետներ, ՀՀ ռազմական գերատեսչությանը մերձ աղբյուրներ գտնում են, որ կրակոցներն ավելի ինտենսիվ են դառնում հերթական զորակոչերի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանդիպումների, միջազգային կազմակերպությունների հերթական այնպիսի նիստերի ու նստաշրջանների ժամանակ, որոնցում ակնկալվում է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում, ինչպես նաեւ տոների ու հիշարժան օրերի ժամանակ: Սահմանամերձ գոտու մեր անձնական դիտարկումները համընկնում են այդ կարծիքին` լարվածությունն ուժեղանում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ եւ հետո, եկեղեցական տոների, ընտրությունների եւ այլնի ժամանակ: Սակայն զորակոչերի ժամանակ սրացումներ չեն արձանագրվել:

Այսօր, գնահատելով վերջին միջադեպերը, օրինակ` Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թոուզի շրջանի սահմանին, կարելի է հաստատել դրանց առնչությունը գարնանամուտի, ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախօրեի եւ տարածաշրջան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության հետ: Շատ հանգամանքներ կան, որոնք կարող են ազդել, ազդում են եւ, ցավոք, ազդելու են սահմանամերձ գոտիների բնակիչների անվտանգության վրա` այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրն իր լուծումը չի գտել:

Դիպուկահարների պատերազմը հեռացնում է խաղաղությունը

Շփման գծից դիպուկահարների հեռացումն ամենաքննարկող թեմաներից է: Բայց պակաս կարեւոր չէ շփման գծում գոնե ականների մի մասի վնասազերծումը: Քանի որ կողմերի մոտ մեծամասամբ չեն պահպանվել ականապատման քարտեզները` ականներից ու չպայթած արկերից մարդիկ են զոհվում սահմանի երկու կողմում էլ: Ականազերծումը հնարավոր կդարձնի տասնյակ հազարավոր հեկտար հողահանդակների լրացուցիչ եւ անվտանգ օգտագործումը երկու կողմում էլ:

Միջազգային ճգնաժամային խումբը մի շարք առաջարկություններով է հանդես եկել այս կապակցությամբ: Այսպես, ՙշփման գծի երկայնքով ապրող քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով Ադրբեջանին հարկ է համաձայնվել. առաջին` շփման գծի երկայնքով ԵԱՀԿ առաքելության ընդայնված դիտարկման, երկրորդ` շփման գծից դիպուկահարների դուրսբերման առաջարկին, երրորդ` մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի խախտումների փաստերի հետաքննության երկկողմանի մեխանիզմների ստեղծմանը՚,- ասվում է ՄՃԽ զեկույցներից մեկում: Այս կազմակերպությունը նաեւ ներկայացրել է երկու կողմերի կորուստների վիճակագրությունը. յուրաքանչյուր տարի շուրջ 30 զինծառայող է զոհվում շփման գծում: Միայն 2011 թվականից ի վեր հայկական կողմից զոհվել է 10 զինծառայող, իսկ 28-ը` վիրավորվել: Հայկական կողմից զոհվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ: (Հայկական կողմի տվյալներով` 2011թ. հրաձգությունները 20 զինծառայողի կյանք են խլել, վիրավորվել է 36 մարդ):

Ադրբեջանի տվյալներով (որոնց վրա էլ հղում են կատարում զեկույցի հեղինակները) 2011թ. շփման գծում զոհվել են 15 ադրբեջանցի զինվորականներ եւ 4 քաղաքացիական անձինք: Եւս 24 մարդ, որոնցից 19 զինվորական են, վիրավորվել են:

Երեւանցի քաղաքագետ, Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ ՙդեռեւս ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ժամանակ (2011թ.) նախաձեռնություն է եղել հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների մասին՚: ՙԱյստեղ կարեւոր է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ինստիտուտների միջեւ փոխկապերի խթանումը, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակների շփման գծում լարվածության թուլացումը՚,- կարծում է քաղաքագետը:

Նա գտնում է, որ մեր հանրությունների կողմից հատկապես ցավագնորեն է ընդունվում դիպուկահարների կրակոցներից զինվորականների մահը, ինչը ղարաբաղյան հակամարտության կողմերին հեռացնում է դրա լուծման որոնումներից: ՙԱյնպես որ, դիպուկահարներին առաջապահ դիրքերից հետ քաշելն այսօր միջնորդների (առաջին հերթին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների) համար ամենահրատապ հարցն է հակամարտության կարգավորման գործում: Սակայն Ադրբեջանն առայժմ չի համաձայնվում շփման գծից դիպուկահարների հեռացմանը: Ինձ թվում է, որ  դա գլխավորապես կապված է այն բանի հետ, որ ադրբեջանական կողմը մտահոգված, որ միջազգային հանրությունը դրանից հետո մոռացության կմատնի ղարաբաղյան հիմնախնդիրը: Իսկ ահա շփման գծում լարվածության առկայությունը պաշտոնական Բաքվի համար այն բանի գլխավոր երաշխիքն է, որ աշխարհը ակտիվորեն կզբաղվի այդ հիմնախնդրով՚:

Մեկ այլ հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը կարծում է` ՙՀրաձգությունները հանդիսանում են Ադրբեջանի կողմից քաղաքական ճնշման գործիք, որը խորհրդանշում է նրա ղեկավարության ՙանհամաձայնությունը՚ ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական իրողությանը: Միջադեպերի մեծ մասի պարագայում դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն, որոնք բխում են լարվածությունը թուլացնելու եւ դիպուկահարներին հեռացնելու ադրբեջանական ղեկավարության չկամությունից՚:

Մինասյանի կարծիքով, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի (փաստորեն միակ կառույցը, որ ներկայումս կարող է հետաքննել շփման գծի միջադեպերը) մանդատն ու առկա ռեսուրսները թույլ չեն տալիս լիարժեք դիտարկել եւ համաշխարհային հանրությանը ներկայացնել շփման գծի իրավիճակի մասին տվյալներ:

Արդյո՞ք պետությունների առաջին դեմքերի ռազմատենչ կոչերն ազդում են հրաձգությունների ինտենսիվացմանը: Այս հարցին այն բոլոր մարդիկ, ում հետ հոդվածը պատրաստելիս շփվել ենք, դրական են պատասխանել: Ընդ որում, հայ զինվորականները նշել են, որ ՙհրաձգությունների ինտենսիվությունը մեծանում է նաեւ առանց հատուկ պատճառների կամ բարձր ատյանների հրահանգների, ինչը թույլ է տալիս խոսելու գերագույն հրամանատարության կողմից ստորաբաժանումների արդյունավետ վերահսկման բացակայության մասին՚:

Հրաձգությունները բարդացնում են սահմանամերձ գյուղերի կյանքը

Սահմաններին առկա լարվածությունը ծայրահեղ բացասական է ազդում շփման գոտու մերձակայքում ապրող մարդկանց սոցիալական վիճակի վրա, ամենից առաջ` անվտանգության միջոցների համար համայնքների բյուջեից արվող հատկացումների պատճառով: Հաճախակի փոխհրաձգությունները բարդացնում են գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը եւ բնակչության տեղաշարժը, ինչպես նաեւ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան վիճակի վրա, տուժում են հատկապես երեխաները:

ՙՀիմնականում մեր հողահանդակները, ինչպես նաեւ բուն գյուղը սահմանամերձ են՚,- պատմում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի համայնքի ղեկավար Հրանուշ Աղբալյանը: ՙԲավականին շատ հողեր մենք պարզապես չենք կարողանում օգտագործել: Տրակտորով կամ կոմբայնով հենց մոտենում ենք այդ տարածքներին` մյուս կողմից սկսում են կրակել: Մարդիկ պարզապես վախենում են: Կոնկրետ մեր տնտեսությունը հնարավորություն չունի օգտագործելու իր հողերից մոտ 70 հեկտար, եւ դրանք ամայանում են: Իսկ մեր մարզում քառասունից ավելի սահմանամերձ գյուղեր կան՚:

Աղբալյանի կարծիքով` ՙկարելի կլիներ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցիների հետ պայմանավորվել եւ իրար վրա չկրակել: Բայց նման հարցերը պիտի պետական մակարդակով լուծվեն: Նախկինում լինում էր, որ պայմանավորվում էինք: Բայց մարդիկ գնալով քիչ են հավատում, որ կարելի է անվտանգ աշխատել սահմանամերձ հողերում: Ադրբեջանցիների հետ ոչ մի կապ չկա, ոչ մի հանդիպում էլ չի լինում: Մեր եւ հարեւան գյուղերի անվտանգությունն ապահովում է բանակը: Այնտեղ խրամատներ են եւ այն ամենը, ինչ պետք է իրավիճակի վերահսկման եւ պաշտպանության համար՚: ՙԱհա թե ինչու,- նշում է Ոսկեպարի համայնքի ղեկավարը,- մեր գյուղը վերջին տարիներին ոչ մի կորուստ չի ունեցել` ոչ զոհեր, ոչ  վիրավորներ, ոչ էլ ականների պայթյուններ: Մեզ մոտ նույնիսկ երեխաները գիտեն, թե ուր կարելի է գնալ եւ ուր չի կարելի: Պատերազմից անմիջապես հետո եղել են դեպքեր, երբ մարդիկ են տուժել ականների պայթումից, կամ տնային կենդանիներ: Բայց դա վաղուց է եղել, իսկ արդեն քանի տարի է կորուստներ չունենք: Այլ հարց է, որ շատերը լքում են գյուղը: Ոսկեպարի դպրոցում 102 աշակերտ է սովորում, իսկ պատերազմից առաջ այստեղ երեք անգամ ավելի աշակերտ կար՚:

Ընդ որում, կրակոցներ սահմանին լինում են  գրեթե միշտ: Ու ոչ միշտ ռազմական բնույթի ինչ-որ խնդիրներ լուծելու, ասենք` դիրքերի բարելավման նպատակով: ՙՄի ժամանակ մյուս կողմից կրակի տակ էր առնվում համապետական ճանապարհը, հիմա էլ որոշ հատվածներ կան, որոնցով երթեւեկելիս վարորդներն արագացնում են մեքենաների ընթացքը՚,- ասում է գյուղացիներից մեկը` Հենզել Գրիգորյանը:

Մարդիկ միակարծիք են, որ պատերազմը արգելակել է զարգացումը:

ՙԳիտե՞ք, մենք հիմա սովորել ենք այնպես տեղաշարժվել մերձակայքում, որպեսզի մյուս կողմից արձակված գնդակը չկպնի, կամ որպեսզի ականները չվնասեն: Բայց, միեւնույն է, բոլորն էլ տուժում են` եւ մերոնք, եւ մյուս կողմի մարդիկ: Ոչ ոք չի շահում այս վիճակից՚,- ասում է գյուղի բնակիչ, ոչ մեծ պանրագործարանի սեփականատեր Հենրիխ Սարուխանյանը: ՙԱռաջներում աշխույժ առեւտուր էինք անում Ղազախի շրջանի հետ: Անասնապահական մթերքները, որպես կանոն, այնտեղ էինք տանում: Նրանք էլ էին հաճախ մեզ մոտ գալիս:Կաթնամթերքների արտադրությունում ադրբեջանցիները մեզ զիջում էին, բայց նրանց մրգերը, բանջարեղենն ավելի էժան էին՚:

Դիտորդների ներկայությունը զգաստացնում է

Շփման գծում ԵԱՀԿ դիտարկումների անհրաժեշտության եւ գործուն լինելու կապակցությամբ մեր զրուցակից փորձագիտական հանրության ներկայացուցիչները մոտավորապես հետեւյալն են ասում. ՙԴիտարկման կազմակերպումից եւ անցկացումից հետո կոնկրետ տեղում հանգիստ իրավիճակ է տիրում` առանց հրադադարի ռեժիմի խախտումների, բայց դա ժամանակավոր բնույթ ունի: Տակտիկական առումով այդ միջոցառումներն առանձնակի արդյունք չեն տալիս, քանի որ դրանց թիվն ու հաճախականությունն անբավարար են լիարժեք վերահսկողության համար: Միեւնույն ժամանակ, դիտարկման ռազմավարական դերը կայանում է նրանում, որ շփման գծում զգացվում է միջազգային հանրության ներկայությունը՚:

Բայց բոլորն էլ համոզված են նրանում, որ ՙավելի լավ կլիներ, եթե ԵԱՀԿ-ն մեծացներ դիտորդների համար հատկացված բյուջեն՚: Միջնորդներին իրենց գործունեության տարիներին, համենայն դեպս, հաջողվել է պատերազմ թույլ չտալ:

 

ԱԴՐԲԵՋԱՆ.  ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Կենդանի թիրախներ

Դեպի շփման գիծ տանող ճանապարհին մեր գործընկերը վարորդին խնդրեց կանգնեցնել մեքենան` մի քանի լուսանկար անելու համար: Մեզ ուղեկցող սպան կտրականապես դեմ էր. ՙԱյստեղ չի կարելի կանգ առնել` ճանապարհի այս հատվածը հայ դիպուկահարների նշանառության տակ է՚: Ստիպված եղանք շարունակել ճանապարհը, իսկ մեր գործընկերն ափսոսանք հայտնեց, որ չկարողացավ անմահացնել հրաշալի պատկերը:

Այս դեպքը տեղի է ունեցել Ղազախի շրջանում: Բայց շփման գծի երկայնքով` Արաքսից մինչեւ Քուռ, նման հատվածներ շատ կան: Մարդիկ ապրում եւ աշխատում են այդ վտանգավոր տարածքներում` քաջ գիտակցելով, որ իրենք կենդանի թիրախներ են:

1994թ. մայիսի 12-ին` ավելի քան երկու տարի տեւած ինտենսիվ ռազմական գործողություններից հետո, հակամարտության կողմերի պաշտոնական ներկայացուցիչները Ռուսաստանի միջնորդությամբ պայմանագիր ստորագրեցին անժամկետ զինադադարի մասին, որն ուժի մեջ է արդեն 18 տարի: Այդ պայմանագրի կնքմանը նպաստել է մի փաստաթուղթ, որը դրանից մի քանի օր առաջ ընդունվել է խորհրդարանների ղեկավարների կողմից եւ որը պատմության մեջ է մտել որպես Բիշքեքյան արձանագրություն: Սակայն շաբաթվա մեջ առնվազը 5 անգամ մենք հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդագրություններ ենք լսում գրեթե ամբողջ շփման գծից:

Դառը վիճակագրություն 

Ռազմական հետաքննությունների ՙԴոկտրինա՚ լրագրողական կենտրոնի կողմից 2003-2011 թվականին անցկացված ԶԼՄ-ների դիտարկման արդյունքների համաձայն` Ադրբեջանի մարտական կորուստների թիվը հետեւյալն է` 162 մարդ: Ահա այսպիսին է վերջին հինգ տարիների դառը վիճակագրությունը.

2007 -զոհվել է 22 մարդ (16-ը` հայերի հետ փոխհրաձգության ժամանակ, 6-ը`  ականի պայթյունից):

2008 – զոհվել է 18 մարդ, 5-ը վիրավորվել:

2009 –  զոհվել է 11 մարդ, 15-ը վիրավորվել:

2010 – զոհվել է 17 մարդ (16-ը` հակառակորդի գնդակից, 1-ը ականի պայթյունից):

2011 – զոհվել է 14 մարդ (13-ը` հակառակորդի գնդակից, 1-ը ականի պայթյունից), 26-ը վիրավորվել են:

Մեր կողմից անցկացված ադրբեջանական ԶԼՄ-ների դիտարկման արդյունքներով` 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով զոհվել է  Ադրբեջանի ԶՈՒ 7 եւ վիրավորվել 7 զինվոր ու սպա: Ըստ նույն տվյալների` հինգ ամսվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 568 անգամ: Տուժածների մեջ քաղաքացիական անձինք էլ կան` Թոուզի շրջանի մի քաղաքացի վիրավորվել է արձակված գնդակից: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով` 2012թ. հինգ ամսվա ընթացքում հայկական կողմը շփման գծում կորցրել է 30 զինծառայող:

Անցած 18 տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի ամենախոշոր խախտումն արձանագրվել է 2008թ. մարտի 4-ի լույս գիշերը: Այն տեղի է ունեցել Տերտերի շրջանի Հասանղայա գյուղի ուղղությամբ: Փոխհրաձգությունը տեւել է գրեթե մի ամբողջ օր: Բիշքեքյան արձանագրությունների ստորագրումից հետո դա միակ դեպքն է, երբ օգտագործվել են խոշոր տրամաչափի ականանետներ: Մերձակա գյուղերի բնակիչներն ու այն զինվորականները, ում հետ զրուցել ենք կատարվածից երկու օր անց, նույն բանն էին ասում` ՙՄենք կարծում էինք, որ պատերազմը սկսվել է՚:

Հրադադարի ռեժիմի խախտման աղմկոտ արձագանքներ են եղել նաեւ այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակի սպա (հետագայում` ազգային հերոս) Մուբարիզ Իբրահիմովը հատել է շփման գիծը: Այս անգամ եւս կողմերը մեղադրեցին միմյանց` յուրաքանչյուրն իր տեսանկյունից: Այդ միջադեպի ամենաառեղծվածային ու հիշարժան հանգամանքը դարձավ հայերի կողմից Իբրահիմովի աճյունի վերադարձը մի քանի ամիս անց:

Քիչ տեղեկատվություն` շատ շշուկներ 

Ինչ խոսք, հրադադարի խախտումները եւ դրանց առնչված տեղեկատվությունը հանրությունում ոչ միանշանակ են ընկալվում` զանազան շշուկներ են շրջանառվում, տարբեր մեղադրանքներ ու դատողություններ են հրամցվում:

Նախ` հրադադարի ռեժիմն առավել հաճախ խախտվում է զորակոչերի նախօրեին: Իսկ դա նպաստում է նրան, որ վախեցած ծնողները սկսում են միջոցներ ձեռնարկել առավել անվտանգ տեղերում իրենց զավակների ծառայությունն ապահովելու համար: ՙԹե ինչ ՙմիջոցների՚ մասին է խոսքը, կարծում եմ ինքներդ եք հասկանում՚,- հուշում է բարձրահասակ մի տղամարդ, ում առաջին անգամ չէ, որ տեսնում ենք Բաքվի զինկոմիսարիատներից մեկի մոտ:

Երկրորդ` հրադադարի խախտումների ժամանակ օգտագործված զինամթերքի քանակն արհեստականորեն ուռճացվում է ֆինանսական միջոցների յուրացման նպատակով: Սրանում համոզված են մեր շատ գործընկերներ, հատկապես նրանք, ովքեր ոչ մի անգամ չեն եղել սահմանամերձ գոտում:

Երրորդ` իրավիճակը միտումնավոր սրվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի յուրաքանչյուր նոր ռաունդից առաջ: Այս մասին խոսում են բոլոր վերլուծաբանները: Խորհրդարանի անդամ, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը վստահ է, որ շփման գծում վերջին միջադեպն առնչված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին:

Չորրորդ` հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը նպաստում է երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելուն: Նման կարծիք կարելի է  լսել յուրաքանչյուր երկրորդ ընդդիմադիր գործչից:

Առաջին հայացքից` թվարկված պնդումներից յուրաքանչյուրն էլ տրամաբանական է թվում: Սակայն դժվար է ասել, թե որքան է ճշմարտության տոկոսը դրանցում:

Ուշագրավ է այն փաստը, որ հրադադարի ռեժիմի խախտումների մասին պաշտոնական տեղեկատվութունն ավելի շատ եղել է 2011թ. սեպտեմբերին` հենց զորակոչի նախօրեին: Բայց չի կարելի սրան միանշանակ գնահատական տալ: Բանակի եւ զինկոմիսարիատների մեր աղբյուրները կտրականապես հերքում են դա: Անդրադառնաք փաստերին: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներով` հրադադարի խախտումների վիճակագրությունը 2011 թվականին հետեւյալ տեսքն ուներ. հունվար` 24, փետրվար` 56, մարտ` 80, ապրիլ` 36, մայիս` 80, հունիս` 69, հուլիս` 68, օգոստոս` 69, սեպտեմբեր` 119, հոկտեմբեր` 64, նոյեմբեր` 49, դեկտեմբեր` 61 անգամ:

Հիշեցնենք` զորակոչերն իրականացվում են հունվարին, ապրիլին, հուլիսին եւ հոկտեմբերին:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` 2012թ. մարտին ՀՀ զինված ուժերը հրադադարը խախտել են 124 անգամ: 2011թ. վիճակագրության հետ համեմատելու դեպքում կնկատենք, որ աճն ակնհայտ է: Սակայն դրանք որակել որպես արտեստականորեն ստեղծվող նախազորակոչային հուզումներ չի կարելի, քանի որ հաջորդ ամսում գրանցվել է 147 խախտում: Ուրեմն` բանը միայն նախազորակոչային տրամաբանության մեջ չէ: Եթե նկատի ունենանք, որ մայիսին Ադրբեջանն անցկացնում էր Եվրատեսիլի մրցույթը` այդ ժամանահատվածում Ադրբեջանում լարվածություն ստեղծելու մեջ հայկական կողմի շահագրգռվածության վարկածը միանգամայն իրատեսական է թվում: Շփման գծի առաջապահ դիրքերի զորամասերի միջին սպայական կազմը խոսում է հայկական կողմի սադրանքների մասին մրցույթի նախօրեին:

Ոչ մի աղբյուրի կողմից չի հաստատվում այն պնդումը, որ հրադադարի ռեժիմի խախտումների ետեւում շորթումներն են: Հարցը պարզելու համար մենք որոշեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ անմիջապես զինվորականներից: Միջին հրամանատարական կազմը ներկայացնող եւ առաջապահ դիրքերում ծառայած մեր զրուցակիցներից մեկի ասելով` հրադադարի խախտումների մասին առաջապահ դիրքերից կեղծ տեղեկություններ չեն հայտնում: Ճշմարտացիությունը հրամանատարների շահերում է, քանի որ սխալ տեղեկատվությունը նշանակում է զորամասերում ավելորդ կամ չհերիքող փամփուշտներ: Իսկ զորամասերում փաստաթղթերում նշված քանակությանն առկա փամփուշտների քանակի անհամապատասխանությունն ուղիղ ճանապարհ է դեպի քրեական պատասխանատվություն: Աղբյուրը հաղորդում է, որ կրտսեր հրամանատարական կազմի կողմից նման մեքենայությունների ռիսկը խելամիտ չէ, իսկ ավելի բարձր էշելոնի կողմից նման փորձն անիրատեսական է, քանի որ բոլոր դեպքերում էլ զինամթերքների վատնումը պիտի հաստատեն ՙներքեւները՚:

Հարկ է նշել, որ այս կապակցությամբ ՊՆ-ին արած մեր հարցումը պատասխան չստացավ:

Բանակին առնչվող որեւէ հարցի չպատասխանող նախարարությունն այս անգամ էլ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց ՙՏեղեկատվության մատչելիության մասին՚ օրենքի նկատմամբ:

Եվս մի ենթադրություն` հրադադարի ռեժիմի խախտումները համընկում են հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին: Այն քիչ փաստարկներ չունի: Օրինակ, Հասանղայայի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը, ինչի մասին խոսվեց վերեւում, եղել է երկու երկրների նախագահների Դավոսյան հանդիպումից առաջ: Անհնար է պարզել այդ խախտման իրական պատճառները, այն է` թե ՙով է առաջինը սկսել՚. կողմերը մեղադրում են միմյանց, իսկ անկողմնակալ աղբյուրները մատչելի չեն: Բաց է մնում այն հարցը, թե իրականում ով է սրում իրավիճակը եւ ինչ նպատակով:

Փոխհրաձգություններն ու քաղաքականությունը

Եվ, վերջապես, այն կարծիքը կա, որ հրադադարի խախտումը կամ այդ մասին տեղեկատվությունն ուղղված է առկա սոցիալական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելուն:

Հղում անենք 2011թ. վիճակագրությանը: Ադրբեջանական ընդդիմության` ՙարաբական գարունով՚ ոգեշնչված ամենալուրջ գործողությունները եւ հանրության բողոքական տրամադրությունները եղել են հենց ապրիլին: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրադադարն այդ ամսում խախտվել է ընդամենը 36 անգամ: Իսկ դա քիչ է անգամ տարեկան միջինվիճակագրական ցուցանիշից:

Մեկ այլ դիտարկում ցույց է տալիս, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին միջազգային կազմակերպությունների հայտարարություններից հետո շփման գծում իրավիճակը տագնապալից է դառնում: Դարձյալ անդրադառնանք 2011թ. վիճակագրությանը: Ընդդիմության ապրիլյան գործողություններից հետո միջազգային կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին: Այդ հայտարարությունները հիմնականում եղել են մայիսին: Պաշտոնական վիճակագրությունում այդ ամիս արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 80 դեպք:

Այնուհետեւ հունիսին կայացավ նախագահների Կազանյան աղմկոտ հանդիպումը: Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, հունիսին հրադադարը խախտվել է 69 անգամ:

Հրադադարի խախտումների հարցում փոխադարձ մեղադրանքների եւ վիճակագրության անհամապատասխանությունը լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս: 2011 թվականի հետ 2012թ. անցած ժամանակահատվածի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի խախտումների թիվն ավելացել է: Անշուշտ, վիճակագրական ցուցանիշներում հնարավոր է նաեւ արհեստական ուռճացում: Բայց միջադեպերի ինտենսիվության աճը, համենայն դեպս, կասկածի տեղիք չի տալիս:

Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններում, այնպես էլ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի հանդիպումներում մտահոգություն է հայտնվել հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ: Համանախագահներին նույնիսկ առաջարկվել է հրադադարի խախտման պատճառների ուսումնասիրման մեխանիզմներ մշակել: Սակայն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չեն արվել: Ահա արդեն մի քանի տարի է` զորքերի շփման գծում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարությամբ դիտարկումներ են անցկացվում: Բայց դրանց իրական նպատակներն ադրբեջանական հանրությունում` ներառյալ քաղաքական գործիչներին ու հենց իրենց` զինվորականներին, տարբեր կերպ են ընկալվում:

Օրինակ, առաջապահ դիրքերում տեղակայված զորամասի հրամանատարի կարծիքով`  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները միանշանակորեն հետախուզական տվյալներ են հավաքում: Իսկ այն, որ դիտարկման արդյունքները հանրության սեփականությունը չեն դառնում, նպաստում է նման կասկածների ուժեղացմանը: Մենք փորձեցինք ստանալ այն հարցի պաշտոնական պատասխանը, թե արդյո՞ք այդ դիտարկումների արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվում է Ադրբեջանի կառավարությանը: Բայց ոչ ՊՆ-ն, ոչ էլ ԱԳՆ-ն չպատասխանեցին մեր հարցումին:

Պատն այնքան էլ հաջող գաղափար չէ

Հակամարտող կողմերի զորքերի շփման գծում հրադադարի խախտումներից տուժում է նաեւ խաղաղ բնակչությունը: Գծի մյուս կողմում, որ անցնում է Ֆիզուլիի, Աղջաբեդիի, Աղդամի, Տերտերի, Գերանբոյի, Գյոյ-Գյոլի շրջանների տարածքով, ոչ մի բնակավայր չկա: Բայց շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական կողմում բնակավայրեր կան: Այս հանգամանքը հայկական կողմին առավելություն է տալիս տակտիկական մանեւրների հարցում: Հազվադեպ չեն  զոհերը սահմանամերձ գյուղերի բնակիչների թվից: 2011թ. չորս քաղաքացիական անձ է զոհվել, որոնցից երկուսը` երեխաներ: Ողբերգական դեպքերը եղել են Աղդամի եւ Թոուզի շրջաններում:

Աղդամի 9-ամյա բնակիչ Ֆարիզ Բադալովի զոհվելուց հետո ադրբեջանական կառավարությունը որոշեց ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը` փոքր տրամաչափի զենքերից պաշտպանության նպատակով սահմանամերձ տարածքներում գտնվող բնակավայրերի առաջ կառուցելով պատ: Պատի շինարարությունը հանձնարարվել է ԱՀ տարածքների վերականգնման եւ վերակառուցման գործակալությանը: Մեր ուղարկած հարցումին գործակալությունը չի պատասխանել: Նրան անհանգստացրել են շինարարության ֆինանսական կողմին առնչվող հարցերը: Գործակալության իրավաբանը հայտարարել է, որ պատասխանելու համար Ազգային անվտանգության նախարարության որոշումն է պետք, իսկ հատկացված գումարը պետական գաղտնիք է:

Պատի շինարարությունը միանշանակ չէ ընդունվել նաեւ տեղի բնակիչների կողմից: Ոմանք կարծում են, որ պատի  շինարարությունից հետո անվտանգությունը, թեկուզ եւ նվազ չափով, ապահովվելու է: Ուրիշներն էլ, որ սահմանամերձ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում, ասում են, որ միեւնույն է` մնում են վտանգին  դեմառդեմ:

Բանը նրանում է, որ պատը կառուցվվում է միայն բնակավայրերի շուրջ, մինչդեռ դաշտում կամ արոտավայրերում աշխատող մարդիկ կրակոցների տակ ընկնելու վտանգի տակ են: Ուրեմն` պաշտպանիչ պատն այնքան էլ հաջող գաղափար չէ: Շատ հակամարտաբաններ այն կարծիքին են, որ դրա շինարարության գաղափարը ձախողվել է: Ի դեպ, պատի շինարարության մի շարք տեղամասերում աշխատանքները դադարեցվել են:

Կարելի է անվերջ թվարկել հրադադարի ռեժիմի խախտումներին առնչվող հանգամանքները: Բայց ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ փոխհրաձգությունների փաստը: Քանի դեռ գործուն միջոցներ չեն ձեռնարկվել` հնարավոր չի լինի խուսափել կորուստներից ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում:

Աղդամի շրջանի Չրաղլու  գյուղը գտնվում է սահմանամերձ գոտում: Այստեղ որոշ տներ գտնվում են շփման գծից տառացիորեն 100-150 մետր հեռավորության վրա: Խոսրով Շուքյուրովը 1993թ. ռազմական գործողությունների ժամանակ ընտանիքով հեռացել էր գյուղից: Զինադադարից հետո վերադարձել է: Բայց դարպասներով չի կարողացել մտնել իր տունը, քանի որ դրանք բացվում են դեպի հայերի կողմից վերահսկվող դիրքերը: Խոսրովը բետոնապատել է դարպասները, մուտք է բացել մյուս բակի կողմից եւ ահա արդեն 18 տարի է` ապրում է կրակոցների ներքո: Սակայն նա հուսով է, որ կգա այն օրը, երբ ինքը կքանդի բետոնե պատը, եւ իր տան դուռը կթակի ոչ թե փամփուշտը, այլ ընկերոջ ձեռքը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԾԱՂԻԿՆԵՐ` ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՏԱԿ

Կյանքի եւ մահվան շփման գիծ

Հրադադարը հակամարտության լուծման դիվանագիտական ուղու որոնումների հնարավորություն տվեց:

Անցած 18  տարիներին, սակայն, լարվածությունը շփման գծում չթուլացավ, չնայած հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ հակամարտության կողմերի առաջնորդների հավաստիացումներին եւ հրադադարի ռեժիմը պահպանելու մասին միջազգային կազմակերպությունների կոչերին:

Լուսինե Առստամյանի   մանկությունն անցել է ռմբակոծությունների տակ, ռազմաճակատում գտնվող հարազատների համար մտահոգությունների մեջ: Հրադադարը հնարավորություն տվեց, որ  կյանքը իրենց փոքրիկ քաղաքում` Մարտունում բնականոն հունի մեջ մտնի:  Բայց Լուսինեի եւ նրա գործընկերների համար ՙհրադադարը՚ հարաբերական հասկացությունն է:   Լուսինեն աշխատում է ռազմական հոսպիտալում եւ շփման գծում իրավիճակի սրման հետեւանքներին նա հաճախակի է առնչվում:

Հայտարարությունները, որ հնչում են հեռավոր քաղաքներում, բարձր մակարդակով հրավիրվող գագաթնաժողովներում, երտասարդ կինը չի հասկանում: ՙՄեզ մոտ կրակում են, ինչպես ռազմաճակատում: Դա շփման գիծ չէ, այլ ճակատային գիծ, որտեղ հանդիպում ես մահվան եւ տառապանքի հետ: Դրանց ես առնչվում եւ ոչ թե  գեղեցիկին, կյանքին՚:

Հայտարարություններ, հայտարարություններ

2012 թվականի հունիսի 19-ին հեռավոր Լոս Կաբոսում համանախագահող երկրների նախագահները հանդես եկան հերթական հայտարարությամբ:

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը երկուշաբթի օրը վերահաստատեցին հանձնառությունը` կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցին վճռական քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար: Ափսոսանք հայտնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մինչ օրս չեն իրականացրել անցած տարի Դովիլում անցկացված ՙՄեծ ութնյակի՚ գագաթնաժողովում միջնորդների հրապարակած հայտարարությունում իրենց կողմից առաջարկված քայլերը, երեք միջնորդ պետությունները նշում են. ՙԱյդուհանդերձ, ձեռք բերված առաջընթացը հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնելու համար՚:

ՙՈւժի կիրառումը չի կարող հանգուցալուծել հակամարտությունը, այն միայն երկարաձգելու է տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքները եւ զրկանքները՚, – ասված է նախագահներ Բարաք Օբամայի, Ֆրանսուա Օլանդի եւ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունում: ՙՄիայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ողջ տարածաշրջանին թույլ տալ հաղթահարել ստեղծված ստատուս քվոն եւ շարժվել դեպի ապահով եւ բարեկեցիկ ապագան՚, – նաեւ ասել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները:

Լեռնային Ղարաբաղի արտաքին-քաղաքական գերատեսչությունն այս հայտարությանն աջակցություն հայտնեց: ՙՄենք միշտ էլ դրական ենք վերաբերվում նման նախաձեռնություններին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ լուծանը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, եւ մեկ անգամ եւս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը`  հետեւել ԵԱՀԿ  Մինսկի խմբի  համանախագահների կոչերին եւ խորհուրդներին՚:

ՙԵս չեմ հավատում քաղաքական գործիչներին՚,- ասում է բուժքույր Լուսինե Առստամյանը: ՙՏանը հայրս երբեմն նայում է ադրբեջանական հեռուստատեսության հաղորդումները, լրագրողների, պատգամավորների, Ադրբեջանի նախագահի խոսքերը թարգմանում է հայերեն: Պատերազմի, հայերին ոչնչացնելու մասին ավելի շատ են խոսում, քան խաղաղության մասին: Այսքանից հետո ինչպե՞ս հավատամ ինչ-որ պայմանավորվածությունների՚,- հարցնում է Լուսինեն:

Հունիսն անասելի թեժ էր

Նույն այդ ժամանակ ղարաբաղցի քաղաքագետները չէին թաքցնում, որ ավելին էին սպասում թե ԵԱՀԿ  Մինսկի խմբի  համանախագահ երկրների նախագահներից եւ թե իրենց քաղաքական գործիչներից:

Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում այդ օրերին կրակում էին տարբեր հատվածներում: ԼՂ պաշտպանության բանակի տվյալներով` հունիսի 3-9-ը շփման գծի ղարաբաղա-ադրբեջանական հատվածում հրադադարի ռեժիմը խախտվել է 1400 անգամ, ինչը գրեթե երեք անգամ շատ է միջինվիճակագրական տվյալներից: Վերջին շաբաթվա ընթացքում ի լրումն բազմաթիվ խախտումների` հակառակորդը նաեւ հետախուզական-դիվերսիոն բնույթի մի քանի փորձ ձեռնարկեց:

Ահա դրանցից մեկի մանրամասները` ըստ պաշտոնական աղբյուրների:

ՙՀունիսի 6-ին ժամը մոտավորապես 04:15-ին շփման գծի հարավային ուղղությամբ (Հորադիզ) ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձ է արել ներթափանցելու ԼՂ ՊԲ դիրքերից մեկը: Ղարաբաղյան զինված ուժերը պատասխան գործողությունների են դիմել եւ հակառակորդին հետ շպրտել նախնական դիրքերը: ԼՂ ՊԲ մամուլի ծառայության տվյալներով` փոխհրաձգության հետեւանքով ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել: Հայկական կողմը եւս կորուստներ ունեցավ` զոհվեց կրտսեր սերժանտ Վարդան Օհանյանը, վիրավորվեցին շարքայիններ Արայիկ Մավրեյանն ու Վոլոդյա Ծատրյանը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Երեւանում եւ Բաքվում ունեցած իր ելույթներում մեկնաբանեց իրավիճակը: Հունիսի 4-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նա հավաստիացրեց, որ շփման գծի միջադեպերի հարցը կքննարկի Ադրբեջանի ղեկավարության հետ: Ինչպես ԱՊԱ գործակալությունն է հաղորդում` Բաքվում նա հայտարարել է` ՙՊիտի վերջ դրվի այս բռնությանը: Ես ասել եմ Ադրբեջանի նախագահին, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ինչ անելու, որպեսզի աջակցի հակամարտության կարգավորմանը՚: Հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ԵԱՀԿ  Մինսկի խմբի  համանախագահ երկրների ներկայացուցիչները,  Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը:

Եթե հավատանք վիճակագրական տվյալներին` այդ կոչերն ազդեցություն ունեցան: Արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում` արցախցի զինվորականների տվյալներով,  հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կրճատվեց, հասնելով հազարի` շաբաթվա կտրվածքով (հունիսի 10-16), իսկ հունիսի 23-ին արդեն հայտնվում էր շաբաթական 400 խախտման մասին: Չնայած դրան, ադրբեջանա-ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում միջադեպերից մեկի ժամանակ  հայ զինվոր զոհվեց:   Դա տեղի ունեցավ մեծ քսանյակի գագաթնաժողովի նախօրեին, այն օրը, երբ Փարիզում  հանդիպում էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:

Հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի արտաքին-քաղաքական գերատեսչությունը ԵԱՀԿ-ից պահանջեց կոշտ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին: Այդ հարցում ԼՂ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտա ուղարկվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի կարծիքով` շփման գծի միջադեպերի միջոցով պաշտոնական Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը: Մեկնաբանելով հունիսի 18-ի միջադեպը` Բաբայանն ասաց. ՙԲարձր մակարդակով ցանկացած հանդիպման կամ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջան կատարելիք այցերի նախօրեին ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: Թեեւ, թվում է, հենց այդ ժամանակ պիտի իրեն զուսպ պահեր, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է դարձել: Ուստի նման սցենար զարգացնելն ուղղակի նոնսենս է՚: Իրավիճակի նման գնահատականի հետ Ղարաբաղում համաձայն են բոլոր նրանք, ում հետ խոսել ենք այս թեմայով:

Ղարաբաղյան հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ղարաբաղյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդգծել է. ՙԱդրբեջանն ուզում է հասկացնել, որ եթե խաղաղ ճանապարհով հարցը չլուծվի այնպես, ինչպես ինքն է ուզում, ապա նա ուժ կկիրառի՚: Պատգամավոր Սերգեյ Ղազարյանի կարծիքով ՙադրբեջանական կողմը նման սադրանքներով փորձում է ապացուցել, որ իրավիճակն ուր որ է կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել լայնածավալ պատերազմի, ինչը հակասում է տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների շահերին: Ադրբեջանի ընտրած նման վարքագիծը հնարավոր տարբերակներից մեկն է, բայց ընդսմին` անարդյունավետ եւ վտանգավոր՚: Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը կարծում է, որ հրադադարի ռեժիմի խախտումը ՙադրբեջանական ռազմական դիվանագիտության բաղկացուցիչ մասն է՚:

Դիտորդների այցելությունները պիտի անսպասելի լինեն 

Ղարաբաղյան բանակի մայոր Սեդրակ Պողոսյանի հետ հանդիպեցինք առաջին գծում: Շփման գծի այն հատվածում, ուր նա ծառայում է, հրադադարի ռեժիմը խախտվում է  ամեն օր: Կրակում են  այնքան հաճախակի, որ առաջնագծում մեզ ընդունող սպան զարմացած էր, որ մեր այնտեղ գտնվելու երկու ժամվա ընթացքում այդքան հանգիստ էր:  ՙԶինվորը կատարում է քաղաքական ղեկավարության հրամանը: Ադրբեջանցի զինվորականները խրամատներում չեն կարող հրադադարը խախտել առանց Բաքվի հրամանի: Առավել եւս, որ կրակում են խոցելու համար: Իսկ մենք այլ հրաման ունենք` պահպանել հրադադարի ռեժիմը, չենթարկվել սադրանքներին՚:

Առաջին գծում ծառայող զինվորականները չեն թաքցնում, որ երբեմն իրենք էլ են կրակում անհրաժեշտության պարագայում:

Ո՞րն է այդ անհրաժեշտությունը: Ավագ լեյտենանտ  Սուրեն Քիթոյանը բացատրում է հստակ` ՙերբ մեր զինվորների կյանքին վտանգ է սպառնում կամ հակառակորդի կատարած քայլերը կարող են փոխել իրադրությունը շփման գծում՚: Հակամարտող կողմերի դիրքերը  շփման գծի այս հատվածում շատ մոտ են իրար: Նույնիսկ ոչ զինվորականի համար է հասկանալի, թե իրականում ինչ է դա նշանակում:

Հնարավո՞ր է, արդյոք, միջադեպերի անաչառ հետաքննություն անցկացնել: Մայոր Սեդրակ Պողոսյանը դրական է պատասխանում հարցին` ՙԴիտորդները պիտի պարզապես ավելի  հաճախակի լինեն շփման գծում:  Այդ այցերը պիտի անսպասելի լինեն կողմերի համար: Այստեղ անցկացրած մի քանի ժամերը կօգնեն ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ հասկանալ՚:

Մեխանիզմներ առաջվա պես չկան

Միջնորդներն առայժմ ընդամենը քննարկում են միջադեպերի հետաքննության մեխանիզմները: Մասիս Մայիլյանի կարծիքով` եթե կողմերը կառուցողական մոտեցում ցուցաբերեն, ապա հետաքննությունների անաչառ անցկացումը հնարավոր կդառնա: Այդ դեպքում, ըստ նրա, խախտումները նվազագույնի կհասցվեն:

Միջնորդները հուսով են, որ միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ ՄԽ առաջարկած մեխանիզմներն արդյունավետ եւ փոխընդունելի կլինեն: Նրանք նաեւ պաշտպանել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը դիպուկահարների պատերազմը դադարեցնելու մասին: ՙՄենք պիտի երաշխավորենք շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչպես նաեւ այն, որ կողմերը պատասխան գործողությունների չդիմեն, քանի որ բոլոր միջադեպերը հետաքննվելու են: Հարկ է ունենալ այդ միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմներ, որոնք դա կապահովեն՚: Սա էլ մեջբերում է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իմոն Գիլմորի հայտարարությունից:

Երբեմն հարկ է լինում   “զրուցել”  հակառակորդի հետ

ՙԽաղաղասիրությունը միակողմանի չի լինում, երբեմն հարկ է լինում հակառակորդի հետ ՙզրուցել՚ նրա իսկ լեզվով՚,- ասում է ղարաբաղյան բանակի ավագ լեյտենանտը:

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչները 1992-ին ստիպված էին լքել իրենց տները: Սկսել են վերադառնալ հրադադարի հաստատումից հետո: Ճակատային գիծը գյուղի մերձակայքով է անցնում: Մինչեւ հարեւան ադրբեջանական գյուղը երեք կիլոմետր է: Երկու բնակավայրերի արանքում մարտական դիրքերն են: Մարտակերտ քաղաքի կամրջի վրա մեր վարորդը բացատրում է` նախկինում այստեղից թեքվում էինք դեպի աջ, հիմա այդ ճանապարհահատվածն  ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է, ուստի ներքին ճանապարհով պիտի գնանք: Ու թեքվում ենք դեպի ձախ:

Թալիշի միջնակարգ դպրոցի բակում երեխաների աշխույժ եռուզեռ է:  Նրանք ծնվել են հրադադարից հետո, բայց ասում են, որ ձայնից կարող են տարբերակել կրակոցները, որոշել, թե ինչ  զենքից են կրակում: Ֆիզիկայի ուսուցիչ Սոս Պետրոսյանի ասելով` շփման գծից մինչեւ դպրոց  ուղիղ գծով շատ մոտիկ է: Բարեբախտաբար, երեխաները կրակոցների տակ չեն ընկել: Բայց գյուղում մի քանի տարի առաջ հակառակորդի արձակած գնդակներից վիրավորներ եղել են: Թալիշի  գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մխիթար Ավանեսյանը լրացնում է` հիմնականում անասուններն են տուժում, կրակում են նրանց վրա: ՙՎերջին տարիներին հնարը գտել ենք: Պարզապես անասուններն այդ կողմերում չենք արածացնում՚:

Թալիշի հարեւանությամբ Մատաղիս գյուղն է: ՙԵթե վերջին տարիներին վիրավորներ չունենք, ու անասունների կորուստն է քիչ, դա չի նշանակում, որ կրակոցները գյուղի եւ գյուղամերձ դաշտերի ուղղությամբ պակասել են, մենք ենք ավելի զգուշավոր դարձել: Արգելում ենք  վտանգավոր տարածնքերում երեխաններին խաղալ եւ անասուն պահել՚,- բացատրում է գյուղապետ Զավեն Ավանեսյանը:  Ամեն տարի համայնքը հարկեր է վճարում կրակոցների պատճառով չօգտագործվող տարածքների համար: Արոտավայրերի կեսը վտանգավոր գոտում է:

Հացահատիկ թե Թալիշում, թե Մատաղիսում    մշակում են  շփման գծին մերձ տարածքում: Թալիշցի Սոս Պետրոսյանի խոսքերով`  ամեն տարի ցանում են ու սրտի դողով սպասում բերքահավաքին:  Շփման գծում հնչող կրակոցների պատճառով հրդեհները հաճախակի են ու դրանց պատճառով հաճախ են բերքը կորցնում:

Երկու գյուղերում էլ խաղաղ բնակչությունը    շփման գծում լարվածությունը զգում է  յուրաքանչյուր նյարդով:  Պատճառը միայն կրակոցները չեն. գյուղացիների  մի մասը բանակում է ծառայում:   Հրադադարի ռեժիմի խախտումները դարձել են գյուղացիների առօրյայի մի մասը: Բայց եւ հանգստությունը, որով  նրանք խոսում են այդ մասին ու  խաղաղ պայմաններում արձակված գնդակների հետքերը ցույց տալիս, ուղղակի զարմացնում է: ՙՄենք սովորել ենք: Նույնիսկ լոկալ մարտերին, որ տեղի են ունենում գյուղից ընդամենը  2-3  կմ հեռավորության վրա, վերաբերվում ենք առանց  խուճապի: Երեւանից, Ստեփանակերտից, այլ տեղերից ընկերներս, բարեկամներս զանգում են, անհանգստանում….Իսկ մեզ համար սովորական է՚,- ասում է մատաղիսցի Զավեն Ավանեսյանը:

Պատ է մեր միջեւ

ՙԻսկ եթե փորձե՞նք պատ քաշել մեր եւ իրենց միջեւ՚,- հարցնում ենք Զավենին:

ՙԻնչի՞ համար,- զարմանում է նա,- անվտանգությա՞ն համար: Եվ քանի՞ կիլոմետր պիտի այն ձգվի: Պարզապես պիտի սովորենք իրար կողք-կողքի ապրել, այլ ոչ թե պատերազմել՚:

Մայոր Սեդրակ Պողոսյանը տեղյակ է, որ Ադրբեջանը տարանջատիչ պատ է կառուցում: ՙՄեր դիրքերից այն դեռ չի երեւում: Ինձ թվում է, որ դա հերթական սադրանքն է, եւ դրա նպատակն ամենեւին էլ պաշտպանությունը չէ, այլ ինչ-որ ուրիշ բան՚,- ասում է սպան:

Ղարաբաղցի փորձագետներն այս նախաձեռնությունը տարբեր կերպ են մեկնաբանում: Ղարաբաղյան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատի շինարարությունը գնահատում է որպես հերթական քարոզչական քայլ, որի ետեւում ոչ մի լուրջ բան չկա. ՙԻնչու՞մն է կայանում դրա իմաստը: Եկեք իրավիճակին իրատեսորեն նայենք: Եթե պատը կառուցվում է խաղաղ բնակչության պաշտպանության համար, ապա մի՞թե մենք չենք կարող խանգարել շինարարությանը: Չէ՞ որ ամեն ինչ մեր զինված ուժերի աչքի առաջ է կատարվում: Եթե հայկական կողմը կանխամտածված կերպով սպանում է խաղաղ բնակիչներին, ապա շինարարներին վաղուց գնդակոծած կլիներ՚,- ասում է նա:

Մասիս Մայիլյանն էլ է նույն կարծիքին. ՙԼՂ սահմանի երկայնքով ադրբեջանական պատի կառուցումը չի կարող արդյունավետ պաշտպանության միջոց լինել: Այն չի կարող լուրջ խոչընդոտ լինել կողմերի մոտ առկա արդիական սպառազինությունների պարագայում: Եթե պաշտոնական Բաքուն իրոք ուզում է դադարեցնել փոխհրաձգությունները, ապա դրա համար անհրաժեշտ է պահպանել 1994թ. կնքած պայմանագիրը, կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ 1995թ. ստանձնած պարտավորությունները՚:

Իսկ ի՞նչ կլինի, եթե շփման գծում դադարեն կրակել:

ՙՄենք պարզապես միասին կկատարենք խաղաղության պահպանման գործում մեր պարտքը՚,- ասում է ավագ լեյտենանտ Սուրեն Քիթոյանը:

Մասիս Մայիլյանն էլ կարծում է, որ ՙդիպուկահարների պատերազմի՚ դադարեցումը նվազագույն պայմանն է հակամարտության կողմերի միջեւ երկխոսության շարունակման համար: Դա, ըստ նրա, տարածաշրջանում բոլորի համար, ինչպես նաեւ միջազգային հանրության համար ազդանշան կլիներ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին:

Կատուները միմյանց հյուր են գնում առանց միջնորդների

…Ընդամենը մի քանի քայլ հեռու լինելով այն գծից, որ բուժքույր Լուսինե Առստամյանն անվանում է ՙմահվան հետ շփման գիծ՚, երիտասարդ զինվորականները ծաղիկներ են աճեցնում: Խրամատներում մաքուր ու կոկիկ է, այնտեղ կարգուկանոն է տիրում: Սերժանտ Վրույր Ոսկանյանը ջրում է ծաղիկները ու ժպտում. ՙդե, մեր տունն է, չէ՞ վերջիվերջո: Շուտով ես կավարտեմ ծառայությունս, բայց կգան ուրիշ տղաներ՚:

Ի զարմանս մեզ` կրակելու համար նախատեսված փոքրիկ խորշում մի կատու էր նստած: Տղաները կատակում են. ՙԱրեւից է թաքնվում, իսկ փոխհրաձգության ժամանակ թաքնվում է բլինդաժում: Խելոքն է: Հակառակ կողմի հետ (ցույց են տալիս ադրբեջանական դիրքերը) առայժմ միայն նա է ընկերություն անում: Նա այնտեղ ընկեր ունի (ծիծաղում են)` եւս մի կատու: Նրանք միմյանց այցելում են առանց միջնորդների՚:

Share

Comments are closed.