Կրքեր Եվրատեսիլի շուրջ. ինչու՞ Հայաստանը չի մասնակցելու մրցույթին

 2.05.2012.

Երեք հայացք նույն թեմային`


Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լուսինե ԱՎԱՆԵՍՅԱՆ
Քյամալ ԱԼԻ

Հայցը դեռեւս մասնակցություն չէ

Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ հայերը հրաժարվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ-2012-ին մասնակցելուց, թեեւ հունվարին Հայաստանը համապատասխան հայտ էր ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միություն (EBU): Հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի ասելով` հայտը դեռեւս չէր նշանակում փաստացի մասնակցություն մրցույթին:

Հայաստանը, որ արդեն վեց տարի շարունակ մասնակցում է EBU-ի կողմից կազմակերպվող այս մրցույթին, հայտը ներկայացնելուց հետո տեւական ժամանակ չէր կարողանում վերջնական որոշում ընդունել: Դրան նպաստող հանգամանքներից մեկն այն շշուկներն էին, որ 2011թ. սեպտեմբերին Բաքվում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ հայկական պատվիրակության անդամները քարկոծվել են: Սակայն նույնիսկ հայկական աղբյուրներում այդ միջադեպի վերաբերյալ տարբեր վարկածներ ու մեկնաբանություններ կային:

Չնայած դեռեւս 2011թ. սեպտեմբերին Եվրատեսիլի գործադիր պրոդյուսեր Յոն Օլա Սանդի այն հավաստիացումներին, որ հայկական պատվիրակության համար ստեղծվելու են նույնպիսի պայմաններ, ինչպիսին մյուս մասնակիցների համար, Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարել էր, որ իրեն չեն բավարարում Ադրբեջանի խոստացած անվտանգության երաշխիքները:

Մինչդեռ լրատվամիջոցները որպես մրցույթի մասնակցության թեկնածու հոլովում էին ղարաբաղյան արմատներով հայ երգչուհի, Բաքվում ծնված եւ ներկայումս ԱՄՆ-ում ապրող Լյուսիա Մունի, ինչպես նաեւ հայտնի երգիչ Թաթայի ու ՙԴորիանս՚ ռոք-խմբի անունները:

Մինչեւ որոշվում էր պաշտոնական տեսակետը` հայ հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների արձագանքները բաժանվել էին տրամագծորեն հակառակ երկու խմբերի: Հակասություններն էլ ավելի սրվեցին, երբ 2012թ. փետրվարի 23-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածեց մի հայտարարություն, ըստ որի ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից զոհվել է հայ զինվորական:

Նույն օրը ճանաչված կատարողների մի խումբ (Նունե Եսայան, Հայկո, Նադեժդա Սարգսյան, Արթուր Իսպիրյան եւ այլք) հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, թե սահմանային այդ միջադեպից հետո իրենք հրաժարվում են մասնակցել մրցույթին Բաքվում, որտեղ ՙհայատյացությունը հասել է պետական քաղաքականության մակարդակի եւ որտեղ արգելված է ցանկացած հայազգի ներկայացուցչի մուտքը՚:

Արտահայտված կարծիքի հետ համաձայն էր նաեւ երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը. ՙԵս պաշտպանում եմ այդ դիրքորոշումը: Մեզ ամենեւին էլ չպիտի հուզի եվրոպական հեռարձակողների արձագանքը, մենք պիտի մեր մասին մտածենք: Ինչպե՞ս կարող ենք մենք երգել մի երկրում, որը մեզ այդքան կորուստներ է պատճառել: Այսօր արդեն մի շարք եվրոպական երկրներ մտածում են` արժե՞ մեկնել նման երկիր: Իրականում ես մտածում եմ, որ Եվրատեսիլն արվեստ է: Դա շոու է եւ քաղաքականություն: Այնպես որ, կորուստը մեծ չէ, այսօրվա մեր զինվորի մահն է ինձ համար մեծ կորուստ՚,- ասել է նա:

Իրենց անձնական կարծիքն են հայտնել նաեւ հայտարարությունը ստորագրածներից ոմանք:

Երգչուհի Շուշան Պետրոսյանն, օրինակ, զարմանում է, թե ինչպես կարող են մարդիկ կողմ լինել Բաքու մեկնելուն: Ըստ նրա, պատերազմը դեռ չի ավարտվել, եւ Հայաստանը, չմասնակցելով մրցույթին, դրանով իսկ արհամարհում է հակառակորդին: Կրթությամբ ճարտարապետ, բայց Հայաստանում առավելս որպես երգչուհի հայտնի Լիլիթ Պիպոյանը կիսում է նման կարծիքը եւ գտնում, որ ՙհարցը նույնիսկ անվտանգության մեջ չէ, այլ նրանում, որ Ադրբեջանը պատերազմական իրավիճակում է մեզ հետ՚:

Հակադիր ճամբարում է հայտնվել ՙԴորիանս՚ ռոք-խումբը, որի թեկնածությունն ամենահավանականն էր համարվում: Խմբի պրոդյուսեր Վահագն Գրիգորյանը հայտարարել է, որ հենց Ադրբեջանում է պետք լավ երգել եւ արժանապատվորեն ներկայացնել երկիրը: Երեւանյան ճանաչված ՙՌեինկարնացիա՚ ռեգգի-խումբը եւս պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու Հայաստանը Բաքվում` եթե նման հնարավորություն ընձեռվի:

Ֆեյսբուքում նույնիսկ ՙԴորիանսը Եվրատեսիլ-2012-ում՚ էջ է բացվել, որում խմբի երկրպագուները կոչ էին անում միավորվել, որպեսզի ՙԴորիանսին՚ տեսնեն մրցույթում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերոհիշյալ միջադեպում հայ զինվորը սպանվել է ոչ թե ադրբեջանցի դիպուկահարի գնդակից, այլ իր ծառայակցի կողմից: Բայց այդ հանգամանքը չփոխեց մրցույթին չմասնակցելու մասին որոշումը: Մանավանդ, որ զինվորի սպանության պատմության հետ կապված ճշգրտումը եղել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի ֆոնին, ելույթ, որում նա հերթական անգամ հայերին անվանել է ադրբեջանցիների երդվյալ թշնամիներ:

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը մի հայտարարություն տարածեց, որում ասվում էր. ՙՄենք կարող ենք արձանագրել այն փաստը, որ Եվրատեսիլ-2012 ընդունող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաեւ նրանք, ովքեր պիտի լինեն հայկական պատվիրակության կազմում, Ադրբեջանի թշնամիներն են: Հետեւաբար, ոչ մի տրամաբանություն չկա այն բանում, որ պիտի մասնակիցներ ուղարկել մի երկիր, որտեղ նրանց կդիմավորեն որպես թշնամիների: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է՚:

Դատելով հայաստանյան լրատվամիջոցների նյութերից` գերիշխում էր այն կարծիքը, որ Հայաստանը չպիտի մասնակցի մրցույթին: Ընդսմին, նույնիսկ բացասական կարծիքների մեջ զանազանություն կար: Անվտանգության գործոնը միգուցե եւ հիմնականն էր, բայց ամենեւին էլ ոչ միակը:

Ֆեյսբուքյան քննարկումներում այն միտքը հնչեց, որ Եվրատեսիլը ոչ միայն պարզապես երգի մրցույթ է, այլ նաեւ տոն, որում պիտի լինի առանձնակի անկաշկանդ մթնոլորտ, այդ թվում` հայ մասնակիցների համար, ինչին նրանք դժվար թե արժանանան Բաքվում: Այս առումով նաեւ օլիմպիական խաղերը, որոնց անցկացմանը հավակնում է Ադրբեջանը 2020 թվականին, ֆեյսբուքցիների կարծիքով, չեն կարող անցկացվել այդ երկրում, եթե այնտեղ արմատական փոփոխություններ չլինեն: Սոցիալական ցանցերի մի քանի ակտիվիստներ վստահ էին, որ Հայաստանն ընդհանրապես պիտի սկզբունքորեն դեմ լիներ երգի մրցույթի անցկացմանը Ադրբեջանում, քանի որ հայազգի երգիչներ կարող են լինել նաեւ այլ երկրների պատվիրակություններում, իսկ հաշվի առնելով այլ երկրների հայազգի քաղաքացիներին (լրագրողներ, երաժիշտներ, գործարարներ) Ադրբեջան չթողնելու բազմաթիվ դեպքերը` անվտանգության երաշխիքների բացակայության պատրվակով, խնդիրն ավելի ընդգրկուն բնույթ ունի: Կարող էր լինել այնպես, որ որոշ երկրներում կարող էին արհեստականորեն բացառել հայազգի կատարողների հաղթանակն ազգային նախընտրական մրցույթներում: Այս ամենն անհարիր է Եվրատեսիլի գաղափարներին:

Միեւնույն ժամանակ լրագրող Մարկ Գրիգորյանն իր բլոգում նշեց, որ, այնուամենայնիվ, պետք էր մասնակցել. ՙԲեմում ինքնին հայ մասնակիցների հայտնվելը զգացմունքների ալիք կբարձրացներ: Այո, կլինեին բացասական հույզեր: Բայց ամբողջ աշխարհում նաեւ դրական հույզերի ալիք կբարձրանար: Ինձ թվում է, որ շատ երկրներում հայ կատարողին բարձր կգնահատեին զուտ նրա համար, որ նա հանդես է գալիս Բաքվի բեմում, իսկ հայկական պատվիրակությունը կհայտնվեր գործընկերների ու լրագրողների բարյացակամ ուշադրության կենտրոնում Ադրբեջանում գտնվելու ամբողջ ընթացքում՚:

Ինտերնետային քննարկումներում արծարծվեց նաեւ յուրօրինակ ՙդավադրության՚ թեման` իբր Հայաստանը պարզապես չի ցանկացել խանգարել մրցույթի անցկացմանը Բաքվում: Նույնիսկ այնպիսի վարկած եղավ, ըստ որի` երկու հակամարտող կողմերի տարբեր գերատեսչություններ որոշ դեպքերում գաղտնի համաձայնեցնում են իրենց քայլերը: Ահա թե ինչու իմանալով, որ չի մասնակցելու` հայկական կողմը հայտ է ներկայացրել, իսկ երբ համոզվել է, որ մրցույթին այլեւս ոչինչ չի խանգարի` պաշտոնապես հրաժարվել է:

Քաղաքագետ Միքայել Զոլյանն ուշադրություն է բեւեռում ընդհանրապես Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա. ՙՄիջազգային հանրությունը կարող էր օգտվել հարմար առիթից եւ մրցույթի անցկացումը պայմանավորել, ասենք, քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, ինչը կլիներ ադրբեջանական հանրության օգտին՚:

Հայաստանը հիասթափեցնող որոշում ընդունեց

Եվրատեսիլի գործադիր պրոդյուսեր Յոն Օլա Սանդը Եվրատեսիլի պաշտոնական կայքում իր հիասթափությունը հայտնեց Հայաստանի հրաժարվելու կապակցությամբ: ՙՉնայած Եվրոպական հեռարձակողների միության ջանքերին եւ հրավիրող կողմի ներկայացրած երաշխիքներին` Հայաստանը հիասթափեցնող որոշում ընդունեց, որը փոխելը մեր լիազորությունների սահմաններից դուրս է՚:

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հայկական կողմի դիրքորոշումը ճիշտ չէր եւ դիվանագիտության առումով կորսված հնարավորություն էր: Նա հիշեցրեց, որ շուտով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Բաքու` ՙԵվրանեստի՚ նիստին մասնակցելու համար (այն կայացավ 2012թ. ապրիլի 2-4-ը.- խմբագրի կողմից), ինչը մի քայլ է երկկողմանի հարաբերություններում, եւ Եվրատեսիլ-2012-ին մասնակցությունը նույնպիսի քայլ է: ՙԿարծում եմ, անվտանգության շուրջ դատողություններն ամենամեծ խոչընդոտը չեն,- մեկնաբանում է քաղաքագետը:- Եթե չէին ուզում մասնակցել, ապա ավելի լավ կլիներ էն գլխից հայտ չներկայացնեին՚:

Համանման եզրակացության է հանգում նաեւ մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ՙԱլիեւի վարքն ու հայտարարությունները մեզ համար նորություն չեն, ուրեմն` պետք էր վաղօրոք հստակ կողմնորոշվել՚: Ընդսմին, նա հավելում է` ՙբայց ես դա ձախողում չէին անվանի, քանի որ ինքը Եվրատեսիլն է մշակութաբանական ձախողում՚:

Լեռնային Ղարաբաղում չեն քվեարկելու

Լեռնային Ղարաբաղում եվրոպական այս մրցույթի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունեն: Անդրեն, ով այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել էր 2006 թվականին, ծննդով ղարաբաղցի է, սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Մանկական Եվրատեսիլ-2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն ապրում է Ստեփանակերտում: Վլադիմիրի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը ցավում է, որ Հայաստանը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց. ՙԲոլորն են իրենց կյանքը վտանգի տակ դնում` եւ զինվորներն իրենց դիրքերում, եւ Բաքվում հանդես եկող մարզիկները: Սխալը կայանում է նրանում, որ մենք չենք մասնակցում: Այսուհետ ինչ էլ անելու լինենք, ինչ էլ ասելու լինենք` մտածելու են, որ պատճառն անվտանգությունը չէ, այլ այն, որ վախեցել ենք մրցելուց, վախեցել ենք, որ եզրափակիչում կարող ենք չհայտնվել՚,- գտնում է նա: Ըստ նրա, եթե նույնիսկ քաղաքական տեսանկյունից Բաքու չմեկնելը հիմնավորված էր` հայերը չկարողացան իրենց դիրքորոշումն ընկալելի դարձնել:

ՙՄռակած՚ կամերային երգչախմբի դիրիժոր Մարինա Մեսրոպյանը Եվրատեսիլի երկրպագու չէ: Բաքու մեկնելուց հայ երգիչների հրաժարվելու մասին տեղեկացել է լրատվամիջոցներից եւ կարծում է, որ դա ճիշտ որոշում էր: ՙԵվրատեսիլն այն մրցույթը չէ, որի համար արժե կասկածի տակ դնել մարդկանց անվտանգությունը՚,- գտնում է նա: Մարինան վստահ չէ, որ հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս փուլում երաժշտությունը կամ բեմը կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը:

ՙՂարաբաղ՚ էստրադային համույթի մենակատարուհի Տաթեւիկ Բալայանը չէր էլ մտածել մրցույթին մասնակցության մասին, բայց կարծում է, որ հայ երգիչները չպիտի հրաժարվեին: ՙՉեմ կարծում, որ բազմաթիվ պատվիրակությունների շրջապատում մեր պատվիրակության հետ կարող էր ինչ-որ բան պատահել: Ադրբեջանն ընդամենը բեմն է տրամադրում, իսկ մրցույթը եվրոպական է, եւ երգիչները երգելու են ոչ թե ադրբեջանցիների, այլ ամբողջ Եվրոպայի համար: Պետք էր գնալ ու երգել: Բեմը նման վեճերի տեղը չէ՚,- ասում է նա: ՙԻնձ թվում է, որ հարեւան երկրում Հայաստանից այլ արձագանք չէին էլ սպասում: Մենք վարվեցինք այնպես, ինչպես նրանք ցանկացան՚,- համոզված է երգչուհին:

Լրագրող Սամվել Բալայանի օրը սկսվում է Եվրատեսիլից: Նա ունկնդրում է մրցութային յուրաքանչյուր նոր երգ: Երբ իմացավ, որ հայ երգիչները հրաժարվել են մասնակցելուց, երկակի զգացմունքներ ունեցավ: ՙՍկզբում կարծում էի, որ ցանկալի կլիներ, որ մերոնք գնային ու լավ հանդես գային: Բայց հետո հասկացա, որ Բաքվում հանդես գալու անհրաժեշտություն չկա, հարկ չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ մենք ունենք հրաշալի երգեր ու լավ կատարողներ, որոնցից շատերը պատրաստ էին երգելու Ադրբեջանում: Այնտեղ հոգեբանական ճնշում կլիներ երգիչների վրա: Դա իրենց վրա զգացել են մարզիկները, բայց արվեստի մարդկանց համար ավելի դժվար կլիներ՚,- պատմում է Բալայանը:

DJ Հայկն աշխատում է ՙՓեյս՚ ռադիոկայանում: Նա եվրոպական այս մրցույթի երկրպագուներից է: Հայկը գտնում է, որ հայերը չպիտի հրաժարվեին մրցույթին մասնակցելուց:

ՙՉեմ կարծում, թե Ադրբեջան մեկնելն անվտանգ է՚,- իր կարծիքն է հայտնում Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն Կարինե Դադամյանը: Նա ուսանել է Բաքվում: ՙԱյն ամենից հետո, ինչ կատարվել է մեզ հետ, չի կարելի ռիսկի դիմել: Ինքս կգնայի, բայց իմ աշակերտներին չէի թույլատրի՚,- ասում է նա:

ՙԻնչու՞ ենք մենք քննարկում մրցույթից Հայաստանի հրաժարվելը, չէ` որ կան նաեւ այլ երկրներ, որոնց պատվիրակությունները չեն մեկնելու Բաքու՚,- հարցնում է լրագրող Բելլա Լալայանը: Նրա կարծիքով, չափից ավելի մեծ ուշադրություն է դարձվում այդ մրցույթին, որում ՙհաղթողին քաղաքականությունն է որոշում, այլ ոչ թե տաղանդը՚:

Միեւնույն ժամանակ Եվրատեսիլը ղարաբաղցիներին ամեն տարի հիշեցնում է չկարգավորված հակամարտության մասին, քանի որ ուշադրության կենտրոնում է պահում նրանց եւս մի ոտնահարված իրավունք` մասնակցելու միջազգային պաշտոնական միջոցառումների: Իսկ տվյալ դեպքում` ոչ միայն հանդես գալու երգի մրցույթում, այլ նաեւ քվեարկելու այլ մասնակիցների օգտին:

Սամվել Բալայանը հերթական տոկոսադրույքներն է անում, բայց ռուսաստանյան կայքերում: Հայ բուքմեքերներն այս տարի Եվրատեսիլի տոկոսադրույքներ չեն ընդունում: Սամվելը կարծում է, որ պատճառները զուտ կոմերցիոն են` չկա հայ մասնակից, չկա նաեւ հետաքրքրություն: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա նրա բնակիչները քվեարկությանը մասնակցելու իրավունքից զրկված են: ՙԲջջային կապի միակ օպերատորը` ՙՂարաբաղ տելեկոմը՚, նման հնարավորություն չի ընձեռում: Մեծ հաշվով դա օպերատորից կախված էլ չէ: Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ են, ահա թե ինչու Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են քվեարկել: Ղարաբաղցիները չեն կարող քվեարկել: Հավանաբար, պատճառն այն է, որ երկիրը միջազգային ճանաչում չունի՚,- ասում է նա:

ՙԱրցախի եվրոպական շարժումՙ ՀԿ ղեկավար Հայկ Խանումյանն այլ տեսանկյունից է դիտարկում հարցը. ՙԵվրոպական մրցույթը պիտի անցկացվի այնտեղ, որտեղ իրապես գործում է եվրոպական արժեքների համակարգը` սա պիտի լինի մրցույթի անցկացման պարտադիր պայմանը: Այլապես կստացվի ավտորիտար ռեժիմներին աջակցություն, ինչպես տվյալ դեպքում է՚: Հայկը նաեւ ի ցույց է դնում նախորդ մրցույթների ժամանակ Ադրբեջանում այն անձանց հետապնդման դեպքերը, ովքեր քվեարկել են հայ կատարողների օգտին, ինչպես նաեւ ցուցադրման ընդհատումն այն պահերին, երբ հանդես էին գալիս հայ մասնակիցները: Նրա կարծիքով, նման գործողությունների համար Ադրբեջանը պիտի պատժամիջոցների ենթարկվեր Եվրոպական հեռարձակողների միության կողմից, իսկ մրցույթի անցկացումն էլ այնտեղ պիտի բացառվեր:

Հայերի ժամանմանը Բաքվում խնամքով պատրաստվել էին

Ադրբեջանում չէին սպասում, որ հայկական կողմը կհրաժարվի մրցոււյթին մասնակցելուց, քանի որ Ադրբեջանից ավելի շուտ դառնալով եվրոպական այս մրցույթի մասնակից` Հայաստանը մշտապես նպատակամիտված էր հաղթանակի եւ մի քանի անգամ եզրափակիչ դուրս եկածների թվում էր:

Ադրբեջանում հենց էն գլխից այն տպավորությունն էր ստեղծվել, որ Հայաստանը փորձում է Եվրոպական հեռարձակողների միությանը հակել 2012 թվականի մրցույթի անցկացման վայրի փոփոխմանը: Առաջին լուրջ ազդանշանը եղավ այն ժամանակ, երբ 2012 թվականի փետրվարի 23-ին մի խումբ հայ երգիչներ դիմեցին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը` կոչ անելով կատարող չուղարկել Բաքվում կայանալիք մրցույթին եւ իրենց մասնակցությունը պայմանավորեցին մրցույթի անցկացման վայրի փոփոխմամբ. ՙՄենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել մրցույթին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթն անցկացնել մեկ այլ երկրում՚: Հայ քաղաքացիների մոտավորապես նմանատիպ կոչերի կարելի էր հանդիպել երգիչների հայտարարությունից առաջ:

Սակայն հասկանալով, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշումը Երեւանին չի հաջողվի փոխել տալ, ադրբեջանցիները վստահ էին, որ հայերն, այնուամենայնիվ, կմասնակցեն: Նույնիսկ այն բանից հետո, երբ հնչել է Բաքվում անցկացվելիք մրցույթը բոյկոտելու մասին վերոհիշյալ հայտարարությունը, Ադրբեջանում շարունակում էին գուշակել, թե Բաքու մեկնելու ցանկություն հայտնած հայ երգիչներից կամ երաժշտական համույթներից որը կհայտնվի ՙԿրիստալ պալասում՚ 2012 թվականի մայիսին:

Հայկական պատվիրակության ժամանման շուրջ վստահությունն աճեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ հայ զինվորի մահվան իրական պատճառը, միջադեպ, որը մրցույթը բոյկոտելու հայտարարված պատճառներից մեկն էր: Չէ` որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինվորը սպանվել է իր իսկ ծառայակցի կողմից, այլ ոչ թե ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից, ինչպես սկզբում ասում էին Երեւանում:

Թեեւ պաշտոնապես այդ մասին չէր ասվում, ադրբեջանական կազմկոմիտեն մանրակրկիտ պատրաստվում էր հայ հյուրերի ժամանմանը: ՙՄրցույթի անվտանգությամբ զբաղվելու է Բաքվի ոստիկանության մեկ երրորդը, որն այդ օրերին աշխատելու է ուժեղացված ռեժիմով՚,- մարտի 9-ին լրագրողներին հայտնել է Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության հասարակական անվտանգության վարչության պետ Նուրուլա Մամեդխանլին:

ՙՄշակվում է հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների պլան: Մասնավորապես, ոստիկանության լրացուցիչ պահակախմբեր են տրամադրվելու այն տարածքների պաշտպանության համար, որտեղ անցկացվելու է մրցույթը եւ որտեղ ապրելու եւ հանգստանալու են հյուրերը: Ներկայումս պատրաստվում է քաղաքի էլեկտրոնային սխեման, որում նշվելու են միջոցառումների անցկացման վայրերը: Պատրաստ է մրցույթի մասնակիցների անվտանգության հայեցակարգը՚: Մամեդխանլիի ասելով` Բաքվի ոստիկանությունն օգտվելու է նման լայնածավալ միջոցառումների անվտանգության ապահովման միջազգային փորձից:

Դեռեւս 2011 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ՙԷխո Մոսկվի՚ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովելու հայկական պատվիրակության անվտանգությունը երգի միջազգային մրցույթում: Բայց այն ժամանակ հայկական կազմկոմիտեի ղեկավար Գոհար Գասպարյանը NEWS.am-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Ազիմովի խոսքերը, ասել էր, որ որքան էլ Ադրբեջանը նման հայտարարություններ տարածի` հայկական կողմը չի բավարարվելու դրանցով եւ հարցը բարձրացնելու է Եվրոպական հեռարձակողների միության հետ բանակցությունների ժամանակ:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հայկական պատվիրակությանը մտադիր էին տեղավորել Բաքվի վեց նոր 5-աստղանի հյուրանոցներից մեկում` ՙKempinskiadamdar՚-ում, որի առանձնահատկությունը մայրաքաղաքի կենտրոնից հեռու լինելու մեջ է:

Այդպես էին որոշել հայ հյուրերի անվտանգությունն ավելի լավ ապահովելու համար, քանի որ քաղաքի ծայրամասում, որտեղ մեքենաների եւ մարդկանց հոսքն անհամեմատ քիչ է, ավելի հեշտ է հսկել շենքի մատույցները եւ այնտեղ մնացողներին:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ են մտածում լրագրողները, քաղաքագետները, արվեստի մարդիկ հայկական կողմի հրաժարման մասին: Առաջարկվել են հայկական մամուլում տարածված երեք վարկածներ` քաղաքական (ղարաբաղյան հակամարտության պատճառով), հայ մասնակիցների անվտանգություն (Երեւանում պահանջում էին պատվիրակության անվտանգության հատուկ երաշխիքներ) եւ անվստահություն սեփական ուժերի նկատմամբ (հաղթանակի հավակնող երգչի բացակայություն):

ՙԶերկալո՚ թերթի սոցիալական բաժնի վարիչ Նիջաթ Մելիքովը կարծում է, որ բոլոր երեք պատճառներն էլ հնարավոր են. ՙ..Դրանք փոխլրացնող են: Հրադադարի ռեժիմը միգուցե փոքր ինչ ՙմաքրել՚ է գիտակցությունը փոխադարձ ատելության հրահրմանը նպաստող կարծրատիպերից, բայց ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվածությունն առաջվա պես բարենպաստ հող է հանդիսանում ֆոբիաների համար՚,- ասում է նա: ՙՀայերն ասում են, որ Ադրբեջանում ինչ-որ մի հայատյացություն կա, թեեւ, դատելով մրցույթին մասնակցելուց հրաժարվելուց, ֆոբիան հենց իրենց մոտ է՚:

Մելիքովը տարակուսում է, որ հայկական լրատվամիջոցներում հաճախ այն ենթադրությունն է արվում, որ հայերին Բաքու չեն թողնի, թեեւ վերջին ժամանակներս հայկական պատվիրակությունները նման խնդիր չեն ունեցել: Եթե, իհարկե, նկատի չունենանք բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ եղած միջադեպը, երբ հայ բռնցքամարտիկը քարկոծվեց: Հարկ է նշել, որ մեղավորները (նրանք յոթն էին) իսկույն եւեթ կալանավորվել են իրավապահ մարմինների կողմից:

Նույն թերթի թղթակից Ուլվիա Ախունդովան հիշեցնում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու միջազգային պահանջի մասին. ՙԲաքվում հայերին ընդունելու Ադրբեջանի պատրաստակամությունը եւս մի ցուցիչն է այն բանի, որ մենք հանդուրժողական ենք եւ պատրաստ ենք ապահովելու նրանց անվտանգությունը մեր տարածքում: Հետո էլ` այդ ինչու՞ են իրենց մարզիկներին Բաքու ուղարկում, իսկ երգիչը կամ երգչուհին չե՞ն կարող գալ՚,- զարմանում է նա: Նա վստահ է, որ հայկական կազմկոմիտեի որոշումը չի արտացոլում Հայաստանի արվեստի մարդկանց կարծիքը, այն ավելի շատ քաղաքական դիրքորոշում է: ՙԻսկ քաղաքականությանը դիմել առանց այդ էլ քաղաքականացված մրցույթում` հեռատեսական քայլ չէ՚,- հավելում է նա:

Ադրբեջանի ժողովրդական արտիստ, երգահան Ֆաիկ Սուջադինովը մրցույթին մասնակցելուց հրաժարումը համարում է հեղինակավոր մրցույթի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, քանի որ, ՙհայտարարելով մասնակցելու մասին, ճիշտ չէ հետո հրաժարվելը՚:

Դերասանուհի, Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Մելեք Աբասզադեն ասաց, որ հասկանում է հայերի որոշման դրդապատճառները` նկատի ունենալով հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների լարված հարաբերությունները եւ հիշելով այն ամեն սարսափելին, ինչ եղել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ. ՙԴրական եմ գնահատում Հայաստանի որոշումը եւ գտնում եմ, որ մեր ժողովուրդների միջեւ ներկայիս հարաբերությունների պայմաններում նման քայլը միակ ճիշտն է՚:

ANN.Az պորտալի (դրա կայքերից մեկը մասնագիտանում է Եվրատեսիլ-2012-ի լուսաբանման մեջ) խմբագիր Նաիլա Բալաեւան հայտարարեց. ՙԱդրբեջանը մի անգամ չէ, որ հայկական պատվիրակությունների մասնակցությամբ տարատեսակ միջոցառումներ է անցկացրել, եւ նրանց անվտանգությունը միշտ էլ ապահովվել է: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը վախենում է իր մասնակցի պարտությունից, չէ՞ որ եթե այդպես լինի, այն էլ Բաքվում, ապա հայ մասնակցի համար դա լիակատար ձախողում կլիներ եւ բացասական կանդրադառնար պաշտոնական Երեւանի հեղինակության վրա՚:

ՙՀայերը միշտ ասում են, որ իրենք հարուստ ազգային մշակույթ ունեն, որն էլ իրենց ժողովրդի հպարտության առարկան է: Իսկ ինչպես հայտնի է` երաժշտության լեզուն համընդհանուր է: Եթե ստեղծագործությունն արժեքավոր է եւ հոգեպարար, ապա այն կարող է հուզել նույնիսկ քո երդվյալ թշնամուն՚,- նկատում է քաղաքագետ Իլգար Վելիզադեն: ՙՀայաստանի ներկայացուցիչներն ադրբեջանական լսարանը գրավելու հիանալի շանս ունեին, ներկայացնելու մի երգ, որը, հնարավոր է, խոր հետք կթողներ մեր հազարավոր համաքաղաքացիների սրտերում: Բայց, հավանաբար, Հայաստանը ներկայումս ղեկավարող քաղաքական շրջանակներն առաջվա պես շարունակում են կարծել, որ զենքն ավելի ուժեղ փաստարկ է, քան արվեստը՚: Ինչ վերաբերում է անբավարար երաշխիքների բացակայության պատճառով հրաժարվելուն, ապա այդ փաստարկներն ընդհանրապես ծիծաղելի են` նկատի ունենալով հայկական այլ պատվիրակությունների բազմաթիվ ու անվտանգ այցելությունները Բաքու: ՙՄի՞թե նրանք կարծում են, որ ադրբեջանական իշխանությունները թույլ կտան որեւէ միջադեպ, որը կարող է ստվեր գցել Ադրբեջանի հեղինակության վրա՚,- հարցնում է նա:

Ի դեպ, այս հոդվածը պատրաստելու ժամանակ Բաքվում էր գտնվում հայկական խորհրդարանական պատվիրակությունը, որը մասնակցում էր Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` ՙԵվրանեսթի՚ լիագումար նիստին: Հայ խորհրդարանականները բարեհաջող ժամանակ են անցկացրել Բաքվում, նիստում դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը եւ վերադարձել հայրենիք:

ՙԱդրբեջանական կողմը բարձր մակարդակով ապահովել է Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը Բաքվում կայացած լիագումար նիստում՚,- այդ օրերին ասել է Վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը: Նա նշել է, որ եթե Հայաստանը մասնակցի նաեւ երգի առաջիկա միջազգային մրցույթին, ապա նույն մակարդակով էլ ապահովվելու է այդ երկրի ներկայացուցչի անվտանգությունը:

Սույն հոդվածի ամենանշանակալից մասը կարող էր լինել մրցույթի ադրբեջանական կազմկոմիտեի անդամների կարծիքը, սակայն ոչ կազմկոմիտեի գործադիր պրոդյուսեր Ադիլ Քերիմլին, ոչ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ուսնիա Մահերամովան եւ ոչ էլ թիմի անդամներից որեւէ մեկը չցանկացավ իր դիրքորոշումն արտահայտել: Ադրբեջանական կազմկոմիտեի պաշտոնական կայքում բացառապես ուրախալի պատկերներ ու տեքստեր են եվրոպական մրցույթին պատրաստ լինելու մասին, բայց խոսք անգամ չկա քննարկվող հարցի շուրջ դիրքորոշման մասին:

Իր կարծիքը հայտնեց Ադրբեջանի հանրային հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Իսմայիլ Օմարովը: ԸկԸ գործակալությանը տված հարցազրույցում նա ասաց. ՙՅուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ընդունում մրցույթին մասնակցելու մասին: Օրինակ, Լեհաստանը նույնպես այս տարի հրաժարվել է մասնակցել, եւ դա կապված է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստության հետ: Սակայն Հայաստանը սկզբում հաստատել է իր մասնակցությունը, հետո հրաժարվել է Բաքու մեկնել եւ ներկայացրել է չհիմնավորված, իրարամերժ փաստարկներ, սկսել է քաղաքականացնել հարցը: Ըստ իս, ավելի լավ կլիներ, որ Հայաստանն անաչառ գնահատեր ստեղծված պայմանները եւ մասնակցեր այս խոշոր մշակութային նախագծին: Ցավոք, հարկ է ընդունել, որ այդ երկրի համապատասխան կառույցները ձգտում են շոու սարքել այն բանի շուրջ` մասնակցելու՞ են, թե՞ ոչ մրցույթին: Նախապես իմանալով, որ չեն գալու` նրանք սկսեցին ձեռնածություններ անել Եվրոպական հեռարձակողների միության (EBU) եւ կազմակերպիչ երկրի նկատմամբ, որովհետեւ ի տարբերություն այլ երկրների? Հայաստանում մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներ բացարձակարես չէին տարվել՚: Համաձայն ընդունված կանոնների` Հայաստանի նկատմամբ պիտի ֆինանսական պատժամիջոցներ կիրառվեն` ընդգծեց Օմարովը:

Հարկ է նշել, որ հայերի հրաժարման շուրջ Ադրբեջանում հրապարակային քննարկումներ քիչ են եղել: Ադրբեջանի քաղաքացիներին ավելի շատ մտահոգել է քաղաքի լայնածավալ վերակառուցումը եւ մրցույթի համար ստեղծվող ենթակառուցվածքները: Մարդիկ հոգնել են շինարարական անվերջ աղմուկից ու փոշուց, փորփրած ճանապարհներից եւ դրա հետեւանքով առաջացող ավտոմոբիլային խցանումներից: Քաղաքում իրականացվող հսկայական ՙնորոգումն՚ ուղեկցվում էր քաղաքի հնօրյա թաղամասերից այն բնակիչների բռնի վտարումով, ովքեր համաձայն չէին մեկ ՔՄ բնակտարածքի համար նախատեսված 1500 մանաթի (1 մանաթը մոտավորապես համարժեք է 1 եվրոյի) չափով առաջարկվող փոխհատուցմանը, ինչպես նաեւ տեղացի եւ արտասահմանյան իրավապաշտպանների բազմաթիվ բողոքներով: Թեեւ Բաքվի կենտրոնի վերակառուցման ծրագիր գոյություն ուներ նախքան մրցույթի անցկացման վայրի հայտնի դառնալը, իսկ բնակիչների տեղափոխումը սկսվել էր դեռեւս 2011թ. սկզբներին, բաքվեցիների գիտակցության մեջ մրցույթը եւ քաղաքացիների դժգոհությունն ի մի են բերվել եւ ընկալվում են որպես պատճառ ու հետեւանք: Ճիշտ է, հատուկ մրցույթի համար կառուցված ՙՔրիստալ Պալաս՚ համերգային դահլիճի տեղում բնակելի շենքեր չեն եղել, բայց այնտեղ էր գտնվում նավաշինարարական գործարանը, որը տեղափոխվեց քաղաքից դուրս:

Միգուցե հենց այդ պատճառով գործնականում աննկատ մնաց հայերի համար հետեւյալ կարեւոր հայտարարությունը, որ արեց Եվրոպական հեռարձակողների միության համակարգող Յարման Սիինը ադրբեջանական ANS  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

ՙԻնչ խոսք, Հայաստանը ստիպված կլինի վճար մուծել միությանը` Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցության համար, չնայած այն բանին, որ միությանը պաշտոնապես տեղեկացրել է մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին՚,- ասել է նա: ՙԴա բխում է մրցույթի մասնակիցների համար սահմանված կանոններից: Եթե երկիրը հայտարարել է մրցույթին մասնակցելու մասին, իսկ ապա հրաժարվել է, նա, միեւնույն է, ստիպված կլինի մուծել վճար որպես մասնակից՚,- նշել է նա:

ՙԲացի դրանից, կարող է կիրառվել առավելագույն պատիժ` 3 տարով մրցույթին մասնակցելու արգելքի ձեւով: Հայաստանը ստիպված կլինի նաեւ տուգանք վճարել մրցույթի կանոնները խախտելու համար՚,- հավելել է նա: Սիինն իզուր չէր սպառնում: Մայիսի 3-ին միությունը Հայաստանին տուգանեց Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար:

Հայաստանը պիտի մասնակցության պարտադիր վճարը մուծի, ինչպես նաեւ այդ գումարի կեսը` որպես տուգանք: Բացի դրանից, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պիտի ուղիղ եթերում ցուցադրի Բաքվում կայանալիք մրցույթի եզրափակիչը:

Եվրոպական հեռարձակողների միությունում նշել են, որ հիշյալ պայմանները չկատարելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել հաջորդ տարի մրցույթին մասնակցելուց: Ընդսմին, միության ներկայացուցիչներն ընդգծել են, որ տուգանքի մասին որոշումն ընդունվել է մրցույթի անցկացման կանոնակարգի համաձայն` առանց հաշվի առնելու այն պատճառները, ըստ որոնց Հայաստանը հրաժարվել է մասնակցել:

—————————————————————————–

Ի դեպ 

2012թ. հունվարի 20-ին Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակեց այն երկրների ցուցակը, որոնք հայտեր են ներկայացրել միջազգային այս 57-րդ մրցույթին մասնակցելու համար, ներառյալ Հայաստանը` այն բանից հետո, երբ Հայաստանի կազմկոմիտեն հունվարի 17-ին պաշտոնապես հաստատել էր իր մասնակցությունը: Այդ ցուցակում նշված էր 43 երկիր: Սակայն մարտի 7-ին Հայաստանը հայտարարել է իր սկզբունքային որոշման մասին` չմասնակցել մրցույթին: Հայաստանի հրաժարվելուց հետո մասնակիցների թիվը դարձավ 42:

Ըստ Ջոն Քենեդի Օ` Քոննորի (ՙԵվրատեսիլ մրցույթ. պաշտոնական պատմություն՚ գրքի հեղինակի) հարցազրույցի` նման իրավիճակ եղել է ընդամենը մի անգամ, երբ Ավստրիան հրաժարվել է մասնակցել 1969-ին Մադրիդում կայանալիք մրցույթին, իր որոշումը հիմնավորելով նրանով, որ մրցույթը կազմակերպվում է ՙՖրանկոյի ֆաշիստական ռեժիմի կողմից՚:

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցում է 2006 թվականից ի վեր, իսկ 2007-ից մասնակցում է նաեւ մանկական մրցույթին: Առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Անդրեն: Լավագույն արդյունքը Սիրուշոյինն է` 4-րդ տեղ 2008-ին:

Share

Comments are closed.