Հարկադիր տեղաշարժը ղարաբաղյան հակամարտությունում. վերադարձը եւ դրա այլընտրանքները

Կարծիքներ եւ մեկնաբանություններ Լեռնային Ղարաբաղից

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ստեփանակերտ

Փախստականները հետպատերազմյան Ղարաբաղի բնակչության ամենախնդրահարույց կատեգորիաներից մեկն են: Հասարակական-քաղաքական, սոցիալական, հումանիտար եւ բարոյական աստառ ունեցող այս հարցը բարդանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչում չունենալու հանգամանքներով:

Լեռնային Ղարաբաղի փախստականները չունեն կարգավիճակ, որով օժտված են փախստականներն Ադրբեջանում, ինչն էլ ԼՂՀ բնակչության տվյալ կատեգորիային, որը կրել է պատերազմի բոլոր զրկանքներն ու սարսափները, զրկում է միջազգային օգնություն ստանալու հնարավորություններից:

Ովքե՞ր են ղարաբաղյան փախստականները եւ ինչո՞վ են նրանք այսօր ապրում

Փախստականների հարցը Լեռնային Ղարաբաղում էն գլխից դիտարկվում էր գերազանցապես բարոյական հարթության վրա: Դա ուներ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Գործում էր հետեւյալ չգրված օրենքը. Լեռնային Ղարաբաղ տեղափոխված մարդիկ, որոնց մեծ մասը ղարաբաղյան արմատներ ունի, չպիտի իրենց օտար զգան իրենց հողում: Հենց այս հանգամանքից ելնելով էլ նրանց չէին անվանում փախստականներ, հետեւաբար` չէին դնում նրանց վերադարձի եւ նույնիսկ կորցրած գույքի փոխհատուցման հարց: Առաջնահերթ էր համարվում ինտեգրացիան, իսկ ԼՂՀ քաղաքացիների արհեստական բաժանումը փախստականների եւ «ոչ փախստականների» ցայսօր չի ընկալվում հանրությունում:

Սակայն սահմանից անդին իրենց տները, տասնամյակներով ստեղծված բարիքները թողած մարդկանց խնդիրները ժամանակի ընթացքում գնալով հրատապ են դառնում: Գալիս է այն բանի հստակ գիտակցումը, որ միայն հումանիտար քայլերը բավարար չեն:

«Ոչ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն, ոչ էլ առավել եւս ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը որեւէ քայլ չեն արել իրենց նախկին քաղաքացիների կոպտորեն խախտված իրավունքների  նկատմամբ` իրենց իսկ իրավաքաղաքական պատասխանատվության ճանաչման ուղղությամբ, բացարձակապես ոչ մի բարոյական պատասխանատվություն չեն ստանձնել կատարածի համար»,- ասում է ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Ավագյանը:[1]

2004 թվականին ընդունվել է «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքը, որի  համաձայն` փախաստականները պետությունից որոշակի դրամական փոխհատուցում են ստացել գույքի տեղափոխման, բարոյահոգեբանական վնասների եւ այլնի համար: Սակայն առաջվա պես սուր կերպով դրված է գլխավոր խնդիրը` փախստականների ու պատերազմի ընթացքում տեղաշարժված անձանց բնակարանով ապահովումը: Ռուզաննա Ավագյանի խոսքերով` Ստեփանակերտում գրանցված են փախստականների 3 հազար 200 ընտանիքներ, որոնց մոտ կեսը սեփական բնակարանով ապահովված չէ:

«2009 թվականին շուրջ 20 ընտանիքների բնակեցրել են Աջափնյակում: 2010 թվականին նման ծրագրեր չեն եղել` խանգարել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը»,- ասում է նա:

Այդուհանդերձ` ղարաբաղյան կառավարությունը, չնայած կապիտալ շինարարության մասով պետբյուջեի ծախսերի կրճատմանը, խոստանում է 2011 թվականին շարունակել փախստականների համար բնակարանների կառուցումը:

Ստեփանակերտի փախստականների խնդիրների թվում Ռուզաննա Ավագյանը նշում է նաեւ աշխատանքի տեղավորման խնդիրը: Ըստ նրա` խանգարում է ռուսական կրթությունը, այսպես ասած` լեզվական խոչընդոտը:

Ալի-Բայրամլիից եկած փախստական, ղարաբաղյան պատերազմի վետերան, քանդակագործ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկարիչների միության անդամ Ալբերտ Սարգսյանի բնակարանային խնդիրը լուծվել է գրեթե Ստեփանակերտ տեղափոխվելուց անմիջապես հետո:

«Այսօր ես ինձ փախստական չեմ համարում եւ ինձ զգում եմ որպես ԼՂՀ լիարժեք քաղաքացի: Մասնակցում եմ բոլոր ընտրություններին, հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին: Բնակարան ստացել եմ Ստեփանակերտ տեղափոխվելու առաջին իսկ տարում` 1988 թվականին: Միակ բանը, որ կուզեի, այն է, որպեսզի բոլոր փախստականները, ինչպես եւ ԼՂՀ մյուս քաղաքացիները, սեփական տանիք ունենային իրենց գլխավերեւում»,- ասում է նա:[2]

Իրենց նոր կյանքն են փորձում կարգավորել նաեւ ներքին տեղաշարժված անձինք (ՆՏԱ-ները): Ղարբաղյան Նոր Էրքեջ գյուղը նորերս նշել է իր տասնամյակը: Գյուղը հիմնադրվել է 2000 թվականին ԼՂՀ Քարվաճառի շրջանում` մի խումբ էրքեջցիների կողմից, ովքեր Մանաշիդ, Բուզլուխ եւ ԼՂՀ Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին 1991 թվականի հուլիսին բռնատեղահանվել են Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատների իրականացրած «Կոլցո» օպերացիայի արդյունքում: Սկզբնական շրջանում Էրքեջում կառուցվել է 10 տուն, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 25-ի: Գյուղում 130 մարդ է ապրում:

Տեղական դպրոցի զինղեկ Հարություն Խաչատրյանը պատմում է, թե հայրենի գյուղի կորստից բխող սրտի ինչպիսի ցավով ու դառնությամբ է ստիպված եղել բնավորվել նոր տեղում:

«Նոր Էրքեջը հայրենիք է դարձել այստեղ ծնված երեխաների համար: Սակայն մենք չենք կորցնում հույսներս, որ երբեւէ կվերադառնանք հայրենի օջախներ»,- ասում է նա:[3]

Լեռնային Ղարաբաղում գործող Փախստականների հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ղարաբաղյան շարժման սկզբում, երբ երեւան եկան Սումգայիթից, իսկ ապա նաեւ Բաքվից, Կիրովաբադից եւ այլ վայրերից հայ փախստականների առաջին հոսքերը:

«Փաստորեն Ադրբեջանի ամեն մի քաղաքում հայեր էին ապրում, ովքեր հայտնի դեպքերի կապակցությամբ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը,- պատմում է կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը:- Փախստականների նախաձեռնող խումբը Լեռնային Ղարաբաղում ձեւավորվել է Ադրբեջանից հայ փախստականների առաջին հոսքերի ալիքի վրա: Դրանք 1988-89 թվականներն էին, երբ Ղարաբաղ էին գալիս հայեր Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից եւ Ադրբեջանի այլ շրջաններից: Սկզբնական շրջանում մենք հիմնակնում զբաղվում էինք փախստականների տեղավորմամբ, նրանց մարդասիրական օգնության ցուցաբերմամբ: Մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել` փախստականների համար տների ձեռքբերում, ֆիննական տներ ստացածների համար գազօջախների տրամադրում, նյութական օգնության ցուցաբերում եւ այլն: Սակայն այդ գործունեությունն ընդհատվեց սկսված պատերազմի պատճառով»:[4]

Սարյանի խոսքերով` բաքվեցի հայերն այսօր ցրված են աշխարհով մեկ, իսկ նրանք, ովքեր եկել են Լեռնային Ղարաբաղ, մեծամասամբ իրենց արմատներով կապված են այս հողի հետ:

«Եթե նրանք հնարավորություն չեն ունեցել Ադրբեջանի տարածքում իրենց իրավունքները պաշտպանելու համար, ապա դա արել են պատերազմի ժամանակ` արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Շատ փախստականներ զոհվել են պատերազմի ժամանակ կամ հաշմանդամ են դարձել»,- նշում է նա:

ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության տվյալներով` հանրապետությունում այսօր կան շուրջ 25 հազար փախստականներ ու ՆՏԱ-ներ:

Սարյանի ղեկավարած կազմակերպությունը մտադիր է այսուհետ եւս ձգտել, որպեսզի  Լեռնային Ղարաբաղում բնավորված փախստականների նյութական եւ բարոյական վնասները փոխհատուցվեն Ադրբեջանի կողմից:

Հանրության մեջ փախստականների ինտեգրմանն աջակցելու ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունն անցկացրել է հայոց լեզվի ուսուցում եւ համակարգչային դասընթացներ, հոգեբանական տրենինգներ` արտասահմանից, մասնավորապես Նյու Յորքից մասնագետների ներգրավմամբ, օգնություն է ցուցաբերել անապահով ընտանիքներին, ուսանողներին, ինչպես նաեւ բուժման նպատակով Երեւան մեկնող հիվանդներին: Բայց ահա բնակարանային խնդիրն առայժմ լիովին լուծել չի հաջողվում:

«Մենք պիտի կարողանանք ճշմարտության աչքերին նայել` Ղարաբաղի փրկությունը նրա բնակեցման մեջ է,- ասում է Սարասար Սարյանը:- Վաղուց է ծագել ազատ հողերի բնակեցման ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, այս հողերը հարկ է դիտարկել որպես մասնակի փոխհատուցում  Ադրբեջանից փախստականներին, ովքեր այդ հանրապետությունում թողել են իրենց տները եւ մի քանի սերունդների արարած բարիքները: Մեր փախստականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու ադրբեջանցի վերաբնակիչներին ամեն ինչ կարելի է` եւ հայերի թողած տներում ապրել, եւ հայերի թողած գույքից օգտվել, եւ դրանով հանդերձ միջազգային բազմամիլիոն մարդասիրական օգնություն ստանալ, իսկ հայ փախստականները, որ նրանցից շատ են տուժել, չգիտես ինչու մնացել են ձեռնունայն»:[5]

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը համոզված է, որ հայ  փախստականներին փոխհատուցման խնդիրը պիտի լուծվի Ադրբեջանի ռեսուրսների հաշվին, քանի որ հայերը խորհրդային Ադրբեջանից բռնատեղահանվել են ադրբեջանական իշխանությունների ջանքերով:[6]

Փախստականներ Հյուսիսային Ղարաբաղից

Քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում պիտի լուծվի ոչ միայն Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ Շահումյանի շրջանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասի, այլ նաեւ Հյուսիսային Ղարաբաղի փախստականների խնդիրը:

«Ընդհուպ մինչեւ 1988 թվականը հայերն առաջվա պես բնակչության մեծամասնությունն էին կազմում իրենց հոծ բնակության գոտի հանդիսացող Հյուսիսային Լեռնային Ղարաբաղում, որը ներառում էր նախկին Ադր. ԽՍՀ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի, Գետաբեկի շրջանների լեռնային եւ մասամբ նախալեռնային մասերը եւ Գանձակ քաղաքը: 1988 թվականի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասի այս հողերում` չնայած Ադրբեջանի ղեկավարության նպատակամիտված ու պարբերական ճնշումների պատճառով ստիպված էմիգրացիային, ապրում էր Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության մեկ երրորդը` ավելի քան 83 հազար մարդ,- գրում է Ռուբեն Զարգարյանը  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են Ադրբեջանի իշխանությունների դեմ հայցեր»[7] վերտառությամբ իր հոդվածում:-  Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասի հայ բնակչությունը բռնատեղահանվել է 1988-91 թվականներին: Բռնատեղահանումն սկսվել է 1988 թվականի ամռանը-աշնանը եւ ավարտվել է ադրբաջանա-ղարաբաղյան հակամարտության արդեն բացահայտ ռազմական փուլի սկսումից հետո: Այս հողերի վերջին հայկական բնակավայրերը` Գետաշենը եւ Մարտունաշենը, դատարկվել են 1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: ԼՂՀ Շահումյանի շրջանն Ադրբեջանի կողմից զավթվել է արդեն ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ինտերվենցիայի ընթացքում` 1992 թվականին, իսկ շրջանների հայ ազգաբնակչությունը կամ փախստական է դարձել կամ էլ ոչնչացվել է»:

Ամբողջական պատկերի համար հարկ է նշել, որ Ադրբեջանից հայերի զանգվածային հեռանալուց առաջ 1987 թվականի վերջին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները հայերին սարսափեցնելու եւ Ղարաբաղում ծագող ազատագրական շարժումը կանխելու նպատակով ջարդեր են կազմակերպել Շամխորի շրջանի հայկական խոշոր Չարդախլու գյուղում` հայտնի խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի հայրենիքում:

1987 թվականի հուլիս ամսից մինչեւ դեկտեմբերը կոմկուսի Շամխորի շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը, օգտվելով Ադրբեջանի կուսակցական ղեկավարության աջակցությունից, վարում էր Չարդախլու գյուղի բնիկ հայության ուծացման քաղաքականություն: Պատժամիջոցները գնալով ավելանում էին: Չարդախլվեցիների բռնատեղահանումը շարունակվեց մի ամբողջ տարի: 1988 թվականի նոյեմբերին վերջին հայը թողեց Չարդախլուն, եւ նշանավոր հայկական գյուղը` Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս երկու մարշալների հայրենիքը դադարեց իր հնգդարյա գոյությունը:

Փախստականների խնդրի շահարկումներ

Ռուբեն Զարգարյանի խոսքերով` «Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է հայ փախստականների հետ վարվելաձի թուրք-ադրբեջանական դոկտրին, որի էությունն է` ոչ մի պարագայում թույլ չտալ նրանց վերադարձն իրենց հայրենիք»:

«Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է քննարկել եւ լուծել ղարաբաղահայ փախստականների խնդիրը: Փախստականներին առաջին տեսակի, իմա` ադրբեջանցիների, եւ երկրորդ տեսակի, իմա` հայերի, տարաբաժանումը հակաօրինական է եւ անբարո, ուստի պիտի դատապարտվի համաշխարհային հանրության կողմից»,- գրում է նա նույն հոդվածում:

«Ադրբեջանում «փախստական» հասկացությունն էն գլխից դիտարկվում է որպես  իշխանությունների բացահայտ ցինիկ քաղաքականության գործառնական կատեգորիա,- պնդում է ղարաբաղյան անկախ փորձագետ Դավիթ Կարաբեկյանը:- Փոխանակ տվյալ կատեգորիայի մարդկանց խնդիրները լուծելու` ադրբեջանական կառավարությունը նախընտրում է օգտագործել այն իրենց քարոզչական եւ չարչիական նպատակներով` վրանաքաղաքների շոու կազմակերպելով, որպեսզի համոզի փախստականների ծանր կացության հարցում»:[8]

Ինչու՞ Հարավային Կովկասի ամենահարուստ հանրապետությունն այսպիսի ծանր պայմաններ է ստեղծել իր իսկ քաղաքացիների համար, ում շահերի մասին, եթե հավատալու լինենք իշխանավորների հավաստիացումներին, այդքան մտահոգված է: Ինչու՞ փախստականներով են ծածկում սահմանային խորշերը` բնակեցնելով նրանց անջուր տափաստաններում: Արդյո՞ք փախստականները թնդանոթային միս չեն դառնա` նկատի ունենալով նոր պատերազմ սանձազերծելու մասին Ադրբեջանի ղեկավարության սպառնալիքները:

Հնարավո՞ր է, արդյոք, փախստականների վերադարձն այսօր

Վերջին ժամանակներս շատ է արծարծվում Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի փախստակաների վերադարձի թեման:

«Միջնորդների առաջարկած կարգավորման ընդհանուր հայեցակարգն, իհարկե, նախատեսում է փախստականների եւ հարկադիր տեղաշարժված անձանց վերադարձ նախկին բնակության վայրեր: Սակայն դա վերաբերում է բոլոր փախստականներին, եւ տվյալ գաղափարը պիտի դիտարկվի հավասարաչափ եւ հակամարտության բոլոր կողմերի նկատմամբ համամասնաբար: Խոսել կողմերից մեկի փախստականների վերադարձի մասին եւ մոռանալ մյուս կողմին` անընդունելի է»,- կարծում է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:[9]

Նրա խոսքերով` «ադրբեջանական քարոզչությունը փորձում է մեդիա-տարածքում այնպիսի կարծիք ստեղծել, որ խոսքը գնում է միայն ադրբեջանցի փախստականների մասին»:

«ԼՂՀ Շահումյանի շրջանից բռնատեղահանվել է 18 հազար հայ բնակչություն: Հումանիտար տեսանկյունից այս 18 հազարը հավասարազոր են բոլոր այն փախստականներին, ում անունից հանդես է գալիս Ադրբեջանը: Փախստականների խնդիրը հումանիտար խնդիր է, եւ այն պիտի լուծվի համալիր կերպով` հաշվի առնելով բոլոր կողմերի փախստականների շահերը»,- նշում է պատգամավորը:[10]

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պնդում է փախստականների խնդրի համալիր դիտարկման անհրաժեշտությունը:

«Եթե խոսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, ապա չպիտի մոռանանք նաեւ այն կես միլիոն հայերի մասին, ովքեր ստիպված են եղել իրենց հայրենի վայրերը լքել կամ արտաքսվել այնտեղից: Ուստի կոնկրետ ու միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը չի կարող մեր կողմից դիտարկվել»,- գտնում է ղարաբաղյան պետության ղեկավարը:[11]

ԼՂՀ ռազմաճակատային լրագրողների լիգայի համակարգող Գեորգի Ղազարյանը տվյալ հարցում կոշտ դիրքորոշում ունի. «Ներկայումս Ղարաբաղում ապրում է մի սերունդ, որը ծնվել եւ իր մանկությունն անցկացրել է նկուղներում: Ու դա Ադրբեջանի մեղքն է: Սերունդը, որի մանկությունն անցել է վախի ու սարսափի մեջ, չի ցանկանա հետ վերադառնալ եւ կրկնել նախորդ սերունդների սխալները: Այդ տղաներից շատերը բարձրամակարդակ զինվորականներ են դարձել, եւ անհնար է նրանց ինչ-որ հարցում տարհամոզել: Ադրբեջանի հետ արցախցիներն ապրելու մտադրություն չունեն»:[12]

«Արցախի մտավորականների միության» նախագահ Գագիկ Բաղունցը կարծում է, որ «փախստականների վերադարձն» իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում:

««Ադրբեջանական խաղաղ բնակչության» վերաբնակեցման թատերականացման համապատկերի վրա բազմաթիվ ընդհարումներ տեղի կունենան, որոնք կներկայացվեն որպես հայկական կողմի նախահարձակություն: Իրավիճակը գնալով կվատթարանա: Նման քաղաքական, քաղաքացիական եւ եւ ռազմական ընդհարումներից հետո միջնորդների առաջարկած հանրաքվեի անցկացումը մեծ հարցականի տակ կդրվի»,- նշում է նա:[13]

Նրա հետ համաձայն է նույն Սարասար Սարյանը. «Միանշանակ կարող եմ ասել, որ այսօրվա իրավիճակն անընդունելի է փախստականների վերադարձի համար: Սա բարդ, կարելի է ասել` գլոբալ խնդիր է, որը տվյալ պահին թե զգացական մերժում է առաջացնում, եւ թե տրամաբանորեն չի կարող օրակարգում հայտնվել: Ինչու՞: Նախ` ԼՂՀ տարածքում ապաստան են գտել Ադրբեջանից շատ հայ փախստականներ եւ երկրորդ` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը ժամանակակից ամենաիսկական պատերազմ են ապրել եւ չի կարելի խոսել փախստականների վերադարձի մասին այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռեւս դե-յուրե չի լուծվել: Միայն կարգավիճակի հարցի, ինչպես նաեւ սոցիալական համալիր հարցերի լուծումից հետո կարելի կլինի կողմերի հանրությունները նախապատրաստել փոխզիջումների փախստականների վերադարձի հարցում: Դրանք ապագայի գործընթացներ են»:[14]

2010 թվականի վերջին «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. հասարակ մարդկանց ձայնը» վերտառությամբ իր սեփական ուսումնասիրությունն է հրապարակել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը» (International Center for Human Development): Ղարաբաղում հարցվածները, մասնավորապես, հակված են այն կարծիքին, որ նախեւառաջ հարկ է ճանաչել ԼՂՀ անկախ կարգավիճակը եւ նոր միայն փորձել լուծելու այլ հարցերը, այդ թվում` փախստականների հարցը: Պատասխանելով կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման մասին հարցին` ԼՂՀ-ում հարցվածները նշել են, որ ադրբեջանական կողմը փորձում է Լեռնային Ղարաբաղ ուղարկել անհամեմատ շատ փախստականներ, քան նրանք իրականում կան:[15]

Քայլեր` փախստականների խնդրի լուծման ուղղությամբ

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը, որն իր մեջ ներառում է հայ փախստականների շահերն արտահայտող մի շարք հասարակական կազմակերպություններ, հրապարակային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծ: Փաստաթուղթը նախատեսում է ԼՂՀ քաղաքացիություն ստանալու մի քանի տարբերակ: Հիմնական տարբերակը քաղաքացիության ճանաչումն է ըստ ծննդյան (ծագումով): Ծագումով ԼՂՀ քաղաքացիությունը հավասարապես տարածվում է ինչպես հայերի ու ադրբեջանցիների, այնպես էլ այլ ազգությունների ներկայացուցիչների վրա, ովքեր ապրել են ԼՂՀ տարածքում վերջինիս անկախություն հռչակելու պահին: Օրինագծի այս կետը չի վերաբերվում այն ադրբեջանցիներին, ովքեր ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի հետ միասին հեռացել են այն տարածքներից, որոնք ԼՂՀ հռչակած սահմաններից դուրս են, բայց որոնց վրա տարածվում է նրա ինքնիշխանությունը: Այդ ադրբեջանցիները ճանաչել են Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիությունը:

Քաղաքացիություն ստանալն իր հերթին Ադրբեջանից հայ փախստականներին հնարավորություն է տալիս ԼՂՀ ղեկավարությանը դիմել 1988 թվականից ի վեր Ադրբեջանում իրենց նկատմամբ հալածանքների արդյունքում իրենց իսկ կրած վնասների փոխհատուցման հարցում աջակցության խնդրանքով: Այդ թվում` փոխհատուցում ներկայումս ԼՂՀ-ի կողմից վերահսկվող տարածքների հաշվին: Սակայն այս ամենը դեռեւս քննարկման փուլում է:

Իսկ այս ընթացքում, որքան էլ որ ցավալի է, փախստականների խնդիրը հակամարտության գոտում լարվածության սրման եւ կողմերի հանրությունների միջեւ անվստահության խորացման զուգընթաց ավելի է բարդանում եւ սպառնում է գորդյան հանգույցի վերածվել: Սակայն հարկ է հիշել, որ այդ հանգույցը քանդել չի լինի, քանի որ հնարավոր չէ այս հսկայական քանակությամբ մարդկանց մարմինների վրայով կտրել-քանդել այն: Ուստի միայն մի տարբերակ է մնում` ճանաչել առկա իրողությունները, անաչառ մոտեցում ցուցաբերել խնդրի նկատմամբ եւ փորձել քայլ առ քայլ լուծել այն:

 

 

——————-

1.  Հեղինակի հարցազրույցը` Ռուզաննա Ավագյանի հետ. Ստեփանակերտ, 10.11.2010.

2. Հեղինակի հարցազրույցը` Ալբերտ Սարգսյանի հետ. Ստեփանակերտ, 30.11.2010.

3. ԼՂՀ  հանրային հեռուստառադիոընկերություն. 14.11.2010.

4. Հեղինակի հացազրույցը` Սարասար Սարյանի հետ. 07.11.2010.

5. Հեղինակի հացազրույցը` Սարասար Սարյանի հետ. 07.11.2010.

6. Հարցազրույց Հ-2 հեռուստաընկերությանը. 11.06.2005.

7. Ռուբեն Զարգարյան. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են Ադրբեջանի իշխանություների դեմ հայցեր». www.stoletie.ru, 27.06.2008

8. Հեղինակի հարցազրույցը` Դավիթ Կարաբեկյանի հետ. Ստեփանակերտ, 27.11.10.

9. Հարցազրույց. ИА REGNUM, www.regnum.ru, 12.03.2010

10. Հարցազրույց. ИА REGNUM, www.regnum.ru, 21.09.2010

11. Հարցազրույց.  “Независимой газете” (Москва), 27.05.2010

12.  Հարցազրույց. ИА АрмИнфо, www.arminfo.info, 03.12.2009

13. Հարցազրույց. ИА АрмИнфо, www.arminfo.info, 03.07.2010

14. Հեղինակի հարցազրույցը` Սարասար Սարյանի հետ. Ստեփանակերտ 07.11.10.

15. Сборник “Урегулирование Нагорно-Карабахского конфликта: голос простых людей”,

 

Share

Comments are closed.