Իշխանությունն ու բիզնեսը. մերձդնեստրյան առանձնահատկություններ

Մերձդնեստրի սոցիալ-տնտեսական իրավիճակը

 

Վլադա ԼԻՍԵՆԿՈ
Մերձդնեստրի պետական համալսարան, դոցենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու
Տիրասպոլ

Քաղաքական չկարգավորվածությունը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն էապես ազդել են Դնեստրի երկու ափերի տնտեսության վրա: Նախախորհրդային շրջանում Մոլդովան զուտ գյուղատնտեսական երկիր էր. 1940-ական թվականներին նրա տնտեսությունը հիմնված էր գյուղատնտեսության եւ ժողովրդական սպառման ապրանքների արտադրության վրա:

Խորհրդային շրջանում սկսվել է արդյունաբերականացումը, առաջին հերթին` Քիշնեւում եւ Մերձդնեստրում: Սննդի արդյունաբերության կողքին գոյացել են թեթեւ արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու էլեկտրոնիկան: 1990-ականների սկզբներին արդյունաբերությունն ապահովում էր ազգային եկամտի 2/5-ը:

Ներկայումս չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հանրագումար պարտքը, ներառյալ ՚Գազպրոմիՙ առջեւ ունեցածը, գերազանցում է 3 միլիարդ դոլարը:[1]  2012 թ. հունվարի 1-ի դրությամբ ոսկու պաշարն ուներ բացասական հաշվեկշիռ: 2012 թ. սկզբներին Մերձդնեստրից օֆշորային գոտիներ դուրս է բերվել շուրջ 70 միլիոն դոլար: Բյուջեի կատարումը նույնպես վատթար վիճակում էր: ՚2012 թ. պետական բյուջեի մասինՙ օրենքը սահմանել է կոնսոլիդացված բյուջեի պակասորդը 1.6 միլիարդ ռուբլու չափով (147 միլիոն դոլար) կամ բյուջեի եկամտային մասնաբաժնի 68,6%-ը: Ընդսմին, ոչնչով չապահովված, բայց ՄՄՀ (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն) Գերագույն Խորհրդի կողմից հաստատված կոնսոլիդացված բյուջեն կազմում էր 800 միլիոն ռուբլի (72 միլիոն ԱՄՆ դոլար), այդ թվում` սոցիալապես պաշտպանված հոդվածներով` 273 միլիոն ռուբլի (24,5 միլիոն դոլար): Կենսաթոշակային հիմնադրամի պակասորդը կազմում է ավելի քան  1 միլիարդ ռուբլի (97 միլիոն դոլար): Պետբյուջեի ընդհանուր պակասորդը (արտաբյուջետային ֆոնդերի հաշվարկմամբ) սոցիալապես պաշտպանված հոդվածներով գերազանցում է 200 միլիոն դոլարը:[2]

Մինչդեռ նախքան ԽՍՀՄ փլուզումը՝ 1990 թ. Մերձդնեստրն ապահովում էր Մոլդովայի ՀՆԱ-ի 40 %-ը եւ արտադրում էլեկտրականության 90 %-ը:[3]  Մերձդնեստրյան հակամարտության ընդլայնմանը զուգընթաց ՄՄՀ-ն սկսել է քայլեր ձեռնարկել անկախ տնտեսություն ստեղծելու ուղղությամբ: 1992 թ. դեկտեմբերի 22-ին ՄՄՀ-ում ստեղծվել է սեփական կենտրոնական բանկ:[4]  1994 թ. ՄՄՀ-ում շրջանառության մեջ է մտցվել սեփական դրամական նշանը` մերձդնեստրյան ռուբլին: 2000-ականների սկզբներին (ավելի ուշ` ողջ նախկին ԽՍՀՄ տարածքում) Մերձդնեստրում անցկացվել է զանգվածային սեփականաշնորհում, որի արդյունքում գլխավոր ձեռնարկություններն ու ընկերությունները հայտնվել են մասնավոր ձեռնարկատերերի եւ օտարերկրյա ներդրողների ձեռքում: 2006 թ. արտաքին քաղաքական ճգնաժամի պատճառով տեղաշրջանին պարտադրվել է տնտեսական շրջափակում,[5] որը հույժ բացասաբար է անդրադարձել ՀՆԱ-ի արտահանման ծավալների վրա:

Գաղտնիք չէ, որ մերձդնեստրյան տնտեսության երկու հիմնական հենասյուները վերամշակող արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ դրա հետեւանքները հանգեցրել են ներքին համախառն արդյունքի կառուցվածքում արդյունաբերական արտադրության մասնաբաժնի նվազմանը` 65%-ից մինչեւ 25-30%: Ներկայումս Մերձդնեստրի պետական բյուջեի եկամտային մասի շուրջ 60%-ը պատկանում է արդյունաբերությանը:[6]  Վերջին շրջանում արդյունաբերական արտադրության ծավալի ավելի քան 70%-ն ապահովվում է չորս ձեռնարկությունների շնորհիվ. Մոլդովական մետաղագործական գործարանի` շուրջ 45%, մնացած 25%-ը պատկանում է ՚Տիրոտեքսՙ, ՚Մոլդովական ՇՀԷԿՙ եւ ՚Ռիբնիցայի ցեմենտի գործարանՙ ձեռնարկություններին:[7] Այս ձեռնարկությունների գործունեությունը կապակցված է արտաքին շուկաների հետ թե՛ հումքի, եւ թե՛ պատրաստի արտադրանքի իրացման հարցում, ուստի այն արտաքին գործոններից կախման մեջ է գտնվում: Հիշյալ ձեռնարկությունների գործունեության արդյունքները էապես պայմանավորում են մերձդնեստրյան ողջ տնտեսության ինքնազգացողությունը:

Իրավիճակը Մերձդնեստրում մնում է բարդ: Տարածաշրջանի տնտեսության գլխավոր խնդիրները դարձյալ մնում են զանգվածային արտագաղթը,[8] ծերացող բնակչությունը, ֆոնդերի եւ ենթակառուցվածքների մաշվածությունը, արտաքին առեւտրային կշռի բացասական սալդոն, բարձր գնաճը, չճանաչված կարգավիճակը, օգտակար հանածոների նշանակալից պաշարների բացակայությունը եւ հաղորդակցային կախվածությունը հարեւաններից: Մոլդովան վարում է մերձդնեստրյան ձեռնարկություններին մոլդովական օրենսդրությանը ենթարկելու քաղաքականություն,[9] իսկ հարակից տարածաշրջանների հետ առեւտուրը, բարդությունների բախվելով, զիջում է Ռուսաստանի հետ առկա առեւտրի ծավալներին: Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ պարբերաբար հակամարտություններ են ծագում, որոնք հանգեցնում են հաղորդակցային ուղիների շրջափակմանը, հարեւան տարածաշրջանների հոսանքազերծմանը, բջջային հաճախականությունների բախմանը եւ այլն:

 

Տնտեսական ինտեգրման հեռանկարները

Վերջին շրջանում նախագահ Եվգենի Շեւչուկի քաղաքական նոր թիմի իշխանության գալուց ի վեր ուժեղացել է Մերձդնեստրի ինտեգրացիոն ուղղվածությունը դեպի Ռուսաստան եւ Եվրամիություն:  Այս հարցի շուրջ ելույթ ունենալով` Շեւչուկն ընդգծել է. ՚Եվրասիական տնտեսական միությունը Մերձդնեստրի առջեւ բացում է հսկայական հնարավորություններՙ:[10]  ՄՄՀ ղեկավարությունն ուսումնասիրում է ռուսաստանյան ռուբլու գոտու մեջ Մերձդնեստրի մտնելու հնարավոր տարբերակները եւ որոնում այն մեխանիզմները, որոնք թույլ կտային մերձդնեստրյան տնտեսական ներուժը կապել գերազանցապես ռուսաստանյան  պետահասարակական պահանջների հետ` հիմք ունենալով Մերձդնեստրի շահեկան աշխարհաքաղաքական դիրքի շահավետ օգտագործման տարբերակները` Ռուսաստանի կենսականորեն կարեւոր ազգային շահերի նախապատվությամբ:[11]

Մերձդնեստրի ինտեգրացիոն քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին եւ չի կարող իրականացվել առանց նրա բարձրագույն իշխանության համաձայնության եւ աջակցության: Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած իշխանական իրավասությունների վերաբաշխման, Վ. Պուտինի քաղաքական նոր թիմի ձեւավորման եւ ռուսաստանյան արտաքին քաղաքականության վերբեռնման համատեքստում կատարվում են Մերձդնեստրում Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մարդասիրական եւ անգամ ռազմական ներկայության օպտիմալացմանը միտված քայլեր:  Համապատասխանաբար` կտրուկ աճում են ՄՄՀ ռուսաստանամետ ինտեգրացիոն հեռանկարները:[12]

Մոլդովան տարիներ շարունակ նախապատրաստվում է Եվրամիության հետ առեւտրի ազատ գոտու մեջ մտնելուն: Մոլդովայի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտուն միանալու վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2011 թվականի վերջերին: Մասնակցության առաջարկն արվել է նաեւ Մերձդնեստրին, թեեւ` դիտորդի կարգավիճակով:

Մոլդովական արտադրանքի մրցունակությունն ապահովելու համար Մոլդովայում ներդրվում են եվրոպական չափանիշներ, ձեւավորվում է որակավորման կենտրոնների կազմակերպությունը, հիմնավորապես վերամշակվում է Մոլդովայի օրենսդրական հենքը, ապահովվում է ենթակառուցվածքային նախագծերի մեջ դրամական միջոցների ներհոսքը, գյուղատնտեսության ոլորտում իրականացվում են որոշ ծավալուն նախագծեր: Եվրոպական միջազգային կառույցներն արտոնյալ պայմաններով վարկավորում են երկիրը՝ տնտեսության իրական հատվածն արդիականացնելու, ձեռնարկությունները տեխնիկապես վերազինելու եւ արտադրության նոր տեսակները  մշակելու համար:

Եվրոպական, ինչպես եւ ցանկացած այլ շուկան Մերձդնեստրի համար միանգամայն արժեքավոր է: Սակայն, մերձդնեստրյան քաղաքական գործիչների կարծիքով, ԱՊՀ շուկան ՄՄՀ համար ռազմավարապես ավելի կարեւոր է, քան ԵՄ շուկան: 2011 թ. արդյունքները ցույց են տվել, որ դեպի հեռավոր արտերկիր մերձդնեստրյան ապրանքների արտահանումը կազմել էր 35%, իսկ ԱՊՀ երկրներ` 65%: ԵՄ ազատ առեւտրի գոտու մեջ մտնելը Մերձդնեստրի համար հղի է մեր գլխավոր` արեւելյան շուկայի նվազմամբ:[13]

 

Եզրահանգումներ

2012 թ. Մերձդնեստրը թեւակոխել է արմատական բարեփոխումների դարաշրջան: Քսանամյա ամբողջատիրական վարչակարգի իշխանությունից հետո Մերձդնեստրում ընտրվել է նոր նախագահ եւ կառավարություն: Տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտում տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ:[14]

Մոլդովան եւ Մերձդնեստրը, երաշխավոր-երկրները եւ միջազգային հանրությունն առարկայաբար շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ: Քիշնեւի համար դա խոշորագույն ներքաղաքական խնդիր է: Տիրասպոլն, ի հեճուկս մինչեւ վերջ կանգնելու հռչակվող վճռականության, շահագրգռված է հանրապետության միջազգային մեկուսացման հաղթահարմամբ: Ճանաչված կարգավիճակի բացակայությունը սահմանափակում է տնտեսական զարգացման հնարավորությունները եւ տնտեսվարական կապերը թե՛ ԱՊՀ երկրների, եւ թե՛ հեռավոր արտերկրի հետ:  Միջազգային ճանաչվածության քաղաքական գործոնների շահագործումը հակամարտության մեկ կողմի` Մոլդովայի հանրապետության կողմից եւ մյուս կողմի` ՄՄՀ չճանաչվածության հանգամանքը հանգեցրել են մի իրավիճակի, երբ Մերձդնեստրի տնտեսությունը շատ առումներով դարձել է քաղաքական չկարգավորվածության պատանդը:[15]

Քննելով Մերձդնեստրում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պատճառները` հանգում ես այն եզրակացության, որ տարածաշրջանը լրջորեն հետ է մնում Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից` համաշխարհային քաղաքական եւ տնտեսական համակարգերի մեջ ինտեգրացիոն բարեփոխումների անցկացման տեսանկյունից:

Տնտեսական սուբյեկտների տեղայնացված աջակցությանը միտված օպերատիվ հակաճգնաժամային միջոցառումների մշակումն ու իրականացումը, բնականաբար, անհրաժեշտ են, թեեւ` ոչ բավարար: Համակարգային եւ փոխպայմանավորված խնդիրների հանգուցալուծման մոտեցումների հատվածայնությունն ու ապահամակարգայնությունը չեն լուծում գլխավոր խնդիրը` մարդկանց կենսամակարդակի եւ բարօրության բարձրացումը եւ հիմք չեն ստեղծում տնտեսության համապարփակ կայուն զարգացման համար:

Կամենում ենք հուսալ, որ տնտեսական քաղաքականությունը կենտրոնանալու է հետեւյալ առաջնահերթությունների վրա. տնտեսության իրական հատվածի աջակցությունը, փոքր ձեռնարկատիրության սատարումը, աշխույժ սոցիալական քաղաքականությունը, բնակչության եկամուտների մակարդակի պահպանումը, բոլոր մակարդակների տնտեսական կառավարման մարմինների արդյունավետության բարձրացումը, Մերձդնեստրի ֆինանսական համակարգի կայունության ապահովումը:

Մերձդնեստրը վճռական բարեփոխումներից բացի այլ հնարավորություն չունի հասնելու կուտակված բազում խնդիրների լուծմանը: Առանց ազատական բարեփոխումների իրականացման եւ քաղաքականության ու տնտեսության մեջ միջազգային չափանիշների ներդրման ՄՄՀ-ն չունի ո՛չ լիարժեք ներկա, եւ ո՛չ հեռանկարային ապագա:

———————————————

1. Տեղաշրջանը գոյատեւում է հիմնականում ռուսաստանյան գազի հաշվին. Ռուսաստանը պաշտոնապես մասնակցում է Մերձդնեստրի սոցիալ-տնտեսական ոլորտի ապահովմանը (այդ թվում և 2007 թվականից՝ յուրաքանչյուր մերձդնեստրցի թոշակառուին դոլարային փոխարժեքով հավելավճարելով 15 ԱՄՆ դոլլար): 

2. Ежегодное Послание Президента ПМР. Март 2012. www.president.gospmr.ru

3. John Mackinlay and Peter Cross (editors) Regional Peacekeepers: The Paradox of Russian Peacekeeping. UnitedNationsUniversityPress, 2003. հ. 135. 

4.  www.cbmpr.net 

5.”Приднестровье отказалось обсуждать выход из кризиса без России”- www.lenta.ru

6. Համեմատության համար՝ գյուղատնտեսական հատվածն ապահովում է եկամուտների 3-4%-ը: 

7. Մերձդնեստրի գլխավոր ձեռնարկություններն են. ՚Մոլդովական ՇՀԷԿՙ ՓԲԸ՝ եվրոպական մայրցամաքում այդ տեսակի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից է, ՚Շերիֆՙ ՍՊԸ՝ Մերձդնեստրի խոշոր առեւտրաարդյունաբերական ընկերություն, ՚ՏիրԱԷՏՙ ՓԲԸ՝ գործում է էլեկտրոնային համակարգչային տեխնոլոգիաների եւ ծրագրավորման բնագավառում, ՚Էլեկտրոմաշՙ ՓԲԸ՝ արտադրում է հանքարդյունաբերող ու վերամշակող արդյունաբերության ոլորտին անհրաժեշտ էլեկտրասարքավորումներ, այդ թվում եւ՝ ջերմաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների համար, ՚Մոլդովական մետաղագործական գործարանՙ ՓԲԸ՝ միջազգային մակարդակի տեխնոլոգիաներ ունեցող սև մետաղագործության ձեռնարկություն, ՚Տիգինաՙ կոշկակարական ֆաբրիկա՝ պոլիուրետանային ներբանով ժամանակակից բարձրորակ կաշվե կոշկի արտադրության առաջատար,՚Ֆլոարեՙ ԲԲԸ՝ մոդայիկ եւ հարմարավետ կոշիկի բարձրտեխնոլոգիական ձեռնարկություն, ՚Ինտերդնեստրկոմՙ ՓԲԸ՝ Մերձդնեստրի տարածքում հեռահաղորդակցային օպերատոր, Տիրասպոլի ՚KVINTՙ գինու եւ կոնյակի գործարան՝ բարձրորակ ոգելից խմիչքի խոշորագույն արտադրող ձեռնարկություն: 

8.  2012 թ. սկզբի դրությամբ՝ Մերձդնեստրի բնակչության հաշվարկային թիվը կազմել է 513,4 հազ. մարդ՝ նախորդ ցուցանիշից 4.6 հազ. պակաս: Տարածաշրջանի մինիտնտեսության նախնական տվյալների համաձայն՝ բնակչության բնական նվազումը կազմել է 2990 մարդ (+470): Գրանցվել է 4999 (-190) նորածին եւ 7289 (-420) մահացած: 

9. Молдавия приостановила экспорт из Приднестровья. www.lenta.ru

10. http://mkspmr.idknet.com/content/view/7894 

11. Указ президента России “О мерах по реализации внешнеполитического курса Российской Федерации”. 7 мая 2012 г. 

12. Илья Галинский: Основания и перспективы интеграции Приднестровья в Россию. http://belarus.regnum.ru/news/economy/1533832.html 

13.Юрий Ганин: для Приднестровья вступление вместе с Молдовой в зону свободной торговли с ЕС означает фактическую потерю восточных рынков. Интервью. http://www.olvia.idknet.com/ol99-02-12.htm; Виталий Игнатьев на телевизионном проекте “Публичная дипломатия”: “Евразийская интеграция обеспечит безопасность государства и защиту прав приднестровского народа” 2012.

14. Внешнеторговый оборот в Приднестровье увеличился на 25,2%. http://allpmr.com/biznes/719-vneshnetorgovyj-oborot-v-pridnestrove-uvelichilsya-na-25-2.html

15. Մերձդնեստրի ժողովուրդն ազատությանն է սպասում: Ե. Վ. Շեւչուկի ելույթը միջազգային տնտեսական ֆորումում Լեհաստանի Կրինից քաղաքում՝ ՚Հակամարտության եւ տնտեսության ներուժի փոխշաղկապվածությունը Մերձդնեստրի օրինակովՙ վերտառությամբ զեկույցով, 2009 թ.: 

Share

Comments are closed.