“Իդեալական” բիզնես-միջավայր

Տնտեսության եւ ֆինանսական հոսքերի ամբողջական մենաշնորհումն Ադրբեջանում

 

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու

Մի խելացի մարդ ասել էր` ՚բիզնեսն` առանց բռնության ուրիշի գրպանից դրամ հանելու արվեստն էՙ: Անտարակույս, այս թեւավոր խոսքը հետխորհրդային տարածության եւ, մասնավորապես, Հարավային Կովկասի երկրների հետ ոչ մի առնչություն չունի: Հետխորհրդային տարածությունում ՚հաջողակ բիզնեսըՙ, ցավոք,  զգալի չափով եղել եւ մնում է ՚բռնությանՙ հոմանիշը, ընդսմին` պետական մեքենայի գործածմամբ:

Իշխանության եւ բիզնեսի փախհարաբերության պատմությունն Ադրբեջանում կարելի է բաժանել մի քանի շրջանի: Առաջին փուլը ներառում էր այսպես կոչված ՚պերեստրոյկայիցՙ մինչեւ 1993 թ. կեսերն ընկած ժամանակահատվածը: Դա ամենաթողության շրջանն էր: Այն ըստ ամենայնի նման էր կապիտալիզմի սկզբնավորման` Վայրի Արեւմուտքի շրջանին: Այն ժամանակ գոյություն չունեին իրավական հենք ու տնտեսական հարաբերությունները կարգավորող որեւէ այլ կարգավորող լծակ:  Քաղաքական համակրանքն ու հակակրանքը ոչ մի դեր չունեին: Բավարար էր մեծ փողերը կարճ ժամանակահատվածում վաստակելու գաղափար առաջարկել, իշխանության մեջ անհրաժեշտ մարդկանց հետ լավ հարաբերություններ հաստատել եւ որեւէ հանցավոր խմբի ՚տանիքիՙ տակ գործել: Ի հեճուկս համընդհանուր աղքատության` համարյա մի քանի ամսվա մեջ հնարավոր էր միլիոնատեր դառնալ:

Երկրորդ փուլը ներառում է 1993-1998 թթ. ժամանակահատվածը, որը դեռեւս պահպանում է նախորդ շրջանի ՚խալերըՙ: Սակայն դրանց ավելանում են եւս երկուսը: Առաջինը` վառելիքաէներգետիկ բիզնեսն անցնում է կառավարության` ավելի ճիշտ` իշխող վերնախավի ամբողջական հսկողության ներքո: Երկրորդը` տնտեսության մնացած ոլորտներում, համապարփակ վերահսկողության բացակայության եւ հարաբերական անկախության պայմաններում, բիզնեսը պետք է ցուցադրեր իշխանության հանդեպ անվերապահ հավատարմություն: Այս շրջանում եւս բիզնեսը պետք է ՚տանիքՙ ունենար ի դեմս իշխանության եւ կազմակերպված հանցավոր խմբերի:

Ընդհանուր առմամբ, իշխանության եւ բիզնեսի միջեւ նման փոխհարաբերությունների համակարգը կարելի է ազատական համարել, քանի որ այն թույլ էր տալիս շուկայական հարաբերություններ զարգացնել տնտեսության բոլոր ոլորտներում: Սակայն 1998 թ. նախագահական ընտրությունները բացասական իմաստով շրջադարձային էին` բիզնեսի եւ իշխանության միջեւ փոխհարաբերությունների զարգացման տեսանկյունից:  Քաղաքական ճգնաժամի շրջանում համակարգը չի կարողացել ապահովել բիզնեսի հավատարմությունը: Օրենքի գերակայությամբ շուկայական հարաբերությունների զարգացմամբ շահագրգռված բիզնեսի մի մասը բացահայտ աջակցություն է ցուցաբերել պետության ղեկավար Հեյդար Ալիեւի գլխավոր մրցակից` Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովին` ֆինանսավորելով վերջինիս նախընտրական արշավը:

Հեյդար Ալիեւը հայտնվել էր իշխանություն կորցնելու նախաշեմին: Միջազգային կազմակերպությունները պնդում էին քվեարկության երկրորդ փուլն անցկացնելու անհրաժեշտության վրա: Սակայն գործող նախագահը հայտարարել է քվեարկությանը մասնակցած ընտրողների 75 %-ի ձայները ստանալու մասին: Ցայսօր, գործող օրենսդրության պահանջներին հակառակ, նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքներն ըստ տեղամասերի հրապարակված չեն:[1]

Հիշյալ ընտրություններից հետո սկսվել է բիզնեսի եւ իշխանության միջեւ փոխհարաբերությունների զարգացման նոր փուլը: Անհրաժեշտ էր ՚կատարելագործելՙ փոխհարաբերությունների համակարգը եւ, որպես հետեւանք, երաշխավորել բիզնեսի հավատարմությունը: Սկսվում է բիզնեսի համատարած վերահսկողության շրջանը: Իշխանությունը ՚վերակացուներՙ կարգեց թե՛ տնտեսության տարբեր ոլորտների, եւ թե՛ երկրի կարեւոր տարածաշրջանների վրա: Որոշ ոլորտներ կարող էին ունենալ մի քանի ՚վերակացուՙ: Այս անձինք ոչ միայն վերահսկում էին ՚ենթակա ոլորտիՙ իրավիճակն ու երաշխավորում բիզնեսի հավատարմությունը, այլեւ ՚եկամտահարկՙ էին հավաքում` կուտակված եկամտի մի մասը կոմիսիոնների տեսքով թողնելով իրենց:

Այսպիսով, ընդդիմությունը զրկվեց ֆինանսավորման անխտիր բոլոր ներքին աղբյուրներից:

Այս համակարգը ողջ թերություններով հանդերձ կարելի էր ազատական-շուկայական համարել, քանի որ այն ապահովում էր գործընթացի մեջ տնտեսվարող սուբյեկտների բազմության ներգրավումն` առանց ամեն ինչը բացարձակապես մենաշնորհելու:

Համակարգն առանց դույզն ինչ խաթարվելու գործել է մինչեւ 2005 թ. խորհրդարանական ընտրությունները: Այն լրիվ կայուն է մնացել անգամ Հեյդար Ալիեւի բացակայությամբ անցկացված 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Սակայն, բիզնեսի եւ իշխանության միջեւ փոխհարաբերությունների զարգացման նոր փուլին անցնելուց առաջ անհրաժեշտ է նշել անցած երկու շրջանների եւս մի առանձնահատկություն: 1993 թվականից մինչեւ 2005 թ. ընկած ժամանակահատվածում ակտիվորեն կիրառվել է այն ՚ավելորդ եկամտիՙ սեփականազրկումը, որից ձեռնարկատերերը կամովին չէին կամենում հրաժարվել: Հատկանշական է, որ ՚սեփականազրկումնՙ իրականացվում էր իրավապահ մարմինների կողմից վերահսկելի ընդհատակյա կազմակերպված հանցավոր խմբերի միջոցով: Հիշյալ կազմակերպված հանցավոր խմբերն առեւանգում էին ամենահամառ ձեռներեցներին կամ նրանց ազգականներին` վերջիններիս ազատման դիմաց պահանջելով հսկայական փրկագին:

Նման խմբերից մեկը վնասազերծվել է 2005 թ. մարտին` խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Նախաքննության վարկածի համաձայն՝ խումբը ղեկավարել է ՆԳՆ քրեական հետախուզման ավագ օպերլիազոր Հաջի Մամեդովը: 1996 թվականից ի վեր խումբը զբաղվել է մարդկանց առեւանգմամբ, սպանություններով եւ այլ ծանր հանցագործություններով: Ապացուցվել է հիշյալ ավազակախմբի մասնակցությունը 2000-2004 թթ. ընթացքում ՆԳՆ թմրադեղերի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ազեր Իսմայիլովի, Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչության պետի տեղակալ Ռովշան Ալիեւի եւ Ադրբեջանի Ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Ֆաթուլահ Հուսեյնովի սպանություններին: Սակայն, ի հեճուկս Հաջի Մամեդովի կատարած ՚հնչեղ հերոսություններիՙ` նրանով լրջորեն զբաղվել են միայն Ադրբեջանի Միջազգային բանկի նախագահ Ջհանգիր Հաջիեւի կնոջ առեւանգումից հետո, քանի որ վերջինս համարվում էր գործող նախագահ Իլհամ Ալիեւի մերձավոր անձանցից մեկը: Միայն այսքանից հետո Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն իրականացրին ՚Սեւ գոտիՙ գործողությունը` Հաջի Մամեդովի ավազակախմբի չեզոքացման նպատակով[2]:

Դատավարության ընթացքում Հաջի Մամեդովը մի քանի անգամ սպառնացել է անվանապես հիշատակել իր կազմակերպված հանցավոր խումբը ՚տանիքավորածՙ անձանց, բայց դա այդպես էլ չի արել:

Բայց, ինչպես պարզվել է, դա այդ տարիներին սեփականության բռնի խլմամբ ու յուրացմամբ զբաղվող միակ հանցախումբը չէր: Ընդամենը մեկ ամիս առաջ բարձրացել է Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր եւ մեր երկրի չափանիշներով հաջողակ ձեռներեց ու ներկայումս Ֆրանսիայում բնակվող Էլշադ Աբդուլաեւի` 2005 թվականին խորհրդարանական աթոռ գնելու փորձի կապակցությամբ աղմուկը: Աղմկահարույց զարգացումների ընթացքում նախկին ռեկտորը հայտարարել է, որ իր եղբայրը` Ազգային անվտանգության նախարարության աշխատակից Մահիր Աբդուլաեւը, դեռեւս 2003 թ. առեւանգվել էր կազմակերպված հանցավոր խմբի կողմից, ինչը ցայսօր իրավապահ մարմինների կողմից բացահայտված չէ:[3]

Այնուամենայնիվ, այս համակարգն էլ խաթարվեց 2005 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Երկու բարձրաստիճան ՚վերակացուՙ` առողջապահության եւ տնտեսական զարգացման նախկին նախարարներ Ալի Ինսանովը եւ Ֆարհադ Ալիեւը, որոնք երկար ժամանակ համարվում էին իշխող վարչակարգի հիմնասյուներ, ձերբակալվել են պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Հետագայում նրանք դատապարտվել են բացառապես տնտեսական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքների հիման վրա:

Դրանից հետո Ադրբեջանում սկսվել է բիզնեսի եւ իշխանության միջեւ փոխհարաբերությունների նոր դարաշրջանը: Տեղի է ունեցել ողջ տնտեսական ու ֆինանսական իշխանության մենաշնորհումն ու կենտրոնացումը կառավարող վերնախավի նեղ խմբի անձանց ձեռքում: Համակարգն առավելագույնս պարզեցվել ու բյուրեղացվել է: Խոսքը մի քանի անձանց, իմա` ընտանիքների մասին է, որոնց կարող ենք մեկ ձեռքի մատների վրա հաշվել: Վերջին հաշվով` ձեռնարկատիրական միջավայրն ամբողջապես ոչնչացված է: Ի հեճուկս  ահռելի ֆինանսական հոսքերի եւ համարյա 50 միլիարդ եվրոյի հասնող ՀՆԱ-ի` երկրում չկա ոչ մի պաշտոնական միլիոնատեր եւ առավել եւս` միլիարդատեր:

Այսինքն, տեղի է ունեցել բիզնեսի եւ իշխանության լիակատար փոխսերտաճում: Ամեն ինչ` մեկ անձի մեջ: Ադրբեջանում բոլորին վաղուց հայտնի է, թե ում են իրականում պատկանում ՚Ակորդՙ, ՚Գիլանՙ, ՚ԶԳԱՆՙ եւ այլ խոշոր ընկերությունները: Բայց դրանց իսկական տերերի անունները բարձրաձայնել չի կարելի: Պետպատվերներն ու մրցույթները ՚յուրայինՙ ընկերությունների միջեւ բաշխելու հետեւանքով ծագած հրապարակային անախորժություններից հետո Ադրբեջանում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտների հիմնադիրների մասին ԶԼՄ-ներին տեղեկատվություն տալն արգելող օրենք: Մի խոսքով, մարդիկ օրենսդրորեն պաշտպանել են իրենց իսկ տնտեսական շահը: Մի բան կգրես, բայց հետո դատարանում չես ապացուցի, որ իրավացի ես:

Հայաստանն ու Վրաստանն, ըստ իս, իշխանության եւ բիզնեսի միջեւ փոխհարաբերությունների զարգացման երրորդ փուլում են մնացել, ինչն էլ այդ երկրներում ժամանակ առ ժամանակ քաղաքական ճգնաժամների առաջացման գլխավոր պատճառներից է: Ամեն ինչ հարկ է հասցնել ՚կատարելությանՙ` ինչպես Ադրբեջանում…

 

—————————————-

1.http://inamcfp.org/svobodnaya_volya/4.htm 

2.http://www.ng.ru/cis/2005-03-15/5_baku.html 

3.http://www.zerkalo.az/2012/banalnyiy-fakt-politicheskoy-korruptsii/

Share

Comments are closed.