Իշխանությունն ու բիզնեսը. ղարաբաղյան առանձնահատկություններ

Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
“Հելսինկյան նախաձեռնություն-92” կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, “Սոցիալական արդարություն” կուսակցության նախագահ
Ստեփանակերտ

Ցանկացած ճանաչված կամ չճանաչված երկիր ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, որոնք առնչվում են մարդու կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Հենց միջազգային չափանիշներին համահունչ կամ ոչ համահունչ տարբերակիչ առանձնահատկությունների շնորհիվ է երկիրը յուրովի անվանվում եւ միջազգային հանրության կողմից ճանաչվում կամ չճանաչվում որպես ինքնիշխան պետություն:

Ճանաչման հավակնություն ունեցող չճանաչված պետությունների համար շատ կարեւոր է թե՛ սեփական ժողովրդին, եւ թե՛ միջազգային հանրությանը ցուցադրել իրենց առանձնահատուկ ձեռքբերումները մարդկային չափման բոլոր հարաչափերում: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է ինքնադրսեւորման ազատությանը, մարդու իրավունքների ապահովմանը, հասարակաքաղաքական եւ մշակութաբարոյական մրցակցային փոխհարաբերություններին, քաղաքացիների ինքնագործունեության ձեւերին` ներառյալ նրանց մասնակցությունը պետական կառավարմանը, մարդկային եւ նյութական պաշարների ինքնաբավությանը եւ, ամենակարեւորը, ազատական ու թափանցիկ տնտեսական փոխհարաբերությունների գործառնությանը… Այս բոլոր բաղադրիչների փոխշաղկապված համագումարը պետության գործունակության համընդգրկուն հարաչափն է եւ գնահատման պարտադիր փորձաքարը` ճանաչված պետությունների ակումբին անդամակցելու համար…

 

Վերջերս կայացած ԼՂՀ նախագահական ընտրությունները մեր պետության համար սույն հարաչափերի մասով հասունության քննություն էին եւ պատասխանն այն հարցի, թե արդյո՞ք ԼՂՀ-ն տեղ ունի աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում: Ի մեծ բավականություն բոլորիս` ԼՂՀ-ում քաղաքացիական հասունության աճ է նկատվել, որը, սակայն, բախվել է իշխանությունների ակներեւ անպատրաստությանը` հարգելու հասուն ինքնագիտակցություն դրսեւորած այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրությունների միջոցով ձգտել են իրազեկել ղեկավարությանը` պետական կառավարման հասարակաքաղաքական եւ տնտեսական բնագավառներում կառավարության վարած քաղաքականության նկատմամբ իրենց տածած անհամաձայնության մասին: Իշխանությունները, ժողովրդավարական պոռթկման աննախադեպ ներուժը գնահատելու եւ այն կառուցողական հունով ուղղելու փոխարեն, օգտագործել են վարչական ողջ պաշարը` ժողովրդի հետ փոխհարաբերություններում ստատուս-քվոն պահպանելու համար:

Ընտրություններն ակներեւաբար ցուցադրել են ԼՂՀ քաղաքացիների մեծամասնության դժգոհությունն իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ: Ղարաբաղցի ընտրողների կողմից իշխանությունների նկատմամբ մերժողական կեցվածքի պատճառը Լեռնային Ղարաբաղի զարգացման ժամանակակից օրակարգի վերաբերյալ իշխանական կառույցների եւ ղարաբաղյան մնացած հասարակության միջեւ գոյացած տարաձայնությունն էր: Սույն տարաձայնության հիմքում առաջին հերթին ընկած էին բիզնես-հարաբերությունները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում երկրի տնտեսության մեջ ազատական, թափանցիկ եւ մրցակցային լինելու փոխարեն զգալի չափով դարձել են կլանային եւ հովանավորչական:

 

Քննելով բիզնես-հարաբերությունները ողջ աշխարհում` կարելի է արձանագրել հետեւյալը. իշխանությունն ամենուր մասնակցում է երկրի տնտեսական բաղկացուցչի ոլորտում ներդաշնակ փոխհարաբերությունների ձեւավորմանը: Դա շատ բնական է: Յուրաքանչյուր իշխանություն, ժողովրդավարական ընտրությունների, ռազմական կամ այլ ճանապարհով ձեռք բերելով պետություն կառավարելու իրավունք, ընտրողների կամ կողմնակիցների համաձայնությամբ իր վրա է վերցնում պետությունը կառավարելու լիազորությունն ու պատվերը` իրենց հասարակությունների վերափոխման եւ սոցիալ-տնտեսական բարօրության բարձրացման համար: Պետության եւ երկրի քաղաքացիների համար կենսականորեն կարեւոր ազգային նախագծերի մշակման եւ իրականացման գործընթացների մեջ ներգրավված անձինք հասնում են կայուն դրական արդյունքի եւ նվազեցնում անհաջողությունների համար պատասխանատվության ռիսկերը: Միեւնույն ժամանակ, ժողովրդի կարծիքն արհամարհող եւ ինքնակամ կերպով երկրի զարգացման առաջնահերթությունները որոշող անձինք ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց պետության անվտանգ գոյությունը, այլեւ քայքայում են յուրաքանչյուր հանրության զարգացման բարոյահասարակական բաղկացուցիչը:

 

Մարդկության պատմությանը ծանոթ են շատ օրինակներ, թե ինչ բարձրությունների են հասնում զարգացման առաջին ուղին ընտրած պետությունները, եւ թե ինչ վախճանի են հանգում երկրորդ ուղին թեւակոխածները: Անգամ ԽՍՀՄ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պես ամբողջատիրական պետություններում յուրաքանչյուր, նախ եւ առաջ, տնտեսական նախագծերի կենսագործումն անցնում էր համաժողովրդական քննարկում ու նոր միայն հաստատվում:

 

Ղարաբաղյան իշխանություններն ընտրել են զարգացման յուրահատուկ ճանապարհ, որն, իհարկե, հիմնված է երկրորդ` անհեռանկար ուղու վրա: Կենսականորեն կարեւոր ազգային նախագծերի շուրջ քննարկումների եւ որոշումների կայացման թափանցիկության բացակայությունը կտրուկ նվազեցրել է քաղաքացիների կողմից կառավարության գործունեության վերահսկողությունը եւ, դրանով իսկ, ազատել է կառավարության ձեռքերն ահռելի դրամական ներարկումներ պահանջող ՚հավակնոտՙ նախագծերի իրականացման հարցում: Արդյունքում, պետությունը ներքաշվել է ծավալային առումով աներեւակայելի պարտքերի մեջ, որոնց վերադարձը մեր պետության ներկայիս տնտեսությունն ի վիճակի չէ ապահովել պարտատերերի հետ նախապես համաձայնեցված ժամկետներում… Անմիտ կրեդիտորական փոխառությունների հիման վրա կառուցված բյուջետային բուրգը, որն ի սկզբանե իշխանություններին առիթ է ընծայել անգամ ՚միջազգային ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածումՙ բարձրաձայն հայտարարելու ՚ֆանտաստիկՙ տնտեսական հաջողությունների մասին, այնպիսի ճաք է առաջացրել, որ սարսափում ես սոսկ պարզ մտքից այն մասին, թե այս ամենը շուտով կարող է փլուզվել:

 

Ասեմ, որ փլուզվելու է ոչ թե ինչ-որ հիպոթետիկ կառույց կամ ինչ-որ հեռավոր ու մեզ օտար պետություն, այլ մեր` ղարաբաղցիներիս 20-ամյա երկիրը, որը հիմնադրման պահին հիմնավոր հույսեր էր ներշնչում` ստեղծելու համընդհանուր բարօրության հասարակություն, որտեղ  յուրաքանչյուր ազատ քաղաքացի կարողանալու է տնօրինել իր ճակատագիրն ու վայելել ներդաշնակ զարգացման եւ շրջակա աշխարհի հետ հարաբերվելու հնարավորությունները: Մինչդեռ այսօր մենք ունենք մի երկիր, որտեղ անձնական բիզնեսն իշխանություն ունեցող որոշ անձանց ձեռքին գերիշխանության միջոց է դարձել, որոնք էլ ավելի են մեծացնում ոչնչով չհիմնավորված ու չերաշխավորված վարկերի փոխառության ծավալները…

Վերոբերյալ վերլուծության շրջանակներում բացահայտված իրադրությունը մեծապես վհատեցնող ու անմխիթար է… Այժմյան կառավարությունը երկար տարիների կտրվածքով մեզ` քաղաքացիներիս, նետել է պարտքերի փոսի եւ հետագա լուրջ տնտեսական զարգացման անհնարինության մեջ: Կառավարությանը թվում է, թե իրավիճակը փրկելու համար կարելի է նոր վարկերով վերաձեւել պետական պարտքը: Բայց դրանով իսկ  մենք ընդամենը մոտեցնում ենք Լեռնային Ղարաբաղի` միջազգային ասպարեզում որպես ինքնաբավ տնտեսական զարգացմանն անընդունակ երկիր ներկայացված լինելու վտանգը: Այս բաղադրիչը չճանաչված պետությունների համար միջազգային իրավունքում թերեւս կարեւորագույնն է` միջազգային հանրության կողմից ինքնահռչակ պետությունը որպես ինքնիշխան եւ անկախ ճանաչելու համար: Մինչդեռ… ԼՂՀ Ազգային Ժողովը եւս հինգ տարով միաձայն  երկարաձգել է այդ քաղաքականության իրականացման մանդատը…

 

Մեզ մնում է լոկ աղոթել, որպեսզի Տեր Աստված փրկի մեր բազմաչարչար երկիրը, որպեսզի մի օր իշխանությունը վեր կանգնի իր հավակնություններից եւ ժողովրդի հետ միասին կարողանա հանգել համազգային համաձայնության՝ երկիրը ներկա անպատվաբեր վիճակից դուրս բերելու համար…

Share

Comments are closed.