ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (նոյեմբեր)

Նոյեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմում է 3180 մարդ, գրանցված գործազուրկների թիվը` 2942 մարդ:

Նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող ՚Ուրալ-375/236ՙ մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս (թվով 19 պայմանագրային զինծառայող) Քարվաճառի ՚Հարուրի ձորՙ կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, որի հետեւանքով մահացել է 4 զինծառայող, իսկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 15 զինծառայողներ:

Նոյեմբերի սկզբներին ԼՂՀ նախագահի խորհրդական Գ. Գաբրիելյանցի հրավերով Արցախում էր գտնվում ՚Հայասաՙ երիտասարդական հասարակական կազմակերպության պատվիրակությունը, որի Արցախ այցելության հիմնական նպատակն էր ԼՂՀ երիտասարդական սեկտորի հետ կապերի ամրապնդումն ու համատեղ ծրագրերի քննարկումն ու մշակումը. ծրագրի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի, մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի եւ երիտասարդական սեկտորի առաջնորդների հետ, ինչպես նաեւ այցելել մշակութային օջախներ եւ տեսարժան վայրեր:

Նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան մանկական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Ռոբերտ Եսայանի ՚Կենսագրության եռանկյունիՙ գրքի շնորհանդեսը:

Նույն օրը վարչապետ Արա Հարությունյանը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի ուսանողների համար. թեման կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագիրն էր, որն ընդունվել է այս տարվա նախագահական ընտրություններից եւ կառավարության նոր կազմի ձեւավորումից հետո:

Նոյեմբերի 2-ին կայացավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հայտարարվեց, որ նոյեմբերի 25-ին անց են կացվելու Քաշաթաղի շրջանի Երիցվանքի համայնքի ղեկավարի արտահերթ, իսկ դեկտեմբերի 23-ին` Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի, Խրամորթի, Սառնաղբյուրի եւ Հադրութի շրջանի Ուխտաձորի համայնքների ղեկավարների հերթական ընտրություններ:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նոյեմբերի 5-ին ստորագրած որոշումներով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալներ են նշանակվել Արմեն Սարգսյանը եւ Միքայել Համբարձումյանը:

Նույն օրը ժամը 12:10-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի բնակիչ` 1989թ. ծնված Վ. Ղ-ն, վարելով անձնական օգտագործման ՚Մերսեդես-Բենց -190ՙ ավտոմեքենան, Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի 31-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, ինչի հետեւանքով նրա հետ ընթացող համագյուղացիներ` 1956թ. ծնված Վ. Ղ-ն եւ 1958թ. ծնված Ծ. Ղ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց:

Նոյեմբերի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում հնձվել էր 58363.6 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1031201.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.7 ց/հա:

Նոյեմբերի 6-ին` ՀՀ մանկապատանեկան ասմունքի հինգերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի հանրապետական փուլը. ժյուրիի վերջնական գնահատականների ամփոփումից հետո հայտնի դարձան մրցույթի 7 հաղթողները, ովքեր էլ իրավունք նվաճեցին Երեւանում մասնակցելու եզրափակիչ փուլին:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում հանձնաժողովի հավանությանն արժանացավ ՚Ղարաբաղ Տելեկոմՙ ընկերության կողմից ներայացված առաջարկությունը` նոյեմբերի 12-ից ինտերնետ սակագների իջեցման վերաբերյալ:

Նույն օրը քաշաթաղցի ուսանողների հետ հանդիպեց վարչապետ Արա Հարությունյանը, ով խոստացավ աջակցել ՀՀ եւ ԼՂՀ բուհերում սովորող եւ չաշխատող քաշաթաղցի ուսանողներին` ուսման վարձի փոխհատուցման մասով. նրա հավաստմամբ` հունվարի 1-ից այն ուսանողները, ովքեր սովորում են բուհերում եւ չեն աշխատում, ուսման վճար չեն տալու:

Նույն հանդիպման ժամանակ վարչապետը տեղեկացրել է, որ բացի շրջանի հարավային թեւի ոսկու հանքից, ըստ նախնական տեղեկությունների, ոսկով, պղնձով եւ մոլիբդենով հարուստ է նաեւ հյուսիսային թեւի,  մասնավորապես` Շալուա գյուղի շրջակայքի ընդերքը. այստեղ, ըստ վարչապետի, հնարավոր է լինի հանքարդյունաբերական հաջորդ համալիրը:

Վարչապետը քաշաթաղցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նաեւ տեղեկացրել է, որ Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի դպրոցական շենքի շինարարությունը սկսվելու է 2013 թվականի մարտին:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին եւ հանդես եկել ողջույնի խոսքով` կոչ անելով նույն եռանդով ու ոգեւորությամբ մասնակցել ՚Հեռուստամարաթոն 2012ՙ-ին, եւ ինչպես միշտ սատար կանգնել Արցախի շենացման հայրենանվեր գործին:

Նոյեմբերի 8-ին եւ 9-ին, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել հարավային եւ հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում եւ ենթակա զորամասերում, հանդիպումներ ունեցել սպայական անձնակազմի եւ ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել տեղերում ընթացող գործընթացներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Վիեննայում նոյեմբերի 8-ին կառույցի մշտական խորհրդին ներկայացրել են տարեկան զեկույցը. համանախագահները ներկայացրել են կողմերի հետ անհատական եւ համատեղ հանդիպումների եւ տարածաշրջան իրենց այցերի, ինչպես նաեւ համանախագահող յուրաքանչյուր երկրի երկկողմ հանդիպման ու հունվարին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:

Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որի ավարտին հավաքագրվել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում:

Նոյեմբերի 5-ից 8-ը Լոնդոնում կայացած ՚World Travel Marketՙ զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին ՀՀ-ի հետ մեկտեղ իր ներկայությունը բերեց նաեւ Արցախը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:

Նոյեմբերի 10-ին Շուշիում` ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչական շենքի դահլիճում, տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ ընդլայնված նիստը` Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում. օրակարգում ՚Կրթության եւ մշակույթի ոլորտներում ընթացող բարեփոխումները` որպես ազգային հզորացման եւ միջազգային ճանաչման նախապայման. օրենսդրական հնարավորություններ ու խոչընդոտներՙ հարցն էր:

Նոյեմբերի 11-ին Ստեփանակերտում առաջին անգամ կայացած կիոկուշին կան կարատե դո Հայաստանի բաց առաջնությանը մասնակցած արցախցի 33 մարզիկներից 7-ը մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Կամո Վարդանյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակելու մասին` ազատելով նրան ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրի համաձայն` գնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից:

Նախագահը ստորագրել է նաեւ հրամանագիր գնդապետ Վաչագան Ներսիսյանին ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:

Նոյեմբերի 12-ին Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, Միավորված ազգերի կազմակերպությանը եւ նրա մասնագիտացված գործակալություններին, ինչպես նաեւ բոլոր խաղաղասեր անդամ-պետություններին Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցում աջակցություն ցուցաբերելու կոչով, որպեսզի ԼՂՀ ժողովուրդը կարողանա իրացնել իր հիմնարար իրավունքները եւ ազատությունները:

Նոյեմբերի 12-ին, ժամը 16:30-ին, Հադրութի շրջանի Հակակու գյուղի բնակիչ` 1971թ. ծնված Տ.Մ-ն, վարելով անձնական օգտագործման ՚Մ-412ՙ ավտոմեքենան, Հադրութ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է ճամփեզրի հողաթմբին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով համագյուղացի` 1990թ. ծնված Ա.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել շրջհիվանդանոց:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արա Վանյանին եւ Սեդա Վանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին (նրանք հաղթող են ճանաչվել Խորհրդի թափուր տեղերի համալրման համար անցկացված մրցույթներում):

Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Հանրապետության ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ. հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

՚Ուրուգվայում ընդունում ու հասկանում են, որ մյուս ժողովուրդները եւս ունեն ինքնորոշման օրինական ցանկությունՙ,- այս մասին իր ելույթում հայտարարել է Ուրուգվայի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն` ԼՂՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում` պատգամավորական կազմի եւ ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի պատվիրակության հանդիպման ժամանակ:

՚Մենք կողմնակից ենք հակասությունների խաղաղ լուծմանը: Ուրուգվայում բոլորը հասկանում են, որ կան երկրներ, որոնք նույնպես ինքնորոշվելու օրինական ցանկություն ունեն, եւ կա միջազգային դատարան, որը կարող է բոլոր հակասությունները լուծել: Մենք պատրաստակամ ենք համագործակցել այն բոլոր հարցերում, որոնք միտված են խաղաղ կարգավորմանըՙ,-հայտարարել է Խորխե Օրիկոն:

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու եւ վերաբնակչի կարգավիճակ ստանալու համար հոկտեմբեր ամսում նախարարություն է ներկայացվել 11 ընտանիքների փաստաթղթեր. վերաբնակչի կարգավիճակ է տրվել 11 ընտանիքների 35 անձանց, որոնցից 15-ը` երեխաներ:

Նոյեմբերի կեսին տարածած հաղորդագրության համաձայն` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նախնական տվյալներով` այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 20839.7 մլն դրամ, որը պլանավորված 20696.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 0.7 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 10.1 տոկոսով:

Մեկ տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների 3-րդ անգամ խախտում թույլ տալու համար 1 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվել է տուգանք 300.0 հազ. դրամի չափով, եւ գործունեությունն այդ մասով կասեցվել է 10 օրով:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ տարբեր հանդիպումներ է ունեցել, ինչպես նաեւ մասնակցել ամենամյա հեռուստամարաթոնին:

Նոյեմբերի 17-ին կյանքից հեռացավ արցախյան շարժման ակտիվ մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ, անվանի մանկավարժ Վիգեն Հայրապետյանը:

Նոյեմբերի 15-18-ը Ֆրանսիայում տեղի ունեցավ ՚Հայաստանՙ համահայկական հիմնադրամի 13-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնը, որի արդյունքում գրանցվեց ավելի քան 1 միլիոն 400 հազար եվրոյի խոստում. այս տարվա նվիրատվությունները 8%-ով գերազանցում են 2011թ. հեռախոսամարաթոնին հանգանակված գումարը:

Նոյեմբերի 17-ին Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղի ՚Սուարասՙ կոչվող տեղամասում փայտով բեռնված ՚ԶԻԼ-131ՙ ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա, ինչի հետեւանքով ուղեւորներից երկուսը տուժել են:

Նոյեմբերի կեսից ինտերնետ ծառայությունների սակագները իջեցրեց նաեւ ՚Արմինկոՙ ընկերությունը:

Նոյեմբերի 19-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը N 10 եւ N 15 ընտրատարածքներում, որտեղ դեկտեմբերի 23-ին կկայանան Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ:

Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին բնակարանով ապահովելու ծրագիր է սկսվելու 2013 թվականից` այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարվել է ԼՂՀ կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանի կողմից հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2013թ. տարեկան ծրագրի եւ ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկի ներկայացման ժամանակ:

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց. նախագահ Սահակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը, ինչպես նաեւ վերահաստատել, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետեւանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Հանդիպումից հետո նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ղարաբաղյան կողմից առաջարկ է եղել` տարվա մեջ սահմանել որոշ օրեր, ասենք` տոն օրեր` երեխաների միջազգային օր, Մարտի 8, Սուրբ Զատիկ, Նովրուզ բայրամ, Նոր տարի եւ այլն, որպեսզի այդ օրերին ընդհանրապես կրակոց չլինի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նախագահ Բակո Սահակյանի շուրջ ժամուկես հանդիպումից հետո համանախագահները ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ. ՚Ես տեղեկացրել եմ Բակո Սահակյանին, որ նախագահ Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում ԱՄՆ-ն նույնպես բավականին համառ ջանքեր կգործադրի, որպեսզի խաղաղ կարգավորման գործընթացում շոշափելի արդյունք լինի: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սերտ համագործակցենք մեր գործընկերների հետ, ՌԴ-ի հետ մասնավորապեսՙ,- շեշտել է ամերիկացի համանախագահը:

ԵԱՀԿ Մինկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի  վերագործարկման մասին, նշել է. ՚Մենք գտնում ենք, որ օդանավակայանի շահագործումը տվյալ իրավիճակում լարվածություն կառաջացնի կողմերի միջեւ, եւ միաժամանակ կարծում, որ այդ խնդիրը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով` հաշվի առնելով ունեցած փորձըՙ:

Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ բեյրութահայ ասմունքող Հակոբ Գույումճյանի ասմունքի երեկոն:

Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ. պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ագային ժողովում, արտաքին գործերի նախարարությունում եւ ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամների հետ:

Share

Comments are closed.