Վրաստանն ընտրություններից հետո. խաղաղությունը երազանքից իրականություն դարձնել

Դոկտոր Ռեյչըլ ԿԼՈԳ
“Հաշտության պաշարներ”
կովկասյան ծրագրերի տնօրեն
Լոնդոն

Հարավային Կովկասում հանուն խաղաղության աշխատող բոլոր անձանց մոտ Վրաստանի վերջին իրադարձությունները նոր հույսեր եւ նոր հնարավորությունների զգացում են առաջացրել: Խորհրդային Միության փլուզմանը հետեւած զինված հակամարտություններից անցած տասնամյակներն աչքի էին ընկնում քաղաքական վայրիվերումներով, բռնագաղթյալների ալիքներով եւ հազիվ զգացվող տնտեսական աճով:

Հարավային Կովկասում խաղաղ գործընթացները երկխոսությունից մտնում էին փակուղի եւ ընդհակառակըª ընդմիջվելով բարձր լարվածության կամ պատերազմների ժամանակահատվածներովª բռնության վերսկսման կայուն սպառնալիքի ֆոնին:

Այն ժամանակ, երբ խաղաղարար ջանքերը` հակամարտության կողմերի միջեւ փոխըմբռնում հաստատելու եւ հակամարտությունները վերափոխելու նպատակով, մեկ րոպե անգամ կանգ չէին առնում, շատերը բավական պահպանողաբար էին գնահատում դրանց հաջողության հնարավորությունը:

Եթե նոր կառավարությունը կարողանալու է բազմախոստում հայտարարություններն իրական գործողությունների վերածել, ապա վերագնահատման պիտի ենթարկվեն նաեւ ամենահոռետեսական մոտեցումները:

 

Իշխանության կանոնակարգված փոխանցումը

Մեկ շաբաթ առաջ տրվել է վերջին ձայնը խորհրդարանական այն ընտրություններում, որոնք Վրաստանի պատմության մեջ կգրանցվեն որպես իշխանության առաջին խաղաղ փոխանցում մի ձեռքից մյուսը:  Ի հեճուկս որոշ սպասելիքներիª Միխեիլ Սահակաշվիլին վարվել է որպես իսկական պետական գործիչª ճանաչելով իր պարտությունը: Այս քայլով նա մարտահրավեր է նետել Բիձինա Իվանիշվիլուն եւ իր ՚Վրացական երազանքՙ կուսակցությունների դաշինքին, որը բաղկացած է գործադիր իշխանության շրջանակներում համատեղ աշխատանքի փորձից զուրկ քաղաքական ամենատարբեր հայացքներ ունեցող կուսակցություններից: Դաշինքին սպասվող բարդություններն ինքնին ակնառու են:

Նախարարների նոր կաբինետի անդամների թեկնածուները, որոնք նախագահի կողմից դեռեւս պետք է ներկայացվեն խորհրդարանի հաստատմանը, ներառում են խաղաղարար շրջանակներում լավ հայտնի մի շարք անձանց: Վերինտեգրման պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին տարածաշրջանում ՚Հաշտության պաշարներիՙ վաղեմի գործընկերներից է, որը մեր աշխատանքներին մասնակցել է վերջին 15 տարիների ընթացքումª ընդհուպ մինչեւ այս տարվա հուլիսին սկսված ընտրարշավը: Պաշտպանության նախարար եւ փոխվարչապետ Իրակլի Ալասանիան նույնպես մասնակցել է մեր կազմակերպության աջակցությամբ իրականացված երկխոսության նախագծերին, իսկ 2005-2008 թթ. Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով կարողացել է հաստատել կառուցողական գործնական հարաբերություններ աբխազ գործընկերների հետ:

Այս երկու անձինք, ինչպես նաեւ մշակույթի նոր նախարար` 90-ականների սկզբին Աբխազիայից բռնագաղթված վրացի գրող Գուրամ Օդիշարիան օժտված են մեծ փորձառությամբ եւ քաջահմուտ են վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորման հիմքում ընկած հարցերին:

 

Առջեւում ոչ միայն դժվարություններն են, այլեւ հակամարտությունների վերափոխման նոր հնարավորությունները

Ի՞նչ է խոստանում այս ամենը տարածաշրջանում խաղաղության կերտման հեռանկարների համար: Հաստատվելիք խաղաղության հիմքերի կերտման ուղղությամբ արդեն իսկ մեծ ջանքեր ներդրած անձանց պետական ազդեցիկ պաշտոններին անցնելու հանգամանքը  կարող է նոր սկզբի ազդանշանը լինել:

2008 թ. օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմից հետո կառուցողական փոփոխությունների ներուժը նվազագույն էր, իսկ ՚Հաշտության պաշարներիՙ պես կազմակերպությունների աշխատանքը վրաց կառավարական շրջանակներում կասկածանքով էր դիտվում:  Պետական այրերի ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած էր հակամարտության ռուս-վրացական բաղադրիչի վրա, իսկ վրաց-աբխազական մակարդակի վրա մեր ու մեր գործընկերների համատեղ աշխատանքն ընկալվում էր որպես ժամանակավրեպ եւ Վրաստանի շահերին հակասող գործունեություն:

Աբխազների եւ հարավային օսերի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ աշխատելու կարեւորության ճանաչումը` Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացման ջանքերին զուգահեռ վկայում է մոտեցումների փոփոխության մասին:  

Սակայն, վերջին երկու տասնամյակների ժառանգությունը եւ հակամարտությունների հիմքում ընկած արմատական տարբերությունները դեռ երկար են իրենց մասին հիշեցնելուª հիասթափեցնելով արագ եւ արմատական փոփոխություններ ակնկալողներին: Այն հանգամանքը, որ մինչ գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններն Իվանիշվիլին հանդես է գալու վարչապետի, իսկ Սահակաշվիլին նախագահի կարգավիճակում եւ երկուսն էլ խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, ակնհայտորեն հուշում է, որ մոտակա ամիսներին ուժերի ահռելի մասը վատնվելու է արդյունավետ համատեղ աշխատանքի ուղիների որոնման ուղղությամբ:

Հակամարտությունների կարգավորման առաջընթացը նոր իշխանության առաջնահերթությունների ցանկում երրորդ տեղն է գրավում` տնտեսությունից եւ գործազրկությունից հետո: Այս իշխանությունը բացառիկ հնարավորություն ունի փոփոխությունների հասնելու, որովհետեւ բնակչության տեսանկյունից նա պատասխանատու չէ 2008 թ. պատերազմի համար, իսկ կառավարական պաշտոնների թեկնածուներից շատերն ունեն անհրաժեշտ անձնական հեղինակություն` նախկինում խաղաղարար գործունեության մեծ փորձառություն ունենալու շնորհիվ:

Երկխոսությունն ու համբերատարությունը` խաղաղության ամուր հիմք

Բոլորիս է վիճակված տեսնել, թե նոր կառավարության շրջանակներում ո՞ր չափով հնարավոր կլինի գտնել հակամարտությունների խնդրին առնչվող ընկալելի եւ համոզիչ հաղորդակցման հնարավորություններ: Բաց է մնում նաեւ այն հարցը, թե որքանով հռչակված փոփոխությունները կհամապատասխանեն գործերին, այսնքնª իրական փոփոխություններին:

Որպեսզի այս ամենը տեղի ունենա, պահանջվում են խորհրդանշական բնույթի համաձայնեցված ազդակներ, որոնք թույլ կտան հակամարտության այլ կողմում կանգնած կառավարություններին ու ժողովուրդներին համոզվել, որ քսանամյա թշնամանքն ու անվստահությունը հնարավոր է փոխակերպել միանգամայն նոր հարաբերությունների հաստատմամբ:

Հակամարտությունների կարգավորումը ենթադրում է ռիսկեր, փոխզիջումներին ընդառաջ գնալու պատրաստակամություն եւ կողմերի կարիքների ու սպասելիքների լավ ըմբռնման վրա հիմնված առաջամղիչ ռազմավարության կառուցման համար անհրաժեշտ համբերատարություն: Եթե նոր կառավարությունը կարողանալու է իր հսկողության տակ առնել սպասելիքներն ու հակամարտող կողմերի միջեւ ստեղծել հաղորդակցման եւ բաց երկխոսության խողովակներ, ապա դա միանշանակ լինելու է դրական առաջին քայլը:

——————————–

Հոկտեմբեր, 2012թ. 

Հաշտության պաշարներ“-ը վրաց եւ աբխազական գործընկերների հետ 15 տարուց ավելի տեղում համագործակցող խաղաղարար կազմակերպությունն է: 

www.c-r.org

Share

Comments are closed.