Վրաստան` նոր իշխանություն, Հարավային Օսիա` նոր տեսլական

Արդյո՞ք լինելու է վերբեռնում

Մարիա ՊԼԻՈՆ
Անկախ լրագրող
Ցխինվալ

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները եւ նոր կուսակցության հաղթանակը դարձել են տեղեկատվական դաշտի հիմնական թեման: Հարավային Օսիայում պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ թեման չեն քննարկում: Սակայն, լրագրողները, փորձագետներն ու հասարակական գործիչներն ուշադրությամբ հետեւել են թե` ընտրությունների ընթացքին, եւ թե’ Վրաստանի նոր իշխանության հայտարարություններին:

Ցավոք, ՚Վրացական երազանքիՙ առաջնորդն առաջին իսկ հարցազրույցներից մեկում հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ ՚հայերը չեն ապրում իրենց պատմական հայրենիքումՙ: Իմանալով Վրաստանի նորագույն պատմությունը` տվյալ հայտարարությունը պետք է գնահատել որպես հարված Վրաստանի բոլոր հարեւաններին: Իհարկե, վրաց նոր վարչապետի մամլո ծառայությունը քիչ անց հայտարարել է, թե Իվանիշվիլին նման բան չի ասել եւ թե մեջբերումը համատեքստից դուրս էր կորզված, բայց հարավօսական փորձագետները դեռ լավ են հիշում նրա նախըտրական ելույթները: Զուգդիդիում տեղի ունեցած բազմահազար նախընտրական հանդիպման ժամանակ Իվանիշվիլին Վրաստանի հանգուցյալ առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային անվանել է ՚Վրաստանի առաջին ժողովրդավար եւ անկախության մարտիկՙ: Այնուհետեւ, սոցիալական ցանցերում շատերը կարողացել են դիտել փախստականների հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեի շփումն ընտրողների հետ, որի ընթացքում նա բացահայտ ասել է, թե Վրաստանը հարկ է կառուցել վրացիների համար:

Օսական անկախ փորձագետների շրջանում Վրաստանի նոր իշխանության վերաբերյալ տեսակետները տարբեր են:

Օս փորձագետ, հակամարտաբան Ալան Պարաստաեւը կարծում է, որ Հարավային Օսիայում ընտրություններին առանձնապես ի մոտո չեն հետեւել:

– ՀՕՀ քաղաքացիներին ընտրությունները հուզում էին Ռուսաստանի հետ Վրաստանի նոր ղեկավարության քաղաքական  դիրքորոշումների հնարավոր մերձեցման տեսանկյունից: Իրականացել են ՀՕՀ ժողովրդի ամենավատթար սպասումները. Կրեմլի կողմից տառացիորեն ատելի Սահակաշվիլին  կարողացել է յուրովի հաղթանակ տանել Իվանիշվիլու հանդեպ, որի ազգանունն անգամ հաստատում է վերջինիս ռուսամետ կողմնորոշումը: Բացի դրանից, մարդիկ բավականին ուշ իմացան, որ խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունը մոտակա շրջանում նշանակելու է պետության ղեկավարին: Շատերին այս նորությունը վհատության մեջ է գցել: Կան մտավախություններ, որ մոտ ապագայում սկսվելու են Թբիլիսիի եւ Կրեմլի հերթական խաղերը: Ի հեճուկս Պուտինի, Մեդվեդեւի եւ Լավրովի հավաստիացումների` ՚լքված տուրբազա Օսիայիՙ սինդրոմը դեռեւս կենդանի է:

Այդ իսկ պատճառով գործընթացը բարեդրացիական հարաբերությունների համար նպաստավոր դիտելը դժվար է: Վերջին զարգացումները դրական են դիտվում թերեւս միայն գերազանցապես վրացաբնակ Լենինգորի շրջանում  եւ վրաց-օսական խառը բնակության այլ վայրերում:

Վերջերս կրակի վրա յուղ է լցրել Վլադիմի Պուտինը, ով հայտարարել է, թե. ՚Մեզ կհաջողվի բարեդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետՙ: Այսքանից հետո տրամաբանորեն պետք է հնչեին ժամանակին շատ տարածված երգի խոսքերը. ՚Կատարիր այնպես, ինչպես ես եմ անում, կատարիրՙ: Դրան ի պատասխան ՀՕՀ նախագահ Տիբիլովը նկատել է, թե ՚ինքը հոռետեսորեն է վերաբերվումՙ թբիլիսյան իշխանափոխությունից հետո ռուս-վրացական հարաբերություններում իրական տեղաշարժի սպասումներին:

Փորձագետ Վիսարիոն Ասեեւի կարծիքով, Լեոնիդ Տիբիլովը մարդասիրական եւ այլ հարցերում կարող է Վրաստանի հետ համագործակցություն սկսել, եթե տեղի ունենա Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների ջերմացումը:

– Իսկ ջերմացումը տեղի է ունենալու: Բայց մենք նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ կարող ենք հույս դնել միայն ինքներս մեզ վրա: Մենք պետք է ինքնուրույն կառուցենք մեր պետությունը եւ այն գրավիչ դարձնենք թե’ մեզ` օսերիս, եւ թե’ այլոց համար: Լոկ այդ ժամանակ մեր հարեւաններն ու բոլորը կտեսնեն, որ մենք մուրացկան չենք, այլ աշխատող եւ ինքնուրույն մարդիկ, որոնք ոչ մեկին չեն սպառնում, չեն կողոպտում եւ կարող են ինքնապաշտպանվել: Միայն այդ ժամանակ մեր հանդեպ վերաբերմունքը կփոխվի: Իսկ այժմ վրացիները պարզապես ավելի շատ են համոզվելու, որ հարցերը պետք է լուծել Մոսկվայի եւ ոչ թե օսերի հետ:

Այսօր ես վրացական նոր իշխանության մեջ Հարավային Օսիայի համար ոչ մի նոր բան չեմ տեսնում: Չէ՞ որ խնդիրը նոր խորհրդարանի եւ նոր նախարարների մեջ չէ, այլ այն բանի մեջ, թե որքանով է հասարակությունն ի վիճակի մերժել այդպիսի նախարարներին: Մենք չէ, որ պետք է արձագանքենք վրացի արմատական ազգայնականներին` ի դեմս նրանց փախստականների հարցերով նախարար Դավիթ Դարախվելիձեի: Դա վրաց հասարակության պարտավորությունն է: Բայց վրաց հասարակությունը դեռեւս պատրաստ չէ վերափոխվելու եւ գիտակցելու այն իրականությունը, որ մենք տարբեր ենք:

Վերջերս վրացի  փորձագետ Զուրաբ Մարշանիան Վրաստանում կայացած ՚կլոր սեղանիՙ ժամանակ հայտարարել է, որ իր իրավունքների համար ապրիորի` ի սկզբանե պայքարող ազգին համարում են միջազգային իրավունքի սուբյեկտ: Ինձ համար նոր եւ հետաքրիր է հենց այս մարդու կարծիքը: Այս սթափ գնահատականը միջազգային իրավունքի նոր սուբյեկտների ի հայտ գալու կապակցությամբ հույս է տալիս, որ մեր հարաբերություններում առողջ դատողությունն, ի վերջո, կհաղթանակի, եւ մենք կսկսենք բարեդրացիական կյանք:

Մնացած տեսակետները նախկինի պես նույնանում են վրացական ուղեգծին, որը պնդում է, թե բավական է պայմանավորվել Ռուսաստանի հետ, որպեսզի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ վարվեն ըստ իրենց ցանկության: Վրաց քաղաքական մտքի այս ողբերգական ուղղությունը որերոդ անգամ հանգեցնում է բազմաթիվ զոհերի:

Սահակաշվիլին դրա միակ մեղավորը չէ: Շատերն էին նրան համոզում, որ ՚Ռուսաստանը պետք է սկսի դիվանագիտական նախաձեռնություններ եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերի լուծման դիվանագիտական բանաձեւեր առաջարկիՙ:  Սակայն Ռուսաստանն արդեն իսկ հանդես է եկել նախաձեռնությամբ եւ անկախության ճանաչման համապատասխան որոշում ընդունել: Սպասել այդ որոշման վերանայմանը հավասարազոր է հարյուր հազարավոր մարդկանց ապագայից զրկելուն, անիրագործելի երազանքով շեղել նրանց ուշադությունն առօրեական խնդիրներից եւ դրանով իսկ արգելափակել նրանց զարգացումը: Վրաստանն ինքը պետք է առաջարկի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ միջպետական հարաբերությունների հաստատման բանաձեւը եւ ճանաչման դիմաց հետ ստանա տարածքների մի մասն ու ռազմակայանների բացակայությունը:

Քաղաքագետ Ախսար Ջիգկաեւը համաձայն չէ, որ Թբիլիսին առաջնորդվելու է այլ` ներկայիս նախագահին հակադիր քաղաքական ուղեգծով:

– Արեւմուտքը չի հանդուրժելու այդպիսի ստորացում: Կստացվի, որ 20 տարի Թիֆլիսը նրանց խաբել է, հռչակելով ՚արեւմտամետՙ քաղաքական դիրքորոշում, իսկ այժմ պարզվում է, որ այս ամենը բեմադրված խարդախություն էր: Կստացվի, որ Թիֆլիսը ցանկության դեպքում կարող է ձեռքի մեկ շարժումով ի չիք դարձնել Վաշինգտոնի ու Կոնդոլիզայի ջանքերը եւ ՚դաշինքիՙ մոտից փախչել Հիպերբորեայի մոտ:

Վրաստանում եւ ողջ Անդրկովկասում Իվանիշվիլու հաղթանակից հետո ձեւավորվելու է նոր իրադրություն: Սակայն Վրաստանում կամքն ու իրապաշտությունն արդյունքում վերածվում են ազգայնամոլության եւ գոռոզամտության: Դա երկրի առանձնահատկությունն է, այն միշտ ժողովրդավարության դեմ էր: Այժմ էլ պետք է պարզել, թե ո՞ւմ եւ ի՞նչ են խոստանում ներկայիս հերթական փոփոխությունները:

Մեզ  համար, իհարկե, գլխավորն այն է, թե ի՞նչ ռազմավարական ընտրություն է կատարել Ռուսաստանի Դաշնությունը, թե ո՞ր ուղիով կընթանան ռուսաստանյան քաղաքականությունը մշակողները. արդյո՞ք նրանք Վրաստանից պահանջելու են 2008 թ. արդյունքների ճանաչումը, թե՞ ՚կոտրելուՙ են օսերին եւ աբխազներին` վերջին պատերազմի արդյունքները թիֆլիսյան հավատարմության դիմաց փոխանակելու համար:

Այսօր, ի տարբերություն նախորդ տարիների, Կրեմլում կան մարդիկ, ովքեր ունեն սկզբունքներ եւ հարգում են իրենց իսկ սկզբունքները: Եվ անգամ եթե տեղ տանք վերլուծական վարկածներին, միեւնույն է` Կրեմլը չի համարձակվի բացեիբաց ՚հանձնելՙ այս ժողովուրդներին Վրաստանին: Աբխազիան հրահրելու է Հյուսիսային Կովկասի իր կողմնակիցներին, իսկ օսերը բողոքելու են իրենց ՚զույգՙ հյուսիսային եւ հարավային մասերով: Այս գործընթացները ներկայիս նյարդային Ռուսաստանի համար շատ ավելի վնասակար են, քան Թիֆլիսի հետ արարողակարգային բարեկամությունը, քանի որ իրական բարեկամությունը` Վրաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը, Արեւմուտքը չի հանդուրժի: Թեեւ հնարավոր է մեծածախ փոխանակություն` Թիֆլիսն Իրանի դիմաց:

Ռուսաստանի պարագայում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ գոյություն ունեցող արդյունավետ դաշինքից հրաժարվելը քիչ հավանական է: Այդ դեպքում Կրեմլը ստիպված կլինի միջամուխ լինել օսերի եւ աբխազների վրա գաղտնի ճնշում գործադրելու ծրագրի իրականացմանը, որպեսզի նրանցից կորզի ներկա ստատուս-քվոյից կամավոր հրաժարում հօգուտ Վրաստանի:   Խոսքը միայն գաղտնի ճնշման մասին է, որովհետեւ դաշնակիցների վրա բաց ճնշումն ուղղակի վկայելու է դավաճանության մասին: Քանի եւ քանի սադրանքների հարկավոր կլինի գնալ, որպեսզի ոչ ոք չնկատի դավաճանությունը, եթե Կրեմլը լեզու գտնի եւ սկսի սադրանքներ հրահրել: Դա դյուրին էլ չէ, եւ Կրեմլի համար բարեհաջող ելքը ոչնչով ապահովված չէ: Բացի դրանից Մոսկվայի այդօրինակ վարքագիծն ուղղակիորեն կվկայի (մեղմ ասած) Կրեմլի քաղաքական հեղինակության անկայունության մասին: Արեւմուտքին դա միանգամայն հստակ կերպով հուշելու է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում գլխավորը նպատակային անընդհատ ճնշումն է: Երեկ դա արդեն փորձարկվել է: Արեւմուտքն ինքը զարմացել է այս մեթոդի արդյունավետությամբ: Ռուսաստանի պատմությունից կարելի է հիշատակել բազում օրինակներ, երբ զենքի փառահեղ հաղթանակները զոհաբերվում էին մասնավոր նախապատվությունների եւ քմահաճույքների:

Եթե Թիֆլիսը կամենում է պահպանել նախկին քաղաքական ուղեգիծը, ապա Ռուսաստանի հետ հարաբերություններում նրա հաջողությունը հնարավոր է միայն Արեւմուտքի աջակցությամբ: Իսկ դա նշանակում է, որ Թիֆլիսը խոսելու է Արեւմուտքի շուրթերով:

Ինչպիսի՞ ընտրություն է կատարելու Ռուսաստանի քաղաքական վերնախավը: Նոր հանրապետությունների ՚հանձնումըՙ կործանելու է 2008 թ. օգոստոսին Վրաստանի ագրեսիայից հետո Ռուսաստանի մեծ ջանքերի գնով ձեռք բերած պաշարը, որն աշխարհում արդեն իսկ ճանաչվել է որպես Թիֆլիսի կոպտագույն սխալի հետեւանք: Ռուսաստանի բոլոր քաղաքական հաստատությունները, ինչպես նաեւ կովկասյան ժողովուրդները ՀՕՀ եւ Աբխազիայի անկախության ճանաչումն արդարացի են համարել: Հենց այդ պահից Ռուսաստանը կարողացավ ինքնիրեն դեմքով դառնալ, եւ աշխարհն այս ՚դեմքըՙ արժանավոր է համարել:

Միանգամից ասենք, որ Վրաստանը երբեք չի լինելու Ռուսաստանի սկզբունքային դաշնակիցը: Ռուսներն իրենք վրացիներին համարում են հին բարի հարեւաններ եւ ամեն անգամ վերահաստատում եմ այդ բարեդրացիությունը` խորովածի կամ գինու մասին հիշելով: Բայց պատմականորեն այդ վարկածի օգտին ոչ մի փաստարկ բերել հնարավոր չէ, քանի որ վրացական վերնախավը մեծամասամբ ազատ ընտրության հնարավորության դեպքում միշտ հակառուսական է եղել: Միայն վտանգի ժամանակ էին նրանք սեփական շահերին ծառայեցնում ռուսական ռազմաքաղաքական պաշարը: Օրինաչափ է, որ անկախացումից հետո էլ` Գամսախուրդիայից սկսած, Վրաստանի վարած քաղաքականությունը միանգամայն հակառուսական էր եւ այն տվել է կայուն արդյունքներ` վրացիները վերապատվաստվել են հակառուսական իմունինտետով եւ հազիվ թե երբեւէ այն վերաձեւելու կարիք զգան:  Իսկ, հաշվի առնելով Արեւմուտքում ուսանող վրացիների թվաքանակը, այն առավել եւս անիրական է: Անգամ եթե կողմերը վերահաստատեն ՚Վրաստանի խորհրդային բռնազավթմանՙ շրջանին բնորոշ փոխադարձ սերը, ապա, միեւնույն է, Արեւմուտքի համար Վրաստանը կմնա ՌԴ վրա ճնշում գործադրելու փորձված միջոց: Ինչպես եւ նախկինում, Կրեմլի յուրաքանչյուր փորձ`  համոզելու Վրաստանին գործելու ՚դաշինքիՙ տրամաբանությամբ, վերջինիս կողմից դիտվելու է որպես բռնաճնշում` կայսերական հավակնությունների մասին հաջորդելիք սովորական հայտարարություններով:

Իմ կարծիքով, Ռուսաստանի համար ամենաճիշտ տարբերակը մնում է հասնել Վրաստանի կողմից միջազգային իրավունքի նոր սուբյեկտների ճանաչմանը: Այն Վրաստանին թույլ է տալու ձերբազատվել ՚բռնազավթված տարածքները վերադարձնելուՙ վտանգավոր խաղերից: Մինչդեռ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հանրապետությունները ոչ թե տարածք են, այլ մի շարք պետությունների կողմից միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ճանաչված պետություններ: Վրաստանի բոլոր ուժային գործողություններն առաջին հերթին սպառնալու են հենց Վրաստանին եւ, անտարակույս, ներքաշելու են նրան քաոսի եւ ահաբեկչության երկարատեւ շրջանի մեջ:

Իսկ այն կարծիքը, թե ՚նոր վրացական իշխանությունները երբեք չեն ճանաչի այդ տարածքների անկախությունըՙ, ներքաշում է Վրաստանը անվերջանալի քողարկված հակամարտայնության մեջ, որն ամեն անգամ թեւակոխելու է շիկացած փուլ` յուրաքանչյուր նոր աշխարհաքաղաքական փոփոխության ժամանակ: Ոչ թե Վրաստանը ՚երբեք չի համաձայնվի տարածքային կորուստներիՙ, այլ օսերն ու աբխազները երբեք չեն հրաժարվի իրենց ազգային իրավունքներից ու ազատություններից, որոնք նրանք մյուս ժողովուրդների նման օրինական ճանապարհով ձեռք են բերել ԽՍՀՄ փլուզումից հետո: Հետդարձի ճանապարհ այլեւս գոյություն չունի. այդ քաղաքական գործընթացներն այլեւս անշրջելի են, եթե, իհարկե, Վրաստանը չորոշի այդ ժողովուրդներին ֆիզիկապես բնաջնջել: Իսկ սա արդեն ահաբեկչության ճանապարհ է. հազիվ թե Վրաստանն ընտրի այն` զրկելով իրեն խաղաղ զարգացման հնարավորություններից` մինչեւ աշխարհի վերջը:

՚Օսերին ու աբխազներին ենթարկեցնենք, – ասում էին վրացիները,- այն ժամանակ էլ երջանիկ կապրենքՙ: Միամիտներ, հենց այդ ժամանակ դուք ստիպված կլինեք նորից հետաձգել ձեր սեփական խաղաղ կեցության ու կյանքի որակի հարցերի լուծումը: Դրա համար էլ կողմերից յուրաքանչյուրը, որը կձեռնարկի տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությանը միակողմանի խախտումը, կրելու է բոլոր հետեւանքների ու ողբերգությունների համար ամբողջական պատասխանատվությունը:

Եվ դարձյալ ՚վրաց ժողովուրդը մեղավոր չի լինիՙ: Ռուսների մոտ, միշտ եւ ամենուր, ինչ էլ անեն իշխանությունները` ՚ռուսներն են մեղավորՙ: Իսկ վրաց ժողովուրդը երբեք մեղավոր չի լինում: Ռուսներն ասում են, թե Սահակաշվիլուն հարկ է ՚մահապատժիՙ ենթարկել, իսկ նրան ուժով իշխանության բերած ժողովուրդը մեղավոր չէ: Գամսախուրդիայի օրոք ժողովուրդը կրկի՞ն ՚մեղավոր չէրՙ: Իսկ Շեւարդնաձեի օրոք ՚ժողովուրդը նորի՞ց մեղավոր չէրՙ: Բայց չէ՞ որ անձամբ Շեւարդնաձեն խոստովանել է, որ այդ ժողովուրդն է նրան ստիպել անթաքույց ռազմական միջոցներ կիրառել նախկին ինքնավարությունների ժողովուրդների դեմ: Հետո էլ ՚անմեղ ժողովուրդըՙ նրան իշխանազրկել է եւ իշխանության է բերել Միխեիլ Սահակաշվիլուն: Այսօր դարձյալ ժողովուրդը մեղավոր չէ: Այս բոլոր մշտական ՚անմեղություններըՙ վրացիների հետ չար կատակ են խաղացել` նրանք երբեք սեփական սխալները չեն ճանաչի, ուստի` նրանք չեն դադարի սխալներ գործելուց: Օսերին այս վրացական ՚անմեղությունըՙ եւ ՚անսխալականությունըՙ շատ թանկ է արժեցել:

Share

Comments are closed.