Երեկվա վարդերի այսօրվա փշերը

Վրաստանն` ընտրություններից հետո

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան

2003 թվականի հեղափոխականներին հաղթած 2012 թվականի հեղափոխականները վայելում են իրենց հաղթանակի ՚մեղրամիսըՙ, բայց ՚Վրացական երազանքիՙ խոստացած մերձդրախտը վրաց ժողովուրդը, ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, չի տեսնելու: Վրաստանի պարագայում, ինչպես վկայում են հաղթանակին հաջորդած առաջին իսկ շաբաթները, նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում նախորդ տարիներին կուտակված խնդիրների բազմությունը, այլեւ եղածներին նորերն են ավելացնում:

Ակնառու է, որ 2003 թ. Վարդերի հեղափոխությանը չի հաջողվել համակարգային կտրվածքով հասնել ամուր անշրջելիության: Նախորդ ինը տարիների գլխավոր ձեռքբերումները` կենտրոնական իշխանության ձեւավորումը, ստորին օղակներում կոռուպցիայի վերացումը, նախկին մետրոպոլիայից անկախ քաղաքական ուղեգիծը, հաշվետու, պատասխանատու եւ թափանցիկ պետության չափանիշներին ձգտումը կրկին կարող են հայտնվել ելակետային դրությանը վերադառնալու սպառնալիքի ներքո:

Միջին դասն այդպես էլ չի ձեւավորվել, մինչդեռ հենց նա պետք է առարկայաբար դառնար հռչակված նոր արժեքների կրողն ու առաջատարը` նոր պետահասարակական համակարգով շահագրգռված առանցքային սուբյեկտը: Զանգվածային աղքատությունը, դեպի Եվրոպա դուռ բացող, բայց եվրոպական բարեկեցությունը չմոտեցնող (ինչով էլ տարբերվում են Արեւելյան Եվրոպայում 90-ականներին անցկացված բարեփոխումներից) բարեփոխումների հանդեպ քաղաքացիների հոգնածությունն անպատասխանատու պոպուլիզմի համար պարարտ հող են: Այս ֆոնին իրավիճակն էլ ավելի սրեցին հայտնի աղմկահարույց բանտային իրադարձությունները: Դժվար է չհամաձայնվել վրաց խորաթափանց մի փորձագետի հետ, որն իրավիճակը բնութագրել է այսպես` ՚իշխանությունը պատրաստ չեղավ պարտությանը, իսկ ընդդիմությունը` հաղթանակինՙ:

Արդյո±ք ներկա իրավիճակն անխուսափելի էր: Եթե հիշենք վերջին տարիներին կարեւորագույն ոլորտներում նախորդ իշխանության թույլ տված աղաղակող սխալները, անփութությունը եւ յուրօրինակ ՚հաստակաշվությունըՙ, ապա հասկանալի է, որ մի շարք հետեւանքներից կարելի էր հեշտորեն խուսափել:

Միաժամանակ, պետք է մի կողմ դնել եւ անհիմն համարել բոլոր ՚հետխորհրդայինՙ զրույցները ժողովրդի` իբր ի սկզբանե թերարժեք ՚մտայնությանՙ մասին: Պատմական փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր առանձին վերցված, առավել եւս փոքր եւ ոչ ինքնաբավ երկրում հնարավոր չէ իրականացնել անշրջելի համակարգային փոփոխություններ, որոնք իրենց էությամբ հակասում են հարեւան երկների գործող իշխանությունների շահերին եւ խորթ են նրանց, այսինքն, երբ արտաքին` տարածաշրջանային ֆոնը ոչ մի կերպ չի նպաստում համակարգային բարեփոխումների անշրջելիությանը: Գաղտնիք չէ, թե ինչպիսի հոգեկան տվայտանքների մեջ էին Վրաստանին հարեւան երկրների կոռումպացված վարչակարգերը` Քոչարյանինը` Հայաստանում, Ալիեւինը` Ադրբեջանում եւ Պուտինինը` Ռուսաստանում եւ ողջ մնացած հետխորհրդային տարածությունում, հատկապես, երբ Ուկրաինայում իշխանության էին եկել ՚նարնջագույններըՙ: Ավելին` նրանք հարկադրվել են ի նորո վերակառուցել իրենց ողջ քարոզչական մեքենան` նոր նշանակետի ի հայտ գալու` իրենց վերարտադրությանը սպառնացող հարեւան նոր սպառնալիքի աղբյուրը չեզոքացնելու նպատակով: Ռուսաստանի գործած ճակատագրական սխալները, ինչպես նաեւ Վրաստանի երիտասարդ իշխանության ոգեշնչման աղբյուր հանդիսացած ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին պատած ծանրագույն ճգնաժամն էլ ավելի են նեղացրել ու դանդաղեցրել բարեփոխումների ընթացքը: Դա նման է հեծանիվ վարելուն. հավասարակշռության պահպանման համար անհրաժեշտ է առաջընթաց շարժման գեթ նվազագույն արագություն…

Երբ կեսդարյա ժամանակահատվածով իրենց բնիկ քաղաքակրթական տարածությունից կտրված արեւելաեվրոպական երկրները ճանապարհ էին հարթում այնտեղ վերադառնալու համար, իրենց համար արարելով  ազատ եւ ժողովրդավարական զարգացման անշրջելիության պաշար, նրանք ստեղծում էին տարածաշրջանային ինտեգրացիոն կառուցվածքներ` Վիշեգրադյան խումբ, Բալթիական խումբ: Ի տարբերություն ՚հետհարավսլավականՙ արեւմտյան Բալկանների, նրանք պատմությունը չէին քչփորում, ուժերն ու ժամանակը չէին վատնում ի դեմս անմիջական հարեւանների թշնամիներ որոնելու համար: Բացի դրանից, իրենց իսկ ՚առագաստներինՙ ողջ ուժով փչում էին այդ ժամանակ արդեն ձեւավորված միջազգային հարաբերությունների քամիները: Արեւմտյան հանրությունն իր զորության գագաթնակետում էր, իսկ Սառը պատերազմում պարտված եւ իր խռովահույզ պատմության մեջ թերեւս առաջին անգամ իրեն իրապես ղեկավար ընտրած Ռուսաստանը համաշխարհային ժողովրդավարական հանրության ծափահարությունների ներքո ապրում էր հսկայական շուկայաժողովրդավարական փորձարարություն, իսկ ռուսաստանյան հասարակությունը վայելում էր Ազատության թարմ օդը եւ անկեղծորեն բարեդրացիաբար էր տրամադրված իր անմիջական հարեւանների` Վարշավյան պայմանագրի երեկվա դաշնակիցների նկատմամբ: Համընդհանուր վերափոխման ուղի թեւակոխած Արեւելյան Եվրոպայի երկրներն ընդամենը մի քանի տարի անց զբաղեցրել են իրենց վերապահված տեղերը Հյուսիսատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո` արտաքին վտանգի գործնական բացակայության պայմաններում` ՚խմբերովՙ ներառվելով միասնական եվրոպական ընտանիքի մեջ եւ իրականացնելով իրենց դարավոր ազգային երազանքը:

Արդյո՞ք միայնակ Վրաստանն այդ ինը տարիների ընթացքում իրապես օժտված էր նման ՚ճոխությամբՙ եւ արդյո՞ք այն կժառանգի նոր կառավարությունը: Իհարկե` ո’չ: Քրեական անիշխանության տարիների եւ նախկին ինքնավարությունների հետ երկու չկարգավորված հակամարտությունների բեռով, չկարգավորված ղարաբաղյան հակամարտությամբ միմյանցից տարանջատված ավտորիտար Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրական տարածաշրջանային ինտեգրման համար համակարգային անհամատեղելիության փաստի առջեւ կանգնած, ավելի ու ավելի ավտորիտար դարձող, իր հանդեպ թշնամաբար տրամադրված, կոռումպացված եւ համակարգորեն լճացող Ռուսաստանի եւ իր խռովաշատ Հյուսիսային Կովկասի հետ հարեւան, տվյալ համատեքստում, մեղմ ասած, անօգուտ Թուրքիային սահմանակցող եւ Եվրոպայից Սեւ ծովով տարանջատված Վրաստանը, ավաղ, իր առագաստներին ՚ուղեկից քամիՙ չի ստացել եւ մոտակա ժամանակներս չի ստանալու: Ավելին` չկարգավորված ներքին խնդիրների կապակցությամբ աճող անհանգստություն արտահայտող ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կատարելու են ավելի շուտ սկզբունքից, քան իրական արդյունքին միտված քայլեր:  Եվ ՚եվրասիականացողՙ պուտինյան Ռուսաստանի դժգոհության, խանդի եւ չարության ֆոնին ՆԱՏՕ-ին բաղձալի անդամակցության մասին խոսակցությունները մոտակա հեռանկարում մնալու են սոսկ խոսակցություններ:

Միաժամանակ, դեռեւս վաղաժամ է զանգակ հնչեցնել: Արեւմուտքի անմիջական եւ կարծր արձագանքը Վրաստանում նկատվող եւ օրենքի գերակայության տեսանկյունից խիստ խնդրահարույց երեւույթների նկատմամբ, Ռուսաստանի անպատրաստությունը վրաց նոր կառավարության ներկայացուցիչների կողմից հնչած անսպասելի եւ համարձակ առաջարկություններին, հատկապես, երբ երկրի գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դեռեւս մեկ տարի շարունակելու է լինել երկրի ղեկավար, մեծ հույսեր են ներշնչում, որ գալիք տարին վճռական է լինելու գործընթացները կառուցողական հունի մեջ պահելու համար: Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել կործանարար պոպուլիզմից եւ որոշ ազդեցության խմբերի ՚գինեմանդարինայինՙ մտածողության արգասիք զիջումներից` ի վնաս իրական ազգային եւ տարածաշրջանային շահերի: Համենայն դեպս, այս ակնկալիքների համար դեռեւս առկա են ծանրակշիռ նախադրյալներ:

Հայաստանի համար, հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած փակ սահմանն ու Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը, վրացական բարեփոխումների անգամ ժամանակի մեջ երկարաձգված հաջողությունը, ազգային անվտանգության տեսանկյունից ճակատագրորեն կարեւոր է: Անկայուն, անիշխան Վրաստանն առարկայաբար կփակի ոչ միայն մեր ելքը դեպի համաշխարհային շուկա, այլեւ կզրոյացնի Եվրոպային մերձենալու մեր հույսերն ու արտաքին քաղաքականության մեջ իրական հավասարակշռության ապահովման հնարավորությունը: Դա խիստ բացասաբար կանդրադառնա Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման մեր կարողության վրա, որն էլ երաշխավորում է պատերազմի չվերսկսումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու հնարավորությունը:

Ի հեճուկս գործընթացների ողջ ալեկոծվածության` առավել հավանական է մնում տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոյի պահպանման հնարավորությունը, թեեւ այլ զարգացումներ նույնպես չեն բացառվում, ինչպես եւ մինչ այդ չեն բացառվել: Ի դեմս ՚Վրացական երազանքիՙ, ինչպես եւ 2003 թ., հաղթել է Վրաստանի ժողովուրդը: Այդ իսկ պատճառով առկա են բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որոնք թույլ են տալու Վրաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժին անվտանգ կերպով կազդուրվել բոլոր ՚մանկական հիվանդություններիցՙ, հաղթահարել քաղաքական անփորձությունը եւ խուսափել երկիրը ողջ տարածաշրջանի համար խիստ բացասական հետեւանքներով հղի աղետալի վայրիվերումների մեջ ներքաշելուց:

Share

Comments are closed.