2012 թվականի արդյունքները Հարավային Օսիայում

Դինա ԱԼԲՈՐՈՎԱ
“Սոցիալ-տնտեսական եւ մշակութային
զարգացման գործակալության” տնօրեն
Ցխինվալ

2012 թվականը Հարավային Օսիայի համար դյուրին չէր: Ի վերջո ավարտվեցին 2011 թ. նոյեմբերից շարունակված նախագահական ընտրությունները: Տեղի է ունեցել իշխանափոխություն. նոր իշխանությունը ժառանգել է բազում չկարգավորված խնդիրներ, առաջին հերթին` քաղաքացիական ազատությունների վերականգնման ոլորտից, ինչպես նաեւ ստացել է նորերը` սոցիալական-տնտեսական զարգացման բնագավառից: Նրան նաեւ գլխավոր անակնկալ էր սպասում` ի դեմս առավել քան 500 միլիոն ռուբլի բյուջետային պակասորդի, որը Հարավային Օսիայի համար նշանակալից գումար է:

2012 թ. դեկտեմբերի 29-ին խորհրդարանը միաձայն քվեարկել է 2013 թ. համար ֆինանսների նախարարության մշակած բյուջեի ընդունման օգտին: Ընթացիկ տարվա բյուջեն ունի հավասարակշռված բնույթ եւ պակասորդ չի նախատեսում: Օրենքի ընդունված տարբերակի համաձայն ծախսերն ու եկամուտները հավասարվելու են` կազմելով 4 միլիարդ 728 միլիոն 327 հազար ռուբլի, որոնցից 4 միլիարդ 251 միլիոն 650 հազար ռուբլին ստացվելու է ռուսաստանյան ֆինանսական աջակցության շնորհիվ: Այս գումարից շուրջ 3 միլիոն 322 հազար ռուբլի նախատեսվում է ծախսել սոցիալ-տնտեսական զարգացման, իսկ 930 միլիոն ռուբլի` բյուջետային ներդրումների վրա: ՀՕՀ կառավարությունը խոստանում է նաեւ, որ բյուջեն լինելու է սոցիալապես կողմնորոշված. կրթության եւ առողջապահության բնագավառներում նախատեսվում է աշխատավարձի 40%-ով աճ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում` 26%-ով, իսկ պետական կառավարման բնագավառում` 20%-ով:

Անցած տարվա կարեւոր իրադարձություններից էր ՀՕՀ նախագահի հոկտեմբերի 23-25-ին ՌԴ կատարած առաջին պաշտոնական այցը: Նախագահների մակարդակով բոլոր նախորդ հանդիպումներն ունեցել են աշխատանքային բնույթ: Այս այցի ընթացքում ռուսաստանյան կողմը կրկին վերահաստատել է իր ստանձնած պարտավորությունները երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսական աջակցության ցուցաբերման մասով` Հարավային Օսիայի պետականության պահպանման եւ ամրապնդման համար:

Այս հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 24-ին ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը եւ ՀՕՀ փոխվարչապետ Գուրամ Մելքոեւը տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել, որը նպաստելու է բեռնափոխադրումների եւ ուղեւորատար հաղորդակցության աճին, պարզեցնելու է բեռների ձեւակերպման եւ ՌԴ տարածք մուտք գործելու կարգը:

2010թ. մարտին ստեղծվել էր ՀՕՀ եւ ՌԴ միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով: 2012թ. նոյեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել այս հանձնաժողովի վեցերորդ նիստը, որի ընթացքում ընդունվել են կարեւոր որոշումներ, որոնցից ամենագլխավորը` մինչեւ 2017թ. հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման միջնաժամկետ ծրագրի եւ մինչեւ 2030թ. զարգացման ռազմավարության մշակման մասին որոշումն էր: Հիշյալ ծրագրերը մշակելու համար ՀՕՀ կառավարությունը պետբյուջեից 18 միլիոն ռուբլի է վճարելու ռուսաստանյան ՙՌազմավարական մշակումների կենտրոն՚ Ռեգիոնե հաստատությանը, որն էլ զբաղվելու է ռազմավարության մշակման հարցերով: Ռազմավարության վերջնական տարբերակը պետք է պատրաստ լինի մինչեւ 2013 թ. մարտի վերջը:

2012թ. Սոչիում անցկացվել է տնտեսական համաժողով, որում Հարավային Օսիան ներկայացրել է երկու նախագիծ.

1. Արեգակնային մոդուլներ արտադրող գործարանի կառուցում` էժան էլեկտրաէներգիա ստանալու համար: Գործարանում նախատեսվում է ունենալ 400 աշխատատեղ. հրավիրվելու են  մասնագետներ` տեղի անձնակազմը նախապատրաստելու եւ արտադրությունը մեկնարկելու համար: Նախագծի արժեքը 4 միլիարդ ռուբլի է: Հունգարական մասնավոր ընկերություններից մեկն արդեն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ներդրումներ կատարել: Ներկայումս մշակվում է ներդրողի հետ  փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական ապահովումը:

2. Բազալտի անընդհատ մանրաթելի գործարանի կառուցում: Արտադրությունը հիմնված է նորագույն տեխնոլոգիաների վրա` տեղական բազալտի օգտագործմամբ: Այս սինթետիկ մանրաթելն օգտագործվում է ճանապարհաշինության եւ մետաղագործության մեջ: Էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ այս գործարանի արտադրանքի համար հեշտորեն կգտնվեն սպառման լայն շուկաներ:

2012թ. Ցխինվալում ստորագրվել է ՀՕՀ տեղեկատվության, կապի եւ զանգվածային հաղորդակցության միջոցների պետական կոմիտեի, Արդյունաբերության, տրանսպորտի եւ էներգետիկայի կոմիտեի  եւ կորեական ՙJuan՚ ընկերության միջեւ մտադրությունների հուշագիրը: Կորեական կողմը ներկայացրել է կապի եւ հեռուստատեսային հաղորդակցության բնագավառի զարգացման ամփոփ ծրագիր:

Տարիների ընթացքում առաջին անգամ ՀՕՀ կառավարությունը, խոսելով տնտեսությունը խորը ճգնաժամից հանելու եւ երկիրը տնտեսապես զարգացնելու մասին, առաջնահերթորեն կարեւորում է արդյունաբերության խթանումը` նորարարական գիտահեն տեխնոլոգիաների ներդրմամբ, մինչդեռ նախորդ տարիներին շեշտն առավելապես դրվում էր գյուղատնտեսական ոլորտին, որը նախկինի պես այսօր էլ շարունակում է դոտացիոն մնալ: Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ գյուղատնտեսությունը զրկվելու է պետական ուշադրությունից եւ հոգածությունից: Բոլորը գիտակցում են, որ Հարավային Օսիան պարտավոր է ապահովել իրեն պարենային պաշարով. դա ազգային անվտանգության խնդիր է:

Այսօր հանրապետությունում ձեւավորված են ավելի քան 120 գյուղացիական ագարակային տնտեսություններ, որոնց մեծ մասը պետությունից արտոնյալ անտոկոս վարկեր է վերցրել: Ընդսմին, կան տնտեսություններ, որոնք այդ վարկերից մի քանի անգամ են օգտվել, թեեւ դրանից մեր շուկաներում հայրենի գյուղմթերքի քանակը չի ավելանում: Շուկաներում գերակայում է դրսի արտադրանքը: Շատ գյուղատնտեսներ հանգել են ինքնակարգավորող մարմնի` ՙֆերմերների ասոցիացիայի՚ ստեղծման անհրաժեշտության գաղափարին, որն օպերատիվ կերպով կզբաղվեր գյուղտեխնիկայի ապահովման, սերմերի, պարարտանյութերի եւ արտադրանքի իրացման հարցերով, ինչպես նաեւ կկանխեր տարատեսակ կեղծարարություններն ու պետական վարկերի ապօրինի ստացման դեպքերը:

2012թ. ապրիլին հանրապետության գլխավոր դատախազությունը սկսել է 2010թ. հունվարի 1-ից մինչեւ 2012թ. ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում վերականգնման եւ սոցիալ-տնտեսական զարգացման համար հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգումները, որոնք դեռեւս չեն ավարտվել: 2012թ. սկսվել են Ռոքի թունելի վերակառուցման երեքամյա տեւողությամբ աշխատանքները. ավտոտրանսպորտի երթեւեկությունը ներկայումս ընթանում է թունելին զուգահեռ բացված ստորգետնյա ուղու միջով:

Քաղաքական բաղկացուցչի մասին խոսելիս` հարկ է նշել, որ 2012 թվականը դարձել է համեմատական կայունության եւ կարեւոր որոշումների ընդունման տարի: Սկսվել է ՀՕՀ պետաիրավական համակարգի բարեփոխման նախապատրաստությունը. ձեւավորվել է երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցերով զբաղվող հանձնաժողովը:

2012 թվականն ուշագրավ էր կուսակցությունների թվի աճի տեսանկյունից: ՀՕՀ արդարադատության նախարարությունը գրանցել է 10-ից ավելի նոր կուսակցություն. գրանցման են նախապատրաստվում եւս շուրջ 15 կուսակցություններ: 2014թ. տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները, եւ այս կուսակցությունները մտադիր են պայքարել խորհրդարանական յուրաքանչյուր տեղի համար:   Իհարկե, տեղի է ունենալու բնական զտում, եւ քաղաքական կոշտ պայքարում ոչ բոլոր կուսակցություններն են վերապրելու: Ընդհանուր առմամբ, դրանք դրական գործընթացներ են, որոնք վկայում են ներքին քաղաքականության ազատականացման գործընթացների մասին, որոնք էլ իրենց հերթին, նպաստելու են երկրի օրենսդրության փոփոխությանը:

Առկա է այն բանի ըմբռնումը, որ ներկայիս օրենսդրական հենքը չի համապատասխանում արդի իրողություններին: Խոսքը հարկային եւ ներդրումային քաղաքականության, տեղական ինքնակառավարման, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ոլորտները կարգավորող օրենքների մասին է: Խորհրդարանում նույնպես փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ տեղի կունենա վերադարձ ընտրությունների խառը` համամասնական-մեծամասնական համակարգին: Ներկայումս ընտրություններն անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով:

Նոր իշխանությունների աշխատանքի առաջին իսկ օրվանից, ինչպես եւ նախընտրական արշավի ժամանակ, հիմնական շեշտը դրվում  է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ոլորտներում գործունեության թափանցիկության  վրա, թեեւ ցայսօր մշակված չեն հասարակության կողմից առավել կարեւոր գործընթացների նկատմամբ թափանցիկության եւ վերահսկողության մեխանիզմները:

Արտաքին քաղաքականության բնագավառում ընդլայնվում են Ռուսաստանի Դաշնության հետ փոխհարաբերությունները: ՌԴ-ն ՀՕՀ գլխավոր ներդրողն է, սոցիալ-տնտեսական գործընկերը եւ մեր անվտանգության երաշխավորը:

Ծավալուն համագործակցություն է շարունակվում նաեւ էներգետիկ ոլորտում: 2012թ. նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՕՀ նախագահ Տիբիլովի հանդիպումը ՙԳազպրոմի՚ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են հանրապետության առանձին շրջանների գազաֆիկացման հարցերը: Տարեցտարի ՌԴ եւ ՀՕՀ միջեւ աճում են ապրանքաշրջանառության ծավալները:

2012 թվականը նշանավորվել է նաեւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած երկրների հետ աշխույժ փոխգործակցությամբ: Անցած տարի այս երկրների բոլոր արտակարգ եւ լիազոր դեսպանները Հարվային Օսիա պաշտոնական այցեր են կատարել:  Հարավային Օսիայի ԱԳՆ պնդմամբ` ՙի հեճուկս աշխարհագրական հեռավորության` այս երկրների հետ մենք ընդհանուր իրականացնելիք նախագծեր ունենք՚: Դեկտեմբերի վերջին ՀՕՀ նախագահի հրամանագրով Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում ՀՕՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Դանիել Իզրայիլի Տիբիլովը:

Share

Comments are closed.